Ճապաղջուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ճապաղջուր
Կոորդինատներ: 38°53′10″ հս․ լ. 40°30′6″ ավ. ե. / 38.88611° հս․. լ. 40.50167° ավ. ե. / 38.88611; 40.50167
Վարչական տարածք Թուրքիա
Վիլայեթ Բիթլիսի վիլայեթ
Գավառակ Ճապաղջրի գավառակ
Քաղաքապետ Սերդար Աթալայ
ԲԾՄ 1153 մետր
Պաշտոնական լեզու Հայերեն (մինչև Մեծ եղեռնը)
Բնակչություն 98․424 մարդ (2012)
Ազգային կազմ Հայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտի UTC+3
Ավտոմոբիլային կոդ 12
Պաշտոնական կայք bingol.bel.tr (թուրքերեն)
##Ճապաղջուր (Թուրքիա)
Red pog.png

Ճապաղջուր, Ճապալջուր, Ճապաղջուր, Ճապաղջուր, գյուղ, ավան, ամրոց, բերդ, բերդաքաղաք Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհում։ Այսպես է կոչված համանուն բերդի անունով։ Տարածքով համապատասխանում է Հաշտյանք գավառին։ Ունի անտառապատ լեռներ ու հորդառատ ջրեր։ Տարածված է ընդարձակ հովտում՝ շրջապատված լեռներով։ Այստեղով հոսում են Արածանիի ավազանի 4 գետեր՝ իրենց վտակներով։ Ջրակուտակման համար էլ գավառն անվանված է Ճապաղջուր։ Հետագայում Ճապաղջուր անունով շարունակվել է կոչվել այս գավառի մի մասը՝ Բիթլիսի (Բաղեշ) նահանգի Գենջի գավառի Ճապաղջրի գավառակը։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս բնակավայրը հայտնի է նաև իր անվան մի քանի այլ տարբերակներով՝ Ճապղջուր, Ճարալջուր, Ճապաղ, Ճապաղաջուր և այլն։ Հնում կոչվում էր Կթառիճ, որն ամրոց էր։ Անվանել է նաև Խուլփ, իսկ այժմ թուրքերը վերանվանել են Բինգյոլ։ Ճապաղջուր է կոչվել գետակների բազում ճյուղերի առկայության պատճառով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապաղջուրը, Հայաստանի հարյուրավոր այլ բնակավայրերի նման, տարբեր ժամանակներում համարվել է տարբեր՝ գյուղ, ավան, ամրոց կամ բերդ, բերդաքաղաք։

Գտնվում է Արածանիի հովտում, նրա աջ կողմում, Ճապաղջուր (Գյունեք) գետակի ափին, Բալու գյուղաքաղաքից արևելք, իսկ Քղիից հարավ, ջրառատ վայրում։ Երբեմն Արածանիի՝ Ճապաղջրով հոսող հատվածը կոչել են վերջինիս անունով։

Հնում Ճապաղջրի շրջանը, Գենջը և Զիտկեն միասին վերցրած կազմում էին Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհի Հաշտյանք գավառը։ Իսկ այս վերջինս իր բերդերով, որոնց թվում էր և Կթառիճ–Ճապաղջուրը, համարվում էր Արշակունիների արքայկան կալվածք ու տրված էր թագավորական տան կրտսեր զավակներին իբրև սեփականություն։ Ոմանք Ճապաղջուրը համարում են ոչ թե Հաշտյանքի, այլ Հանձիտի մեջ մտնող բնակավայր։ XI դարում հիշատակվում է իբրև եպիսկոպոսանիստ ավան և մտնում էր Թոռնիկ Մամիկոնյանի իշխանության մեջ։ Թուրքական տիրապետության շրջանում համանուն գավառակի կենտրոնն էր, որը մինչև 1829 թվականը մտնում էր Դիարբեքիրի նահանգի (վիլայեթ), դրանից հետո՝ Բիթլիսի նահանգի մեջ։ Իսկ այժմ, ինչպես ասվեց, կոչվում է Բինգյոլ և համարվում նույնանուն նահանգի կենտրոնը։

Ճապաղջրի մասին մեզ հասած պատմական տեղեկությունները սակավ են։ Սակայն հայտնի է, որ Կթառիճ-Ճապաղջուրը Հայաստանի առաջին բաժանումից հետո (387 թ.) անցել էր Բյուզանդիային և ամուր բերդ էր պարսկա–հռոմեական սահմանամերձ շրջանում։ Նկատի ունենալով դրա ստրատեգիական կարևոր նշանակությունը՝ բյուզանդական կայսր Հուստինիանոսը (527— 565) ավելի էր ամրացրել պաշտպանական զանազան կառույցներով։ Ստեփանոս Ասողիկի մի վկայությունից երևվում է, որ Ճապաղջուրը X դարում դարձյալ համարվում էր կարևոր բերդ, չնայած պատմիչը բառացիորեն այն բերդ չի կոչել։ Այսպես, խոսելով 995 թվականին տեղի ունեցած երկրաշարժի մասին, ժամանակակից պատմիչը գրում է. «Խարխլեալ Ճապաղաջուր, բերդին Դկլաթայ, Աթթախայ և Ամթայ...»։ Դրանից հետո Ճապաղջուրը նախ մտնում էր Փիլարտոս Վարաժնունու, ապա Թոռնիկ Մամիկոնյանի իշխանության մեջ։ XIII դ. 40–ական թվականներին այն գրավում են մոնղոլները, իսկ XVI դարի սկզբներին՝ օսմանյան թուրքերը։ Մինչև առաջին համաշխարհային պատերազմը Ճապաղջրի բնակչության մեծ մասը կազմում էին հայերը, որոնք հիմնականում զբաղվում էին արհեստներով ու առևտրով։ Նրանք ունեին վարժարան և եկեղեցի։

Բինգյոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայում Ճապաղջուրը անվանվում է Բինգյոլ (թուրք.՝ Bingöl, քրդ.՝ Çewlik), Թուրքիայի Հանրապետության Բինգյոլի նահանգի կենտրոնն է։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԱՂԲՅՈւՐ armenianhouse.org ։։ "ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔՆԵՐԸ", Թադևոս Հակոբյան, Հայաստան հրատարակչություն, Երևան, 1987:
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]