Պղինձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պղինձ
Պղինձ

Պղինձը քիմիական տարր է, նշանակումը՝ Cu (լատիներեն՝ Cuprum բառից), ատոմային համարը՝ 29։ Պղինձը բարձր ջերմա- և էլեկտրահաղորդականությամբ օժտված առաձգական, վարդագույնի մետաղ է։

Անունը[խմբագրել]

Պղնձի լատիներեն Cuprum անունն առաջացել է Կիպրոս կղզու անունից, որտեղ դեռևս մ.թ.ա. III հազարամյակում արդեն կային պղնձի հանքեր։

Պղնձի ենթախմբում գտնվում են պղինձ(Cu), արծաթ(Ag) և ոսկի(Au) տարրերը։ Հանդիսանում են ազնիվ մետաղներ։ Սրանք բնութագրվում են մեծ խտությամբ, հալման և եռման բարձր ջերմաստիճաններով, լավ ջերմա-էլեկտրահաղորդիչներ են։ Քիմիապես քիչ ակտիվ են, կարգաթվի մեծացման հետ ակտիվությունը նվազում է։ Պղինձը բնության մեջ հանդիպում է ինչպես ազատ վիճակում, այնպես էլ միացությունների ձևով։ Նրանցից առավել կարևոր, արդյունաբերական նշանակություն ունեն պղնձի կոլչեդանը կամ խալկոպիրիտը (CuFeS2), խալկոզինը կամ պղնձի փայլը(Cu2S), մալախիտը(Cu2CO3(OH)2 կամ (CuOH)2CO3), կովելլինը(CuS) և ազուրիտը(2CuCO3 . Cu(OH)2)։ Այն կարմիր, կոտրվածքներում վարդագույն մետաղ է։ Ստանում են խալկոպիրիտից հատուկ վառարաններում.

2CuFeS2+2SiO2+5O2=2Cu+2FeSiO3+4SO2

Ստացված պղնձից, որը պարունակում է տարբեր խառնուրդներ, մաքուր պղինձ ստանում են էլեկտրաքիմիական եղանակով՝ նրա ռաֆինացումից։ Սովորական պայմաններում պղինձը չի փոխազդում թթվածնի հետ։ Տաքացման պայմաններում առաջացնում է Cu2O կամ CuO օքսիդներ.

4Cu+O2=2Cu2O(վառ կարմիր)
2Cu+O2=2CuO(սև)

Հեշտությամբ փոխազդում է հալոգենների (J2-հետ՝ տաքացման պայմաններում) հետ.

Cu+F2=CuF2
Cu+Cl2=CuCl2
2Cu+J2=2CuJ

Ծծմբի գոլորշիներում այրվում է.

Cu+S=CuS

Քանի որ ունի ջրածնից մեծ օքսիդացման պոտենցիալ. այն թթուներից H2 չի անջատում։ Փոխազդում է ազոտական և խիտ ծծմբական թթուների հետ.

4HNO3(խիտ)+Cu=Cu(NO3)2+2NO2+2H2O
8HNO3(նոսր)+3Cu=3Cu(NO3)2+2NO+4H2O
2H2SO4(խիտ)+2Cu=CuSO4+SO2+H2O
2H2SO4(նոսր)+2Cu+O2=2CuSO4+2H2O

Միավալենտ պղինձը հանդես է գալիս CuCl, Cu2S չլուծվող միացությունների կամ[Cu(NH3)2]OH, [Cu(NH3)2]Cl լուծվող կոմպլեքս միացությունների ձևով։ Պղնձի(I) քլորիդը ստացվում է CuCl2-ի և պղնձի փոխազդեցությամբ խիտ աղաթթվի ներկայությամբ տաքացնելիս.

CuCl2+Cu=2CuCl

Այն լուծվում է խիտ ամոնիակաջրում.

CuCl+2NH3= [Cu(NH3)2 ]Cl

Պղնձի(II) օքսիդը՝ CuO, սև, ջրում չլուծվող պինդ նյութ է։ Տիպիկ հիմնային օքսիդ է.

CuO+2HCl=CuCl2+H2O

Հեշտությամբ վերականգնվում է.

CuO+CO=Cu+CO2
3CuO+2NH3=3Cu+N2+3H2O
CuO+H2=Cu+H2O

Պղնձի (II) հիդրօքսիդը (Cu(OH2) կապույտ, ջրում չլուծվող միացություն է։ Այն տիպիկ հիմք է, տաքացնելիս քայքայվում է.

Cu(OH)2+H2SO4=CuSO4+2H2O
Cu(OH)2=CuO+H2O

Ստանում են պղնձի(II) աղերի և ալկալիների փոխազդեցությամբ.

CuSO4+2NaOH=Cu(OH)2+Na2SO4

Պղինձը լայնորեն օգտագործվում է էլեկտրատեխնիկայում, ջերմատեխնիկայում, մեքենաշինությունում։ Միացություններից առավել կարևորն է պղնձարջասպը՝ CuSO4 . 5H2O, որն օգտագործվում է գյուղատնտեսության մեջ, որպես վնասատուների դեմ պայքարի միջոց։