Բյուրակնյան լեռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բյուրակնյան լեռներ, Բինգյոլ, Բինգյոլդաղ, Բինգյոլդաղ լեռներ, Բինգյոլի լեռներ, Բինգյոլ-կոխ, Բյուրակն, Բյուրակնյա լեռներ, Հազարալճյան լեռներ, Հազար ակունք, Պինկյոլ, լեռնաշղթա Հայկական լեռնաշխարհում, Բյուրակն-Մնձուրյան լեռնահամակարգում։ Հրաբխային ընդարձակ զանգված է՝ իր բարձրադիր սարավանդներով, լավային բլուրակներով ու կոներով, որոնցից ամենաբարձրը Սրմանց գագաթն է 3280 մետր բարձրությամբ։ Նշանավոր գագաթներից են Շուշարի (2700 մ), Սերկի կամ Սերոկի (2700 մ), Հավատամք (2460 մ), Թեքմանի (2900 մ), որոնք ծածկված են հավերժական ձյունով։ Հարուստ է ստորերկյա և մակերեսային ջրերով, բյուրավոր աղբյուրներով և լճակներով, որից էլ ստացել է իր Բյուրակն անվանումը (թուրքերեն՝ Բինգյոլ)։ Թլկուրանցին կոչում է այն նաև Հազար ակունք։ Ջրբաժան են Արածանիի և Արաքսի միջև։ Սրմանց գագաթի հյուսիսարևմտյան փեշերից սկիզբ է առնում Արաքսը, իսկ Աղրիկալա և Դեմիրկալա գագաթների միջև ընկած լճից՝ Արածանիի վտակ Բյուրակն գետը։ Պատմական Բարձր Հայքի գեղեցիկ մասերից է, հայ խաշնարածների սիրելի արոտավայրը։ Հայ բանահյուսության և բանաստեղծական ներշնչանքի աղբյուր է եղել[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 742 — 992 էջ։