Հայք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Հայք (այլ կիրառումներ)
Միասնական Հայքը Երուանդունի արքայատոհմի առաջին արքաների օրոք, մ.թ.ա. VI դարում:
Միասնական Հայքի վերականգնման քաղաքականություն վարող Արտաշիսյան արքայատոհմի դրոշը, մ.թ.ա. II-I դարերում:
Մեծ Հայքի շուրջ Միասնական Հայքի վերականգնման քաղաքականություն մ.թ.ա. I դարում:

Հայք, Հայաստանի բուն հայկական անվանումը։[Ն 1] Մինչ միջնադարը և դրանից էլ հետո հայ մատենագրության մեջ այդպես է կոչվել Հայաստան երկիրը կամ Հայաստան աշխարհը[1]: «Հայք» նշանակում է ինչպես հայերի երկիր, այնպես էլ հայեր, հայ ժողովուրդի հավաքական կերպար[1]: Ժողովրդական մեկնաբանությունը Հայք անվանման ծագումնաբանությունը կապում է Հայկ նահապետի անվան և գործունեության հետ։ Այժմ տարածված Հայաստան անվան «ստան» վերջավորությունը, ըստ որոշ տվյալների, առաջացել է միջնադարում իրանական ազդեցության արդյունքում։ Մասնավորապես, ենթադրվում է, որ «ստան» արմատն ունի իրանական ծագում։

Հայք, Հայաստան և Արմենիա անունների մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղնջական «Հայք» աշխարհագրական անունը և նրան հետագայում հաջորդած և հաճախ փոխարինող «Հայաստանը» հայ ժողովրդի հայրենիքի անունն է, ուր ընթացել է նրա պատմական կյանքը։ Նրա սահմանները հիմնականում համընկնում են Հայկական լեռնաշխարհի սահմանների հետ, սակայն չեն սահմանափակվում դրանով։[2] Հայկական լեռնաշխարհից բացի փաստացի Հայքն ընդգրկում է նաև հարակից որոշ լեռնային և դաշտավայրային երկրամասեր։ Ուստի կարելի է ասել, որ հայ ականավոր գիտնականներ՝ պատմաաշխարհագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թադևոս Հակոբյանի, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Մելիք-Բախշյանի, լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Բարսեղյանի հեղինակած «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» հնգհատորյա կոթողային աշխատությունը, փաստորեն, հենց Պատմական Հայքի տեղանունների գրեթե ամբողջական բառարանն է։[3]

Հայք աշխարհագրական անվան ստուգաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայքը Երուանդունի արքայատոհմի օրոք:
Հայքը՝ Մեծ Հայքը և հարակից հայկական երկրամասերը, Տիգրան Բ Մեծ Արտաշիսյան արքայից արքայի օրոք:
Մեծ Հայքը և հարևան հայկական երկրամասերը մ.թ. I դարում:
Հայքի հիմնական մասը՝ Մեծ Հայքի թագավորությունը և հարակից հայկական երկրամասերը Արշակունիների օրոք:
Հայքի՝ Մեծ և Փոքր Հայքերի վարչաքաղաքական բաժանումը ըստ Մովսես Խորենացու հեղինակած «Աշխարհացոյց»ի. V դար:
Պատմական Հայքի քարտեզը՝ Բրիտանական հանրագիտարանում, ներկայացնելով հիմնական երեք երկրամասերը. Մեծ Հայք, Փոքր Հայք, Սիսուան-Կիլիկիա:
Պատմական Հայքի քարտեզը՝ ներկայացնելով հիմնական երկրամասերը և դրանց նահանգները:
Հայքի արևմտյան մի շարք երկրամասեր, մասնավորապես՝ Փոքր Հայք, Կոմագենե, Գամիրք:
Մեծ Հայքի նահանգները: Կանաչով առանձնացված է Բարձր Հայք նահանգը:
Մեծ Հայքի նահանգները: Կանաչով առանձնացված է կենտրոնական՝ արքայանիստ Այրարատ նահանգը:
Ծովից ծով Հայքի գաղափարը. մ.թ.ա. Ա դար:

Հայք անվան առաջացման մասին գոյություն ունեն ավանդական և էթնիկական ստուգաբանություններ։

Մովսես Խորենացու ավանդական ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերի հնագույն և ամենանշանավոր առասպելներից է Հայկի և Բելի զրույցը։ Այն բերված է Մովսէս Խորենացու «Հայոց պատմության» և Սեբեոսի «Պատմության»՝ Անանուն պատմիչին պատկանող ներածական գլխի մեջ և հիշատակվում է Անանիա Շիրակացու «Տիեզերագիտութիւն» և «Տօմարագիտութիւն» աշխատություններում։[4][5] Հենց այդ առասպել-ավանդազրույցի հիման վրա էլ Հայք երկրանվան առաջին մեկնությունը տալիս է պատմահայր Մովսես Խորենացին։[6] Նա աշխարհագրական շատ անուններ համադրում կամ զուգակցում է հայոց նախնական նահապետների անվան հետ։[7] Ի դեպ, ավանդական պատմությունից ժառանգած այս փաստը ինքնին շատ կարևոր երևույթ է, որովհետև տոհմի կամ ցեղի նախահայրը խորհրդանշում է ոչ միայն խմբային ընդհանրություն, այլև ազգային պատմության խորհրդանիշն է դառնում։ Հայերի նախահայրը համարվում է Հայկ նահապետը, որի անունից էլ ծագած է համարվում հայ ժողովրդի և հայերի երկրի անունը։[8] Դա կապված է հայկական նշանավոր ավանդավեպի հետ, ըստ որի ասորեստանցի հսկա Բելի բռնությունից հեռանում են բազմաթիվ ցեղեր, դրանց հետ էլ հայ ժողովուրդը՝ իր նահապետ Հայկի գլխավորությամբ։ Վերջինս Բաբելոնից գալիս է մի բարձրադիր, զովասուն ու ջրառատ երկիր և այդտեղ հաստատվում։ Բելը պատգամ է ուղարկում Հայկին, հայտնում, որ նա իզուր է գնացել այդ ցուրտ լեռնաշխարհում բնակություն հաստատելու և խորհուրդ է տալիս վերադառնալ։ Հայկը խիստ պատասխանելով պատգամավորին՝ ետ է դարձնում Բաբելոն։ Բելը, Հայկի պատասխանից զայրացած, մեծ զորքով գալիս է Հայկի վրա։ Վանա լճի մոտ, հետագայում Հայոց ձոր կոչվող վայրում, հակառակորդները հանդիպում են, և Հայկը մենամարտի է դուրս գալիս Բելի դեմ։ Հմուտ նետաձիգ Հայկը մի հարվածով ցած է գլորում Բելին և ցրիվ տալիս նրա բանակը։ Դրանից հետո Հայկը ընդմիշտ բնակություն է հաստատում այդ բարձրավանդակում։ Հայկի անունով է կոչվում ժողովուրդը՝ հայ, իսկ ժողովրդի անունով՝ երկիրը՝ Հայք։[9] Այս ավանդությունը արդի սերունդներին է հասել հայ պատմիչների, մասնավորապես՝ Մովսես Խորենացու և Սեբեոսի միջոցով։[10] Դա հայ ժողովրդի և նրա հայրենիքի անվան ավանդական ստուգաբանությանն է։[11] Ավանդական հենքով հյուսված նման ստուգաբանություններ հատուկ են աշխարհի շատ ժողովուրդների, որոնք այս կամ այն նահապետի կամ դյուցազնի անվան հետ են կապում իրենց երկրի անունը։[12] Այս ավանդավեպը արժեքավոր է այն տեսակետից, որ նպաստել է հայ ժողովրդի համազգային գաղափարի և ազգային գիտակցության զարգացմանը։[13]

«Հայ ազգային գիտակցության հիմքը դրվել է անցյալի դեռ այն նախնական շրջանում, երբ ստեղծագործվել է Հայկի առասպելը և դյուցազուն Հայկը փառավորվել իբրև ազգային հերոս ու հայ ազգի նախահայր»։[14]

Էթնիկական ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայք-Հայաստան անվան հաջորդ մեկնաբանումը էթնիկական է և գալիս է հայաս կամ հայասա ժողովրդի անունից։ Հիմքում ընկած է եղել «հայ» անունը։ Հայասան անվանումը այդ անվան ածանցումն է։ Այս ստուգաբանության պատիվը պատկանում է հայագետ Կրեչմերին և ակադեմիկոս Գրիգոր Ղափանցյանին։ Վերջինս այդ հարցին է նվիրել «Հայասան, հայերի բնօրրան» աշխատությունը։[15] Հայասան զբաղեցրել է Բարձր Հայքի տարածքը՝ Վանա լիճից արևմուտք, մինչև Եկեղյաց գավառ (Երզնկա) և Փոքր Հայքի մի մասը, ինչպես նաև Արածանիի (Մուրադի) վերին հոսանքները։[16][17]

Հայկական լեռնաշխարհի ցեղերի մեջ մ.թ.ա. VIII դարում կարևոր դեր են խաղում հայասները և արմենա-հայասական միությունը, որոնք վաղուց կազմում էին հայկական ցեղային մեծ միություն։[18]

Մեր թվարկությունից առաջ, հիմնականում VII դարի երկրորդ կեսին, ավարտվում է հայ ժողովրդի կազմավորումը, որը նշանավորվում է հայ պետականության առաջացմամբ։ Այն զարգանում է նախ Արարատյան թագավորության՝ կամ այսպես կոչված Վանի թագավորության՝ Բիայնիլի-Ուրարտուի տարածքում, որը պատմական թատերաբեմից հեռանում է VII դարի վերջում։ Արարատյան թագավորության, այսինքն ուրարտական ցեղերը տեղաբնիկ էին և հայախոս և դառնում են կազմավորվող միասնական հայ էթնոսի կարևոր «բաղադրիչներից» մեկը։ Միասնական հայ էթնոսն է դառնում Արարատյան թագավորություն-Ուրարտուի օրինանան ժառանգորդը։ Արարատյան թագավորություն-Բիայնիլիից մեզ հասել են բազմաթիվ տեղանուններ, որոնք ենթարկվել են որոշ ձևափոխման։ Դրանց թվին են պատկանում Արարատ (Ուրարտու), Վան (Բիայինա), Տուշպա (Տոսպ), Երևան (Էրեբունի), Սևան (Սուինիա) և այլն։ Մնացել են նաև շատ նահապետների և դյուցազունների անունները։ Այսպես՝ Արամ (Արամե), Մանավազ (Մենուաշ), Ռուսա (Առուշան)։ Դրանք ժամանակակից հայերին կապում են Աևարատյան թագավորություն-Ուրարտուի հետ։ Արարատյան թագավորությունից մինչև արդի ժամանակներն են հասել նաև շատ ավանդավեպեր։ Ինչպես հայտնի է, կազմավորված ժողովուրդը «հայաս» ցեղի անունով կոչվում է հայ, իսկ երկիրը՝ Հայաստան։ Հայաստան անունը առաջին անգամ օգտագործել է V դարի պատմիչ Ագաթանգեղոսը, չնայած հայ անվան վերջածանցը ոչ միշտ է եղել «ստան»։ Դրան փոխարինել է «ք» տառը, որը ավելացվելով ժողովրդի անվան, դարձել է երկրի անուն։

Այսպիսով «Հայք» բառը իր մեջ ամփոփում է հայեր և Հայաստան հասկացությունները։ Ինչպես օրինակ, «պարսք» նշանակում է և պարսիկներ, և Պարսկաստան։ Դա ցույց է տալիս, որ ժողովրդի անունն է դարձել երկրի անուն, երբ ավելացել է «ք» տառը։

Հայք միասնական երկրի երկրամասերը և նահանգները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայք երկիրը՝ հայերի հայրենիքը՝ պատմական Հայաստանը քաղաքականապես բաժանված էր երկու երկրամասի. Մեծ Հայք, այսինքն՝ Մեծ Հայաստան և Փոքր Հայք, այսինքն՝ Փոքր Հայաստան։[19] Առաջինը համընկնում է Հայկական լեռնաշխարհի հիմնական մասի հետ, որտեղ ընթացել է ու զարգացել հայ ժողովրդի հիմնական քաղաքական ու մշակութային կյանքը։[20]

Մեծ Հայքը Արտաշեսյանների օրոք (մ.թ.ա 189 - մ.թ. 6 թթ.) բաժանվում էր 120 «զօրավարութեան» կամ «ստրատեգիայի», որոնք մոտավորապես հավասար էին հետագայի գավառներին և խմբավորվում էին 20 նահանգի կամ աշխարհի մեջ[21]: Արշակունիների օրոք (մ.թ. 66-428 թթ.), առավել հավանական է՝ մ.թ.ա. III-IV դարերում Մեծ Հայքը բաժանվում էր 15 նահանգի, կամ «աշխարհի»[21][22]։ Դրանցից ամեն մեկն իր հերթին բաժանվում էր գավառների, որոնց ընդհանուր թիվը հասնում էր 190-ի[21][17]։ Այս «աշխարհները» իրականում հանդիսանում էին առանձին բնապատմական և տնտեսական միավորներ՝ իրենց սովորություններով, տարազով ու բարբառներով։ Դրանք էին՝ Այրարատը, Վասպուրականը, Սյունիքը, Արցախը, Գուգարքը, Բարձր Հայքը կամ Կարնո աշխարհը, Տուրուբերանը կամ Տարոնո աշխարհը, Աղձնիքը, Ծոփքը կամ Չորրորդ Հայքը, Մոկքը կամ Մոկաց աշխարհը, Կորճայքը կամ Կորդուաց աշխարհը, Նորշիրականը կամ Պարսկահայքը, Փայտակարանը կամ Կասպեից աշխարհը, Ուտիքը կամ Ուտեացոց աշխարհը և Տայքը կամ Տայոց աշխարհը:[17] Մեծ Հայքի մյուս բոլոր նահանգների նկատմամբ կենտրոնական դիրք ուներ Այրարատը։[23][24] Նահանգներն իրենց հերթին բաժանվում էին զանազան թվով գավառների, որոնց ընդհանուր թիվը Մեծ Հայքում հասնում էր 190-ի։[17] Մեծ Հայքի մյուս բոլոր նահանգների նկատմամբ կենտրոնական դիրք ուներ Այրարատը։[25]

Փոքր Հայքը տարածվում էր Եփրատից դեպի արևմուտք մինչև Անտիտավրոս լեռնաշղթան՝ զբաղեցնելով Հայկական լեռնաշխարհի արևմտյան և հյուսիսարևմտյան մարզերը։ Բյուզանդական տիրապետության ժամանակաշրջանում Փոքր Հայքը բաժանվում էր երեք վարչական մարզերի՝ Առաջին Հայք, Երկրորդ Հայք և Երրորդ Հայք։[26] Զիգոն֊Բասիլիկոն լեռների և Կիլիկյան Տավրոսի միջև գտնվում էր Փոքր Հայքի Հարավային նահանգը՝ «Երկրորդ Հայք» անունով, որը հետագայում կոչվեց «Երրորդ Հայք»։ Այս երկրամասը կազմում է Մելաս (այժմ՝ Թոխմա-սու) գետի հովիտը Մելիտինե (այժմ՝ Էսքի-Մալաթիա) կենտրոնով։[27]

Հաճախ Մեծ Հայք երկրամասի մեջ ներառվում էր Հայոց Միջագետք երկրամասը, Փոքր Հայք երկրամասի մեջ՝ Կոմագենե և Գամիրք երկրամասերը: Երբեմն Կիլիկյան Հայաստան երկրամասի մեջ ներառվում էր Եփրատացիք կամ Էֆրատեսիա երկրամասը:

Վերին Հայք, Ստորին Հայք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ նշանավոր պատմաբան, նոր ժամանակների սկզբում Հայոց պատմության առաջին համակարգված շարադրանքն իրականացրած գիտնական-հայագետ, Վենետիկի Մխիթարյան միաբանության ականավորագույն ներկայացուցիչներից մեկը՝ հայր Միքայել Չամչյանցը իր հեղինակած «Պատմութիւն հայոց ի սկզբանէ աշխարհի մինչև ցամ Տեառն 1784» կոթողային աշխատությունում առաջարկել է Հայքի աշխարհագրական խոշոր մարզերի բաժանման իր տարբերակը։ Մասնավորապես բացի առանձին երկրամաս հանդիսացող Փոքր Հայքից, մխիթարյան պատմաբան-գիտնականը Մեծ Հայքը բաժանում է երկու մեծ երկրամասի՝ Վերին Հայք և Ստորին Հայք։[28] Ըստ Չամչեանցի՝ Ստորին Հայքի մեջ մտնում են Մեծ Հայքի տարածքները՝ Միջագետքից մինչև Արաքս կամ Երասխ գետը, իսկ Վերին Հայքի մեջ՝ Երասխից, փաստորեն, մինչև Կուր գետը։[28]

Հայք տեղանվան օտար համարժեքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտար ազգերը Հայք երկիրը հաճախ կոչում են Արմենիա։ Բացառություն են կազմում վրացիները և կուրմանջի բարբառով խոսող քրդերը։ Արմենիա անվան ավանդական հենքով հյուսած ստուգաբանությունը մի քանի կերպ է բացատրվում։ Նախ՝ այն ծագաւծ է համարվում հնդեվրոպական արմեններ ժողովրդից։ Երկրորդ, սանսկրիտերեն արա՝ «արի», «քաջ» և մանա՝ «մարդիկ» բառերի միացումից։ Այսինքն՝ «քաջ մարդիկ»։ Երրորդ, ըստ Մովսես Խորենացու կոչվել է Հայկազյան Արամ նահապետի անունով։ Եվ, վերջապես, Արմենակ Հայկազյան նահապետի անունով, որը Հայկի որդին էր, նրա անվան կրճատ ձևը եղել է Արմեն, որից և մեր ժողովրդի ու երկրի անվանումը։ Արմեն ժողովրդի մասին առաջին անգամ հիշատակվում է Պարսկաստանի թագավոր Դարեհ Վշտասպյանի (522—486) մ.թ.ա.) արձանագրության մեջ։ Ինչպես հայտնի է, նրա թագավորության ժամանակ, բացի մի շարք այլ ժողովուրդներից, նրա դեմ ապստամբել էին նաև արմենները, որոնք ցանկանում էին անկախություն ձեռք բերել։ Այս ապստամբությունը մանրամասն նկարագրված է Բեհիսթունյան (Քիրմանշահի մոտ) բարձր ժայռի վրա քանդակած Դարեհ Ա-ի բևեռագիր արձանագրության մեջ, որը գրված է երեք լեզվով՝ հին պարսկերեն, էլամերեն և բաբելոներեն։ Արմենների երկիրն այս արձանագրության մեջ անվանված է «Արմենիա», իսկ ժողովուրդը՝ արմեններ։ Այստեղից էլ առաջացել են Արմենիա և արմեններ բառերը։

Լեհերեն, ռուսերեն, լատիներեն և հունարեն՝ Հայքը թարգմանվում է Արմենիա, թուրքերեն՝ Էրմենիստան, հունգարերեն՝ Օրմենիորշագ, ուկրաիներեն՝ Վիրմինիա, լատիշերեն՝ Արմենիյա, գերմաներեն՝ Արմենիեն, պարսկերեն՝ Արմենիա, արաբերեն՝ Արմին կամ Արմենիա, հին հրեերեն՝ Թահոգարամա, արամերեն՝ Հարմիննի, հին պարսկերեն՝ Արմինա։

Ծովից ծով Հայք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովից ծով Հայք կամ Ծովից ծով Հայաստան, հայ ժողովրդի մոտ տարածված իրրեդենտիստական գաղափար, որը ենթադրում է ամբողջական Հայքի կամ Պատմական Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը, նկատի ունենալով Մեծ Հայքի, Փոքր Հայքի, Գամիրքի, Կիլիկյան Հայաստանի, Հայոց Միջագետքի և Կոմմագենեի վերամիավորմամբ մեկ՝ միացյալ հայկական ազատ, անկախ ազգային պետության ստեղծումը։ Այդպիսով Պատմական Հայքի սահմանները ձգվում են Միջերկրական ծովից մինչև Սև և Կասպից ծովերը[29]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան։ Թ.Խ. Հակոբյան, Ստ. Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Երևանի Համալսարանի Հրատարակչություն։ Հատորներ 1-5։ Երևան, 1986-2001։
  2. Բաբկեն Հ. Հարությունյան: Հայաստանի ազգային ատլաս, Բ մաս, Երևան, 2008։
  3. Բաբկեն Հ. Հարությունյան, Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ «Աշխարհացոյց»-ի, Մաս Ա, Երևան, 2001, 404 էջ (մեծադիր քարտեզով), - http://www.historyofarmenia.am/images/menus/1067/mets_hayqi.pdf
  4. Հակոբ Մանանդյան: Քննական տեսություն hայ ժողովրդի պատմության, հ. Ա:
  5. Ավետիսյան Կամսար Մ., Ավետիսյան Ա.Ա.: Հայրենագիտական էտյուդներ։ «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979:
  6. Բաբկեն Հ. Հարությունյան: «Աշխարհացոյց»-ը և չորս Հայքերի խնդիրը, Երևան, 1997։
  7. Բաբկեն Հ. Հարությունյան: Հայաստանի պատմության ատլաս, Ա մաս, Երևան, 2004, 2005։
  8. Բաբկեն Հ. Հարությունյան: Հայաստանի պատմության ատլաս, Բ մաս, Երևան, 2008։
  9. Ս. Տ. Երեմյան, Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի (Փորձ VII դարի հայկական քարտեզի վերակազմության ժամանակակից քարտեզագրական հիմքի վրա), Երևան, 1963։
  10. Թաթիկ (Թադևոս) Խ. Հակոբյան: Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան, 2007։
  11. Թադևոս Խ. Հակոբյան, Ստեփան Տ. Մելիք-Բախշյան, Հովհաննես Խ. Բարսեղյան։ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան: Հատորներ 1-5: Երևանի Համալսարանի Հրատարակչություն: Երևան, 1986-2001։
  12. ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ (ՍԿԶԲԻՑ ՄԻՆՉԵՎ XVIII ԴԱՐԻ ՎԵՐՋԸ): Ժամկոչյան Հ., Աբրահամյան Ա., Մելիք-Բախշյան Ս., Պողոսյան Ս.: ԵՊՀ հրատ.: Երևան, 1975 թ.:
  13. Հայ ժողովրդի պատմություն: 8 հատորով: Հայաստանի Գիտությունների ակադեմիա: Պատմության ինստիտուտ: Հատոր I: ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԱԽՆԱԴԱՐՅԱՆ֊ՀԱՄԱՅՆԱԿԱՆ ԵՎ ՍՏՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ: Երևան, 1971:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Տե՛ս Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան։ Թ. Խ. Հակոբյան, Ստ. Տ. Մելիք-Բախշյան, Հ. Խ. Բարսեղյան։ Երևանի Համալսարանի Հրատարակչություն: Հատոր 3: Երևան, 1991։
  2. Համեմատի՛ր՝ Ավետիսյան Կամսար Մ., Ավետիսյան Ա. Ա., Հայրենագիտական էտյուդներ։ «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979:
  3. Համեմատիր՝ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան։ Թ. Խ. Հակոբյան, Ստ. Տ. Մելիք-Բախշյան, Հ. Խ. Բարսեղյան։ Հատորներ 1-5։ Երևանի Համալսարանի Հրատարակչություն, Երևան, 1986-2001։
  4. Տե՛ս Հայ ժողովրդի պատմություն: 8 հատորով: Հայաստանի Գիտությունների ակադեմիա: Պատմության ինստիտուտ: Հատոր I: ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԱԽՆԱԴԱՐՅԱՆ֊ՀԱՄԱՅՆԱԿԱՆ ԵՎ ՍՏՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻ ԺՍՄԱՆԱԿԱՇՐՋՍՆՈՒՄ: Երևան, 1971:
  5. Տե՛ս ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ (ՍԿԶԲԻՑ ՄԻՆՉԵՎ XVIII ԴԱՐԻ ՎԵՐՋԸ): Ժամկոչյան Հ., Աբրահամյան Ա., Մելիք-Բախշյան Ս., Պողոսյան Ս.: ԵՊՀ հրատ.: Երևան, 1975 թ.:
  6. Տե՛ս ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ (ՍԿԶԲԻՑ ՄԻՆՉԵՎ XVIII ԴԱՐԻ ՎԵՐՋԸ): Ժամկոչյան Հ., Աբրահամյան Ա., Մելիք-Բախշյան Ս., Պողոսյան Ս.: ԵՊՀ հրատ.: Երևան, 1975 թ.:
  7. Տե՛ս ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ (ՍԿԶԲԻՑ ՄԻՆՉԵՎ XVIII ԴԱՐԻ ՎԵՐՋԸ): Ժամկոչյան Հ., Աբրահամյան Ա., Մելիք-Բախշյան Ս., Պողոսյան Ս.: ԵՊՀ հրատ.: Երևան, 1975 թ.:
  8. Տե՛ս ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ (ՍԿԶԲԻՑ ՄԻՆՉԵՎ XVIII ԴԱՐԻ ՎԵՐՋԸ): Ժամկոչյան Հ., Աբրահամյան Ա., Մելիք-Բախշյան Ս., Պողոսյան Ս.: ԵՊՀ հրատ.: Երևան, 1975 թ.:
  9. Տե՛ս ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ (ՍԿԶԲԻՑ ՄԻՆՉԵՎ XVIII ԴԱՐԻ ՎԵՐՋԸ): Ժամկոչյան Հ., Աբրահամյան Ա., Մելիք-Բախշյան Ս., Պողոսյան Ս.: ԵՊՀ հրատ.: Երևան, 1975 թ.:
  10. Տե՛ս ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ (ՍԿԶԲԻՑ ՄԻՆՉԵՎ XVIII ԴԱՐԻ ՎԵՐՋԸ): Ժամկոչյան Հ., Աբրահամյան Ա., Մելիք-Բախշյան Ս., Պողոսյան Ս.: ԵՊՀ հրատ.: Երևան, 1975 թ.:
  11. Տե՛ս ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ (ՍԿԶԲԻՑ ՄԻՆՉԵՎ XVIII ԴԱՐԻ ՎԵՐՋԸ): Ժամկոչյան Հ., Աբրահամյան Ա., Մելիք-Բախշյան Ս., Պողոսյան Ս.: ԵՊՀ հրատ.: Երևան, 1975 թ.:
  12. Տե՛ս ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ (ՍԿԶԲԻՑ ՄԻՆՉԵՎ XVIII ԴԱՐԻ ՎԵՐՋԸ): Ժամկոչյան Հ., Աբրահամյան Ա., Մելիք-Բախշյան Ս., Պողոսյան Ս.: ԵՊՀ հրատ.: Երևան, 1975 թ.:
  13. Ավետիսյան Կամսար Մ., Ավետիսյան Ա.Ա., Հայրենագիտական էտյուդներ։ «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979:
  14. Հակոբ Մանանդյան, Մանանդյան Հ., Քննական տեսություն hայ ժողովրդի պատմության, հ. Ա:
  15. Գրիգոր Ղափանցյան: Հայասան՝ հայերի բնօրրան (ռուսերեն), Երևան, 1947: Григор Капанцян. Хайаса - колыбель армян. Ереван, 1947.
  16. Գրիգոր Ղափանցյան: Հայասան՝ հայերի բնօրրան (ռուսերեն), Երևան, 1947: Григор Капанцян. Хайаса - колыбель армян. Ереван, 1947.
  17. 17,0 17,1 17,2 17,3 Թաթիկ Հակոբյան: Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան, 2007
  18. Գրիգոր Ղափանցյան: Հայասան՝ հայերի բնօրրան (ռուսերեն), Երևան, 1947: Григор Капанцян. Хайаса - колыбель армян. Ереван, 1947.
  19. Տե՛ս Բաբկեն Հ. Հարությունյան: Հայաստանի ազգային ատլաս, Բ մաս, Երևան, 2008։
  20. Տե՛ս Բաբկեն Հ. Հարությունյան: Հայաստանի ազգային ատլաս, Բ մաս, Երևան, 2008։
  21. 21,0 21,1 21,2 Բաբկեն Հ. Հարությունյան, Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ «Աշխարհացոյց»-ի, Մաս Ա, Երևան, 2001, 404 էջ (մեծադիր քարտեզով); historyofarmenia.am
  22. Տե՛ս Բաբկեն Հարությունյան: Հայաստանի ազգային ատլաս, Բ մաս, Երևան, 2008։
  23. Տե՛ս Բաբկեն Հարությունյան: Հայաստանի ազգային ատլաս, Բ մաս, Երևան, 2008։
  24. Ս. Տ. Երեմյան, Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի (Փորձ VII դարի հայկական քարտեզի վերակազմության ժամանակակից քարտեզագրական հիմքի վրա), Երևան, 1963։
  25. Տե՛ս Բաբկեն Հարությունյան: Հայաստանի ազգային ատլաս, Բ մաս, Երևան, 2008։
  26. Հայաստանի ազգային ատլաս, Բ մաս, Երևան, 2008։
  27. Հայ ժողովրդի պատմություն: 8 հատորով: Հայաստանի Գիտությունների ակադեմիա: Պատմության ինստիտուտ: Հատոր I: ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԱԽՆԱԴԱՐՅԱՆ֊ՀԱՄԱՅՆԱԿԱՆ ԵՎ ՍՏՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻ ԺՍՄԱՆԱԿԱՇՐՋՍՆՈՒՄ: Երևան, 1971:
  28. 28,0 28,1 Միքայել Չամչեանց։ «Պատմութիւն հայոց ի սկզբանէ աշխարհի մինչև ցամ Տեառն 1784»։ Հատոր Ա։ Վենետիկ, 1784
  29. Չալոյան Վ. Կ. // Հայկական Վերածնության մասին ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների, № 12 . pp. 85-114.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտակ Մովսիսյան, Հայ ժողովրդի ծագումն ու կազմավորումը: ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտ: Հայոց պատմություն: Հայոց պատմության հանրագիտարան: [1]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական լեռնաշխարհի արևելքում գտնվող Հայաստանի Հանրապետության (հակիրճ՝ Հայաստան) տարածքը հանդիսանում է հայերի բնօրրանի, այսինքն՝ պատմական Հայաստանի (Հայքի) ընդամենը փոքր մասը։