Jump to content

Տիբուլլուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ալբիոս Տիբուլլոսից)
Տիբուլլուս
լատին․՝ Albius Tibullus
Ծնվել էոչ վաղ քան մ. թ. ա. 54 և ոչ ուշ քան մ. թ. ա. 48
ԾննդավայրԳաբիի, Իտալիա
Վախճանվել էոչ վաղ քան մ. թ. ա. 19 և ոչ ուշ քան մ. թ. ա. 18
Վախճանի վայրՀռոմ, Հռոմեական կայսրություն
Մասնագիտությունբանաստեղծ և elegist
Լեզուլատիներեն
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Ուշագրավ աշխատանքներCorpus Tibullianum?
 Tibullus Վիքիպահեստում

Ալբիուս Տիբուլլուս (լատին․՝ Albius Tibullus, մ.թ.ա. 55 - 19 թթ.), հին հռոմեացի բանաստեղծ, էլեգիայի ժանրի վարպետ։ Նրա կենսագրության մասին հիմնական տեղեկությունների հիմնական աղբյուրը նրա ստեղծագործություններն են։ Սերվել է ունևոր, սակայն ոչ ազնվական ընտանիքից, պատկանել է «հեծյալների» դասին։ Եղել է քաղաքականությունից հեռու մարդ, նրա բանաստեղծություններում գրեթե չեն հիշատակվում Հռոմի հասարակական կյանքը, քաղաքական իրադարձությունները։ Կարելի է եզրակացնել, որ նա ներքուստ չի ընդունել Օգոստոս կայսեր հաստատած կարգերը։ Իր ստեղծագործություններում երազում է հանգիստ, հասարակական խժդժություններից հեռու գյուղական միջավայր, խիստ ատելությամբ խոսում արյունահեղ պատերազմների, կուտակման տենչի և շահամոլության մասին։

Մեզ են հասել Տիբուլլուսի էլեգիաների երկու գրքույկ և դրանց մեջ չմտնող մեկ էլեգիա ու մեկ էպիգրամ։ Մի շարք այլ գործեր, որոնք միջնադարյան ձեռագրերում վերագրված են հռոմեացի բանաստեղծին, ներկայումս համարվում են նրա գրչին չպատկանող։ Նրա պոեզիայի հիմնական թեման սերն է առ բանաստեղծի երկերում Դելիա և Նեմեսիս կեղծանուններով հիշատակվող երկու կնոջ։ Սիբուլլուսի սիրային քնարերգությունը չունի Կատուլլուսի կենդանի անմիջականությունը, բայց դրա փոխարեն այն օժտված է ապրումների առավելագույն նրբությամբ, կառուցվածքային ու լեզվական կատարելությամբ։

Տիբուլլոսի անունով պահպանվել է եղերերգությունների մի ժողովածու՝ բաղկացած 3 գրքից (նոր հրատարակչությամբ՝ 4 գիրք), որոնցից հաստատապես նրան են պատկանում առաջին երկուսը և 2 բանաստեղծություն՝ 3-րդից։ Տիբուլլոսի եղերերգությունների թեմաներն են՝ ընտանեկան օջախը, ընկերուհու նկատմամբ հավատարմությունը, աստվածների մեծարումը, գյուղական և ընտանեկան հանդեսները, պատերազմի, ինչպես և փառասիրության ու հարստության ունայն մոլուցքի դատապարտումը։ Տիբուլլոսի քնարերգությանը բնորոշ են թեմաների ու տրամադրությունների ճկուն անցումները, ոճի նրբագեղությունը, անբասիր ճաշակը և չափի զգացումը։ Լեզուն պարզ է և խիստ գրական։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիբուլլուս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 695