Jump to content

Ջուխտակ վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուխտակ վանք
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԴիլիջան
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Հիմնական ամսաթվերը1201
Ներկա վիճակկիսավեր
Կազմված էԳերեզմանոց, Սուրբ Աստվածածին եկեղեցի և Եկեղեցի Սբ. Գրիգոր
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ12-րդ դար
Կառուցման ավարտ13-րդ դար
Հիմնադրված1201
Շինանյութբազալտ
Քարտեզ
Քարտեզ
 Jukhtak Monastery Վիքիպահեստում

Ջուխտակ վանք (նաև՝ Պետրոսի վանք, Գիշերավանք)[1], հայկական առաքելական եկեղեցի Հայաստանի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից 3 կմ հյուսիս-արևմուտք՝ ճանապարհի աջ կողմում, անտառապատ բլրի լանջին։

Վանական համալիրը կազմված է երկու առանձին եկեղեցիներից, որոնք կոչվում են Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր, ինչպես նաև վերջինների շուրջ տարածված գերեզմանոցից։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուխտակ վանք անվանումը ժողովրդական է։ Ջուխտակը ունի երկու եկեղեցի (որից էլ ստացել է իր անունը' «Ջուխտ»' նշանակում է զույգ) Սուրբ Աստվածածին եկեղեցի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ։ Եկեղեցիների պատերին կա նաև արձանագրություններ որոնցում հիշատակվում են նաև Պետրոսի վանք և Գիշերավանք անվանումները։

Պատմություն և ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 13-րդ դարում։ Կենտրոնագմբեթ, որմնամույթերի վրա հենվող 4 կամարով, սրբատաշ քարերով, միջին մեծության (9,7 X 7,5 մ) շինություն է։ Գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցուց 15 մ արևելք։ Նրա ավանդատները ձևավորված են նրբաքանդակ, բարձրաճաշակ զարդանախշերով։ Վարպետորեն կերտված եկեղեցու արևմտյան մուտքի բարավորին փորագրված գրերից կարելի է ենթադրել, որ Սուրբ Գրիգորը ավելի վաղ է կառուցվել քան Սուրբ Աստվածածինը։

Սուրբ Աստվածածին եկեղեցին ճարտարապետ Սարգսի մտահղացմամբ կառուցվել է 1201 թվականին վանքի առաջնորդ Հայրապետի նախաձեռնությամբ։ Այն դեղնավուն, բազմերանգ ֆելզիտի սրբատաշ քարերով շինված քառանկյունի հատակագծով, միանավ բազիլիկի տիպի թաղակապ, երկթեք տանիքով շինություն է (8,6X6,4 մ)։ Մուտքի երկու կողմերում ագուցված են նուրբ քանդակազարդ խաչքարեր։ Եկեղեցու մուտքի բարավորի վրա կան մի քանի շինարարական և նվիրատվական արձանագրություններ։ Եկեղեցիների վրա կան քանդակներ, վիմագրեր, որոնցից մեկը գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցու կիսակլոր ճակատակալ քարի վրա՝

1201 թվին հայոց ամիրայության Լաշայի և տերության... խանին... ես Հայրապետ, առաջնորդ սուրբ ուխտիս, որ կոչվում է Պետրոսի վանք, շինեցի սուրբ Աստվածածին և հույսով կարգեցի, որ ճրագլուցին երկու խորաններում ինձ համար պատարագ կատարեցին նաև մեկն իմ եղբայր Շմավոնին, իսկ բոլոր եկեղեցիներում իմ ծնողների համար։

Հիշատակվում են նաև Պետրոսի վանք և Գիշերավանք անվանումները։ Վանքի տարածքում նշմարվում են օժանդակ շինությունների հետքեր։ Երկու եկեղեցիների շուրջ տարածված է միջնադարյան գերեզմանոցը իր յուրահատուկ տապանաքարերով։

Վանքային համալիրի ներկա վիճակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1973-77 թվականներին Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերության կողմից վանքային համալիրում որոշակի շինարարական աշխատանքներ են կատարվել, մասնավորապես՝ երկաթե կոնստրուկցիայով ամրացվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ինչպես նաև վերջինիս արևելյան հիմքը։ 1980-ական թվականին կատարվել են ամրացման աշխատանքներ։ Վանքի շուրջ կային գերեզմաններ, իսկ հարավային մասում, աջ կողմի բարձրության վրա գտնվում է Մաթոսի գյուղատեղին։ Վերջինիս ավերակներում պահպանվել են 1247 թ. Մաթոսավանք եկեղեցին, 1251 թ. մի խաչարձան և գերեզմանատուն։

Ներկայումս Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գմբեթը քանդված է, պատերի վրա առկա են ճաքեր, արևելյան հիմքը սողանքների պատճառով թուլացել է։ Գերեզմանոցի տապանաքարերը խիստ անմխիթար վիճակում են։

Վանքային համալիրը պարբերաբար ենթարկվում է նաև վանդալիզմի։ Եկեղեցիների ներսում և դրսում տեղադրված խաչքարերը ամբողջությամբ, իսկ խորաններն ու պատերը մասամբ այրված են, քանի որ այցելուներն ու զբոսաշրջիկները հիմնականում մոմերը վառում են հենց դրանց վրա, իսկ 2009 թ.-ին երիտասարդ աղջիկներից ու տղաներից բաղկացած մի խումբ սպիտակ յուղաներկով գրոտել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատերը ներսի կողմից։ Պարբերաբար եկեղեցիների պատերին ավելանում են ժամանակակից փորագրություններ սիրո խոստովանությունների և անհատների անուն-ազգանունների տեսքով։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ի.Բ. Էլլարյան, Աղստևի հովտի պատմության և կուլտուրայի հուշարձաններ, Երևան, «Հայաստան», 1980 — 54-56, էջեր 54-56 — 154 էջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ՋՈՒԽՏԱԿ ՎԱՆՔ («Պետրոսի վանք», «Գիշերավանք»)». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության. Վերցված է 2021 թ․ հուլիսի 7-ին.