Սպիտակ (քաղաք)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սպիտակ (այլ կիրառումներ)
Քաղաք | |||
---|---|---|---|
Սպիտակ | |||
| |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Լոռիի | ||
Համայնք | Սպիտակ (համայնք) | Սպիտակ համայնք[1] | ||
Այլ անվանումներ | մինչև 1948 — Համամլու | ||
Տվյալ կարգավիճակում | Քաղաք թվականից | ||
Մակերես | 57,6 կմ² | ||
ԲԾՄ | 1650 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 13 000[2] մարդ (2015) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Տեղաբնականուն | սպիտակցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (255) | ||
Փոստային դասիչ | 1801-1506 | ||
Պաշտոնական կայք | spitak.am(հայ.) | ||
| |||
Սպիտակ ( արտասանություն), քաղաք Հայաստանի Լոռու մարզի Սպիտակ համայնքում[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպիտակը ծովի մակարդակից բարձր է 1650 մ։ Սպիտակը գտնվում է Վանաձոր-Գյումրի և Վանաձոր-Երևան ավտոմոբիլային մայրուղիների խաչմերուկում, Փամբակի հովտում, Փամբակ գետի և դրա վտակ Ջրաշենի ափերին, ծովի մակերևույթից 1250 մ բարձրության վրա։ Հեռավորությունը մարզկենտրոնից 19 կմ է, իսկ մայրաքաղաքից՝ 97 կմ։ Քաղաքի վարչական տարածքը 6066.75 հա է։
Սպիտակի տարածքը լեռնային է. հյուսիսում ձգվում են Բազումի, իսկ հարավում՝ Փամբակի լեռնաշղթաները։ Ռելիեֆն ունի էրոզիոն-դենուդացիոն կառուցվածք։ Տարածքի երկրաբանական կառուցվածքը բարդ է, ձևավորված է նստվածքային հրաբխածին, ներժայթքային ապարներից՝ կրաքարեր, տուֆածին ապարներ, բազալտ ու ավազաքարեր։
Երկրաշարժաբանական առումով տարածքը համարվում է սեյսմիկ ակտիվ գոտի՝ աղետաբեր երկրաշարժի բարձր հավանականությամբ (9 և ավելի բալ)։ Մայրուղիների երկարությունը 52.8 կմ է։ Սպիտակի տարածքով անցնում է Թբիլիսի-Վանաձոր-Սպիտակ-Մասիս երկաթգիծը։ Սպիտակ համայնքի տարածքը գտնվում բարեխառն կլիմայական գոտում։ Ձմեռը մեղմ է, ամառը՝ չափավոր տաք։ Ամենացածր ամսական միջին ջերմաստիճանը հունվարին է՝ -4.7 0C, ամենատաք ամիսը հուլիսն է՝ +18 0C ամսական միջին ջերմաստիճանով։ Միջին հաշվով 0 0C-ից բարձր ջերմաստիճանով օրերի թիվը Սպիտակ քաղաքում կազմում է 270 օր։ Տարեկան տեղումների միջին մակարդակը 439 մմ է։
Համամլու գյուղի հիմնադրման մասին գրավոր վավերագրեր չկան։ Ենթադրվում է, որ գյուղի բնակչության զգալի մասը, մոտ երեք դար առաջ գաղթել է Պարսկահայքի Հեր (հետագայի Խոյ) գավառից։ Համամլու կամ Համամլի անվանումը հավանաբար առաջացել է պարսկերեն համամ (բաղնիք) բառից։ Բաղնիքների առկայության մասին են վկայում (նախկին շաքարի գործարանի տեղում նախկին Դեմի կոչված հանդամասում) հայտնաբերված կավե մեծ կարասներն ու խողովակները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպիտակի տարածքը եղել է հին բնակատեղի, որի պատմությունը սկսվում է դեռևս մ.թ.ա. IV-I հազարամյակներից։ Սպիտակում, համանուն նախկին շրջանի Մեծ Պարնի, Ջրաշեն, Գոգարան, Արևաշող գյուղերում հայտնաբերված նեոլիթյան գործիքներն ու կենցաղային իրերը՝ քարե հատիչները, կացինները, դանակները, նետասլաքները, աղորիքները, արձանիկները և գտնված մյուս առարկաները վկայում են այդ ցեղերի հասարակական բարձր աստիճանը։ Սպիտակում՝ Սարդարի կոնդ բլուրում հայտնաբերվել են բրոնզե դարաշրջանի (ք.ա. 3-2-րդ հազարամյակում) բնորոշ առարկաներ՝ պղնձե և բրոնզե նետասլաքներ, դաշույններ, սև փայլեցրած կավախեցե ամաններ և այլ առարկաներ։ Տարածքի բնակիչների կյանքը վերընթաց զարգացում է ապրել նաև ք.ա. 1-ին հազարամյակում, երբ այդ տարածքը մտել է Ուրարտու պետության կազմի մեջ (ք.ա. 7-րդ դար)։
Երվանդունիների (ք.ա. 4-2-րդ դարեր) և Արտաշեսյանների (ք.ա. 2-1-ին դարեր) թագավորության ժամանակ նաև Սպիտակի այժմյան տարածքը եղել է Հայաստանի, ավելի ուշ՝ Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր գավառի կազմում։ 9-րդ դարավերջին մտել է Բագրատունյաց թագավորության, 972-1118 թվականները՝ Կյուրիկյան թագավորության, իսկ 12-րդ դարավերջից՝ Սելջուկյան թուրքերից ազատագրված հայկական հողերի հետ՝ Զաքարյանների իշխանապետության մեջ։ 14-18-րդ դարերում Արևելյան Հայաստանի հյուսիս-արևելյան մի քանի գավառակների հետ միացվել է Ռուսաստանին, տարածքը կոչվել է Համամլուի գավառակ և մտել նախ Լոռի-Փամբակի, ապա Ալեքսանդրապոլի գավառի մեջ։
Հայաստանի Լոռու մարզի Սպիտակ քաղաքը մինչև 1949 թվականը կոչվել է «Համամլու» կամ «Համամլի», որը հավանաբար առաջացել է պարսկերեն «համամ» (բաղնիք) բառից։
Համամլուի նոր՝ Սպիտակ անվանումը կապված է քաղաքի շրջակայքում եղած կրաքարի հանքերի հետ։ Համամլուի շրջանը, որպես վարչական միավոր ստեղծվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին։ Սպիտակը 1960 թվականին ստացել է քաղաքի, 1971 թվականին՝ հանրապետության ենթակայության քաղաքի կարգավիճակ։
1960 թվականից ՀԽՍՀ քաղաքների շարքին դասված Սպիտակը համանուն շրջանի կենտրոնն էր, 1971 թվականից հանրապետական ենթակայության քաղաքի կարգավիճակ ուներ։ Սպիտակ համայնքի տարածքի հյուսիսում ձգվում են Բազումի, իսկ հարավում՝ Փամբակի լեռնաշղթաները։ Սպիտակով են անցնում Երևան-Թբիլիսի երկաթուղին, Վանաձոր-Երևան, Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհները։ Հեռավորությունը մայրաքաղաք Երևանից 93, Լոռու մարզկենտրոն Վանաձորից 18 կմ է։
Համամլիում դեռևս 19-րդ դարի կեսերից գործել են ծխական դպրոցներ։ Նախախորհրդային Համամլուն, բացի մի քանի դարբնոցից, ջրաղացներից ու ձիթահանքից, արդյունաբերական ոչ մի ձեռնարկություն չուներ։ Բնակիչները հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ ու անասնապահությամբ։ Բնակավայրի արտադրական առաջին ձեռնարկությունը՝ պանրի գործարանը, կառուցվել է 1937 թվականին։ 1947 թվականին առաջին արտադրանքն է տվել շաքարի գործարանը, որը արտադրական յուրաքանչյուր սեզոնում վերամշակում էր 130 հազար տոննա շաքարի ճակնդեղ, արտադրում 14 հազար տոննա բարձրորակ շաքարավազ։ Հետագայում կոմբինատի կարգավիճակ ստացած ձեռնարկության մեջ ներառված կիտրոնաթթվի արտադրամասի թանկարժեք արտադրանքն առաքվում էր ոչ միայն Խորհրդային Միության հանրապետություններ, այլև արտասահմանյան մի շարք երկրներ։ Արտասահմանյան 21 երկիր (Ռումինիա, Իրաք, Վիետնամ, Մոնղոլիա, Թուրքիա, Կուբա, Մալի և այլն) և Խորհրդային Միության մի շարք խոշոր քաղաքներ էին արտահանվում «Հայվերելակմեքենա» միավորման մարդատար և բեռնատար վերելակներ։ Այստեղ աշխատող բանվոր ծառայողների թիվը հասնում էր 700-ի։ Գործում էր Հացամթերքի կոմբինատը, կարի արտադրական միավորումը, տրիկոտաժի, կոշիկի ֆաբրիկաները, ռետինատեխնիկական իրերի, հացի գործարաները։
Մինչև 1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժը Սպիտակը արդյունաբերական և գյուղատնտեսական զարգացած քաղաքներից էր, որտեղ գործում էր 14 արդյունաբերական ձեռնարկություն։ Ուներ 7 հանրակրթական, գեղարվեստի, երաժշտական, մարզական դպրոցներ, տեխնիկում, պրոֆտեխուսումնարան, 10 մսուր-մանկապարտեզ, հիվանդանոց, զբոսայգի, մշակույթի տուն, գրադարան, կինոթատրոն, թանգարան, մարզադաշտ, կապի հանգույց, տպարան[3]։
Մինչ տարերային աղետը Սպիտակը զբաղեցնում էր մոտ 14 քառակուսի կիլոմետր տարածք, բնակավայրում ապրում էր 18400 մարդ։
Սպիտակի երկրաշարժ
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով 11 անց 41 րոպե 22, 7 վրկ. Սպիտակում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որից ամենաշատը տուժեց Սպիտակն իր գյուղերով։ Երկրաշարժի ուժգնությունը Սպիտակում 9 բալ էր։ Վայրկյանների ընթացքում այն կործանեց քաղաքի մեծ մասը։ Փլվեցին բազմաթիվ դպրոցներ, գործարաններ և բնակելի շենքեր։ Ընդհանուր բնակելի մակերեսի ավելի քան 90%-ը փլվել էր։[12] Երկրաշարժը տեղի էր ունեցել աշխատանքային օր, որի պատճառով շատ դպրոցականներ և աշխատավորներ մահացան։ Սպիտակը տվեց շատ զոհեր։ Սպիտակցին երախտագիտությամբ է հիշում բարի կամքի բոլոր երկրներին ու ժողովուրդներին, սփյուռքի մեր հայրենակիցներին, անհատ մարդկանց ու կազմակերպություններին, ովքեր իրենց անգնահատելի օգնությունն ու աջակցությունը բերեցին երկրաշարժի հետևանքների վերացման, ավերված քաղաքի վերականգնման գործին։
Բարեկամ ժողովուրդների օգնությամբ վեր հառնած Սպիտակն այսօրվա իր տեսքով, թաղամասերի անվանումներով ժողովուրդների բարեկամության իրական խորհրդանիշ է[3]։
Խորհրդանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զինանշան
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպիտակ քաղաքի խորհրդանշանը կոմպոզիցիոն կառուցվածքով իրենից ներկայացնում է սիմետրիկ լուծումային տարբերակ, որի կենտրոնում տեղադրված հուշարձանը խորհրդանշում է հին Սպիտակը՝ որպես երկրաշարժին դիմակայած կառույց։ Առանցքից աջ և ձախ տեղադրված արծիվները խորհրդանշում են հին ու նոր, հավերժ մնայուն Սպիտակը և այդ քաղաքի բնակիչների հզոր կամքի ուժն ու հավատը պայծառ ապագայի նկատմամբ։ Ձախ կողմում գտնվող արծվի կրծքին տիեզերքի հավերժության նշանն է, իսկ աջ կողմում գտնվող արծվի կրծքին՝ պայքարող, մաքառող, խաչապաշտ քրիստոնյաների նշանը։ Հուշարձանից ներքև՝ կենտրոնում պատկերված է ձիթենու ճյուղ, որը խորհրդանշում է վերածնունդ, նոր կյանքի սկիզբ։ Ձիթենու ճյուղից ձախ պատկերված է փետուր՝ որպես գիտության, մշակութային կյանքի խորհրդանիշ, իսկ աջ՝ ցորենի հասկ, որպես հողի և ստեղծագործ աշխատանքի խորհրդանիշ։
Հայտնի սպիտակցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դրաստամատ Սիմոնյան
- Էդվարդ Չուբարյան
- Ռուբեն Մաթևոսյան
- Վահե Բունիաթյան
- Վլադիմիր Բադալյան
- Վանիկ Ասատրյան
- Արթուր Ազարյան
- Լաուրա Գալստյան
- Հովհաննես Սահակյան
- Արմեն Ղազարյան
- Սուրեն Ավետիսյան
- Հայկարամ Ղևոնդյան
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օրշա, քաղաք Բելառուսում, Վիտեբսկի մարզում։ Սպիտակի հետ քույր քաղաքներ են 2013 թվականից։
- Լիմեն, փոքր քաղաք Նիդեռլանդների Թագավորությունում, Հյուսիսային Հոլանդիա մարզում։ Սպիտակի հետ քույր քաղաքներ են 2011 թվականից։
- Տաուզանդ-Օկս, քաղաք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կրկնվող պատկերներ էին
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Սպիտակ համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 02․07․2023 թվական)։
- ↑ «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,» (PDF). Վերցված է 2015 Օգոստոսի 9-ին.
- ↑ 3,0 3,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սպիտակի քաղաքային գրադարան
- http://www.nssp-gov.am/spitak.htm Արխիվացված 2013-04-17 Wayback Machine
- https://www.youtube.com/watch?v=pwZWa-5qZHE
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակ (քաղաք)» հոդվածին։ |
|
|
|