Արաքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արաքս (այլ կիրառումներ)
Արաքս
Արաքսը Հայաստանի և Իրանի սահմանում
Բնութագիր
Երկարություն1072 կմ
Ավազանի մակերես102 000 կմ²
Ջրի ծախս285 մ³/վ
Ջրահոսք
ԱկունքԼեռ. Բյուրակն (Բինգյոլ)
Հայկական լեռնաշխարհ
Ակունքի տեղակայումԷրզրումի մարզ
Բարձրություն3000 մ
Գետաբերանի տեղակայումԿուր գետ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԱխուրյան, Սևջուր, Հրազդան, Ազատ, Վեդի, Արփա, Նախիջևան գետ, Հագարի, Ողջի, Դուրովներ, Ֆընդըջաք, Աստղաձոր, Գաբուռդոն, Թոնրագետ, Ծավ, Կարավգետ, Կարճևան, Շավիղ, Շեռնագլուխ, Ցախուտ, Ազնաբերդ, Ալընճիչայ, Աստազուր, Երնջակ, Բալըքլը, Գարեգետ, Դեմիրխան, Կարմիր, Կողբ, Մուրց, Կաղզվանի գետ, Գետամ, Գինեգույն, Ալքանա, Վարանդա, Ագուլիս, Օրդուբադի գետ, Գիլանչայ, Վանանդ, Ջարաջուր, Արբա, Արդոստ, Բայամ, Թալին, Բողարսըխ, Զանգմար, Մեղրի, Agh Chai?, Արածոգետ, Նռնաձոր, Ազապսու, Մալև, Ալոյի Մեշի ձոր, Իշխանագետ, Ալդարա, Ագրակ և Qarasu River (Aras River)?
Երկիր Թուրքիա,  Հայաստան,  Ադրբեջան և  Իրան
ԵրկրամասԱրևելյան Ադրբեջան և Սյունիքի մարզ
ՋրահավաքԿասպից ծովի ավազան
Աշխարհագրական տեղադրությունՀայկական լեռնաշխարհ[1]

Արաքս Աբոս, Աոռաս, Արագ, Արազի, Արախես, Արախիս, Արաս, Արասի, Արասխի, Արասկ, Արասպ, Արաատղ, Արաքսե, Արաքսեն, Արաքսենե, Արաքսես, Արաքսիս, Արեզ, Արեզի, Արես, Արրասս, Բասենի ջուր, Գենոն, Գնհովն, Գինոն, Գիհովն, Դվնագետ, Երազխ, Երասխ, Երես, էգրի, Էյրի, Էրես, Էրսի, Կումասաոր, Հայմոս, ճեհոն, Մայր Արաքս, Նյախրի Արազ, Պասին, Ջանունից գետ, Ջանունյաց գետ, Ռազ, Ռախս, Ռախսի, Ռակսի, Ռաս, Ռասխ, Ռոս, Օրոս(թուրքերեն՝ Aras, պարս.՝ ارس), Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից մեկը։ Անդրսահմանային գետ է, որի ավազանն ընդգրկում է Թուրքիայի, Հայաստանի, Արցախի, Իրանի և Ադրբեջանի տարածքը։

Արաքսը սկիզբ է առնում Բյուրակնյան լեռներից բխող բազմաթիվ սառնորակ աղբյուրներից։ Այստեղ նրա ջրերն ունեն ոչ ավելի 3-3,5° ջերմություն։ Այն լեռնաշխարհի միակ գետն է, որ հոսում է լեռնաշխարհի ամբողջ տարածքով և միանալով Կուրին՝ թափվում Կասպից ծովը։ Արաքսը հոսում է Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի տարածքներով։ Նրա երկարությունը 1072 կիլոմետր է, որից 200 կիլոմետրը Հայաստանի տարածքում է։ Գետի լայնությունը մերձարաքսյան հարթությունում հասնում է 30-130 մետրի (Մեղրուն մերձ կիրճերում՝ 6-7 մետրի)։ Խորությունը 3-4,5 մետր է։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

A map of the Aras from 1747.
Արաքս գետը Պարսկական կայսրության քարտեզի վրա, 1747 թվական

Այլ անվանումներ՝ Աբոս, Աոռաս, Արագ, Արազի, Արախես, Արախիս, Արաս, Արասի, Արասխի, Արասկ, Արասպ, Արաատղ, Արաքսե, Արաքսեն, Արաքսենե, Արաքսես, Արաքսիս, Արեզ, Արեզի, Արես, Արրասս, Բասենի ջուր, Գենոն, Գնհովն, Գինոն, Գիհովն, Դվնագետ, Երազխ, Երասխ, Երես, էգրի, Էյրի, Էրես, Էրսի, Կումասաոր, Հայմոս, ճեհոն, Մայր Արաքս, Նյախրի Արազ, Պասին, Ջանունից գետ, Ջանունյաց գետ, Ռազ, Ռախս, Ռախսի, Ռակսի, Ռաս, Ռասխ, Ռոս, Օրոս։ Արաքսը Հին Կտակարանում կոչվել է Գիհոն կամ Գեհոն (դրախտի 4 գետերից մեկը), հայկական աղբյուրներում՝ Երասխ, Արաքս, արաբականում՝ Արազ։

9-րդ դարի արաբ պատմիչ Յակուբին Արաքսն անվանում է Դըվնա գետ (Դվին քաղաքի անունով)։

Մովսես Խորենացին Երասխի անունը կապում է Արամայիսի թոռան՝ Երաստի անվան հետ։ Պատմահայրը գրում է «Արամայիսը իր բնակության համար տուն է շինում գետի ափին մի բլուրի վրա և իր անունով կոչում է Արմավիր, իսկ գետը կոչում է Երասխ՝ իր թոռան՝ Երաստի անունով»։

«Հայոց Արաքս թագավորը պարսիկների հետ պատերազմելու ժամանակ մեկի միջոցով նախազգուշացվում է, որ ինքը միայն այն ժամանակ հաղթանակ կտանի, երբ աստվածներին զոհ կմատուցի երկու լավագույն ու գեղեցիկ կույսերի։ Խնայելով իր դուստրերին, Արաքս թագավորը զոհաբերում է իր հպատակներից մեկի աղջիկներին։ Սրանց հայրը միաժամանակ խեղդում է իր մեջ դառնության ու վիրավորանքի զգացումը, սակայն հենց որ հարմար առիթ է ներկայանում, թաքստոցից սպանում է Արաքսի աղջիկներին «լքելով իր հայրենիքը» գնում է օտարություն։ Իմանալով այդ մասին, Արաքս թագավորը նետվում է Ճալմոս գետը, որն այնուհետև նրա անունով կոչվում է Արաքս»[2]։

Այս նույն ավանդությունը հիշատակում է նաև Ղևոնդ Ալիշանը՝ նշելով, որ Արաքս թագավորից իր դստրերի վրեժը լուծելուց հետո Մնիսալկ անունով ազնվականը «փախչի ի Սկյութիա»։ Իսկ Արաքսը վշտից իրեն նետում է Ալմոս կամ Ալմոն, որ հետո կոչվեց Երասխ[3]։

«Այլազգի առևանգիչները փախցնում են հայ երիտասարդի սիրած աղջկան։ Երիտասարդը գնում է նրան ազատելու։ Երկար որոնումներից հետո նա սիրածին գտնում է առևանգիչի գրկում։ Տեղնուտեղը սպանելով նրան, երիտասարդը ազատում է սիրածին։ Վրա են հասնում բռնավորի ծառաները և սպանում են թե տղային և թե աղջկան։ Տեսնելով, որ որդին ուշանում է, տղայի մայրը գնում է նրան որոնելու, և գտնում է տղայի ու հարսնացուի դիակները։ Վշտահար ընկնում է դիակների վրա և ինքն էլ ավանդում հոգին։ Ասում են, թե Արաքս գետը գոյացել է սպանված երիտասարդի, նրա սիրածի և մոր թափած արյուն-արցունքներից, որոնք հազարավոր աղբյուրներ են դարձել և ցած իջել հայոց լեռներից»[2]։

Պլուտարքոսը գրում է, «Արաքսը Հայաստանի գետ է. անունը ստացել է Նեղոսի որդու անունից։ Արաքսը իշխանության համար պայքարի մեջ մտնելով իր պապի՝ Արբելի հետ, նրան վնասում է նետով, սակայն հետո հետապնդվելով էրինիյամի կողմից, իրեն գցում է Բակտր գետը, որը դրա համար կոչվեց Արաքս»։ Այստեղ շփոթ կա Արաքսի և Բակտր գետի միջև (Բակտրը՝ Օքս Ամուդարիա գետի վտակն է։

Ստրաբոնն էլ Արաքսի անունը կապում է արգոնավորդներ՝ Յասոնի և Արմենի հետ։ Ինչպես ենթադրում են, Արմենը և նրա ուղեկիցները Արաքսը կոչել են Պենեոս, նրանց նմանության պատճառով, որովհետև նա ճեղքել էր Օսին Օլիմպիոսից, բացելով Տեմպեյան հովիտը։ Հաղորդում են, որ նախկինում հայկական Արաքսը իր սրընթաց հոսանքով լեռներից լցվել է ընդարձակ տարածության ցածր ընկած հարթությունը չունենալով ելք, կազմել է ծով։ Յասոնը ժայռի մեջ բացել է նեղ կիրճ Տեմպեյան հովտի նման, որի միջով այժմ ջրերը ցած են հոսում դեպի Կասպից ծովը՚[4]։

Մի այլ ավանդության համաձայն, Նոյի դստրերից մեկի անունը Արազա էր, որից էլ իբր առաջացել է Արաքս, Արազ անունը։ Լ. Աճաոյանը Արաքս բառը ստուգաբանում է խփել, խլել բայով։ Հին աշխարհի հեղինակները Արաքս անունը կապել են նրա աղմկոտ լինելու հետ, որով Արաքս հունարեն նշանակում է աղմկել։

Որոշ մասնագետներ էլ Արաքսը մակաբերում են արագ բառից։ Անահիտ Փերիխանյանը գրում է, որ հին հայերենում հաճախ ե հնչյունը բառասկզբում փոխվում է ա-ի, օրինակ, երազ-արազ, Երասխ-Արաքս[5]։

Մի շարք բանասերներ ար արմատի մեջ տեսնում են արև, արփի, արեգ իմաստները, նաև՝ լույս, փայլ, մեծություն, զորություն, արիություն[6]

Հնախոսությունը Արաքս գետի հետ է կապում պատմական Էպիրոսի (Հունաստան) Արախտոս գետի անունը։ Պատմական Պոնտոսի Թերմոդոն գետը կոչվել է Արաքս։ Հույն գրող և քաղաքական գործիչ Մետրոդորոս Սկեպսացին (մ.թ.սւ. 163-69 թթ.) հայոց հզոր արքա Տիգրան Բ Մեծի մասին գրել է մի գիրք, որը չի հասել մեզ։ Այդ գրքից միայն մի նախադասություն է պահպանվել. «Ասում են, որ Մետրոդորոսը Տիգրանի մասին (պատմության) առաջին գրքում Թերմոդոն (գետը) անվանում է Արաքս»։ Քսենոփոնը (մ.թ.ա. 5-4-րդ դարեր) Արաքս անունով է կոչել Եփրատ գետի Խապուրաս վտակը։

Հրաչյա Աճառյանը գրում է, որ 19-րդ դարից Արաքս գետի անունը հայերի մոտ սկսեց գործածվել որպես իգական անուն (Արաքսի, Արաքսյա)[7]։ Վրաց աղբյուրներում կոչվում է Արեզ[8]։

Արաբ մատենագիր, Իբն-ալ-Ֆակիհը երբեմն կոչել է Արրասս[9]։

Աշխարհագրական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաքսը տարվա գրեթե բոլոր ամիսներին պղտոր է լինում։ Արագահոս գետ է (վայրկյանում՝ 1,5 մետր)։ Հայոց մայր գետը իր փոխադրած տիղմով Նեղոսից հետո աշխարհում գրավում է երկրորդ տեղը։ Մասնագետների հաշվումներով՝ Արաքսն ամեն տարի ծովն է տանում ավելի քան մեկ միլիոն վագոն տիղմ։ Օտարները հրաշալիք են համարում Արաքսի նշանավոր Քարավազը (սահանքը Մեղրուն մերձ կիրճերում)։ Ստրաբոնի վկայությամբ, հնում Արաքսը, հատելով Մուղանի դաշտը, թափվել է Կասպից ծովը՝ առանց Կուրին միանալու։

Ֆրանսիացի աշխարհագրագետ Էլիզե Ռեկլյուն Արաքսն անվանում է «բուն, գերազանց հայկական գետ»։ Արարատյան դաշտում Արաքսը աջից ընդունում է Դեղին գետը, ձախից Ախուրյանը, Սև ջուրը, Հրազդանը, Ազատը, ապա Նախիջևանը[10]։

Արարատյան դաշտում Արաքսը աջից ընդունում է նաև Մակու (Զանգիմար) և Կարմիր (Կոտուր) վտակները։ Որոտանի գետախառնուրդից հետո դուրս է գալիս լեռներից և դանդաղ հոսում Մուղանի ու Միլիի դաշտերով՝ ընդունելով Կարասու (աջից) և Կենդելանչայ (ձախից) վտակները։

Սնում և հորդացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաքսի սնումը խառն է, հորդացումը՝ մարտից հունիս, առավելագույնը՝ մայիսին։ Առաջին հորդացումը՝ մարտ–ապրիլ, կապված է ցածրադիր վայրերի ձնհալքի և գարնանային անձրևների հետ, երկրորդը (ավելի բուռն)՝ մայիս–հունիս, լեռների ձնհալքի հետ։ Ամենացածր մակարդակները լինում են հուլիս–օգոստոսին և ձմռանը։ Երրորդ թույլ հորդացումը աշնանային անձրևներից է։ Հորդացման ժամանակ Արաքսը մեծ ավերածություններ է առաջացնում, հատկապես Արարատյան, Միլիի ու Մուդանի դաշտերում։ Հայտնի է Արաքսի 1896 թվականի հորդացումը, երբ գետը, Մուղանի դաշտում ճեղքելով իր նստվածքները, փոխեց հունը և ջրերի մեծ մասն ուղղեց նոր հունով՝ Նոր Արաքսով, ողողելով մոտ 180 հազար հա, առաջացրեց Աղ–Չալա (երկարությունը՝ 28 կմ, լայնությունը՝ 21 կմ) և Մահմուդ–Չալա լճերը։ Այժմ Նոր Արաքսը արհեստականորեն փակված է, նրա մեջ ջուր բաց է թողնվում միայն անհրաժեշտության դեպքում։ Հորդացումների ժամանակ Արաքսը միջին և ստորին հոսանքներում հաճախակի փոխում է իր հունը՝ միշտ շարժվելով դեպի հարավ[11]։

Հնահուներ նկատվում են Արարատյան դաշտում (3–4) և ստորին հոսանքում, հայտնի է «Չոր Արաքս» (Արմավիրի մարզ)՝ բավականին լայն ճահճապատ մի տարածություն, որը նկատվում է տեղ–տեղ մինչև Արտաշատ։

Արաքսը չափազանց տղմոտ է։ Ջրերի բերած տղմի տարեկան քանակը ստորին հոսանքում մոտ 20 մլն. տ է, տարեկան միջին պղտորությունը՝ 1268 գ/մ³, առավելագույնը՝ 24830 գ/մ³։ Արաքսի միջին ծախսը 222 մ³/վրկ է (Կարադոնլի, Ադրբեջանական Հանրապետություն), տարեկան հոսքը՝ մոտ 7 մլրդ. մ³։ Հաստատուն սառցակալումը բացակայում է, սառցային երևույթներով օրերի թիվը տատանվում է 2-ից 43։ Նավարկելի չէ[11]։

Արաքսի ուղին[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաքսը Իրանի կողմից

Արաքսը իր ծայր վերին հոսանքի շրջանում հոսում է գահավիժումներով և աղմկալից։ Նա շատ ավելի արագահոս է դառնում, երբ կտրում է Հայկական Պար լեռնաշղթան ու մտնում Բասենի դաշտը։ Այստեղ նրան է միանում Մուրց (Հասան-կալա) գետը, որից հետո նա անցնում է Կաղզվանի անձուկ ձորերով և, նոր վտակներ ընդունելով, աստիճանաբար հորդանում է ու դառնում է ջրառատ գետ, որը մեծ աղմուկով մտնում է Արարատյան դաշտ։ Այստեղ Արաքսը հոսում է դանդաղ, սակայն Նախիջևանի մոտ անցնում է զառիվեր, տեղ-տեղ ոլորապտույտ ափերով։ Այստեղ նրա ձախակողմյան ափը սկսում է նկատելիորեն բարձրանալ՝ աստիճանաբար դեպի նրա հունն իջնող լեռնաբլուրների շնորհիվ։

Ջուլֆայի մոտ Արաքսը մտնում է խոր և նեղ կիրճ, այնուհետև կարճ տարածության վրա կրկին դուրս է գալիս հարթավայր, բայց Օրդուբադից մի փոքր ներքև երկու կողմերից գետին են մոտենում առանձին լեռնաբազուկներ, գետի հունն աստիճանաբար նեղանում է, առաջանում են սահանքներ։ Մեղրիի մոտ գետին են մոտենում Զանգեզուրի և Ղարադաղի լեռները, որոնք տեղ-տեղ ուղղակի կախված են գետահունի վրա։ Սեղմված այդ լեռներով, Արաքսը հոսում է Մեղրիի հայտնի երկար ու խոր կիրճերով։ Այստեղ Արաքսի ջրերը խելահեղ արագությամբ զարնվում են ափամերձ ժայռերին, փրփրում և սրընթաց վազում առաջ՝ մինչև Բարգուշատ և Հագարի գետերի խառնուրդը։

Արաքսի ստորին հոսանքն անցնում է Մերձկասպյան դաշտավայրով, որտեղ նա միանում է Կուրին և թափվում Կասպից ծով։ Գետը տարեկան դեպի Կասպից ծով է տանում 3 միլիարդ խմ ջուր։

Արաքսի կամուրջներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաքսի վրա շատ կամուրջներ են եղել։ Դրանցից ամենանշանավորները հինգն էին, որոնք եղել են Բասենում, Երվանդակերտում, Արտաշատում, Նախիջևանում և Ջուղայում։ Արտաշատի կամուրջը կոչվել է «Տափերական»։ Այս կամրջից է սկսվել Արտաշատ-Տիգրանակերտ արքայական պողոտան։ Նշանավոր է եղել նաև Ջուղայի կամուրջը, որի շինությունն ավանդությունը վերագրում է Ալեքսանդր Մակեդոնացուն։ 1605 թվականին շահ Աբբաս I-ի հրամանով այս կամուրջն ավերվեց, որպեսզի հայերը մոռանան տունդարձի ճամփան, և թուրքերը չկարողանան այդ կամրջով ներխուժել Պարսկաստան։

Պատմական կամուրջներից այսօր մնացել է միայն մեկը՝ Բասեն գավառի Բ. Հոբբի կամուրջը։ Կամուրջների անհետացումը պայմանավորված է Արաքսի հունի հաճախակի փոփոխություններով՝ Մովսես Խորենացու վկայությամբ, գետը ժամանակին հոսել է հայկական հինավուրց մայրաքաղաքների Արմավիրի, Արտաշատի և Վաղարշապատի մոտով, բայց հետագայում հեռացել է այդ քաղաքներից, ինչի արդյունքում կամուրջները կործանվել են։ Պատահական չէ, որ հռոմեացի բանաստեղծ (մ.թ.ա. 1-ին դար) Միտիլիոս (Վիտիլիոս) Արաքսն անվանում է կամուրջընկեց, իսկ հռոմեացի բանաստեղծ Ալբիոս Տիբուլլոսը (մ.թ.ա. 54 - 19 թթ.) գետն անվանել է «Կամուրջներ չհանդուրժող Արաքս»։ Ուշ միջնադարում այստեղ կառուցվել են Խոդա Աֆարինի կամուրջները։

Հոկտեմբերյանի ջրանցք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տակավին VII դարից գոյություն է ունեցել ներկայիս Հոկտեմբերյանի ջրանցքը։ 1870 թվականին ռուսական կառավարությունը հատուկ պայմանագրով Արաքսի մի հատվածը (Արարատյան դաշտում) 65-ամյա ժամկետով հանձնեց հայազգի գեներալ–մայոր Կախանովին։ 1874 թվականին Կախանովը գործարկեց մի ջրանցք, որը ոռոգելի դարձրեց մի քանի տասնյակ հա տարածություն[11]։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ հնուց Արաքսի ջրերը բարեբեր են դարձրել նրա ափերը։ Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միանալուց հետո Ռուսական կայսրությունը քայլեր է արել Արաքսի ջրերն արդյունավետ օգտագործելու համար։ 1848 թվականին «Վոլգա» անունով ռուսական ջերմանավը, որն ուներ 40 ձիաուժ, առաջին անգամ մտավ Արաքսը՝ գետի նավարկելիությունն ստուգելու նպատակով։ Այդ առաջին փորձը ձախողվեց և այնուհետև չկրկնվեց։ 1870 թվականին ռուսական կառավարությունը հատուկ պայմանագրով Արաքսի մի հատվածը (Արարատյան դաշտում) 65-ամյա ժամկետով հանձնեց գեներալ-մայոր Կախանովին։ 1874 թվականին Կախանովը գործարկեց մի ջրանցք, որը ոռոգելի դարձրեց մի քանի տասնյակ հեկտար տարածություն[10]։

Սահմանային գետ դառնալուց հետո Արաքսի ջրերն սկսեցին օգտագործել ԽՍՀՄ ու Թուրքիայի և ԽՍՀՄ ու Իրանի կառավարությունների միջև կնքված պայմանագրերի համաձայն։

Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաքսը գովերգել են հայ և օտարազգի պատմիչներն ու գրողները։ Հռոմեացի նշանավոր բանաստեղծ Վիրգիլիոսը (մ. թ. ա. 74–19) Արաքսը պատկերել է որպես Հայաստանի ու հայ ժողովրդի ուժի, ազատաբաղձության ու ըմբոստության խորհրդանիշ. «et pontem indignatus Araxe»՝ «և գետն Երասխ՝ կամուրջներ չհանդուրժող»։ Հռոմեացի մի ուրիշ բանաստեղծ՝ Ալբիոս Տիբուլլոսը (մ. թ. ա. 54–19) իր «Եղերերգություններ» երկի մեջ Ա. անվանել է «finivit Araxe»՝ «աղվորիկ Արաքս»։

Հայ քնարերգության գոհարներից է Ռափայել Պատկանյանի «Արաքսի արտասուքը» բանաստեղծությունը, որ առաջին անգամ տպագրվել է 1856 թվականին, ապա ձայնագրվել և դարձել հայկական սիրված երգերից մեկը։

Մայր Արաքսի ափերով
Քայլամոլոր գընում եմ,
Հին-հին դարուց հիշատակ
Ալյաց մեջը պըտրում եմ։

Հայ արձակում Արաքսի գեղարվեստական հաջող նկարագիրը տվել է Րաֆֆին («Սամվել» վեպի «Արաքսի որոգայթները» գլխում)։ Արաքսի հետ կապված են հայ ժողովրդական շատ զրույցներ ու ավանդություններ։ Ահա դրանցից մեկը․

Հայոց Արաքս թագավորը պարսիկների հետ պատերազմելու ժամանակ մեկի միջոցով նախազգուշացվամ է, որ ինքը միայն այն ժամանակ հաղթանակ կտանի, երբ աստվածներին զոհ կմատուցի երկու լավագույն ու գեղեցիկ կույսերի։ Խնայելով իր դուստրերին, Արաքս թագավորը զոհաբերում է հպատակներից մեկի աղջիկներին։ Սրանց հայրը միառժամանակ խեղդում է իր մեջ դառնության ու վիրավորանքի զգացումը, սակայն հենց որ հարմար առիթ է ներկայանում, թաքստոցից սպանում է Արաքսի աղջիկներին և, լքելով իր հայրենիքը, գնում է օտարություն։ Իմանալով այդ մասին, Արաքս թագավորը նետվում է Հալմոս գետը, որն այնուհետև նրա անունով կոչվում է Արաքս։
- Ղանալանյան Ա., Ավանդապատում, 1969, էջ 87

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 Ա. «Ավանդապատում», Երևան, 1969, էջ 87
  3. Ալիշան, «Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց», Վենետիկ, 1910, էջ 60-61
  4. Ստրաբոն, քաղեց և թարգմանեց Լ. Աճաոյան, Երևան, 1940, էջ 101
  5. Ա. Փերիխսւնյսւն, «Զանգեզուրի արամեական արձանագրությունը», «Պատմա-բանասիրական հանդես», 1965, № 4, էջ 120-121
  6. Լևոն Կյուրեղյան, «Կարս և Արտահան», Վենետիկ, 1949, էջ 8
  7. «Հայոց անձնանունների բառարան, Հրաչեայ Աճառեան - արաքսի». www.nayiri.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  8. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 420 — 992 էջ։
  9. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 538 — 992 էջ։
  10. 10,0 10,1 «Հանրագիտակ օրացույց», Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, Երևան, 1990
  11. 11,0 11,1 11,2 Ա․ Պողոսյան, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 1 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1974, էջ 702-703 — 720 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 702