Ջերմուկ (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջերմուկից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջերմուկ (այլ կիրառումներ)
Քաղաք
Ջերմուկ
Զինանշան

ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձոր
Առաջին հիշատակում13-րդ դար[1]
Տվյալ կարգավիճակում1961 թվականից
Մակերես18.1[1] կմ²
ԲԾՄ2100 մ
Կլիմայի տեսակցամաքային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն4300[2] մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունջերմուկցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ3701–3704
Պաշտոնական կայքjermuk.am
Ջերմուկ (քաղաք) (Հայաստան)##
Ջերմուկ (քաղաք) (Հայաստան)

Ջերմուկ, քաղաք Հայաստանի Վայոց ձորի մարզում[3]՝ հայ-ադրբեջանական շփման գծի մոտ[4]։ Գնդեվազ և Կեչուտ բնակավայրերի հետ միասին քաղաքը ներառված է համանուն համայնքի կազմում[3]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերմուկ քաղաքի տեղում նախկինում եղել է հայկական Ջերմուկ գյուղը։ Հետագայում այն օտարեկրացիների կողմից ավերվել է և նրա փոխարեն նոր գյուղ է կառուցել, որը թարգմանաբար կոչել են Իստիսու։ Այն կրկին Ջերմուկ է վերանվանվել 1924 թվականին[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերմուկի բնաշխարհը

Ջերմուկը գտնվում է մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքից 50 կմ հյուսիս-արևելք՝ Արփա գետի ակունքի շրջանում, իսկ մայրաքաղաք Երևանից՝ 173 կմ հեռավորության վրա։ Հայաստանի երեք առողջարանային քաղաքներից մեկն է[1]։ Այն շրջափակված է 2500-3000 մետր բարձրության հասնող լեռնաշղթաներով, իսկ հարավ-արևմուտքում Արփայի գեղատեսիլ կիրճն է։

Ջերմուկի շրջապատն անտառապատ է։ Անտառի մի մասը տնկել են 1980-1990-ական թվականներին[1]։

Հանքային ջրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արփայի մեջ թափվող վտակի գետաբերանի մոտ առաջացել է մի քանի տասնյակ մետր բարձրության հանքային ջրվեժ։ Հայտնի է հատկապես Արփայի աջ և ձախ ափերին գտնվող՝ թվով 36 բուժիչ տաք աղբյուրներով՝ ջերմուկներով, որոնք ունեն հիդրոկարբոնատա-սուլֆատային բաղադրություն։ Շրջակայքում կան նաև “Նարզան” տիպի ջուր, բուժիչ ցեխ, ապակու հումք (կվարցիտներ)[5]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի լեռնային կլիմա։ Ամառը զով է, ձմեռը՝ երկարատև և ձյունառատ։ Արևափայլի տևողությանը կազմում է տարեկան 2300 ժամ։ Օդի օրական միջին ջերմաստիճանը Ջերմուկում կազմում է՝ գարնանը՝ +0.4 °C, ամռանը՝ +15.3 °C, աշնանը՝ + 4.9 °C, ձմռանը՝ -9 °C: Հունվարի միջին ջերմաստիճանը –9 °C է, նվազագույնը՝ –35 °C, հուլիսինը՝ 18 °C, առավելագույնը՝ 32 °C, տարեկան տեղումները՝ մոտ 800 մմ, հարաբերական խոնավությունը՝ 45–48%, արևափայլքի տևողությունը՝ 2340 ժ[6]։

Ջերմուկի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին օրական °C (°F) −7.2
(19)
−7.7
(18.1)
−4.3
(24.3)
−1.4
(29.5)
8.3
(46.9)
13.4
(56.1)
18.9
(66)
16.7
(62.1)
11.7
(53.1)
4.3
(39.7)
−0.5
(31.1)
−5.3
(22.5)
3.6
(38.5)
աղբյուր:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըմպելասրահը

Ջերմուկը գտնվում է ծովի մակերևույթից 2080 մ բարձրության վրա գտնվող ոչ մեծ սարահարթում, որը երկու մասի է բաժանվում Արփա գետի գեղատեսիլ կիրճով։ Քաղաքը գտնվում է Հայաստանի հարավարևելյան մասում, Վայոց ձորի մարզում (պատմական Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառի տարածքում)։ Բնակավայրը հիշատակվում է սկսած 13-րդ դարից՝ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն Նահանգին Սիսական» աշխատության մեջ։ Սակայն քաղաքի տարածքում գտնվող հին կիկլոպյան ամրոցի և 8-րդ դարի եկեղեցու ավերակներն ու մնացորդները խոսում են այն մասին, որ հանքային ջրերի ակունքների մոտ գտնվող Ջերմուկ բնակավայրը գոյություն է ունեցել շատ վաղուց[1]։

Ջերմուկի կազդուրիչ հանքային ջրերը դեռ շատ հնուց օգտագործվել են ինչպես հասարակ ժողովրդի, այնպես էլ Սյունաց Իշխանների կողմից՝ ամենատարբեր հիվանդությունների բուժման նպատակով։ Այդ մասին են վկայում միջնադարում կառուցված լողավազանի մնացորդները, որոնք վերակառուցվել և վերականգնվել են 1860-ական թվականներին ցարական պրիստավ Գևորգ Խանագյանի կողմից, և այժմ էլ ժողովրդի կողմից լողավազանը կոչվում է «Պրիստավի գյոլ»։ Չնայած պատմական հարուստ անցյալին, այսօրվա նոր քաղաքի հիմքը դրվել է միայն 1940 թվականին՝ առաջին առողջարանի կառուցման ավարտով։

Հետագա տարիներին Ջերմուկը կառուցվել ու կառուցապատվել է, ստեղծվել են բոլոր հնարավորությունները ինչպես բնակչության, այնպես էլ հանգստացողների ակտիվ հանգստի, առողջության վերականգնման և զբոսաշրջության համար։ 1967 թվականին քաղաքը ձեռք է բերում հանրապետական նշանակության քաղաքի, իսկ 1970 թվականին՝ համամիութենական նշանակության առողջարանի կարգավիճակ։ 1980-ականներին քաղաքն ուներ շուրջ 10 000 բնակիչ, շուրջ 2 000 մահճակալով առողջարանների ու պանսիոնատների ցանց՝ ակտիվ հանգստի և բուժման համար նախատեսված բոլոր ենթակառուցվածքներով ու ծառայություններով։ Օբյեկտիվ պատճառներով առողջարանային քաղաքի ակտիվ կյանքը 1990-ականներից մեծ տեղատվություն ապրեց, որը սկսեց աշխուժանալ 1990-ական թվերի վերջերից։

Սուրբ Գայանե եկեղեցի, Ջերմուկ

Վարչական տարածքը՝ շուրջ 5, 5 հազար հեկտար։ Երևանի հետ կապվում է երկու ավտոմայրուղիներով, որոնցից «Ջերմուկ-Երասխ-Երևան» մայրուղին ավելի կարճ է և կազմում է շուրջ 170 կմ։ Քաղաքը «Երևան-Գորիս-Ստեփանակերտ» մայրուղուց գտնվում է 24 կմ հեռավորության վրա։

Ջերմուկը ոչ միայն բազմաթիվ լեգենդների բնաշխարհ է, այլ նաև քաղաքում ու մերձակայքում սփռված բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններով ու տեսարժան կառույցներով, արկածային տուրիզմի սիրահարներին ձգող բազմաթիվ անդնդախոր ձորերով ու բարձր ժայռերով, քարանձավներով ու որսատեղիներով (Արփա-Սևան թունել, Կեչուտի ջրամբար, Գնդեվանք, Վարդանի քար, Գլաձորի միջնադարյան համալսարան, Նորավանքի համալիր և այլն) հարուստ մի բացօդյա թանգարան։ Հատկապես գեղեցիկ է ջերմուկյան ձնառատ, փափուկ և արևոտ ձմեռը։ Հարկ է նշել, որ արևոտ ու պայծառ օրերի քանակով քաղաքը նախկին միութենական առողջարանների մեջ զբաղեցնում էր առաջին տեղերից մեկը։ Ձմեռային հանգստի, բուժման, մարզաձևերի համար բարենպաստ կլիմայական ու բնական պայմանների առկայությունը միշտ դեպի առողջարանային քաղաք է ձգել ձմեռային հանգստի սիրահարներին։

1967 թվականից հանրապետական ենթակայության և 1970 թվականից միութենական նշանակության առողջարանների կարգը դասված քաղաք առողջարանը այսօր հանգստացողներին ու զբոսաշրջիկներին է առաջարկում շուրջ 2 000 մահճակալով առողջարանների, հյուրանոցների, պանսիոնատների, համաբուժարանների, ըմպելասրահի, լողավազանների, մարզահրապարակների, կինոթատրոնի, հասարակական սննդի օբյեկտների, բարերի ու սրճարանների ծառայությունները[5]։

Հայ-ադրբեջանական պատերազմ (2022)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդապատումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաշք ջուրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կա մի լեգենդ, որի համաձայն, շատ վաղուց, երբ մարդու ապրուստի հիմնական միջոցը որսորդությունն էր, այս կուսական անտառները լիքն էին ամենատարբեր որսատեսակներով։ Եվ ահա, մի անգամ, փորձառու որսորդը նետահարում է երիտասարդ եղնիկին։ Վիրավոր եղնիկը մեծ ճիգերով, վերջին ուժերը հավաքած, սկսում է փախչել։ Որսորդը կրնկակոխ հետապնդում է նրան։ Մի կերպ, ոտքերը հազիվ քարշ տալով, եղնիկը հասնում է Ջերմուկի հանքային աղբյուրներին, նետվում ջուրը և... այ քեզ հրաշք, ջրից դուրս է գալիս բոլորովին առողջ ու ապաքինված և անմիջապես անհետանում անտառի խորքը։ Կյանքում ամեն ինչ տեսած փորձառու որսորդը ապշում է հասարակ ջրի կատարած հրաշքից, և այդ օրվանից տարածվում է «Ջերմուկ» ջրի համբավը աշխարհե-աշխարհ, իսկ հրաշք ջրի գաղտնիքը մարդկանց հասցրած եղնիկը դառնում է ժողովրդի սիրելին ու Ջերմուկի խորհրդանիշը[7][8]։

Ջրահարսի վարսերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերմուկի ջրվեժը

Շուրջ 70 մետր բարձրությունից Արփայի կիրճը գահավիժող բնության այս հրաշքը, որ թափված վարսեր է հիշեցնում, ժողովուրդն անվանել է «Ջրահարսի վարսեր» և հյուսել իր մյուս լեգենդը։

Շատ հնուց այսօրվա ջրվեժի տեղում, անդնդախոր ժայռերի ծերպին գտնվում էր իշխանի ամրոցը, որի գեղեցկուհի դուստրը կուսական բնության մի մասն էր կազմում։ Իշխանուհու ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից, սակայն նա մերժում էր բոլորին, քանզի նրա սիրտը պատկանում էր հովվի երիտասարդ, քաջարի ու գեղեցիկ որդուն։ Ամեն օր, կեսգիշերից հետո, ամրոցի իր ննջարանի լուսամուտից դեռատի իշխանուհին ձորն էր նետում երկար պարանի ծայրը, որով հովվի որդին խոր կիրճից բարձրանում էր սիրեցյալի մոտ։

Իշխանը շուտով իմանալում է այդ մասին՝ գազազում, փրփրում և անիծում է դստերը. եթե մեկ էլ հանդիպի հովվի որդուն, թող ջրահարս դառնա ու ջրից երբեք դուրս չգա։ Սակայն դեռատի սիրահարներին ոչինչ չէր պահում հանդիպման գայթակղությունից, և հերթական անգամ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը, գեղեցկուհին պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար ու գեղեցիկ վարսերը։ Սակայն նույն ակնթարթին կատարվում է հոր դաժան անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են հրաշագեղ մի ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»[9]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերմուկ քաղաքի բնակչության սեռատարիքային բուրգը

1988-1989 թվականներին ադրբեջանցիները արտագաղթել են Արդբեջան՝ Ադրբեջանում սկսված հայկական կոտորածների պատճառով։ 1988 թվականին այստեղ են բնակվել Բաքվից, Սումգայիթից, Մինգեչաուրից, Բարդայից և Նախիջևանից բռնագաղթված շուրջ 1154 հայեր[1]։

Ջերմուկի ազգաբնակչության փոփոխությունը[10].

Տարի 1959 1968 1980 1989 2001 2004 2015
Բնակիչ 2063 3700 5492 9014 5394 6400 4400

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում կան արդյունաբերական ձեռնարկություններ, որոնցից ամենախոշորը “Ջերմուկ” հանքային ջրերի գործարանն է (1949 թվական), քարհանքեր, ՀԷԿ, պանրի գործարան, գործում է բազմահարկ հյուրանոց։

Ջերմուկի գործարանը տարեկան արտադրում է մի քանի տասնյակ միլիոն շիշ Ջերմուկ։ Գործարանի հանքային ջուրը նաև արտահանվում է[1]։

Առողջարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջարանի շենք

Ջերմուկում հայտնաբերված հին ավազանի մնացորդները վկայում են, որ միջին դարերում բուժման նպատակներով մարդիկ օգտվել ջերմուկներից։

Հին ավազանը կարգավորվել է XIX դարի երկրորդ կեսերին, երբ Ջերմուկը մտավ Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառի մեջ։ Ժամանակակից ժողովուրդը այն կոչել է Պրիստավի լիճ։

Հանքային ջրերի ուսումնասիրություններ են կատարվել 1925, 1938-1939 թվականներին։ Առողջարանի, հանքային աղբյուրների և առողջարանային բուժման գիտական հիմնավորման գործում մեծ դեր են խաղացել Լ․ Հովհաննիսյանը, Ա․ Մելիք–Ադամյանը, Ա․ Հակոբյանը, Գ․ Աղաջանյանը և ուրիշներ։ Ջերմուկի բուժական հիմնական գործոններն են՝ կլիման և հանքային ջրերը։ Վերջիններիս հետազոտությամբ առաջինը զբաղվել է Գ․ Վոսկոբոյնիկովը (1830), համակարգված հետազոտություններն սկսվել են 1925 թվականից (Կ․ Ն․ Պաֆենհոլց), իսկ հորատման և շահագործման աշխատանքները՝ 1938 թվականից (Ա․ Պ․ Դեմյոխին)։ Լոգանքի առաջին շենքը կառուցվել է 1940 թ.-ին։ Այն ուներ 12 մահճակալ։ 1982 թվականի տվյալներով գործում է 7 հանքաղբյուր՝ 3-ը աջափնյա սարահարթում, 4-ը՝ Արփայի ձորում, 17 մ/վրկ մշտական ջրապաշարներով։

Հանքային ջրերը ածխաթթվային, հիդրոկարբոնատ-սուլֆատ–քլորիդային, նատրիում–կալցիում, մագնեզիումական ջրերի շարքին են դասվում՝ հետևյալ քիմիական բաղադրությամբ [6]

°C

Ջերմուկի ջրերը քիմիական կազմով նման են Ժելեզնովոդսկի և Կառլովի Վարիի հանքային ջրերին։ Առողջարանային բուժման համալիրն ընդգրկում է հանքային տաք ջրի ներքին և արտաքին օգտագործումը, բուժական սնունդը, մարմնամարզությունը, քայլաբուժությունը, կլիմայական և ֆիզիոթերապևտիկ միջոցառումները, դեղորայքային բուժումը և առողջարանային ռեժիմը։

Ջերմուկում բուժվում են ստամոքսաղիքային համակարգի (ստամոքսաբորբեր, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցեր), լյարդի, լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի, հենաշարժական ապարատի, ծայրամասային նյարդային համակարգի, գինեկոլոգիական հիվանդություններով և նյութափոխանակության խանգարումներով (շաքարախտ, միզաթթվային դիաթեզ) տառապողները[6]։

Խմելու ջրի սյունազարդ տաղավար

1950-ականներին մեծ թափ ստացավ առողջարանային շինարարությունը։ 1967 թ.-ին առողջարանային ֆոնդը հասավ 1100 մահճակալի, 1970 թ.-ին՝ 1500, իսկ 1980 թ.-ին 5000 մահճակալից ավելի։ Սկսեցին գործել գիշերօթիկներ, լոգանքի ընդարձակ և հարմարավետ շենքեր, խմելու ջրի շքեղ և սյունազարդ տաղավար, բազմահարկ հյուրանոցներ, հիվանդանոց և մանկական հիմնարկներ[1]։

Քաղաք առողջարանը այսօր հանգստացողներին ու զբոսաշրջիկներին է առաջարկում առողջարանների, հյուրանոցների, ըմպելասրահի, լողավազանների, մարզահրապարակների, հասարակական սննդի օբյեկտների, բարերի ու սրճարանների ծառայությունները։

Այժմ Ջերմուկում գործում են հետևյալ առողջարաններն ու հյուրանոցները՝

  • «Գրանդ Ռեզորթ Ջերմուկ» հյուրանոց
  • «Արմենիա» առողջարան
  • «Օլիմպիա» առողջարան
  • «Ջերմուկ աշխարհ» առողջարան
  • «Թուրիս» առողջարան
  • «Գլաձոր» առողջարան
  • «Արարատ» (մոր և մանկան առողջարան)
  • «Նաիրի» հյուրանոց
  • «Վերոնա» հյուրանոց
  • «Անուշ» հյուրանոց
  • «Լայֆ» հյուրանոց
  • «Եվմարի» հյուրանոց
  • «Կասկադ» հյուրանոց
  • «Անի» հյուրանոց

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերմուկում գործում է Հայաստանի ազգային պատկերասրահի Ջերմուկի մասնաճյուղը, որը հիմնադրվել է 1972 թվականին։ Ցուցադրվում են կերպարվեստի հայ վարպետների՝ Մարտիրոս Սարյանի, Արա Սարգսյանի, Սարգիս Մուրադյանի, Արա Հարությունյանի, Կալենց ամուսինների, Հակոբ Հակոբյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի և այլոց գեղանկարչական, գրաֆիկական և քանդակագործական աշխատանքները։ Պարբերաբար փոփոխվում են ցուցանմուշները և կազմակերպվում են անհատական ցուցահանդեսներ[5]։

Քաղաքաշինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Hyatt place

Ջերմուկի առաջին գլխավոր հատակագիծը կազմվել է 1945 թ.-ին (ճարտարապետ՝ Պ․ Մսրյան), 1952 թ.-ին՝ երկրորդը (ճարտ․ Փ․ Մանուկյան), վերամշակվել Է՝ 1960–1962 թթ.-ին, որով և սկսվել է Ջերմուկի կառուցապատման նոր փուլը։

Արփայի կիրճի վրա կառուցված մեծ կամուրջը (1975) հնարավորություն է տվել բնակելի շինարարությունը կենտրոնացնել ձորի ձախափնյակում (երկու միկրոշրջաններ 6000 և 9000 բնակչի համար, Կեչուտ գյուղի նոր թաղամասը)։

Առողջավայրի կառուցապատման մեջ ակտիվ դեր են կատարում № 1 առողջարանը (1962, ճարտարապետ՝ Է․ Տիգրանյան), № 2 առողջարանը (1963), ըմպելասրահը (1966) և լողարանների շենքը (1969, երեքն էլ ճարտարապետ՝ Գ․ Թամանյան), առողջապահության մինիստրության ընդունարանը (1952, ճարտարապետ Մ․ Գրիգորյան) և նրա IV վարչության առողջարանը, հյուրանոցները (առաջինը՝ ճարտարապետ Հ․ Հակոբյան, նորը՝ Զ․ Բախշինյան), 1980-ական թթ․ կառույցներից՝ Հայկական ատոմակայանի առողջարանը (ճարտարապետ Մ․ Միքայելյան և Ս․ Ումեդյան), ՀԱՄԽ–ի առողջարանը (ճարտարապետ Մ․ Միքայելյան) և Ջերմուկի հասարակական–մարգական համալիրը (ճարտարապետ Մ․ Միքայելյան), Արփա–Սևան համալիրի գլխավոր ջրամբարը՝ ափին տեղադրված հանգրվանային շենքերով[6]։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արփայի վերին հոսանքի կիրճում են գտնվում քարայրների համալիրը (բրոնզե դարի ժամանակից), Սբ. Հովհաննես եկեղեցին, «Թուխ Մանուկ» և Սբ. Գևորգ մատուռները։

Ջերմուկի անտառային կածանում է գտնվում ֆիդայիներին նվիրված արձանաշարը, որի հեղինակն է քանդակագործ Հովհաննես Մուրադյանը։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերմուկն իր ակտիվ մասնակցությունն ունի շախմատային բազմաթիվ առաջնությունների ու հուշամրցաշարերի անցկացման գործում, որոնցից մի քանիսը դարձել են բարի ավանդույթ։ 2006 թվականից սկսած Ջերմուկում են անցկացվում շախմատի միջազգային պատանեկան մրցաշարերը։ 2007 թվականից սկսած Ջերմուկում անցկացվում են մի շարք միջազգային մրցաշարեր և առաջնություններ, որոնց թվում նաև՝ Կարեն Ասրյանի անվան միջազգային հուշամրցաշարը[5]։

Ջերմուկի ճոպանուղին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերմուկի ճոպանուղին

Ջերմուկի ճոպանուղին գտնվում է քաղաքի սկզբնամասում, կառուցվել է 2007 թվականի աշնանը ավստրիական "Leitner" կազմակերպության կողմից։

Ճոպանուղու երկարությունը 1000 մ է։ Ներքևի և վերևի հենասյուների միջև եղած բարձրության տարբերությունը 400 մ է։ Ամենաբարձր կետը գտնվում է 2480 մ բարձրության վրա, որտեղ գործում է ռեստորան-սրճարան։ Ունի 2 սահուղի։ Առաջինի երկարությունը 1450 մ է, երկրորդինը՝1550 մ։ Տեղերի թիվը՝ 200: Ներքևում գործում է սահատախտակների և դահուկների վարձույթի կետ, սրճարան և ավտոկայանատեղի[5]։

Քույր քաղաք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանսիա Սանտ Ռաֆայել, Ֆրանսիա
    1997 թվականի սեպտեմբերի 27-ին կնքված պայմանագրի համաձայն Ջերմուկը և ֆրանսիական Սան-Ռաֆայել քաղաքները համարվում են քույր-քաղաքներ։
  • Չեխիա 2013 թ. Ջերմուկ և Չեխիայի Կարլովի Վարի քաղաքների միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։
  • Ղազախստան 2013 թ. Ջերմուկ և Ղազախստանի Շուչինսկ քաղաքները ստորագրեցին համագործակցության հուշագիր։

Ֆոտոպատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբյան Թ․ Խ․, Սովետական Հայաստանի քաղաքները, Ե․, 1977
  • Աղաջանյան Գ․ Ի․, Թոփչյան ժ․ Ս․, Հայաստանի առողջարանները և առողջավայրերը, Ե․, 1968
  • Агаджанян Г․ И․, Всесоюзный больнеопитьевой курорт Джермук, Е․, 1966

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 402
  2. «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,» (PDF). Վերցված է 2017 Հոկտեմբերի 19-ին.
  3. 3,0 3,1 Ջերմուկ համայնքի մասին տեղեկություններ Վայոց ձորի մարզպետարանի կայքում, (արխիվացված 18.09.2022 թ.):
  4. «Ջերմուկից մի քանի կմ հեռավորության վրա իրենց տարածքում ադրբեջանցիները զորամաս են կառուցում» հոդված lragir.am կայքում, (արխիվացված 18.09.2022 թ.):
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Ջերմուկ». Վերցված է 2014 Հունիսի 5-ին.(չաշխատող հղում)
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Հայկական Սովետական Հանրագիտարան, հտ 9, էջ 509». Վերցված է 2014 Հունիսի 10-ին.
  7. Համբարձում Մուսայելյան (1979 թ.). «Հայաստանի հանքային ջրերը Ջերմուկ». Սովետական Հայաստան. Թիվ 3: էջ 37, 38.
  8. «Եղնիկի առասպելը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 Մայիսի 31-ին.
  9. «Ջրահարսի վարսեր». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2014 Մայիսի 31-ին.
  10. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 169» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։