Սուրբ Կարապետ վանք (Մուշ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Կարապետ վանք
Գլակա վանքը 1915 թ
Հիմնական տվյալներ
Տեսակվանք և ավերակներ
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունՄեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառ (այժմ՝ Թուրքիայի տարածքում է)
Հոգևոր կարգավիճակչգործող վանք
Ներկա վիճակավերակներ
Ճարտարապետական ոճհայկական
Կառուցման սկիզբ4-րդ դար
Հիմնադրված4-րդ դար
10 մ
Երկարություն6 մ
Լայնություն10 մ
Գմբեթ3
Քարտեզ
Քարտեզ

Գլակա վանք (Մշո Սուրբ Կարապետ, Իննակնյան վանք), վանքային համալիր Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում (այժմ՝ Թուրքիայի տարածքում է), գտնվում էր Աշտիշատից ոչ հեռու, եղել է հեթանոսական մեհենատեղի, վանքի է վերածվել քրիստոնեության ընդունման ժամանակ՝ 4-րդ դարում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Մկրտչի վկայարան

Ըստ ավանդության հիմնել է Գրիգոր Լուսավորիչը, նրա մահից հետո մարմինը ամփոփվել է սուրբ Կարապետ կոչված մատուռի տակ։ Սուրբ Կարապետը միայն մի եկեղեցի կամ տաճար չէ, այլ մի քանի տաճարների ամբողջություն, որոնք կազմում են սրբավայրերի մի խումբ։ Սուրբ Կարապետի վանքը Արևմտյան Հայաստանում համարվում էր ամենամեծ ու ամենանվիրական սրբավայրը։ Այն ոչ միայն Տարոն աշխարհի ամենանշանավոր վանքն էր, այլև ամբողջ հայությանը ծանոթ մեծագույն մենաստանը սուրբ Էջմիածնից հետո։ Վանքի համբավն ու հռչակը դուրս էր եկել ազգային սահմաններից և դարձել նաև սրբավայր տեղացի և օտար ազգերի համար։ Բացի այդ, մեր մատենագիրների մոտ կան հիշատակություններ, որ օտարազգի քրիստոնյաներ շատ հաճախ են ուխտի եկել սուրբ Կարապետի վանքը։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոչվել է Գլակա վանք՝ իր առաջին վանահոր Զենոբ Գլակի անունով, որը ասորի եպիսկոպոս էր և տեղի վանահայրը։ Նա է մեզ հասցրել տեղեկություններ վանքի հիմնադրման և սկզբնական շրջանի պատմության մասին։ Մի այլ ստուգաբանություն ասում է նաև, որ Գլակա է կոչվել, ոչ թե Զենոբ Գլակի անունից, այլ վանքի մոտ գանվող միաձայն գլգլան ջրվեժների պատճառով։ Համանուն շատ եկեղեցիներից տարբերելու համար նրան անվանել են Մշո կամ Մուշի ս. Կարապետ, Մուրատտու կամ Մուրատատուր ս. Կարապետ, Մշո Սուլթան ս. Կարապետ, նաև Իննակնյա վանք (վանքի մոտակայքում իրար մոտ բխող ինը սառնորակ աղբյուրների պատճառով)։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքի հատակագծում

Ս. Կարապետի ավագ տաճարը կառուցվել է սրբատաշ քարերից, մեծ մասամբ գորշ գույնի։ Առաստաղը հյուսված է մանր ու բազմաթիվ կամարներից, իսկ ներքևից տասնվեց մեծ և կլոր սյուներ՝ միակտոր ու միջակ մեծությամբ, պահում են առաստաղը։ Ունեցել է հինգ մատուռ և տասը խորան։ Զանգակատանը կախված են եղել չորս մեծ զանգակներ, որոնց ղողանջները լսվում էին Մուշի դաշտի հեռավոր վայրերում։

Արտաքին դռնից մտնում ենք գավիթ, որը ներսից և դրսից նույնպես պատած է սրբատաշ քարերով։ Այն, cամեմատած եկեղեցու ընդարձակության հետ, շատ փոքր է, որովհետև գավիթը նախատեսված է որպես պատվանդան հոյակապ զանգակատան համար։ Գավթի պատերը ներսից և դրսից ծածկված են հին ժամանակների գրություններով ու արձանագրություններով։ Երկրորդ դռնով, մի աստիճան ցած իջնելով, մտնում ենք տաճար, ուր տպավորությունը շատ ազդեցիկ է։ Տաճարը կամ ժամատունը բարձրանում է հին վկայարանի վրա, որտեղ, ըստ ավանդության, Գրիգոր Լուսավորիչը ամփոփել է ս. Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի նշխարները։ Ավագ խորանը ս. Խաչի անունով է։ Դեպի աջ բացվում է ս. Ստեփաննոսի մատուռի դուռը, որի երկու կողմերին փոքրիկ խորաններ կան, գեղեցիկ կամարներով՝ նվիրված Պետրոս և Պողոս առաքյալներին։ Իսկ Պետրոս Առաքյալին նվիրված խորանի մոտ, Ստեփաննոսի մատուռին կից, մի ուրիշ խորան էլ կա նվիրված՝ Հակոբոս Տեառն եղբորը։

Ավագ խորանի ձախ կողմում ս. Կարապետի մատուռն է, որի դռան մոտ մատուռի պատին կից, մի ուրիշ խորան կա նվիրված Լուսավորչին։ Այսպիսի հինգ խորաններ էլ կան ժամատան մեջ, չհաշված մատուռների խորանները։ Տաճարի լայնության կենտրոնում գտնվում է Ավագ սեղանը՝ քառակուսի և վայելուչ բեմով, որը տաճարը բաժանում է երկու մասի։ Մի կողմում ս. Կարապետի, իսկ մյուս կողմում ս. Գևորգի խորաններն են։ Ավագ սեղանի աջակողմյան մասը զարդարված է մարմարյա խաչքարերով, որոնց վրա արձանագրություններ կան։ Ավագ սեղանի վրա բարձրանում է նաև մի ոսկեզօծ գեղաքանդակ խաչկալ, որի վրա դրված է ս. Աստվածածնի պատկերը՝ շրջապատված հրեշտակներով։ Զանգակատունը գմբեթավոր է, և հենված է ութ սյուների վրա։

Զանգակատունը մի սեղան ունի ս. Հոգու անունով։ Ս. Կարապետի ժամատան սալահատակում զետեղված են վեմեր, որոնք ծածկում են հայ պատմագիրների հիշատակած իշխանների և ռազմիկների գերեզմանները։ Սասանյանների դեմ մղված արյունահեղ պատերազմներն ենք ակամայից հիշում, գրում է Լինչը, տեսնելով, Մուշեղի, Գայլ Վահանի և Սմբատի գերեզմանները։ Ս. Կարապետի վկայարանը բոլորից հին շենքն է համարվում։ Նրա երկարությունը տասը մետր է, լայնությունը վեց մետր, բարձրությունը տասնհինգ մետր։ Ս. Կարապետի վկայարանը կառուցված է առանց սյուների։ Չորս կողմը ձգված են կամարներ։ Խորանի աջ կողմում գտնվում է վեցից յոթ մետր բարձրությամբ խաչքար, որը պատկերների, դրվագների, քանդակների նրբությամբ իր տեսակի մեջ սքանչելի է։ Բեմի ներքևը զարդարված է մարմարյա խաչքարերով, թվով հինգ, որոնց վրա կան արձանագրություններ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հ. Համազասպ Ոսկեան, Տարօն-Տուրուբերանի վանքերը, Վիեննա, տպ. Մխիթարեան, 1953, 269 էջ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]