Նեոգեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միոցենին բնորոշ ֆաունայի տեսարան (վաղ նեոգեն)

Նեոգեն կամ նեոգենի ժամանակաշրջան (/ˈniːəˌdʒiːn/ [nee-uh-jeen][1]նեո․․․ և հունարեն՝ γένος - ծնունդ, հասակ), ապարների շերտախումբ, որ առաջացել է Երկրի երկրաբանական պատմության նախավերջին ժամանակաշրջանում։ Նեոգենը մտնում է կայնոզոյի դարաշրջանի մեջ՝ հաջորդելով պալեոգենի ժամանակաշրջանին և նախորդելով անթրոպոգենի ժամանակաշրջանին։ Նեոգենի տևողությունը ռադիոլոգիական մեթոդներով սահմանվում է 28 միլիոն տարի։

Ստորաբաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեոգենը ստորաբաժանվում է երկու մասի՝ միոցեն և պլիոցեն, որոնք անջատել է անգլացի երկրաբան Չ․ Լայելը՝ 1833 թվականին։ Անվանումն առաջարկել է ավստրիացի երկրաբան Մ․ Հյոռնեսը (1853)։ Նեոգենի ապարներն ամենուրեք տրոհվում են երկու կոմպլեքսի՝ միոցենի (ծովային նստվածքներ) և պլիոցենի (կավերի, ավազների, գիպսերի շերտախմբեր)։ Իտալիայի և Հունաստանի պլիոցենում դիտվում են բազմաթիվ հրաբխային հաստվածքներ[2]։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեոգենն ալպիական ծալքավոր սիստեմի ավարտման ժամանակաշրջանն է, որն արտահայտվում է բազմաթիվ լեռնաշղթաների (Ալպեր, Կարպատներ, Բալկանեոգեններ, Ատլաս, Ապենիններ, Կովկաս, Ղրիմ, Պոնտական և Տավրոսի լեռներ, Բելուջուստան, Հիմալայներ) բարձրացումով։ Միաժամանակ հզոր ծալքավոր մարզեր են ստեղծվում Խաղաղ օվկիանոսի եզրամասերում (Կամչատկա, Սախալին, Ճապոնիա, Ֆիլիպիններ, Նոր Գվինեա, Կորդիլիերաներ, Անդեր)։ Ինտենսիվ լեռնակազմությունը ուղեկցվել է ուժեղ հրաբխականությամբ։ Ուղղաձիգ տատանողական շարժումների հաճախականությունը պայմանավորել է ջրավազանների չափերի ու եզրագծերի անընդհատ փոփոխություն և աստիճանական մեկուսացում օվկիանոսներից։ Նեոգենի վերջում դիտվել է ցրտեցում, որը լեռնային շրջաններում առաջացրել է սառցապատումներ։

Մեծ փոփոխություններ են կատարվել ցամաքային ֆաունայի և ֆլորայի կազմում։ Հանդես են եկել այժմ ապրող կաթնասունների շատ տեսակներ։ Ուշ միոցենում Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի միջև կապի առկայության շնորհիվ կատարվել է ֆաունայի տեղաշարժ մի մայրցամաքից մյուսը։ Ավստրալիան ամբողջ Նեոգենի, ինչպես և պալեոգենի, ընթացքում մնացել է մեկուսացված բացարձակապես ստորին կաթնասունների (պարկավորներ, միանցքանիներ) համար։ Ծովային ֆաունայում հատկապես բազմազան և առատ են փափկամորթները, ֆորամինիֆերները, օստրակոդները, որոնց զգալի մասն ապրում է մինչև այժմ։ Բուսականությունն ունեցել է գրեթե ժամանակակից կազմ։ ՀԽՍՀ տարածքում սահմանափակ զարգացում ունեն միոցենի նստվածքները (Երևանյան գոգավորություն), որոնք ներկայացված են հզոր լճային (լագունային) առաջացումներով՝ կավերով, ավազաքարերով, գիպսի և քարաղի շերտերով ու ոսպնյակներով։ Դրանցից վեր տարածված են նույնպես հզոր ավազակավային և կարբոնատային ապարներ՝ վերին սարմատի ֆաունայի մասնակցությամբ։

Վերին միոցենից հետո Հայաստանի տարածքը մտնում է ընդհանուր առանցքային բարձրացման մեջ և վերջնականապես ձեռք բերում ցամաքային զարգացման ռեժիմ։ Հայկական լեռնաշխարհի կենտրոնական հրաբխային մարզում լայնորեն տարածված են միոտիս-պոնտի և միջին պլիոցենի հրաբխածի Նեոգեն նստվածքային ապարներ։ Վերին պլիոցենը ներկայացված է ծածկոցային տիպի դոլերիտային բազալտներով, անդեգիտաբազալտներով։ Հրաբխային գործունեության հետևանքով ստեղծվել են հսկայական հրաբխային հարթավայրեր։ Թթու էֆուգիաները առաջացրել են էքստրուզիվ կոներ (Արտենի, Հատիս, Իշխանասար

Նեոգենի ամենակարևոր օգտակար հանածոն նավթն է։ Միջլեռնային և նախալեռնային իջվածքների հզոր նստվածքների հետ են կապված նավթի խոշոր հանքավայրեր ԽՍՀՄ-ում (Ադրբեջան, Թուրքմենիա), Ռումինիայում, Իրաքում, Իրանում, Սաուդյան Արաբիայում, ԱՄՆ-ում, Կոլումբիայում, Արգենտինայում։ Հայտնի են նաև այրվող գազերի, գորշ ածուխների և աղերի (գիպս, քարաղ) կուտակումներ։ Մի շարք ծալքավոր շրջանների մագմատիկ ինտրուզիաների հետ են կապված պղնձի, ցինկի, մոլիբդենի, վոլֆրամի, սնդիկի հանքավայրեր։ ՀԽՍՀ-ում կան քարաղի (Մերձերևանյան շրջան) և դիատոմիտի (Իջևանի, Սիսիանի շրջաններ) կուտակումներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Neogene Dictionary.com կայքում
  2. Международная стратиграфическая шкала (версия за январь 2013) Շերտագրության միջազգային հանձնաժողովի կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 225 CC-BY-SA-icon-80x15.png