Սուրբ Աստվածածին եկեղեցի (Արենի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Areni ch.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակ եկեղեցի
Երկիր Հայաստան Հայաստան
Տեղագրություն Հայաստան Հայաստան Վայոց Ձորի մարզ, Արենի
Դավանանք Հայ Առաքելական Եկեղեցի
Հոգևոր կարգավիճակ Գործող
Ներկա վիճակ կանգուն
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետ Մոմիկ
Ճարտարապետական ոճ Հայկական
Կառուցման ավարտ 1321 թ.
Գմբեթ 1 հատ
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Արենի)ը գտնվում է Հայաստանում
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Արենի)
Կոորդինատներ: 39°43′22.029599999997″ հս․ լ. 45°11′28.690799999992″ ավ. ե. / 39.72278599999999926° հս․. լ. 45.19130299999999778° ավ. ե. / 39.72278599999999926; 45.19130299999999778

Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցի, գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի մոտ, Արփա գետի ձախ ափին, գյուղին հարող բարձունքի վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ եկեղեցու արևմտյան մուտքի արձանագրության, կառուցվել է Սյունյաց արքեպիսկոպոս Հովհաննես Օրբելյանի կողմից 1321 թվականին, ճարտարապետն է Մոմիկը։

Վերասլաց, ներդաշնակ համաչափություններով եկեղեցի է, ունի կենտրոնագմբեթ հորինվածք։ Խորանն ունի ինքնատիպ հորինվածքի զույգ խաչաձև լուսամուտներ, արևմտյան մուտքի բարավորի զարդաքանդակի կենտրոնում, գահավորակի վրա քանդակված է Աստվածածինը՝ մանուկ Հիսուսը գրկին։ Եկեղեցու ներսում քանդակված են չորս ավետարանիչների խորհրդանշանները՝ հրեշտակ, թևավոր ցուլ, արծիվ և թևավոր առյուծ։

Եկեղեցու գմբեթը քանդվել էր 1840-ի երկրաշարժից։ 1967–72 թվականին կատարվել են եկեղեցու պատերի և ծածկի նորոգման աշխատանքներ։ 1998 թվականին պոլսահայ Արտաշես Տյուզմեճյանի բարերարությամբ եկեղեցու գմբեթը վերականգնել է իր նախնական տեսքը։

Սուրբ Աստվածածին եկեղեցին առանձնանանում է չափազանց ներդաշնակ համաչափություններով։ Մոմիկի արարումներից է եկեղեցու արևմտյան մուտքի բարավորին պահպանված «Տիրամայրը՝ մանուկ Հիսուսը գրկի» հոյակերտ բարձրաքանդակը։ Գահավորակին նստած Տիրամայրը պատկերված է իրատեսական՝ ժամանակի հագուստով։ Բարավորի ողջ մակերեսը մշակված է որթատունկի ոճավորված զարդաքանդակներով։ Եկեղեցու ներքին հարդարանքում գերակշռում է վեր խոյացող գմբեթը՝ հենված երկու որմնամույթերի և երկու առանձին կանգնած սյուների վրա, ինչը բնորոշ չէ հայկական եկեղեցիներին։ Գմբեթակիր քառակուսու առագաստներին քանդակված են չորս ավետարանիչների խորհրդանշանները։ Եկեղեցու բակում պահպանվել են տարբեր ժամանակաշրջաններով թվագրվող տապանաքարեր և խաչքարեր։ Փոքրաչափ, բայց գեղարվեստորեն քանդակազարդ խաչքարերը կերտվել են եկեղեցու հետ միաժամանակ, իսկ համեմատաբար պարզ ու կոպիտ մշակվածներն ունեն ավելի վաղ թվագրություն։ Շրջակայքում պահպանվել են նաև մենհիրների մնացորդներ, որ միջնադարում խաչազարդվել են։

Եկեղեցու մոտ գտնվում են իշխան Տարսայիճ Օրբելյանի ապարանքի ավերակները, իսկ շուրջը՝ XIV–XVII դդ խաչքարեր և տապանաքարեր[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002