Տեղեր
Այս հոդվածը գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Տեղեր (այլ կիրառումներ)։
Գյուղ | |||
---|---|---|---|
Տեղեր | |||
Տեղերի վանական համալիր | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Հիմնադրված է | 1831 թ. | ||
Այլ անվանումներ | Դգիր, Դըղըր, Դըղր,Դըղրի, Դիղիր, Դղեր,Դղըր, Դղըրի, Դղիր,Տեխեր | ||
ԲԾՄ | 1700 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 57[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային ինդեքս | 378437 | ||
Փոստային ինդեքսներ | 02106029 | ||
|
Տեղեր, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Արագած լեռան հարավային բարձրադիր լանջին, Տեղեր գետի աջ ափին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 19 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1700 մ։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի է նաև Դգիր, Դըղըր, Դըղր, Դըղրի, Դիղիր, Դղեր, Դղըր, Դղըրի, Դղիր, Տեխեր անուններով[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղեր գյուղից հյուսիս, Պահլավունիների Ամբերդ ամրոցում 10-րդ դարում մշտապես կայազոր է պահվել։ Զինվորների ընտանիքները, Ամբերդի շրջակայքի խիստ կլիմայի պատճառով, բնակատեղի փնտրելու նպատակով իջել են հարավ։ Տեղեր գյուղի տարածքը համարելով հարմար, ասել են. «Լավ տեղեր են»։ Այդտեղից էլ բնակավայրը կոչվել է Տեղեր։ Մեկ այլ ավանդազրույցի համաձայն Տեղեր գյուղի անունը կապվում է իր շրջակայքում աճող դեղաբույսերի հետ։ Այդ պատճառով գյուղը անվանել են Դեղեր-Դղր։ Գյուղի տարածքում առկա են Սուրբ Վրթանես սրբավայրի ավերակները, որի հարավարևմտյան պատի քարերից մեկի վրա հայերեն արձանագրությունը թվագրված է 7-րդ դար։ Հետևաբար, մինչ 7-րդ դարը արդեն Տեղերը հայկական գյուղ է եղել։ Ամբերդը նվաճվել է թուրք սելջուկների, ազատագրվել Զաքարյանների, հետո կրկին նվաճվել մոնղոլների, թուրքերի կողմից, ինչի հետևանքով Տեղերը մի քանի անգամ լքվել ու վերաբնակեցվել է։ Ինչ-որ ժամանակ գյուղը բնակեցվել է նաև քրդերով։ Այդ մասին են վկայում գյուղի արևմտյան մասում քրդական գերեզմանոցը, գյուղի հարավարևմտյան մասում գոմերի և տեղանքների քրդերեն անվանումները (Բկո գեղ)։ Ինչ-որ ժամանակ գյուղը բնակեցվել է նաև թուրքերով, որի մասին վկայում են գյուղամերձ հանդամասերի թուրքերեն անունները (Դասքյասան, Մըզրը, Մայրասե)։ Գյուղը հայերով վերաբնակեցվել է 1828-1829 թթ. Ռուս-թուրքական պատերազմից հետո 1830-1831 թթ. Արևմտյան Հայաստանից գաղթածներով։ 1962 թ. Խորհրդային բռնատիրության կամայական որոշմամբ տեղերցիները տեղահանվել են և բնակեցվել Պռոշյան ավանում։ 1989 թ. Տեղեր գյուղը կրկին վերաբնակեցվել է։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղերի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1922 | 1926 | 1931 | 1939 | 1959 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 35 | 364 | 459 | 506 | 408 | 367 | 655 | 554 | 90 | 57[1] |
Տեղերի վանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղերի (Դղերի) վանական համալիրը (XIII դ.) գտնվում է Արագածոտնի մարզի Տեղեր գյուղում։ Համալիրի կազմում են գմբեթավոր եկեղեցին և գավիթը։ Տեղերի վանքի մասին պատմիչները չեն հիշատակում։ Համաձայն գավթի մուտքի ճակատակալ քարի արձանագրության՝ կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանի կինը՝ Մամախաթունը, ճարտարապետն է եղել Աղբայրիկ վարդապետը։ Համալիրը կառուցված է ոչ մեծ բլրի վրա, մուգ մոխրագույն բազալտից (1213-1232 թթ.), առանձնանում է իր խիստ ձևերով և դեկորատիվ հարդարանքի գրեթե իսպառ բացակայությամբ։ Եկեղեցուն արևմուտքից կից է գավիթը (ըստ սյուներից մեկի վրա պահպանված արձանագրության շինարարությունը տևել է 11 տարի և ավարտվել 1232 թվականին)։ Այն իր չափերով գերազանցում է եկեղեցուն։ Սկզբունքային նորություն և բացառիկ երևույթ են գավթի ծածկի վրա հյուսիսարևմտյան և հարավարևմտյան անկյուններում առկա գմբեթավոր մատուռները (մուտքերը բացվում են գավթի ծածկի վրա), որոնք խիստ յուրօրինակ ուրվագիծ են հաղորդում կառույցին։ Երկրորդ հարկի այդ մատուռներն անմիջականորեն առնչվում են գավթում թաղված ննջեցյալների հիշատակի հավերժացման հետ և զուգահեռներ ունեն այդ դարաշրջանում զգալի տարածում գտած երկհարկ դամբարան-եկեղեցիների ընդհանուր հորինվածքի հետ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, մեղվաբուծությամբ և երկրագործությամբ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիգրան Պետրոսյանց, Վաչուտյաններ։ Երևան, 2001 թ.։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Ս.Հ. Հարությունյան (2003)։ Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը (01.01.2003)։ Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն։ ISBN 9994100009
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 14