Մրենի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մրենի տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունԹուրքիա Թուրքիա
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Օծման թվական653 թ.
Հոգևոր կարգավիճակչի գործում
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ613
Կառուցման ավարտ639-640
20 մ
Երկարություն30 մ
Լայնություն20 մ
Գմբեթ1
Քարտեզ
Քարտեզ
 Cathedral of Mren Վիքիպահեստում

Մրենի տաճար, գմբեթավոր բազիլիկ տիպի հայկական եկեղեցի Թուրքիայի տարածքում։ Գտնվում է Բագարանից ոչ հեռու, պատմական Մրեն քաղաքի տարածքում։ Սեբեոսի վկայությամբ կառուցվել է իշխան Դավիթ Սահառունու կողմից, շինարարությունն ավարտվել է 639-640 թվականներին։

Պատկանում է գմբեթավոր բազիլիկ եկեղեցիների տիպին, լայնությունը 20 մ է, երկարությունը՝ 30 մ, աղոթասրահն ունի 19,6 մ լայնություն և 22 մ երկարություն։

Տաճարի ներքին ու արտաքին ճարտարապետությունը բնորոշ է վսեմ պարզությամբ, ծավալները՝ ակնահաճո համաչափություններով։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինարարական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է, որ Մրենի տաճարի կառուցման տարիները պատմականորեն համընկնում են արևելաքրիստոնեական աշխարհում, և, հատկապես Հայաստանում հոգևոր կյանքի վերելքի շրջանի հետ, որը պայմանավորված էր բյուզանդական Հերակլիոս կայսեր (610–641)՝ պարսիկների նկատմամբ տարած հաղթանակի և Քրիստոսի խաչափայտի` գերությունից ազատելու խոշոր իրադարձությամբ։ Բյուզանդիայի կողմից հաստատված Հայոց իշխան Դավիթ Սահառունու և Կամսարականների նախաձեռնությամբ Մրենում մեծ եկեղեցու կառուցումը, ըստ նրա հյուսիսային մուտքի բարավորի բարձրաքանդակի մեկնաբանման[1][2], կապված էր հենց Քրիստոսի խաչափայտի վերադարձի պատմության հետ։

Մրենի եկեղեցին 7-րդ դարի 30-ական թվականներին կառուցված քառամույթ խաչագմբեթ շինությունների շարքում կարևորագույններից է և համարժեք Բագավանի Սուրբ Հովհաննես (631–639) ու Վաղարշապատի Սուրբ Գայանե (630) տաճարներին։ Այդ տասնամյակն առաջինն էր հայկական տաճարաշինության պատմության մեջ, երբ միաժամանակ կառուցվում էին մի շարք խոշոր և միջին չափերի տաճարներ։ Վերջինների թվում են ոչ պակաս կարևոր Ալամանի (637) և Ագարակի խաչաձև եկեղեցիները։ Այս վիճակը շարունակվում է հաջորդ տասնամյակներին՝ հիմք հանդիսանալով ճարտարապետության հետագա աննախադեպ վերելքի համար[Ն 1]։

Իր ծավալատարածական ու շինարարական հատկությունների շնորհիվ Մրենի տաճարը դարեր շարունակ դիմացել է բազմաթիվ երկրաշարժերի։ Հատկանշական է այսօր արդեն կիսավեր վիճակում գտնվող կառույցի հիմնական մասի հավասարակշռությունը` առանց հարավկողմյան պատի ու թաղերի, բազմաթիվ ճաքերի առկայությամբ, արևմտյան որմի և մույթերի շարվածքի զգալի կորստով։ Հավասարակշռությունը կարող է կապված լինել նաև հուշարձանի մեկ այլ հատկության՝ հատակի հիմքի լուծման հետ։ Այն ներկայացնում է հզոր, առնվազն 0,5 մ - հաստությամբ կրաշաղախային լիցք։ Դա նման է համասեռ, ընդ որում, նյութից եզրակացնելով՝ բավական առաձգական պլատֆորմի, որը, հավանաբար, իր դերն է խաղում սեյսմակայունության հարցում։ Խորանի կողմում՝ անմիջապես այդ լիցքի տակ, գտնվում է մեմորիալ նշանակություն ունեցող թաղակապ սենյակը (կրիպտա)։ Այն ձգված է արևելյան խաչաթևի տարածքից դեպի նախախորանի գոտին, ունի մեծաչափ` 5,70, 3,20 մ ուղղանկյուն հատակագիծ, մուտքը արևմտյան կողմից է, խորանի բեմին մոտ։

Մրենի տաճարի խաչագմբեթ կառուցվածքում առանձնակի դեր է խաղում կենտրոնական չորս մույթերով կազմված գմբեթատակ քառակուսին, որի վերևում բարձրանում է գմբեթային կառույցը` կաթողիկեն (ներքին լայնությունը հյուսիս–հարավ ուղղությամբ` 6,71 մ)։ 7-րդ դարի սկզբի հայ ճարտարապետության մեջ իր տեղը գտած ավանդությանը համապատասխան՝ Մրենի Կաթողիկեն ունի բարձր թմբուկ, որի նիստերի պատերի մեջ է հանգչում գմբեթի վեղարի ճնշման ուժը։

Գմբեթին լրացուցիչ կայունություն է հաղորդում նրա ձվաձևությունը, որը հազիվ է երևում թմբուկի լուսամուտների բացվածքներից նայելիս, բայց հստակ է չափագրական գծագրի վրա։ Կայունությանն է ծառայում նաև թմբուկի բարձրությունը, որի վերին մասի քաշը հորիզոնական հզոր ուժ է հաղորդում գմբեթի հիմքին։ Այդ ուժի և ճնշման ուղղությունը մոտենում է ուղղաձգության, ինչը հնարավորություն է տալիս այն մարել ու թմբուկի պատերի շրջանակում։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պատահական չէ հայ ճարտարապետության ոսկեդարի սկիզբը հենց 630-ականները համարելու առաջարկը (P. Donabedian. Նշվ. աշխ.), թեև այդ գաղափարը ակամա ժխտում է նախորդ տասնամյակներին ստեղծած ոսկեդարը «բացող» հուշարձանների նշանակությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Thierry, M. et N. La cathédrale de Mrèn…. էջեր 64–67.
  2. Maranci, C. (2009). The Humble Heraclius: Revisiting the North Portalat Mren. Revue des études Arméniennes”. էջեր 359–372.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մրենի տաճար» հոդվածին։