Արշամշատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արշամաշատից)

Արշամշատ կամ Արսամասատ, հայկական քաղաք Ծոփքում, Անձիտ կամ Բալահովիտ գավառում, Եփրատի ափի մոտ։ Սկզբում եղել է բերդ, որի շուրջը հետագայում, հելլենիզմի շրջանում, փռվել է բուն քաղաքը։

Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծոփքի թագավորության այս մայրաքաղաքը հիշատակվում է նույն անվան մի շարք տարբերակներով. Մատթեոս Ուռհայեցին (XII դ.) կոչում է Աշմուշատ, արաբ պատմիչներր՝ Սումայսատ, այլ մատենագիրներ ու գրիչներ՝ Շամոշատ, Շամուշատ, Շիմշատ։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրական դիրքը վերջնականապես չի ճշտված՝ ոմանք այն տեղագրում են Չորրորդ Հայքի Բալահովիտ, ոմանք էլ՝ Անձիտ կամ Հանձիտ գավառում, որոնք իրար սահմանակից էին։ Եվ այդ պատճառով էլ աշխարհագրական քարտեզներից շատերի վրա այն չի նշանակված։ Սակայն, օգտվելով մի քանի պատմագիրների, հատկապես՝ Մատթեոս Ուռհայեցու մի վկայությունից Արշամաշատը տեղադրում են Հայկական Տավրոսի հյուսիսային ստորոտում, Բալու և Խարբերդ քաղաքների միջև, վերջինից ոչ հեռու, Ալելուա դաշտում։ Կիպերտի քարտեզում (Բեռլին, 1910 թ.) Արշամաշատը նշանակվում է Ծովք լճից հյուսիսարևելք, Բալուից Խարբերդ տանող ճանապարհին, Արածանիի ձախ ափին, նրա աջակողմյան Փերի վտակի գետաբերանի մոտ։ Թեպետ անունը հիշեցնում է Ծովքի (Գյոլջիկ) և Արածանիի միջև, Խարբերդի դաշտում նոր ժամանակներում եղած Շամուշի կոչված գյուղի անունը, սակայն դրանց լրիվ նույնացմանը խանգարում է այն, որ վերջինս գտնվում էր հարթավայրում, մինչդեռ Արշամաշատ-Շամուշատը ունեցել է լեռնային դիրք և եղել է հայտնի ամրոց։ Շատ հավանական է Նիկողայոս Ադոնցի այն ենթադրությունը, ըստ որի, քաղաքն ավերվելուց հետո, նրա բնակիչները բնակություն են հաստատել նոր տեղում և այդ նոր բնակավայրը նույնպես կոչել իրենց հայրենի քաղաքի անունով։ Անընդունելի է ոմանց այն ենթադրությունը, թե Արշամաշատը գտնվում էր հռոմեական աղբյուրների հիշատակած Հռանդեա վայրի տեղում, որն այնքան նշանավոր էր դարձել այստեղ տեղի ունեցած 62 թ. ճակատամարտի և 63 թ. կայացած զինադադարի համաձայնագրի շնորհիվ։ Անհավանական է նաև Արշամաշատը Տուրուբերան աշխարհի Արշամունիք գավառում տեղադրելը, Տուրուբերանի գավառներից ոչ մեկը Ծոփքի թագավորության մեջ չի մտել, հետևապես վերջինիս մայրաքաղաքն այնտեղ լինել չէր կարող։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշամաշատը հիմնադրվել է մ. թ. ա. III դարի 40-30-ական թվականներին Արշամ թագավորի կողմից և կոչվել նրա անունով։ Հիշատակում են հայ և օտար բազմաթիվ պատմիչներ՝ Թովմա Արծրունի, Մատթեոս Ուռհայեցի, Սմբատ Գունդստաբլ, Պտղոմեոս, Տակիտոս, Պլինիուս, Պոլիբիոս, Իբն–Խորդաբե, Յակուտ և ուրիշներ։ Առաջին անգամ հիշատակել է Պտղոմեոսը։ Արշամաշատի մոտ է տեղի ունեցել (մ.թ.ա. 202 թ.) սելևկյան Անտիոքոս III Մեծի ընդհարումը Ծոփքի Քսերքսես (Շավարշ) հայ թագավորի հետ, որի ամրոցն էր այն։

Մ.թ.ա. II — I դդ. Արշամաշատը առևտրի և արհեստագործության կարևոր կենտրոն էր, հելլենիստական մի ծաղկած քաղաք, որը գտնվում էր առևտրական ճանապարհի վրա և կապված էր հարևան ու հեռավոր շատ քաղաքների հետ։ Հետագայում, Ծոփքի թագավորությունը Տիգրան Մեծի կողմից Մեծ Հայքին միացնելուց հետո, Արշամաշատը կորցնում է իր նախկին արտակարգ նշանակությունը, դադարում է մայրաքաղաք լինելուց և աստիճանաբար վերածվում սովորական բերդաքաղաքի, որպիսին էր նաև Արշակունիների թագավորության շրջանում (I—V դդ.)։

Արշակունիների թագավորության անկման շրջանում Արշամաշատը նախ գրավում են բյուզանդացիները, ապա արաբները (VII դ.), սելջուկները (XI դ.)։ Անդ որում, Մատթեոս Ուռհայեցու մի վկայությունից հայտնի է դառնում, որ XI դարում այն ամուր բերդաքաղաք էր և նախ մտնում էր Փիլարտոս իշխանի, ապա նրան պարտության մատնած Մուշեղ Մամիկոնյանի թոռան՝ Թոռնիկ Մամիկոնյանի իշխանության մեջ, որի հիմնական տարածքը կազմված էր Սասունից և մասամբ Տարոնից, բայց ուղղակի կոչվում Էր Սասունի իշխանություն։

Արշամաշատն իբրև բերդաքաղաք հիշատակվում է մինչև XI—XII դարերը։ Հավանաբար կործանվել է երկրաշարժից։ Համենայն դեպս, Յակուտի ապրած ժամանակներում (XIII դ.) այն արդեն զգալի չափով ավերված էր, սովորական ավանից ոչինչով չէր տարբերվում և ուներ փոքրաթիվ բնակչություն։

Այժմ Արշամշատի ավերակները հազիվ են նշմարվում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թ.Խ. Հակոբյան (1987)։ Պատմական Հայաստանի քաղաքները։ Երևան։ «Հայաստան», էջ 71-73։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png