Սուրբ Անդրեի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ Անդրեի վանք
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԻջևան[1]
Հասցեքաղաքից 18-19 կմ հվ-ամ, «Աղջկա բերդ» ամրոցից 1.5 կմ ամ[1]
Ներկա վիճակավերված
Կազմված էԵկեղեցի, Եկեղեցի, Կառույցներ օժանդակ և Պարիսպ
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական նկարագրություն
Կառուցման սկիզբ12-րդ դար
Կառուցման ավարտ13-րդ դար

Սուրբ Անդրեի վանք հայկական վանքային համալիր Տավուշի մարզի Իջևան քաղաքից 18-19 կմ հարավ-արևմուք[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Անդրեի վանքի և կից գտնվող վարդապետական դպրոցի մասին հայ բանասիրության մեջ առաջին անգամ խոսել է Կիրակոս Գանձակեցին՝ Վարդան վարդապետի, եկեղեցական-հասարակական գործունեության կապակցությամբ: Գանձակեցին պատմում էր Կիլիկիայի Հռոմկլա քաղաքում գահակալող հայոց Կոնստանդին Ա Բարձրաբերդցի կաթողիկոսի մասին, ում գլխավորությամբ գումարվեց եկեղեցական ժողով 1221-1267թթ. և կաթողիկոսի վստահելի անձը հանդիսացել է բեղմնավոր Վարդան վարդապետը: Դա տեղի է ունեցել 1246 թվականին: Երկրի հոգևոր և աշխարհիկ տերերը պարտավոր էին, ըստ սահմանված կարգի, փաստաթուղթը արտագրել տալ և իրենց համաձայնություն կաթողիկոսական օրինակի վրա վավերացնել ստորագրությամբ: «Եւ առեալ զայս գիր,-այնուհետև վկայում է պատմիչը,- հավանութեան իմաստնոյ վարդապետին Վարդանայ, առաք է առ կաթողիկոսն Կոնստանդին ի Կլայն Հռոմայական, և ինքն եկեալ ի ձորն Կայանոյ ի միայնարանն իւր, զոր սուրբ Անդրէն կոչեին, հանդեպ անառիկ բերդին Կայանոյ, և անդ դադարեալ յուսուցանել զբազումս, որք աշակերտէին նման վարդապետական բանին»: Ըստ պատմիչ Կիրակոս Գանձակեցու հաղորդման մեզ հայտնի է դառնում որ մինչև Կիլիկիա՝ կաթողիկոսի մոտ մեկնելը, հավանաբար մոնղոլների գլխավոր արշավանքից առաջ[3] վարդապետական կոչում ստացած Վարդան Արևելցին իր մենարանը հիմնեց՝ սուրբ Անդրեի անվամբ, որը գտնվել է Կայան անառիկ բերդի հանդեպ և այնտեղ գործել է վարդապետական դպրոց: Ճշգրիտ տեղեկություն չկա Մենաստանի տեղադրության մասին, տեղեկություն չկա նաև Իջևանի շրջանի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում[4]: Սուրբ Անդրեյի մասին «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան»-ում ասված է. «Վանք,որը գտնվում է Մեծ Հայքի Գուգարք աշխարհի Ձորափոր գավառում, Կայեն բերդի մոտ, Աթոռիկ գյուղից ոչ հեռու: Կառուցված է որձաքարերով, առաստաղը՝ կոփածո քարերով: Պատմիչ, աշխարհագիր Վարդան Արևելցին մինչև 1264 թվականը ապրել է վանքում և նրա գերեզմանը գտնվում է նույն վանքի բակում»[5]: Մենարանի տեղը հեշտությամբ կարելի է ճշտել հենց Աթոռիկ գյուղի միջոցով: Իսկ դրա մասին ասված է, որ գտնվում է Կայան բերդի դիմաց (ներկայիս՝ Տավուշի մարզիի Հաղարծին գյուղի հանդամասում) Անդրեի վանքի մոտ և այժմ լքված է: Դա էլ անորոշ է, որովհետև Հաղարծին գյուղից դեպի հյուսիս-արևելք, Կայան բերդիի մոտակայքւմ կան բազմաթիվ գյուղատեղեր, որոնցից մի քանիսը՝ մատուռով, խաչքարերով և գերեզմանաքարերով, իսկ վանական համալիր հիշեցնողը չունի խաչարձանով գերեզման, որը վերագրել են Վարդան Արևելցուն: Խնդրո առարկա դարձած տարածքը ուսումնասիրվել է 2000 թվականի ամռանը և հնավայրերից մեկն է ներկայանում որպես վանական համալիր: Այն գտնվում է Կայան բերդի և ներկայումս Վերին Դանաղռան կոչվող սարամասի բացատում հնագույն ավերված բնակավայրի մոտ, երեք կողմից, խոր ձորերից վեր հառնող թերակղզու՝ Խաչի յալի սարի, կատաչին ու լանջերին: Տեղավայրի բնական դժվար մատչելիությունը, բնակավայրից հեռու լինելն բացառիկ պայմաններ են ստեղծել ճգնակյացների եղբայրության համար:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենաստանի համալիրը զգալի տարածք է զբաղեցնում: Սուրբ Անդրեի ճգնարանի զույգ, զարդարանքից զուրկ մատուռները կառուցված են ամենաբարձր կետում՝ ժայռեղեն հիմքի վրա: Արտաքուստ 530 սմX410 սմ չափերով մեծ մատուռի հարավային պատին կից է արտաքուստ 310 սմX190սմ չափերով երկրորդ մատուռը: Փոքր սրահի դուռը բացվում է արևմուտքից, մեծինը՝ հարավից: Ներսից, մեծ մատուռի արևելյան լուսամուտի երկու կողմերում, կան ոչ մեծ չափսի անվիմագիր խաչքարեր, իսկ դրանց ներքևում՝ աբսիդի պատից դեպի սրահ, միակտոր քարի սեղանաձև ելուստ՝ ճգնավորին անհրաժեշտ բացված մատյանները տեղադրելու համար: Քարե գրակալն լույսը ցերեկն ընկել է արևելյան պատի լուսամուտից, որին օժանդակել է արևմտյան պատի լուսամուտից ներս թափանցող լույսի շողքը:

Շինությունները կերտված են կոփածո բազալտով, իսկ ներսից սվաղված են եղել կիրավազով: Որպեսզի պատերը լինեն ամուր վարպետը որմերի մեջ տեղադրել է 100-290 սմ երկարությամբ քարե հեծաններ, և դրանք փրկել են ութ դար առաջ կառուցված շինությունը: Ավերված է մեծ մատուռի արևելյան պատի վերնամասը: Քայքայված է կտուրի ծածկը, որին աճել են ծառեր: Մատուռի բակում կան տանիքից ընկած քարեր, նաև՝ անշուք գերեզմանաքարեր, իսկ խաչարձանով գերեզմանը չկա: Մատուռներից ներքև՝ բլրի հյուսիսային, արևելյան և հարավային կողմերում, խիստ զառիկող լանջերը հատելու շնորհիվ, ստեղծվել են 4-6 մետր լայնությամբ դարավանդներ, որոնց վրա այժմ էլ կարդացվում են մենարանի բնակիչների շուրջ երեք տասնյակ կացարանների, Վարդան վարդապետի դպրոցի լսարանների և կենցաղային շինությունների հատակագծերի չափերը: Վանական համալիրը ունեցել է բերդապարիսպ, իսկ բերդապարսպից դուրս դարավանդված, ներկայումս անտառածածկ հողակտորները վկայում են, որ եղբայրությունը զբաղվել է հացահատիկի մշակմամբ: Զբաղվել են նաև անասնապահությամբ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]