Տաշիր համայնք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տաշիր (այլ կիրառումներ)
| Երկիր | |
|---|---|
| Կարգավիճակ | Համայնք |
| Մտնում է | Լոռու մարզ |
| Ներառում է | Տաշիր, Գետավան, Դաշտադեմ, Բլագոդարնոյե, Լեռնահովիտ, Կաթնառատ, Կրուգլայա Շիշկա, Մեդովկա, Մեղվահովիտ, Նովոսելցովո, Նորամուտ, Սարատովկա, Մեծավան, Ձյունաշող, Պաղաղբյուր, Միխայլովկա, Սարչապետ, Արծնի, Ապավեն, Նորաշեն, Պրիվոլնոյե, Պետրովկա, Ձորամուտ |
| Վարչկենտրոն | Տաշիր քաղաք |
| Խոշորագույն քաղաք | Տաշիր |
| ԲԾՄ | 1500-2000 |
| Օրենսդրական մարմին | Ավագանի |
| համայնքապետ | Էդգար Արշակյան |
| Հիմնական լեզու | Հայերեն |
| Բնակչություն (2021) | 29358[1] (31 տեղ) |
| Ազգային կազմ | Հայեր, ռուսներ, քրդեր, եզդիներ |
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական, Հայ կաթողիկե և ուղղափառ եկեղեցիներ |
| Տարածք | 68882.04 հա[1] |
| Բարձրություն ծովի մ-ից՝ - Բարձրագույն կետ - Միջին բարձրություն | Աչքասար լ․ - 3196 մ մ 1500 մետր[1] մ |
| Հիմնադրված է | 1886 թ. |
| Պատմական շրջան(ներ) | Տաշիր-Ձորագետի թագավորություն |
| Ժամային գոտի | +4 |
| Փոստային ինդեքսներ | 21 2101 |
| tashircity.am | |
Տաշիր, համայնքի կարգավիճակով վարչատարածքային միավոր Հայաստանի Լոռու մարզի հյուսիս-արևմտյան մասում։[1]։ Սահմանակցում է Ստեփանավան, Լոռի Բերդ և Ալավերդի համայնքների հետ։ Հյուսիսում սահմանակցում է Վրաստանի հետ։
Համայնքը ստեղծվել է 2017 թվականի հունիսի 9 -ին Հայաստանի Ազգային Ժողովում համայնքների խոշորացման օրինագծի ընդունմամբ[2][3]։ Համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները կայացել են 2017 թվականի նոյեմբերի 5-ին։
2022թ-ի սեպտեմբերի 25-ի ընտրությունների արդյունքում Տաշիր համայնքը խոշորացվեց և այժմ կազմված է 24 բնակավայրից։
Ֆիզիկա-աշխարհագրական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաշիր համայնքը ունի ծովի մակարդակից 1500 մետր բարձրություն։
Տաշիր համայնքի վարչական տարածքը 68882,04 հա է,
Համայնքի հեռավորությունը մարզկենտրոնից 52 կմ է, հեռավորությունը մայրաքաղաքից 163 կմ: Տաշիր համայնքով է անցնում միջպետական նշանակության Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստան մայրուղին։ Տաշիրը մարզի 2-րդ այլընտրանքային հնարավորությունն է Վրաստան դուրս գալու համար։
Տարածքը ընդգրկում է Լոռվա դաշտի մեծ մասն ու շրջակա լեռնաշղթաների կից լանջերը։ Ռելիեֆը հիմնականում հարթավայրային է։ Արևմուտքում Ջավախքի, հյուսիսում և արևելքում Վիրահայոց լեռներն են։ Առավելագույն բարձրությունը 3196մ է (Աչքասար լ․)։ Տարածված են լեռնատափաստանային և լեռնամարգագետնային լանդշաֆտները։ Կան շինանյութերի և բազմամետաղային հանքավայրեր։ Կլիման բարեխառն է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ –4° C –ից մինչև – 12°C, հուլիսինը՝ 8–16°C, տարեկան տեղումները՝ 600–800 մմ, վեգետացիայի շրջանը՝ 60– 150 օր։ Համայնքով հոսում է Տաշիր գետը, որը միախառնվելով Ձորագետին, լցվում է Դեբետ գետ: Տաշիր համայնքի վարչական սահմաններում են գտնվում 7 լիճ և «Մեծավան» ջրամբարը։
Տաշիր համայնքի Սարատովկա բնակավայրը հայտնի է «Լուսավոր Լիման» լիճով, որն իր գեղեցկությամբ և գրավչությամբ դարձել է տարածաշրջանի բնակչության նախընտրելի հանգստյան վայրը։ Լիճն ունի 11.7 հա մակերես։ Լիճի ջուրը քաղցրահամ է, լճում կան մի քանի ձկնատեսակներ՝ կարաս, սազան, սպիատակ ամուր, կարպ։ «Լուսավոր Լիման» լիճը բացառիկ է լճում աճող, Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ բուսատեսակներից մեկով՝ ջրաշուշանով։
Մերձալպյան և ալպյան գոտին ունի աղքատ կենդանական աշխարհ, որի պատճառը բնակլիմայական աննպաստ պայմաններն են։ Այստեղ հանդիպում են լեռնային տափաստաններին բնորոշ կենդանիներ՝ աղվես, գայլ, նապաստակ, դաշտամուկ։ Անասնապահության զարգացման հետևանքով այստեղ շատ են թափանցում գայլերը, որոնք վտանգավոր են անասունների համար։ Թռչուններից տարածված է արագիլը։
Կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաշիր համայնքը կազմված է 24 բնակավայրից՝ Գետավան, Դաշտադեմ, Բլագոդարնոյե, Լեռնահովիտ, Կաթնառատ, Կրուգլայա Շիշկա, Մեդովկա, Մեղվահովիտ, Նովոսելցովո, Նորամուտ, Սարատովկա, Մեծավան, Ձյունաշող, Պաղաղբյուր, Միխայլովկա, Սարչապետ, Արծնի, Ապավեն, Նորաշեն, Պրիվոլնոյե, Պետրովկա, Ձորամուտ գյուղերից և Տաշիր քաղաքից, որը հանդիսանում է համայնքի վարչական կենտրոնը[1]։
Համայնքի ավագանի և ղեկավար
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն Հայաստանի տեղական ինքնակառավարման օրենսգրքի՝ համայնքի բնակչությունը ընտրում է ավագանի, որը նշանակում է համայնքի ղեկավարին՝ համայնքապետին։ 2022թ-ի սեպտեմբերի 25-ի ընտրությունների արդյունքում Լոռվա մարզի Տաշիր համայնքի ավագանին բաղկացած է 24 անդամներից, որոնցից 17-ը Միասնական համայնք դաշինքից՝ բաղկացած Արդարություն և ՔՈ կուսակցություններից, իսկ 7-ը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։ Համայնքի ղեկավարը Միասնական համայնք խմբակցությունից Էդգար Արշակյանն է։
Բնակչություն։
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության թիվը կազմում է 29358 մարդ, որից տղամարդիկ կազմում են 14476 մարդ, կանայք՝ 15181 մարդ։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչև 18 տարեկան՝ 6116 մարդ, 18-ից 63 տարեկանները՝ 18108 մարդ, 63 և ավել տարիք ունեցողները՝ 5134 մարդ։ Ըստ բնակավայրերի ունենք հետևյալ պատկերը․
| Բնակավայրը | Բնակիչների թիվը |
|---|---|
| Տաշիր բնակավայր | 12107 |
| Ապավեն բնակավայր | 173 |
| Արծնի բնակավայր | 435 |
| Բլագոդարնոյե բնակավայր | 275 |
| Գետավան բնակավայր | 89 |
| Գոգավան բնակավայր | 74 |
| Դաշտադեմ բնակավայր | 229 |
| Լեռնահովիտ բնակավայր | 1583 |
| Կաթնառատ բնակավայր | 998 |
| Կրուգլայա Շիշկա բնակավայր | 110 |
| Ձյունաշող բնակավայր | 159 |
| Ձորամուտ բնակավայր | 524 |
| Մեդովկա բնակավայր | 401 |
| Մեծավան բնակավայր | 5758 |
| Մեղվահովիտ բնակավայր | 121 |
| Միխայելովկա բնակավայր | 831 |
| Նովոսելցովո բնակավայր | 171 |
| Նորամուտ բնակավայր | 25 |
| Նորաշեն բնակավայր | 1510 |
| Պաղաղբյուր բնակավայր | 77 |
| Պետրովկա բնակավայր | 505 |
| Պրիվոլնոյե բնակավայր | 876 |
| Սարատովկա բնակավայր | 408 |
| Սարչապետ բնակավայր | 2119 |
Մշակույթ, սպորտ և կրթություն։
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաշիր համայնքում գործում է․
· Արվեստի դպրոց,
· Գրադարանների կենտրոնացված համակարգ,
· Մարզադպրոց և մարզառողջարարական համալիր,
· Մշակույթի կենտրոն
Արվեսի դպրոցում գործում է գեղանկարչության, դհոլի, քանոնի, դաշնամուրի, ջութակի, դուդուկի, ոկալի բաժիններ, ընդհանուր 187 աշակերտով, որոնք ունենում են հաշվետու համերգներ։
Տաշիր համայնքում կա 1 խոշոր գրադարան, շուրջ 82 000 անուն գրքով։
Մարզադպրոցի և և մարզառողջարարական համալիրի ենթակայության տակ գործում են ազատ ոճի ընբշամարտի, բազկամարտի, բասկետբոլի, բռնցքամարտի, ձյուդոյի և ֆուտբոլի խմբեր, որոնք պարբերաբար մասնակցում են հանրապետական և մարզային մրցումների։
Մշակույթի կենտրոնում իրականացվում են տարատեսակ միջոցառումներ, համերգներ, թատերական ներկայացումներ, թեմատիկ համերգներ, սեմինարներ, քննարկումներ։ Մշակույթի կենտրոնում գործում են պարի, երգի, նկարի, ձեռագործության, ժող գործիքների, դիզայնի, թատերական և շախմատի խմբակներ։
Տաշիր համայնքում գործում է թվով 19 դպրոց և 5 մանկապարտեզ։
Առողջապահություն։
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաշիրում կա 2 բժշկական կենտրոն՝ Տաշիրի բժշկական կենտրոնը և Աստղիկ բժշկական կենտրոնը և մեկ մանկական պոլիկլինիկա։ Մեծավան բնակավայրում գործում է Մեծավանի առողջության կենտրոնը, իսկ Պրիվոլնոյե, Նորաշեն, Արծնի, Սարչապետ, Մեդովկա, Կաթնառատ, Պաղաղբյուր, Միխայելովկա բնակավայրերում՝ բժշկական ամբուլատորիաներ։
Տաշիրի ԲԿ-ում իրականացվում է լայն պրոֆիլի հիվանդանոցային բուժօգնություն՝ վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական, թերապևտիկ, մանկական, ինֆեկցիոն: Մատուցվում են նաև շտապօգնության և ամբուլատոր֊պոլիկլինիկական ծառայություններ: Ունի 40 մահճակալ-տեղ, սպասարկում է Տաշիրի տարածաշրջանն ամբողջությամբ:
Աստղիկ ԲԿ-ում կա է հեմոդիալիզի բաժանմունք։
Քաղաքում գործում են նաև ստամատոլոգիական կլինիկաներ։
Քաղաքում կա թվով 6 դեղատուն։
Տնտեսություն։
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաշիր համայնքն ընդհանրապես իր չքնաղ ալպիական մարգագետիններով և բնակլիամայական պայմաններով հրաշալի վայր է ապրելու և անասնապահությամբ զբաղվելու համար։
Տաշիրում խորը արմատներ ունի պանրի արտադրությունը։ Դեռևս 19-րդ դարի սկզբների շվեյցարացի Գրաֆ Գոթլիբը տարածաշրջանում հիմնել է առաջին պանրի գործարանը։
Խորհրդային տարիներին տնտեսության առաջատար ճյուղերը եղել են տոհմային կաթնաանասնաբուծությունը (25516 գլուխ, 1986), կարտոֆիլագործությունը, սննդի և թեթև արդյունաբերությունը։ Եղել է 8 արտադրական ձեռնարկություն։ Արտադրանքի ծավալով առաջնակարգ են եղել Կալինինոյի պանրագործական կոմբինատը (տվել է ՍՍՀՄ–ում արտադրվող շվեյցարական պանրի 25%–ը), Սովետաշենի տրիկոտաժի արտադրական միավորման մասնաճյուղը, արծնապատ ամանեղենի գործարանը, «Հայգորգ» արտադր․ միավորման Մեծավանի մասնաճյուղը։ Հանրապետության առաջատար կարտոֆիլագործական շրջաններից է եղել։ Մշակել են նաև հացահատիկ և կերային կուլտուրաներ։ Եղել է 9 կոլեկտիվ, 13 սովետական տնտեսություն, 1 անտառտնտեսություն։ Շրջանում եղել է խոշոր եղջերավոր անասունների տոհմաբուծարանը։
Այսօր տարածաշրջանում գործում է տասից խոշոր պանրի գործարան, արտադրվում է ավելի քան քսան տեսակի պանիր։ Գրավելով տեղական շուկան՝ Տաշիրի պանրագործների արտադրանքը, որն համապատասխանում է միջազգային ստանդարտներին ու նորմերին, մեծ ճանաչում է ձեռք բերել արտերկրի հայտնի պանրագործների շրջանում։
Տարածաշրջանում անասնապահությանը զուգահեռ զարգացած են հացահատիկային կուլտուրաների մշակումը, ձկնաբուծությունը, մեղվապահությունը։ Արդեն ներդրվել է գյուղատնտեսության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների կիրառման պրակտիկան։
Զարգացած են նաև հանքարդյունաբերությունը, քարերի մշակումը, բետոնի արտադրությունը, թեթև արդյունաբերությունը, հանրապետության մալուխի խոշորագույն գործարանը գտնվում է Տաշիր համայնքում, քաղաքում գործում է կարի ֆաբրիկա։
Մեծ ջանքեր ենք գործադրում ոչ միայն ներքին շուկայում ինտերգրման, այլև արտաքին շուկա դուրս գալու համար․ մասնավորապես, կարի ֆաբրիկայի արդեն արտահանվում է միջազգային շուկա։
Տրանսպորտ և կապ։
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաշիր համայնքով է անցնում Երևան-Թբիլիսի Մ3 ավտոճանապարհը։
Ճանապարհի երկարությունը համայնքի տարածքում 21 կմ է։
Գետավան գյուղի մոտ կա օդանավակայան։
Տաշիրում կան բջջային և համացանցային կապի ոլորտում բարձրակարգ ծառայություններ մատուցող բոլոր խոշոր ընկերություններ, ինչպիսիք են «ՎիվաՍել-ՄՏՍ», «Յուքոմ», «Տելեկոմ Արմենիա-Թիմ տելեկոմ», «Այ-քոմը», «Ֆ-նեթը», «Yunet», «OVIO»:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
