Դիադին
Քաղաք | ||
---|---|---|
Դիադին | ||
Վարչական տարածք | Թուրքիա | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Դիադինի գավառակ | |
Այլ անվանումներ | Դիյադին, Թիադին, Տատեոն, Տատեոնս, Տատեոնք, Տատիոն, Տատիոնք, Տատյանս, Տատյանք, Տատյոն, Տատյոնս, Տատյոնք, Տիադին, Տաիտին | |
ԲԾՄ | 1925 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն, այլ | |
Բնակչություն | 42 123 մարդ (2018) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), այլ | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ | |
Տեղաբնականուն | Դիադինցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Դիադին, քաղաք Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դիադինի գավառակում[1]: Հանդիսանում էր գավառակի կենտրոնը: Գտնվում է Արածանի գետի վերին հոսանքի աջ ափին, Ծաղկանց կեռների արևելյան փեշերին, Բայազետից 38 կմ արևմուտք, Էրզրում-Բայազետ ճանապարհի վրա` տեղական մի քանի ճանապարհների ելման վայրում:
Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Ղևոնդ Ալիշանի բնակավայրը հանդիսանում է հին Տատյանս կամ Տատեոնս ավանը: 371 թվականի Ձիրավի ճակատամարտից հետո զոհված հույն զինվորներին թաղել են այստեղ: Ս. Հովհաննես (Ուչքիլիսե) վանքի միաբանները բնակավայրի անվանումը սկսել են հիշատակել Դիերի տուն` Դիատուն ձևով, որն էլ աղավաղվել դարձել է Դիադին:
Աշխարահագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքից 5-6 կմ հեռու Արածանիի վրա գտնվում էր հռչակավոր բնական կամուրջը, որն առաջացել էր կրաքարային և ծծմբային բաղադրությամբ ջրերի երկարատև գործունեությունից` կրի և ծծմբի միացությունից: Կամուրջն ուներ ավելի քան 21 մետր բարձրություն և 21 մետր լայնություն: Կամրջի չորս կողմից բխում էին բազմաթիվ տաք ու գոլ կրային և ծծմբային հանքային ջրեր:
Կամրջից մի փոքր հեռու` Արածանիի աջ ափին գտնվում էր Գերմավը` Դիադինի հանքային ջրերի մեծ ակը: Ջրի ջերմաստիաճանը այն աստիճան բարձր էր, որ նրանում կարելի էր նույնիսկ ոչխարի միս եփել:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ոմանց բնակավայրը նույն Ծաղկոտն գավառի Շահապիվան որսարան էր, կամ էլ նույն գավառի կենտրոն հանդիսացող Զարեհավան ավանը:
1828-1829 թվականների ռուս թուրքական պատերազմից հետո հայ բնակչութայն մեծ մասը գաղթեց Արևելյան Հայաստան և հաստատվեցին ներկայիս Արագածոտնի (Ապարանի շրջանի) Լուսագյուղ գյուղ և Վարդենիս Քաղաքում:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև XIX դարի 20-ական թվականները Դիադինի բնակչության մեծամասնությունը հայեր էին:
XIX դարի սկզբներին ուներ 500 հայ և քուրդ բնակիչ, նույն դարի 80-ականներին ուներ 80 տուն, XX դարի սկզբին` 100, 1909 թվականին` 300 տուն, իսկ 1915 թվականի Մեծ եղեռնից առաջ 400 տուն բնակիչ:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայ բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսություն, արհեստներն ու առևտուրն էր: Ապրանքները հիմնականում մանրածախ վիճակով սպառվում էին ներքին շուկայում, իսկ արտաքին շուկայում, որն անցնում էր Բայազետ Էրզրում ճանապարհով, Դիադինը քիչ մասնակցություն ուներ:
1909 թվականի դրությամբ Դիադինն ուներ փոքր շուկա` 40-50 կրպակով ու արհեստանոցներով: Կրպակների տերերը մեծ մասամբ հայեր էին:
Առողջարան[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանքային ջրերի բխման վայրը դիադինցիների համար յուրովի հանգստավայր էր: Հոդացավերով տառապող տեղացի և եկվոր հիվանդները այդտեղ լոգանք էին ընդունում:
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիադինը Արածանիի ժայռոտ ափի վրա ունեցել է բերդ, որը կանգուն է եղել մինչև 1843 թվականը, իսկ ապա վերածվել է ավերակների կույտի:
Քաղաքն ուներ Ս. Աստվածածին անունով եռախորան և փայտածածկ հայակական եկեղեցի, որը կանգուն էր մինչև XX դարի սկզբներին: Դիադինի մոտակայում կար Դիադին անունով ավերակ վանք և այլ հնություններ:
Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքն ուներ վարչական շենքեր և հեռագրատուն[2]:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Էրզրումի նահանգ, Դիադինի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 97
|
|
|