Վարդենիս, քաղաք ՀայաստանիԳեղարքունիքի մարզում, Սևանա լճից մոտ 7 կմ հարավ-արևելք, Երևանից՝ 170 կմ, իսկ մարզկենտրոն Գավառից՝ 75 կմ՝ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Սոթք գավառում։ Բնակչությունը 12753 մարդ (2001 թ. մարդահամարի տվյալներով), իսկ 2015 թվականին՝ 12500։ Գտնվում է ծովի մակարդակից 2003 մ բարձրության վրա։ Ըստ ավանդության՝ բնակավայրը հիմնել է Հայկ նահապետի թոռ Գեղամը և կոչել Գեղամաբակ։ Այդ մասին անուղղակի կարող են վկայել բնակավայրի տարածքում պահպանված մ. թ. ա III-I հազարամյակների դամբարանները։
Հուլիս և օգոստոս ամիսներին օդի ջերմաստիճանը տատանվում է 16 °C-20 °C, առավելագույն ջերմաստիճանը 31 °C է։ Ձմեռները խստաշունչ են, հունվարի միջին ջերմաստիճանը՝ -6 °C, ձմռան տևողությունը 6 ամիս է։ Չնայած խիստ ձմռանը՝ քաղաքն օղակող ձյունառատ լեռները դահուկային սպորտով զբաղվելու լավ հնարավորություն են ընձեռում[3]:
Վարդենիսը Հայաստան աշխարհի հնագույն բնակավայրերից է։ Այն եղել է Մեծ ՀայքիՍյունիք նահանգի Սոթք գավառի կազմում։ IX դարում Սյունյաց Վասակ Գաբուռն իշխանը նորոգել է գյուղը և վերանվանել Վասակաշեն։ Սյունյաց իշխանի կառուցած եկեղեցու տեղում XX դարի սկզբին կառուցվել է նոր եկեղեցի՝ Սուրբ Աստվածածին։ XVI - XVIII դարերում բնակավայրն անվանել են Ոսկեշեն։ XIX դարի սկզբին բնակչության զգալի մասը գաղթել է Վրաստան։ 1829-1830 թվականներին բնակավայրում բնակություն են հաստատել Արևմտյան ՀայաստանիԴիադին (հնում՝ Տատեոն) գյուղաքաղաքից գաղթած հայեր։ 1930 թ կազմավորվել է Վարդենիսի շրջանը, որի վարչական կենտրոնը եղել է ավան Վարդենիսը, այժմ՝ քաղաք Վարդենիսը։ Քաղաքի նախկին անվանումները՝ Վասակաշեն, Ոսկեշեն,իսկ 1969 թ-ից թուրքական դրոշմը կրող շենն անվանվեց Վարդենիս։
Քաղաքի տնտեսության մեջ կարևոր տեղ է գրավում արդյունաբերությունը։ Քաղաքի երբեմնի զարգացած արդյունաբերական ձեռնարկություններից մնացել և գործում են միայն սննդի (կաթնամթերք, հացամթերք) ձեռնարկությունները։ Վարդենիսի գյուղացիական տնտեսությունները զբաղվում է անասնապահությամբ, ինչպես նաև հացահատիկի և կերային մշակաբույսերի մշակությամբ։ Մինչև ԽՍՀՄ փլուզումը Վարդենիսի բնակչությունը զբաղվել է նաև ծխախոտի մշակությամբ, քանի որ այդ ժամանակաշրջանում Վարդենիսը ունեցել է ծխածոտի գործարան։ Բացի ծխախոտի գործարանից ունեցել է նաև գարեջրի, գորգի, ժամացույցի, կաթնամթերքի, կոնդենսատորի, գյուղտեխնիկայի և տորֆի գործարաններ։ Գործել է նաև տպարան ու թռչնաբուծարան։
Այժմ Վարդենիսի բնակչության մեծամասնությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Իսկ մնացած մասը աշխատում է Սոթքի ոսկու հանքում, քաղաքապետարանում և Վարդենիսի մշակույթի տանը։
Վարդենիսում գործում է երաժշտական, նկարչական, քանդակի և ազգագրական պարի դպրոցներ, ինչպես նաև ըմբշամարտի, ֆուտբոլի, կարատեի և բոքսի մարզադպրոցներ։
Գործում է նաև Վիկտոր Համբարձումյանի անվան բժշկական քոլեջ և Վարդենիսի Բադեյան քոլեջ։
Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Այստեղ հայտնաբերվել են բրոնզե դարի մի քանի տասնյակ դամբարաններ։ Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցված է 1902-1910 թվականներին, որի բակում կան գերեզմաններ, գեղազարդ խաչքարեր ու տապանաքարեր (15-18 դարեր)։ Սուրբ Աստվածածին վանքում ստեղծագործել է Հովհաննես Ծարեցին: