Գտչավանք
Գտչավանք | |
---|---|
![]() Գտչավանքը | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Թեմ | Արցախի թեմ |
Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
Ներկա վիճակ | Վերականգնվում է |
Ճարտարապետական նկարագրություն | |
Ճարտարապետական ոճ | Հայկական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 1241 թ. |
Կառուցման ավարտ | 1248 թ. |
Հիմնադրված | 13-րդ դար |
Կոորդինատներ: 39°35′36.769200100003″ հս․ լ. 46°56′30.998400099998″ ավ. ե. / 39.59354700002777605° հս․. լ. 46.94194400002777456° ավ. ե. |
Գտչավանք, Գտիչի վանք, հայկական կրոնական կառույց Մեծ Հայքի Արցախ նահանգի Մյուս Հաբանդ գավառում (այժմյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ, Տողասար լեռան լանջին): Հիմնադրվել է վաղ միջնադարում:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ 7-րդ դարի պատմիչ Մովսես Կաղանկատվացու, Պարտավի եկեղեցական ժողովին մասնակցել է նաև Գտչավանքի ներկայացուցիչը: Վանքի անունով Գտիչ է կոչվել նրանից վերև կառուցված ամրոցը, որը 9-րդ դարում եղել է Եսայի իշխանի նստավայրը, հետագայում՝ Դիզակի մելիքների Բերդավանը:
15-րդ դարում Գտչավանքը դարձել է նաև մշակութային կենտրոն, ունեցել է գրչատուն: 1717 թվականին Գտչավանքի գլխավոր եկեղեցու գմբեթը նորոգել է Տողի գյուղացի Սայունը: 1723 թվականին Մելիք Եգանը եպիսկոպոս Մեսրոպին նշանակել է տվել Գտչավանքի վանահայր: 19-րդ դարում Գտչավանքի վանահայրն էր Առաքել վարդապետ Կոստանդյանցը, որը գրել է Արցախի մելիքներին նվիրված աշխատություն, և նրանից օգտվել է Րաֆֆին իր «Խամսայի մելիքությունները» երկը գրելիս: 1868 թվականին երկրաշարժից ավերվել է միանավ եկեղեցին, և վնասվել գմբեթավորը, որից հետո Գտչավանքը լքվել է և ամայացել:
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Գտչավանքը բարգավաճել է 12–14-րդ դարերում: Վանքի համալիրը բաղկացած է երկու միմյանց կից եկեղեցիներից, գավթից, բնակելի սենյակներից: Գլխավոր եկեղեցին՝ մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածքով, սրբատաշ ֆելզիտով կառուցել են Ամարասի վանքի Սարգիս և Վրթանես եպիսկոպոսները 1241–1246 թվականներին և վանքին նվիրաբերել ընդարձակ հողային տարածքներ: Հովանոցաձև վեղարով գմբեթի թմբուկն ունի շեշտված վերձիգ համաչափություններ: Հյուսիսից կից է կոպտատաշ բազալտով կառուցված միանավ, թաղածածկ, արևելյան ուղղանկյուն խորանով երկրորդ եկեղեցին, որի ավանդատները գտնվում են խորանի հատակի տակ (նման տեղադրությունը եզակի է հայկական ճարտարապետության մեջ): Եկեղեցիներին կից է թաղածածկ գավիթը, որի ներսում կանգուն է եպիսկոպոս Վրթանեսի 1246 թվականի խաչքարը[1]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 222 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բարխուդարյանց Մ․, Արցախ, Բաքու, 1895
- Բ․ Ուլուբաբյան, Մ․ Հասրաթյան Գտիչի վանքի (1241) ընդհանուր տեսքը հարավ-արևելքից
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գտչավանք կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 190)։ ![]() |