Հառիճի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հառիճավանքից)
Jump to navigation Jump to search
Հառիճի վանք
Harichavank Monastery 2012-01-08.jpg
Հառիճի վանքը 2012 թվականին
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Շիրակի մարզ, Հառիճ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՇիրակի թեմ
Հոգևոր կարգավիճակԳործող
Ներկա վիճակԿանգուն
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ7-րդ դար
Կառուցման ավարտ1201 թ
Հիմնադրված7-րդ դար
Կոորդինատներ: 40°36′23.270400100009″ հս․ լ. 43°59′57.91920010001″ ավ. ե. / 40.60646400002777767° հս․. լ. 43.9994220000277778° ավ. ե. / 40.60646400002777767; 43.9994220000277778

Հառիճավանք (նախկինում նաև՝ Ղփչաղավանք), միջնադարյան եկեղեցական համալիր Հայաստանում։ Այն հնագույն միջնադարյան հայկական վանքերից է։ Ամենահին շինությունը 7-րդ դարում կառուցված Ս. Գրիգոր եկեղեցին է։ Նրան կից կան 13-րդ դարում կառուցված երկհարկանի աղոթարաններ։ Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է Զաքարե և Իվանե եղբայրների հրամանով 1201 թվականին, այն խաչաձև գմբեթավոր մեծաչափ կառույց է։

Այս հուշարձանը միջնադարյան ճարտարապետության գոհարներից է՝ պարուրված նուրբ զարդաքանդակներով։ Շինությունը վեհաշուք է իր պարզությամբ, կառուցման կատարելությամբ։ Վանքը եղել է նաև գիտության կենտրոն։ Այնտեղ գործող հայտնի դպրոցում 1887-1889 թթ սովորել է Ավետիք Իսահակյանը։

Հառիճի վանքում դաստիարակվում և կրթվում են ապագա հոգևորականներ։ Ներկայումս բացի Հառիճից հոգևորականների դպրոց կան Վաղարշապատում և Սևանավանքում։

Ավանդապատումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սելջուկների արշավանքի ժամանակ եկեղեցում բազմաթիվ մարդիկ են մտել և անհետ կորել։ Սելջուկներն այդ հրաշքը բացատրում էին, որ մարդիկ հոգու զորությամբ եկեղեցում վերածվել են աղավնիների և թռել գնացել։ Սակայն եկեղեցում կար մի գաղտնարան, որով հայ փախստականները կարողացել են իջնել ձորի հատակ։

Եկեղեցի մտնելով սելջուկները մարդ չգտնելով կատաղել են և որոշել են եկեղեցին հողին հավասարեցնել։ Նրանք ձիերի օգնությամբ քաշել պոկել են զանգակատանն իր վրա պահող 4 սյուները, սակայն եկեղեցին չի փլվել։ Նման հրաշքից վախենալով սելջուկներն այլևս չեն փորձել քանդել կառույցը։

Ավանդություններից մեկի համաձայն էին իշխանական օրիորդներից մեկը սելջուկներից փախչելով պատսպարվել է ժայռի վրա կառուցած մատուռում և երբ սելջուկները փորձել են տիրանալ օրիորդին, ժայռը երկու մասին է բաժանվել և նման հրաշքից վախեցած սելջուկները մի կողմ են քաշվել և օրիորդը փրկվել է։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագույն շինությունը VII դարում կառուցված Ս. Գրիգոր մաստարայատիպ եկեղեցին է, որին հարավից կից են XIII դարի երկհարկ աղոթարաններ։

Վանքի գլխավոր եկեղեցին, որը կառուցվել է 1201 թ.-ին Զաքարե և Իվանե Երկայնաբազուկների հրամանով, խաչաձև–գմբեթավոր մեծաչափ կառույց է՝ XII–XIII դարերի հայկական ճարտարապետությանը բնորոշ վերձիգ համամասնություններով։ Տաճարի անկյունները զբաղեցնում են երկհարկանի նեղ խորաններ։ Հյուսիս–արևմուտքի և հարավ–արևմուտքի երկրորդ հարկի խորանները, դեպի ուր տանում են քարե բարձակային աստիճանները, աղոթասրահին են նայում սյունակամարակազմ բացվածքներով, որոնք ինտերիերին տալիս են պալատային տեսք։

Երկրորդ հարկ տանող աստիճանները

Հետաքրքիր է լուծված հատկապես արևելյան ճակատը, բարդ բեկվածքավոր գոտուց կազմված է մի խոշոր պատկեր՝ վերին մասում խաչ. դեպի ցած գոտին կրկնակվելով կազմում է ուղղանկյուն շրջանակ, որի մեջ տեղավորված է Զաքարե և Իվանե Երկայնաբազուկների կտիտորական բարձրաքանդակը։ Այնուհետև, գոտիները, պսակելով «հայկական խորշերն» ու կողային խորանների նեղ լուսամուտները, անցնում են հարավային և հյուսիսային ճակատները, ուր վերին մասում դարձյալ կազմում են խաչ, իսկ ավելի ցածում՝ պսակում նեղ լուսամուտները։ Այս մեծ ելուստով, լայն գոտին դինամիկ, ցայտուն ու խստականոն կերպով մասնատում է ճակատների հարթությունը՝ ստեղծելով խորը լուսաստվեր և այլ քանդակազարդերի հետ նրանց հաղորդում պլաստիկություն։

Ամբողջ կառույցին իշխում է գմբեթի բարձրադիր, բազմանիստ թմբուկը, որը մասնատված է փունջ կազմող նուրբ որմնասյուներով և երիզված զիգզագաձև քիվով։ Թմբուկի նիստերը զարդարված են մեկը մյուսին չկրկնող գոգավոր, սկուտեղանման զարդաքանդակ–վարդյակներով։ Կառույցի ինտերիերում աչքի է ընկնում նրբագեղ փորագրությամբ բեմեզերքը։

Հառիճավանքի հատակագիծը

Եկեղեցուն արևմուտքից, որոշ չափով ասիմետրիկ, տեղադրված է XIII դարի քառասյուն գավիթը, որը եկեղեցուն մասշտաբով չհակադրելու համար կառուցված է համեմատաբար ավելի ցածր համամասնություններով։ Գավթի կենտրոնական մասը ծածկված է շթաքարե երդիկավոր վրանանման գմբեթով։ Մնացած մասերը ծածկված են հայելային թաղերով, որոնք շարված են աստղաձև և այլ տիպի քարերով։ Հարուստ է շքամուտքի հարդարանքը, նրա տիմպանը, խոր ներառնված սլաքային կամարի մեջ, շարված է աստղաձև քարերից և վիրտուոզ կատարված երկրաչափական ու բուսական ձևերի փորագրությամբ մանր վեցանկյունիներից։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png