Բյուրակն լեռնավահան
Բյուրակն լեռնավահան, Բինգյոլ (Հազար լճերի լեռ), Սրմանց, Սերմանց, Հայկական հրաբխային բարձրավանդակի կենտրոնական մասում՝ Վանա լճից հյուսիս-արևմուտք։
Բարձրությունը 3250 մ է, հիմքի շրջագիծը՝ մոտ 130 կմ՝ Բյուրականի բարձրավանդակը անհամաչափ է, հյուսիսում՝ փոքրաթեք ալիքավոր, հարավում՝ խզումնաաստիճանավոր զառիթափ լանջերով՝ կազմված նեոգենի տուֆափշրաքարերից, լիպարիտներից, անդեզիտներից։ Բյուրականի բարձրավանդակի ջրբաժան սարավանդի վրա բարձրանում է հնագույն սառցադաշտերով արտածին ուժերի կողմից մասնատված ատամնավոր և սրածայր լեռնաշար՝ Սրմանց (3250 մ), Շուշարի (2700 մ), Սերոկի (2700 մ), Հավատամք (2460 մ) լեռնագագաթներով։ Կլիման ենթակա է վերընթաց գոտիականության, տարեկան միջին ջերմաստիճանը 10-ից -2,5 °C է, տեղումները՝ 400- 800 մմ, առավելագույնը՝ գարնանը։ Ամառը զով է, ձմեռը՝ երկարատև, խստաշունչ ու ձնառատ։ Կան պղնձի, արծաթի, կերակրի աղի, շինանյութերի պաշարներ, ջերմուկներ։ Հարուստ է ստորերկրյա և մակերեսային ջրերով, բյուրավոր աղբյուրներով ու լճերով, որտեղից էլ՝ Բյուրակն անվանումը։ Ջրբաժան է Արածանիի և Արաքսի միջև։ Սրմանց լեռնագագաթի հյուսիս-արևմուտքի լանջի բազմաթիվ աղբյուրներից սկզբնավորվում են Արաքսը և Արածանիի մի քանի վտակներ։ Լանդշաֆտը լեռնատափաստանային և ալպյան է, բարձրալեռնային գոտում «ալպյան գորգեր» են, ձորերում՝ նոսրանտառներ։ Հայ ժողովուրդը սրբացրել է իր բնօրրանի այս անկյունը և զանազան ավանդություններ կապել նրա հետ, որոնցից մեկի համաձայն՝ Հայկ Նահապետը բռնակալ Բելի դեմ կռվելուց առաջ իր նետը մի ամբողջ օր պահել է Բյուրակնի սառնորակ աղբյուրներից մեկում՝ համոզված լինելով, որ հայրենի ջրերը զորություն կտան իր զենքին։ Բյուրակնի մասին հորինվել են առասպելներ, երգեր ու բանաստեղծություններ։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 481)։ |