Մաստարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Մաստարա
Mastara,mainroad.jpg
Կոորդինատներ: 40°26′52″ հս․ լ. 43°52′53″ ավ. ե. / 40.44778° հս․. լ. 43.88139° ավ. ե. / 40.44778; 43.88139
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
Մակերես2,42 կմ²
ԲԾՄ1750 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2812[1] մարդ (2004)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+04:00
##Մաստարա (Հայաստան)
Red pog.png
##Մաստարա (Արագածոտնի մարզ)
Red pog.png

Մաստարա, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Արագածի հարավարևմտյան փեշերին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 58 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1750 մետր։

Ավանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ այստեղով անցնելիս է եղել Սուրբ Հովհաննեսի դիակը, գյուղացիք խնդրել են, որ նրանից մի մաս տրվի իրենց։ Ստանալով այն, նրանք գյուղում եկեղեցի են շինում և աջը դնում մեջը։ Դրանից հետո անունը կոչում են Մաստարա[2][3][4][5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաստարան պատմական Այրարատ նահանգի Արագածոտն գավառի Մազդարա բնակավայրի տարածքում է։ Ըստ Հ. Շահխաթունյանի, այստեղով անցել է Արքունի ճանապարհը, որի վրա եղել է «իջևանատուն արքունի»։ Մաստարաի տարածքում պահպանված հնագիտական և ճարտարապետական հուշարձանները վկայում են, որ միջնադարում այն եղել է նշանավոր բնակավայր։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաստարա գյուղի բնակչության նախնիների մի մասը գաղթել է Մուշի,Ալաշկերտի, Սասունի, Բասենի, Կարսի, Խոյի և այլ գավառներից։ Մաստարա գյուղի ազգաբնակչության փոփոխությունը.[1]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 561 1884 1428 2532 2144 2400 2289 2581 2812

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, 2 մանկապարտեզ, կինո, կենցաղսպասարկման տաղավար, կապի բաժանմունք, բուժկայան։ Մաստարաում գործում է Երևանի ժամացույցի գործարանի մասնաճյուղը։ 1957-1958 թվականներին Մաստարաում լույս է տեսել «Մաստարայի կոլտնտեսական» թերթը։

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի արևելյան կողմում միջնադարյան գերեզմանոցն է և հնագույն մատուռի ավերակները, գերեզմանոցից արևելյան, գյուղի սահմանը կազմող բլրի լանջին, Մաստարայի մեծ խաչքարն է (1223 թվական), հյուսիսարևմտյան բարձունքի վրա պահպանվել են միջնադարյան ամրոցի ավերակները և հնագույն մատուռի տեղում կառուցված Ստեփանոս Նախավկայի անունը կրող եկեղեցին։ Մաստարայի տարածքում կան մի քանի մատուռներ։

Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցի, 17-րդ դ.
Սուրբ Հովհաննես եկեղեցի, 6-րդ դար

Հատկապես նշանավոր է Մաստարաի Սուրբ Հովհաննես եկեղեցին՝ միջնադարյան Հայաստանի հնագույն ու ամենակատարյալ կառույցներից մեկը։ Եկեղեցու աղոթասրահը քառանկյունի է, անկյուններում ձգված հսկա տրոմպները այն վեր են ածում ութանկյան, երկրորդ շարք տրոմպները՝ տասնվեցանկյան, որի վրա բարձրացող թմբուկն ավարտվում է 16 փոքր տրոմպների շարքով, դառնալով գմբեթի հիմքը։ Թմբուկը դրսից ութանիստ է, անկյունները հատված են եռանկյունաձև խորշերով։ Գմբեթածածկ քառանկյունի ծավալի նիստերին կցված են խորաններ՝ ներսից պայտաձև, դրսից հնգանիստ։ Արևելյան խորանի երկու կողմում, խորանի ծավալից զգալի ցածր, փոքր սենյակներ են։ Եկեղեցու վեղարը կոնաձև է, սալածածկ (նախնականը եղել է կղմինդրյա, կորագիծ նկարվածքով), ունի մուտքեր արևմտյան և հարավային խորաններից, ութ լուսամուտ թմբուկի, ինը՝ աղոթարանի ծավալի վրա։ Մաստարայի եկեղեցին բազմիցս վերանորոգվել է, հատկապես մեծ վերանորոգում է եղել VII դ.։ Եկեղեցու նախնական շարվածքը իրականացված է շագանակամանուշակագույն մեծ չափերի քարերով (շարքի բարձր.՝ 0, 62 մ-0, 77 մ), վերանորոգվել է նարնջադեղնավուն ոչ մեծ չափի քարերով (շարքի բարձր.՝ 0, 47 մ-0, 60 մ)։ Մաստարաի եկեղեցին վերանորոգվել է նաև X-XIII դարերում։

XVIII դարի եկեղեցին շրջապատված է եղել բարձր պարիսպներով, որը 1889 թվականին գյուղի քահանան քանդել է տվել և վերանորոգել հուշարձանը (արձանագրությունը ավագ խորանի հարավային կողմ սվաղի վրա է)։ Եկեղեցու վրա պահպանվել են ոմն Գրիգորաս վանականի երեք արձանագրությունները, որոնցում նա իրեն անվանում է եկեղեցու շինող։ Արձանագրությունները թվագրված են VII դարում, ըստ որի թվագրվել է նաև եկեղեցին։ Սակայն Մաստարաի եկեղեցու ուսումնասիրությամբ պարզվել է, որ հիշյալ արձանագրությունները վերաբերում են նրա VII դարում վերանորոգմանը, և որ այն կառուցվել է V դարում, որի ապացույցն են ճարտարապետական խիստ աշխարհիկ հատկանիշները՝ պատերի մեծ հաստությունը (1, 30 մ), խորանների, կամարների ու գմբեթի պայտաձևությունը, նախնական քարերի մեծ չափերը, անկյունային սենյակների մուտքերի բարավորների հավասարաթև արխաիկ խաչերը, քերովբեների գծաքանդակները, արևմտյան ճակատի խաչքանդակը զույգ թռչուններով, կամարակապ պսակն ավարտող աղավնիների բարձրաքանդակները և այլն, որոնք բնորոշ են IV-V դարերին։ Այս թվագրումը հաստատում է նաև հուշարձանի հնագույն շարքի վրա պահված հուն, արձանագրությունը։ Եկեղեցու թվագրման վերաբերյալ կան նաև այլ տեսակետներ (VI դ., VII դ.)։

Մաստարա, Գյուղատեղի "Շենիկ", եկեղեցի Սուրբ Ամենափրկիչ, 5 դ.
Գյուղատեղի "Շենիկ", եկեղեցի Սուրբ Ամենափրկիչ, 5 դ., Տապանաքար

Մաստարաի եկեղեցին բացառիկ է իր ներսի տարածության լուծմամբ, առավել ամբողջական է, ընդարձակ, գմբեթի և ցածի ծավալների կատարյալ հավասարակշռությունը աղոթարանի կերպարին հաղորդում է վեհ անդորրություն, իսկ լայնաթոիչք գմբեթն ու այն կրող զորեղ տրոմպները՝ հզորություն և առնականություն։ Մաստարաի եկեղեցու կառուցվածքը պլաստիկ մակերեսներով ստեղծված մոնոլիտ համակարգ է՝ իրականացված քարով, աշխատում է որպես շրջված գանգ, որի ծանրության կենտրոնը բարձրության 1/3-ի վրա է։ Կառուցվածքի այս համակարգով է պայմանավորված եկեղեցու բացառիկ կայունությունն ու սեյսմակայունությունը, որը միաժամանակ նրա գեղարվեստական արտահայտչականության հիմնական միջոցն է։

Գյուղից 0,5 կմ հարավ-արևելք գտնվում է Հին Մաստարա գյուղատեղին (XIII-XVI-րդ դդ.), իսկ 6 կմ հյուսիս Շենիկ գյուղատեղին (IV-XX-րդ դդ.), որտեղ գտնվում են Սուրբ Ամենափրկիչ (V-րդ դ.) և Սուրբ Աստվածածին (VI-րդ դ.) եկեղեցիները։ Մաստարայատիպ են Ոսկեպարի (VI դ.), Արթիկի Մեծ (VII դ.), Հառիճավանքի (VII դ.) ու Կարսի Առաքելոց (X դ.) եկեղեցիները։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» 
  2. Արամ Ղանալանյան (1969)։ Ավանդապատում։ Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ 
  3. Մովսես Խորենացի։ Պատմութիւն Հայոց։ էջեր Գիրք Ա, Գլուխ Ի 
  4. Մանուկ Աբեղյան (1899)։ Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ։ Վաղարշապատ 
  5. Г. Халатьянц (1896)։ Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского։ Москва 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 275 CC-BY-SA-icon-80x15.png