Խլաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Խլաթ
Վարչական տարածքԹուրքիա
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԽլաթի գավառակ
Մակերես989 կմ²
ԲԾՄ1650 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն40 806 մարդ (2018)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունխլաթեցի
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ13400
Ավտոմոբիլային կոդ13
Պաշտոնական կայքahlat.gov.tr
Խլաթ (Թուրքիա)##
Խլաթ (Թուրքիա)

Խլաթ, (ներկայումս՝ թուրքերեն՝ Ahlat, Ախլաթ) պատմական քաղաք Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Բզնունիք գավառում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր մեծությամբ Խլաթը Վանա լճի եզերքին գտնվող քաղաքների մեջ զիջում էր միայն Վանին։ Այն գտնվում է լճի արևմտյան ափին, բարձրադիր հարթավայրում, որի արևելյան ու արևմտյան մասերով սրընթաց դեպի Վանա լիճ են հոսում մի քանի գետակներ և առվակներ։ Գեղատեսիլ է նրա դիրքը։ Հարավում քաղաքի համայնապատկերն ակնահաճո է դարձնում Վանա լիճը (որ կոչվել է նաև Խլաթի լիճ), իսկ հարավ-արևմուտքում և հյուսիս-արևմուտքում Մշո ու Մանազկերտի դաշտերի փարոսները՝ Նեմրութը և Սիփանը, որ այդ կողմերում եզրագծում են քաղաքի հորիզոնը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խլաթը Հայաստանի հնագույն բնակավայրերից է և դժվար է ասել, թե այն երբ է հիմնադրվել։ Սկզբում հիշատակվում է որպես ավան, իսկ հետագայում վերածվում է խոշոր քաղաքի, որ ուներ իր ամուր բերդը և համարվում էր Վանա լճի ամենամեծ նավահանգիստը։

Խլաթի մասին շատ տեղեկություններ են հաղորդում հայ և օտար տասնյակ մատենագիրներ՝ Ստեփանոս Ասողիկ, Արիստակես Լաստիվերտցի, Վարդան Արևելցի, Կիրակոս Գանձակեցի, Գրիգոր Խլաթեցի, Մատթեոս Ուռհայեցի, Յակուտ, Իբն ալ-Ասիր, Հովհաննես Սկիլիցես և ուրիշներ։ Արիստակես Լաստիվերտցին այն համարում է Հայաստանի XI դարի խոշորագույն քաղաքներից մեկը, իսկ արաբական հայտնի մատենագիր Յակուտի խոսքերով ասած Խլաթը «ամուր և հռչակավոր քաղաք» էր, «օժտված ամեն տեսակի բարիքներով»։ Առանձնապես մեծ գովեստով են խոսում նրա մասին իբրև նավահանգստի ու ամուր բերդաքաղաքի։ Եվ քաղաքի պաշտպանական պարիսպը սովորաբար կոչել են մեծակառույց, աշտարակավոր, եռադարպաս։

Տարբեր ժամանակների և տարբեր ազգությունների պատկանող հեղինակների մոտ Խլաթը հիշատակվում է այլևայլ անուններով ու նույն անվան տարբերակներով՝ Ալլարխ, Իխլաթ և այլն։ Հայկական մատենագրության մեջ հնում երբեմն կոչվել է Բզնունյաց քաղաք (կամ Քաղաք Բզնունյաց), թուրքերը սովորաբար կոչում են Ախլաթ, որ փոխ են առել արաբներից։ Իսկ արաբների մոտ, ըստ XI դարի արաբական մատենագիր Իբն ալ-Ասիրի, քաղաքը Ախլաթ («խառը») է կոչվել իբր այն պատճառով, որ այդտեղի բնակիչները միատարր չէին և խոսում էին երեք լեզվով՝ արաբերեն, պարսկերեն և հայերեն։

Արշակունիների թագավորության շրջանում (I-V դդ) և հետագայում, մինչև VIII դարի վերջին քառորդը, Խլաթը պատկանում էր Բզնունի նախարարական տանը և եղել է Բզնունիք գավառի գլխավոր քաղաքը։ Արաբական լծի դեմ ուղղված 773 - 775 թվականների ապստամբությունից հետո, երբ Հայաստանի մի շարք այլ նախարարական տների հետ միասին Բզնունիները նույնպես կորցնում են իրենց քաղաքական կշիռը, Բզնունիք գավառն ու նրա կենտրոն Խլաթը VIII դարի վերջերին կամ հաջորդ դարի սկզբներին անցնում են Տարոնի Բագրատունիներին, իսկ Սմբատ Ա Բագրատունու ժամանակ (890 - 914) ընդհանրապես ազատագրվում է արաբներից և վերակառուցվում է հնից գոյություն ունեցող բերդը։ Մոտավորապես հենց այդ ժամանակներից էլ Հայաստանի մյուս բազմաթիվ քաղաքների հետ միասին սկսվում է Խլաթի վերելքի շրջանը և X-XI դդ համեմատաբար կարճ ժամանակամիջոցում այն դառնում է երկրի խոշոր ու մարդաշատ քաղաքներից մեկը։

Խլաթի զարգացմանը նպաստում էին նավահանգիստ լինելը և Արճեշից դեպի Բաղեշ տանող ճանապարհը։ XI դարի առաջին կեսին այն դարձել էր արհեստագործության ու առևտրի խոշոր կենտրոն, մի քանի տասնյակ հազար բնակչություն ունեցող քաղաք։ Այդ ժամանակներում քաղաքի անդորրը խախտվում է միայն մեկ անգամ։ 997 թվականին Խլաթի վրա հարձակվում է Տայքի կյուրոպաղատ Դավիթը՝ նպատակ ունենալով այն գրավել ու միացնել իր ընդարձակ իշխանությանը։ Սակայն նրա զորքերը քաղաքի պարիսպների տակ կրում են խայտառակ պարտություն և հարկադրված նահանջում են ձեռնունայն։

Խլաթի քաղաքական կացությունը XI-XIII դարերում ունեցել է զգալի ելևէջներ։ 1000 թվականին Բյուզանդական Վասիլ 2-րդ կայսեր կողմից քաղաքն Արծրունիներին շնորհվելուց հետո, նրա բնականոն զարգացման ընթացքը շարունակվում է մինչև սելջուկյան XI դարի 70-ական թվականների արշավանքները, երբ այն գրավվում ու ավերվում է վերջիններիս կողմից։ 1110 թվականին Շահարմենները գրավում են Խլաթը և այն դարձնում իրենց ընդարձակ սուլթանության մայրաքաղաքը։ Նրանց տիրապետությունն այստեղ տևում է մինչև XIII դարի 30-ական թվականները՝ մինչև մոնղոլական արշավանքները։ XIII դարի սկզբներին, երբ Հյուսիսային Հայաստանն ազատագրված էր սելջուկյան լծից և Զաքարյան իշխանների գլխավորությամբ այնտեղ կազմված էր մի կիսանկախ, հզոր իշխանություն, նույն իշխանների նախաձեռնությամբ փորձեր են կատարվում ազատագրելու նաև երկրի կենտրոնական մասերը, որոնց թվում և Խլաթն ու դրա շրջակայքը։ Այդ նպատակով Զաքարե Բ և Իվանե Ա Զաքարյանները 1210 թ հայ-վրացական բանակի գլուխն անցած արշավում են դեպի Վանա լճի եզրերը և Խլաթ։ Սակայն Զաքարյան եղբայրների այդ արշավանքը վերջանում է անհաջողությամբ։ Խլաթիը դարձյալ մնում է օտարի լծի տակ, Իվանեն գերվում է սուլթանի կողմից և ազատ է արձակվում միայն Զաքարեի սպառնալիքից հետո։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խլաթի անկումը սկսվում է XIII դարի 30-ական թվականներից։ Կարելի է ասել քաղաքի համար ճակատագրական նշանակություն են ունեցել Ջալալեդդինի և մոնղոլների նվաճումները։ Ջալալեդդինը 1230 թվականին գրավելով Խլաթը այն ենթարկում է սոսկալի ավերածության։ Դրանից ոչնչով չի տարբերվում մոնղոլական 1245 թվականի նվաճումը, որի հետևանքով նախորդ ավերման հետքերը դեռևս չվերացված, քաղաքը ենթարկվում է հրի ու սրի։ Ջալալեդդինի և մոնղոլների կատարած ավերումների պակասը լրացնում է 1246 թվականին տեղի ունեցած կործանիչ երկրաշարժը, որը փլատակների է վերածում քաղաքի կառույցների մեծ մասը խլելով մեծ թվով մարդկային զոհեր։ Մասամբ դրանք, մասամբ էլ օտարի ծանր տիրապետության հետևանքով երկրում սկսված տնտեսական ու մշակութային կյանքի ընդհանուր անկումը իր հետ անկում է տանում նաև Խլաթը։ XVI - XV դարերում քաղաքը փաստորեն նորից վերածվել էր մի անշուք բնակավայրի, թեպետ մատենագիրները սովորության ուժով այն շարունակում էին կոչել քաղաք։ Խլաթը թուրք-պարսկական XVI - XVII դարերի երկարատև պատերազմների կռվախնձորներից մեկն էր։ Առանձնապես ծանր հետևանքներ են ունեցել XVI դարի 40-ական թվականներին իրանական շահ Թահմազի և թուրքական սուլթան Սուլեյման 1-ինի կռիվները, որոնց ընթացքում, 1548 թվականին Խլաթն ահավոր ավերածության է ենթարկվում իրանական զորքի կողմից։ Սուլեյման 1-ինը, քաղաքը վերագրավելուց հետո, վերակառուցում է նրա բերդը, բայց այն կործանիչ հարված էր ստացել և այլևս երբեք չի հասնում իր նախկին վիճակին։ Տարօրինակ է, բայց փաստ է, որ նոր ժամանակների Խլաթի մասին մեր տեղեկություններն աղքատիկ են։ Բավական է ասել, որ նույնիսկ նրա բնակչության թվի վերաբերյալ մեզ հասած տեղեկությունները հեռու են արժանահավատ լինելուց, եթե նկատի ունենանք դրանց աղաղակող տարբերությունները։ Շատ թե քիչ հավանական կարելի է համարել հետևյալ տվյալները։ 1800 - 1810 թթ քաղաքն ունեցել է մոտ 7 հազար բնակիչ, որից 5000-ը հայեր, 1850 թ՝ 5 հազար բնակիչ, որից հայեր՝ 4000, 1891 թվականին՝ 23659, որից հայեր 6609, քրդեր ու թուրքեր՝ 16635, այլք՝ 415 մարդ։ Իսկ մեր դարի 60-ական թվականների վերջերին Խլաթը, որ սովորական գավառական քաղաք է, նույնանուն գավառակի կենտրոնը, ուներ ընդամենը 12 հազար բնակիչ, որոնց մեծագույն մասը կազմում էին քրդերը։

Նոր ժամանակների Խլաթի բնակիչների զբաղմունքները կազմում էին երկրագործությունը, այգեգործությունը, ձկնորսությունը, առևտուրը, արհեստագործությունը և մասամբ աղի հանույթը։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական Խլաթի հուշարձաններից պահպանվել են քաղաքի մոտակայքի ժայռերում փորված քարանձավները, ծովեզերքին գտնվող պաշտպանական պարսպի մի քանի աշտարակներ, զանազան շենքերի ավերակներ, որոնք հիմնականում գտնվում են ներկայումս Խարաբա շահար («ավերակ քաղաք») կոչված թաղամասում՝ հին Խլաթի տեղում։ Քաղաքի ծայրամասում պահպանված է արաբական ժամանակների ընդարձակ գերեզմանատուն՝ տապանագիր ունեցող հսկա գերեզմանաքարերով։ Ըստ ավանդության, այդտեղ թաղվածները հարձակվել էին մեր երկրի վրա և նրանց բոլորին ոչնչացրել է Սասունցի Դավիթը։ Բերդից և դրա պաշտպանական կառույցներից բացի, Խլաթի մյուս հուշարձաններից ուշադրության արժանի են Ս. Խաչ, քաղաքից դուրս գտնվող՝ Գամաղիել երբեմնի եպիսկոպոսանիստ եկեղեցիներն ու միակ մզկիթը։

Խլաթը XV դարում չնայած անկման պատկեր էր ներկայացնում, սակայն մնում էր իբրև հայկական մշակույթի նշանակալի կենտրոն։ Առանձնապես հայտնի է նրա գրչության դպրոցը։ Այստեղ XV դարի ընթացքում ընդօրինակված ձեռագրերից մեզ հայտնի է ավելի քան 10-ը, որոնցից 3-ը Աստվածաշունչ, 2-ը՝ Ավետարան, 2-ը՝ Հայսմվուրք և այլն։ Հայտնի էր հատկապես Կարապետ քահանա գրիչը, որ գործել է XV դ առաջին կեսին։ Խլաթում է ծնվել Գրիգոր Խլաթեցին (1349-1425), որին XVII դարի հայ գրիչներից մեկն իր հիշատակարանում որակում է իբրև «յոյժ կորովամիտ, հանճարեղ, բանիբուն...»։ Այո, Գրիգոր Խլաթեցին հայ մշակույթի ականավոր դեմքերից է՝ մատենագրիր, մանկավարժ, բանաստեղծ, երաժիշտ, հասարակական գործիչ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի սկզբում Խլաթում կար ընդամենը 200 տուն, որից միայն 15-ը հայկական։ Հայ բնակչությունն ընդհանրապես վերանում է Մեծ Եղեռնի տարիներին։

Կարևորությունը իսլամում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խլաթը մուսուլմանների սրբազան քաղաքներից է։ Իր կարևորության համար արժանացել է «Իսլամի գմբեթ» կոչմանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 53