Ապարան համայնք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ապարան (այլ կիրառումներ)
| |||
| Երկիր | |||
| Կարգավիճակ | Հայաստանի համայնք | ||
| Մտնում է | Արագածոտնի մարզ | ||
| Վարչկենտրոն | Ապարան | ||
| Խոշորագույն քաղաք | Ապարան | ||
| Ամենաբարձր կետ | Արագած | ||
| ԲԾՄ | 4090 մետր | ||
| Օրենսդրական մարմին | Ապարան համայնքի ավագանի | ||
| համայնքապետ | Կարեն Եղիազարյան | ||
| Հիմնական լեզու | հայերեն | ||
| Բնակչություն (2011) | 21,112 | ||
| Տարածք | 568,8 կմ²[1] | ||
| Հիմնադրված է | 2017 թ. | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
| aparan.am | |||
Ապարան, համայնք Արագածոտնի մարզում։ Ներառում է Ապարան քաղաքը, Արագած, Երնջատափ, Կայք, Շենավան, Վարդենիս, Արայի, Արալանջ, Թթուջուր, Հարթավան, Շողակն, Վարդենուտ, Ափնագյուղ և Սարալանջ գյուղերը։ Համայնքը ստեղծվել է 2017 թվականի հունիսի 9-ին Հայաստանի Ազգային ժողովում համայնքների խոշորացման օրինագծով[2][3]։ Կենտրոնը Ապարան քաղաքն է։ Համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները կայացել են 2017 թվականի նոյեմբերի 5-ին։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքը գտնվում է Երևան-Սպիտակ ավտոմայրուղու վրա, Երևան քաղաքից հեռավորությունը կազմում է 42 կիլոմետր, իսկ մարզկենտրոնից 32 կիլոմետր դեպի հյուսիս։ Ապարան համայնքը գտնվում է Արագած լեռնազանգվածի արևելյան լանջին։ Ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 1880 մետր։ Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռները տևական են՝ ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները տաք են՝ համեմատաբար խոնավ։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը կազմում է 450-600 միլիմետր։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններ են[4]։
Բնակչություն և տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապարան համայնքը ստեղծվել է Ապարան, Արագած, Երնջատափ, Կայք, Շենավան, Վարդենիս, Արայի, Արալանջ, Թթուջուր, Հարթավան, Շողակն, Վարդենուտ, Ափնագյուղ, Լուսագյուղ, Ձորագլուխ, Չքնաղ, Քուչակ, Եղիպատրուշ, Ծաղկաշեն, Նիգավան, Ջրամբար և Սարալանջ համայնքների միավորումից։ Համայնքի բնակչությունը կազմում է 21,112 մարդ՝ առ 2019 թվականի։
Տնտեսության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում արդյունաբերությունը։ Ապարանում կան մի շարք ձեռնարկություններ։ Այստեղ զարգացած է նաև սննդի արդյունաբերությունը, գործում է կաթնամթերքի վերամշակման և պանրի արտադրության գործարան։
Համայնքի հողերը հիմնականում օգտագործվում են որպես վարելահողեր, խոտհարքեր և արոտավայրեր։ Սեփականաշնորհված է համայնքի մակերեսի մոտ 35 տոկոսը։ Համայնքում նաև զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։ Կան նաև բազմամյա տնկարկներ, սակայն դրանք մեծ մակերես չեն զբաղեցնում։ Ապարանում զբաղվում են նաև անասնապահությամբ։ Զարգացած է կաթնամսատու ուղղությունը, հումքը վերամշակվում է տեղի պանրի գործարանում[4]։
Կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն Հայաստանի տեղական ինքնակառավարման օրենսգրքի՝ համայնքի բնակչությունը ընտրում է ավագանի, որը նշանակում է համայնքի ղեկավարին՝ համայնքապետին։ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ավագանին բաղկացած է 21 անդամներից, որոնցից 14-ը «Կարեն Եղիազարյան» դաշինքից, իսկ 7-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Համայնքի ղեկավարը «Կարեն Եղիազարյան» դաշինքի ղեկավար Կարեն Եղիազարյանն է[5][6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.citypopulation.de/en/armenia/aragatsotn/0202__aparan/
- ↑ Հայաստանի 328 համայնքների միավորմամբ կձևավորվի 34 համայնք. ԱԺ-ն քննարկում է ծրագիրը
- ↑ Ազգային ժողովն ընդունեց համայնքների նոր խոշորացման մասին օրինագիծը
- ↑ 4,0 4,1 «Արագածոտնի մարզպետի աշխատակազմ».
- ↑ «Ապարան համայնքի ավագանու անդամներ».
- ↑ «ՏԻՄ համամաստական ընտրություններ».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ապարան - Համայնքի ղեկավար և ավագանի - Համայնքներ - Արագածոտնի մարզպետարան
- ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ Արխիվացված 2020-06-04 Wayback Machine
