Jump to content

Արագածոտնի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արագածոտն
Արագածոտն
Քարտեզ
դիրքը Հայաստանում
դիրքը Հայաստանում
Կառավարություն
Մարզկենտրոն Աշտարակ
Մարզպետ Սերգեյ Մովսիսյան
Մարզի կազմավորման թիվը՝ ապրիլի 12, 1995[1]
Տարածաշրջանները Աշտարակի շրջան
Ապարանի շրջան
Արագածի շրջան
Թալինի շրջան[1]
Քաղաքային համայնքների թիվ 3[1]
Գյուղական համայնքների թիվ 111[1]
Գյուղական բնակավայրերի թիվ 118[1]
Վիճակագրություն
Տարածք
 - Ընդհանուր

2,753[1] կմ²
Բնակչություն
 - (01.01.2002)
 - խտություն

168,100[1]
61.1/կմ² 
Հապավումներ
 - Փոստային ինդեքս
 - ISO 3166-2
 - FIPS 10-4

0201-0514
AM.AG
AM01
Կայք: aragatsotn.mtad.am/

Արագածոտնի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում։ Մարզկենտրոնը Աշտարակ քաղաքն է։

Տարածքը՝ 2753 կմ քառակուսի, բնակչությունը՝ 141 հազար մարդ։ Հայաստանի մարզերի շարքում տարածքի մեծությամբ միջին տեղ է գրավում, իսկ բնակչության թվով գերազանցում է միայն Վայոց ձորի և Տավուշի մարզերին։

Արագածոտնի մարզն իր անունը ժառանգել է պատմական Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի անունից։

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արագածոտնի մարզի ռելիեֆային քարտեզ

Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և Հայաստանի ամենաբարձր լեռնագագաթի՝ Արագածի միջև։ Կիսաօղակաձև գոտևորելով Արագած լեռնազանգվածը՝ մարզի տարածքը արևմուտքում ձգվում է մինչև Թուրքիայի հետ պետական սահմանը։

Հայաստանի Արագածոտնի մարզի տարածքով են անցնում հանրապետական նշանակություն ունեցող 3 ավտոխճուղիները՝ Երևան – Աշտարակ—Թալին—Գյումրի, Երևան—Աշտարակ—Սպիտակ և Երևան—Արմավիր—Քարակերտ—Գյումրի։ Մարզի տարածքը հատում է նաև Հայաստանի գլխավոր երկաթուղին (միայն արևմտյան հատվածով և մարզի տնտեսական զարգացման վրա էական ազդեցություն չի թողնում)։

Բնական պայմաններ և հարստություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արագածոտնի մարզն զբաղեցնում է Արարատյան ֆիզիկա-աշխարհագրական շրջանի հյուսիսարևմտյան մասը (950 մետրից մինչև 4090 մ բացարձակ բարձրությունները)։ Հարավում լեռնալանջերը ձուլում են Արարատյան դաշտին, հյուսիսում ձգվում են մինչև Արագածի լեռնագագաթը։

Արագածոտնը Հայաստանի այն մարզերից է, որտեղ հանդիպում են հայտնի բոլոր վերընթաց լանդշտաֆտային գոտիները։

Մարզի մակերևույթի մեծ մասը կազմված է տարբեր տիպի ու բնույթի երիտասարդ հրաբխային լավաներից։ Այստեղ են գտնվում Թալինի, Կարմրաշենի, Ապարանի սարավանդները, որոնց մակերևույթին բնորոշ են խարամային կոները, տուֆային դաշտերը, քարակարկառները։ Այստեղ է գտնվում Փոքր Սիփան լեռը (հայտնի է նաև որպես Սիփան

Բազմաթիվ են լավային ծածկույթների տակից բխող սառնորակ աղբյուրները, որոնցից սնվում են գետակները։ Մարզի հիմնական զարկերակը Քասաղ գետն է՝ Գեղարոտ և Ամբերդ գլխավոր վտակներով։ Քասաղի վրա կառուցվել է Ապարանի ջրամբարը։

Հայտնի է Մաստարայի սելավային գետակը, որը հաճախ վարարելով մեծ վնաս է հասցնում ցանքատարածություններին։

Արագածի մերձգագաթային սարավանդի վրա գտնվում է Քարի լիճը։

Մակերևույթի բարձրությունների մեծ տատանումների շնորհիվ կլիման նույնպես բազմազան է։ Մեծ են ցածրադիր և բարձրադիր մասերի կլիմայական պայմանների տարբերությունները։ Եթե տարվա ամենատաք ամսվա՝ հուլիսի միջին ջերմաստիճանը լեռան ստորոտում լինում է 24-ից ոչ պակաս, ապա բարձրլեռնային գոտում չի բարձրանում 6-ից։ Արագածի մերձգագաթային հատվածում նույնիսկ ամռանը կարելի է հանդիպել ձնաբծերի։

Նույն օրինաչափությամբ էլ լանջերն ի վեր փոխվում է մթնոլորտային տեղումների քանակը՝ 400 մմ-ից մինչև 1000 մմ։

Մարզի տարածքը մեծ մասը զբաղեցնում են լեռնային սևահողերը՝ ծածկված տափաստանային բուսականությամբ։

Բարձր լեռնային մասերում, լեռնամարգագետնային հողերի վրա տարածվում են մերձալպյան և ալպյան մարգագետիններ, որոնք հաճախ ընդմիջվում են քարակարկառներով ու լերկ ժայռերով։

Որոշ վայրերում հանդիպում են կաղնու ոչ ընդարձակ անտառակներ։ Օգտակար հանածոները բազմազան չեն, բայց պաշարները մեծ են։ Դրանք հիմնականում հրաբխային ապարատեսակներին են՝ բազմագույն տուֆերը, բազալտը, պեռիլտը, հրաբխային խարամը, որոնք իրենց գոյությամբ պարտական են Արագած լեռան հրաբխային ժայթքումներին և ծառայում են որպես որակյալ շինանյութ։

Մարզը հարուստ է նաև բարձրորակ խմելու ջրի պաշարներով։

Մարզում շատ են ոչ միայն բնական, այլև պատմական ու ճարտարապետական հուշարձանները։ Մարզկենտրոնի հարևանությամբ գտնվող Օշական գյուղում է գտնվում հայ գրերի ստեղծող սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմ-դամբարանը։

Մարզի տարածքով մեկ ցրված են միջնադարյան բազմաթիվ կառույցներ՝ կանգուն կամ ավերակ վիճակում։ Հայտնի են հատկապես Ամբերդը, Թալինի, Սաղմոսավանի, Աշտարակի եկեղիցիներն ու վանքերը։

Արագածոտնի մարզում է գտնվում Բյուրականի նշանավոր աստղադիտարանը, որը հիմնադրվել և տասնամյակներ անընդմեջ ղեկավարել է աշխարհռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանը։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզի տնտեսության հիմքն արդյունաբերությունը և գուղատնտեսությունն են։ Արդյունաբերությունը մասնագիտացած է սննդամթերքի և ըմպելիքի, թանկարժեք իրերի արտադրության ու շինանյութերի հանքավայրերի շահագործման ուղղություններում։

Մարզի աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները նպաստավոր են ինչպես բուսաբուծության (հացահատիկ, կարտոֆիլ, բազմամյա տնկարկներ, կերային մշակաբույսեր), այնպես էլ անասնաբուծության զարգացման համար։ Գյուղատնտեսությունը հիմնականում մասնագիտացած է բուսաբուծության (մասնավորապես, հացահատիկային մշակաբույսերի արտադրության) և անասնաբուծության մեջ։ Բեռնաուղևորափոխադրումները մարզում իրականացվում են ավտոմոբիլային տրանսպորտով։

Արագածոտնի մարզի տնտեսության հիմնական ճյուղերի տեսակարար
կշիռը ՀՀ համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում, 2020

2.1% Արդյունաբերություն

   

9.9% Գյուղատնտեսություն

   

3.3% Շինարարություն

   

1.7% Մանրածախ առևտուր

   

0.7% Ծառայություններ

   

Աղբյուրը՝ armstat.am

Մարդկային ներուժի զարգացման ինդեքս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված է Մարդկային ներուժի զարգացման ինդեքսի փոփոխությունը ըստ տարիների[2]։ Այն իրենից ներկայացնում է մարզի կրթական մակարդակի, կյանքի սպասվող տևողության և մեկ անձին ընկնող տարեկանի եկամուտների համախառն ցուցանիշ։

Տարի 1990 1995 2000 2005 2010 2015 2017
Ցուցանիշ 0.577 0.549 0.591 0.643 0.682 0.728 0.738

Գիտական կենտրոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արագածոտնի մարզի կրթական հաստատությունները

Մարզի տարածքով անցնում են համապետական նշանակություն 3 ավտոխճուղիներ՝ Երևան-Աշտարակ-Թալին-Գյումրի, Երևան-Աշտարակ-Ապարան-Սպիտակ և Երևան-Արմավիր-Քարակերտ-Գյումրի։ Մարզի տարածքը հատում է նաև Հայաստանի գլխավոր երկաթուղին, բայց միայն ծայր արևմտյան հատվածով, ուստի մարզի տնտեսական զարգացման վրա էական ազդեցություն չի թողնում։ Մարզը հիմնականում օգտագործվում է Երևանի և Մասիսի երկաթուղային կայարաններից, որոնք նրա սահմաններից դուրս են գտնվում։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արագածոտնի մարզի տարածքը Հայաստանի ամենավաղ բնակեցված շրջաններից է։ Դրա վկայությունն են տարբեր վայրերում հայտնաբերված քարի ու բրոնզի դարերի նյութական մշակույթի հուշարձանները։ Բնակչությունը ավանդաբար կենտրոնացված է եղել Քասաղ գետի և նրա վտակների միջին ավազաններում։

  1. Աշտարակ
  2. Ապարան
  3. Թալին

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Ս.Հ. Հարությունյան (2003). Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային Բաժանումը (Առ 01.01.2003 թ.). Երևան: Տիգրան Մեծ հրատարակչություն. ISBN 9994100009.
  2. Subnational Human Development Index
  • Աշխարհագրություն։ Հայաստան։ Հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի դասագիրք /Լ. Վալեսյան, Մ. Մանասյան, Ա. Հովսեփյան.-Եր.։ Տիգրան Մեծ, 2009. - 240 էջ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արագածոտնի մարզ» հոդվածին։