Արածանի
Արածանի | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 722 կմ |
Ավազանի մակերես | 40 000 կմ² |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Արարատ |
Գետաբերանի տեղակայում | Եփրատ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Փերի Չայը, Բագրևանդ, Գալեսու, Գառընկերտ, Գենջ, Գյունեկ, Գուլիկ, Պաղին, Էրզրուկ, Խնուս, Բորջիմասուր, Q51754065?, Գինեկ, Գինեկսու, Դարաբի գետ, Ակմեզարչայ, Աղվերանի ջուր և Զանգիբարչայ |
Երկիր | Թուրքիա |
Աշխարհագրական տեղադրություն | Մանազկերտի դաշտ և Մշո դաշտ |
Արածանի, գետ Հայկական լեռնաշխարհում։ Հին հունա-հռոմեական աղբյուրներում կոչվել է Արսանիաս (լատին․՝ Arsanias), ներկայումս թուրքերը կոչում են Մուրատ (թուրք.՝ Murat Nehri)։ Կոչվել է նաև Արևելյան Եփրատ, Արզանիա(ս), Արսինես և այլն[1]։ Միանալով Արևմտյան Եփրատին՝ առաջացնում է Եփրատ գետը[2]։ Երկարությունը 722 կմ է, ավազանը՝ 40000 կմ2։ Հին ժամանակներում գետն ամբողջությամբ հոսել է Մեծ Հայքի թագավորության տարածքով։ Ներկայումս հոսում է Թուրքիայի տարածքով։ Երբեմն Արածանիի այն հատվածը, որն անցնում է Բալուի շրջանով անվանել են Բալուա գետ[3]։
Հին մատենագիրները Արածանին հիշում են որպես ինքնուրույն գետ և ոչ որպես Եփրատի վտակ։ Սկիզբ է առնում Ծաղկանց լեռների հյուսիսային մասից՝ մոտ 3060 մ բարձրությունից։ Վերին հոսանքում անցնում է խոր կիրճով դեպի հյուսիս, ապա հյուսիս-արևմուտք, դուրս գալիս Ալաշկերտի դաշտ և հոսում հարավարևմտյան ուղղությամբ։ Արածանի գլխավոր վտակներն են Բագրևանդը, Խնուսը, Բյուրակնը (աջից), Մանազկերտը, Մեղրագետը, Ճապաղջուրը (ձախից)։ Հորդանում է ապրիլ-մայիսին, դաշտային մասերում ողողում շրջակա տարածությունները. ցածր մակարդակը՝ հուլիս-օգոստոսին։ Ձմռանը սառցակալում է։ Դեռևս ուրարտական ժամանակներից օգտագործվում է ոռոգման նպատակներով։
Արածանու ավազանում են գտնվում Վաղարշակերտ, Մուշ, Բալու, Խարբերդ քաղաքները։ Արածանին, որի հովիտը հայ ժողովրդի բնօրրաններից է, Հայաստանի սրբազան պաշտամունքի գետն է։ Նրա ակունքների մոտ էր գտնվում Հայոց զորքի գլխավոր բանակատեղին՝ Շահապիվանը, որտեղ գումարվում էին աշխարհաժողովներ և կատարվում նավասարդի տոները։ Մ.թ.ա. 68-ին Արածանի ափին տեղի ունեցավ Արածանիի ճակատամարտը՝ հայոց և հռոմեական զորքերի միջև։ Հայաստանում քրիստոնեությունը պաշտոնական կրոն հռչակելիս Արածանիում մկրտվեցին Հայոց թագավոր Տրդատ Գ, զորքը և ժողովուրդը։ Արածանի ավազանի բնակչությունը մինչև Մեծ եղեռնը հիմնականում կազմում էին հայերը։ Ըստ նրանց մեջ տարածված ավանդության, Արածանու հովտում է եղել դրախտը։
Ասորեստանյան աղբյուրներում ասորերեն անվանումը Արսանիս[4]։ Քյաթիբ Չելերիի վկայությամբ թուրqերը երբեմն կոչել են Արմանի[5]։ Հանդիպում են ջրվեժներ, որոնցից հիշակատվում է «Գվագվա» անունով ջրվեժը[6]։
Գետի հովտի ստորին հոսանքում կա Բեյրիմաս դաշտ։ Ունի հորդաբուխ աղբյուրներ՝ պաղ ու անուշահամ ջրերով։ Նշմարվել է աղահանք[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 385 — 992 էջ։
- ↑ Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 142 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 593 — 992 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 484 — 992 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 465 — 992 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 959 — 992 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 524 — 992 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արածանի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 684)։ |