Հագվի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Հագվի
Կոորդինատներ: 41°04′0″ հս․ լ. 44°35′0″ ավ. ե. / 41.06667° հս․. լ. 44.58333° ավ. ե. / 41.06667; 44.58333
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Լոռի
Մակերես 11,84 կմ²
ԲԾՄ 1200 մ
Պաշտոնական լեզու Հայերեն
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն հագվեցի
Ժամային գոտի UTC+4
##Հագվի (Հայաստան)
Red pog.png

Հագվին Լոռու մարզի փոքր գյուղերից է, որ գտնվում է Ալավերդի քաղաքից 12 կմ հեռավորությամբ։ Հարևանում է Օձուն, Ամոջ, Կաճաճկուտ և Աքորի գյուղերին, արևմուտքից Պրիվոլնոյե, Ուռուտ գյուղերին։ Բնակչությունը մոտավորապես ըստ պաշտոնական տյվալների 501, մակերեսը 11,84 կմ²[1]։ Գյուղը գտնվում՝ ծովի մակերևույթից 1200 մ բարձրության վրա։ Կլիման բարեխառն է, ձմեռը մեղմ, ամառը՝ զով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրվել է 17-րդ դարում, առաջին վերաբնակիչները եղել են Օձունի, Հաղպատի հողազուրկ մի քանի ընտանիքներ, որոնց միացել է նաև Արցախից եկած մեկ ընտանիք։ Վրաստանը Ռուսաստանին միանալուց հետո արդեն պետականացված հողերն օգտագործելու իրավունք է տրվում հագվեցիներին, ինչի հետևանքով գյուղը մեծանում է։ Այդ հողերը հիմնականում անտառային բացատներ էին, փոքր հողակտորներ։ Հայաստանում խորհրդային կարգեր հստատավելուց հետո Այգեհատ ու Մղարթ գյուղերի կալվածատերերի հողերով փոխհատուցված օձնեցիների հողերից հողաբաժիններ են տրվում նաև Հագվեցիներին Լոռվա սարահարթում։

Գյուղի կենտրոնում կա փոքրիկ եկեղեցի, որ կառուցվել է 12-րդ դարում։ Գյուղի շրջակայքում բազում գյուղատեղիներ կան, իսկ շինարարարական աշխատանքների ժամանակ մեծաքանակ բրուտագործական առարկաներ են հայտնաբերվել։ Գյուղի կենտրոնում շինարարական աշխատանքների ժամանակ 70-ական թվականներին եկեղեցու հիմքերից մեկուկես մետր ցած հայտնաբերվել են հնագույն դամբարաններ, այսպես կոչված մեծամարդկանց մնացորդներով։ Սակայն ցավոք հնագիտական պեղումներ չեն իրականացվել։ Հնագետ Սուրեն Հոբոսյանն ասում է, որ փոքրիկ հետախուզական աշխատանքներից հետո եզրահանգել է, որ գյուղը և նրա շրջակայքի հանրագիտական մեծ հետաքրքրություն են ներկայացնում, հետաքրքիր է նաև անվանումը՝ Հագվի, որն ըստ նրա շատ հին անավանում է և կարծես աղերսներ ունի հնդեվրոպական նախանական լեզվի հետ։ Հարևան տեղանուննների հետ հետաքրքրությունն է առաջացնում լեզվի պատմությամբ զբաղվողների համար՝ Հագվի, Սեդվի, Արդվի և այլն։

Գյուղում գործում է իննամյա դպրոց, աշակերտների թիվը 20։ Գործում է գրադարան։ Գյուղում ավանդաբար բարձր է եղել կրթական ցենզը և երկար տարիներ Ալավերդի քաղաքի և շրջանի կառավարման համակարգի միջին օղակներում բազմաթիվ հագվեցիներ են աշխատել։ Ծնունդով եւ արմատներով Հագվեցի են թատերարվեստի երախտավորներ, ՀՀ ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանը, վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյանը, հայտնի լրագրողներ Հրաչյա Պապինյանը, Վարդան Օնանյանը, գրող հրապարակախոս Արծրուն Պեպանյանը եւ ուրիշներ։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հագվի անվանումը բացատրվում է հետևյալ կերպ. Օմար խանի, կամ Աղա Մահմադ խանի ասպատակություններից հետո ամայացած գյուղատեղում հայտնված Օձունցիներին անվանեցին հակվածներ, այսինքն հակվել են նոր տեղ, որից էլ իբր առաջացել է Հագվի անվանումը։

Հակվել բառը սակայն մեկ այլ բացատրություն էլ ունի։ Հագվու տարածքը նորագույն պատմության ընթացքում եղել է արքունական, ապա Լոռին Վրաստանի հետ Ռուսաական կայսրությանը ների հայտնվելուց հետո պետական, այս տարածքը վարձակալությամբ օգտագործել են Օձունցիները, որպես ձմեռանոց, որպես արոտավայր։ Ըստ գյուղի մեծերի Օձունից այստեղ փայտ տեղափոխողների (նախկինում գյուղի ետղում խիտ անտառ է եղել), կամ ձմեռանոցից մթերք բարձած Օձուն գնացողների ձիու բեռը թեք տեղանքի պատճառով հակվել է, թեքվել, ինչի պատճառով ստիպված կանգնել են մի քանի անգամ ամրացրել բեռը, դրա համար էլ ըստ գյուղի մեծերի տեղանքն անվանել են Հակվի, որը հետագայում դարձել է Հագվի։

Դրա օգտին խոսում է հետևյալ փաստը, որ Հագվու հարևան Աքորի գյուղի տարեցները մինչև վերջերս թեք տեղերին անվանում էին «հակվա տեղ», այսինքն հակվող տեղ։

Մյուս բացատրությունը այն է, որ Իջևանի որոշ գյուղերի նախահեղափոխական բարբառներում ագի-պոչ բառը արտասանվում է հագվի ձևով, ցավոք հիմա այդ բառը գրեթե դուրս է եկել գործածությունից, սակայն այդ բառը օգտագործված է անգամ գրականության մեջ՝ Հայաստան հրատարակչության տպագրած «Մոռացված աշխարհ» գրքում։

Հայտնի է, որ Հագվի գյուղի տեղում գտնվող երկու հինավուրց գյուղերը դատարկվել են Աղա Մահմադ խանի, ապա լեզգիների ու ավարների Օմար խանի արշավանքից հետո (1791 թ), երբ վերջին բնակիչներին քշել են ստրկության, գյուղում նոր բնակիչներ են հայտնվել։ Առաջին վերաբանկիչների մասին տարբեր տվյալներ կան։ Ռուբեն Կիրակոսյանի գրառումներով Օձունի քյոխվան Օձուն է հրավիրում Բորչալուի գավառապետին և այդ առթիվ գյուղից Իսո անունով մի երիտասարդի հանձնարարում է որսի եղնիկ բերել ու Դեբեդի ձուկ։ Վերջինս կատարում է քյոխվայի հանձնարարությունը։ Գինովցած, կերած ու կշտացած գավառապետն իմանում է, որ որսի միսն ու ձուկը Իսոն է բերել և բարեհոգաբար ասում է թէ ինչ խնդրանք ունի։ Իսոն պատմում է, որ շատ եղբայրներ ու քույրեր ունի, որ տան հնարավորություն չկա և խնդրում է թույլ տալ տուն կառուցել Հագվի գյուղատեղում։ Անցնում են ամիսներ և մի օր քյոխվան կանչում ու Իսոյին է հանձնում նահանգապետի թույլտվությունը Հագվում բնակություն հաստատելու վերաբերյալ։ Հետագայում այստեղ են եկել վերաբնակիչներ Հաղպատից՝ Վարոսյանները, այնուհետև Դանիելյանները՝ Ղարաբաղից, հետո Միքայելյանները Օձունից և երբ արդեն բնակավայր է եղել, Օձունի դարբին Մայիլյաններից մեկը մշտապես եկել է գյուղում դարբնի ինչ որ գործեր անելու, նրանց երիտասարդ որդիներից մեկը այս կերպ մշտապես հաստատվել է գյուղում։ Այս մասին էլ ատմում էր ասացող, հեքիաթների, երգերի ու երաժշտություննրի, հին հին պատմությունների լավ գիտակ Նիկալ Դանիելյանը։ 1915 թվականին Հագվում հաստատվել են նաև գաղթականներ Արևմտյան Հայաստանից։ Հագվիում 18-րդ դարի սկզբին հաստատվել են ընտանիքներ նաև Ղազախից։ Պապինյանները հավանաբար հենց այնտեղից են եկել։ Գուցե նրանք, կամ այդ տարածքից եկած այլ վերաբնակիչներն էլ նկատի ունենալով քարափի գլխին տեղանքի ձգված ու երկար լինելը, կամ գուցե որպես Օձունի մի մասը նկատի ունենալով անվանել են Հագվի, այսինքն Պոչ, Օձունի պոչ։ Լոռեցու անգամ այսօրվա պատկերային մտածողությամբ շատ հավանական է թվում այս տարբերակը նույնպես։ Կարելի է քննարկել նաև Ագնի բառից նրա ծագման հնարավորությունը, գուցե Սե-դվի, Հա-գվի, Ար-դվի անվանումներն ունեն հնդեվրոպական ծագում, կամ դրանք մնացել են Գուգարքի հնագույն բնակիչների, գոգարների լեզվից։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հագվիի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1886 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 225 298 509 669 533 612 516 543 428

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հագվի Համայնքի մասին»։ Լոռու մարզի պաշտոնական կայք։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 23 
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 115»։ Վերցված է 2013 Նոյեմբերի 11 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]