Բղենո-Նորավանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Բղենո-Նորավանք
Բղենո-Նորավանք
Բղենո-Նորավանքը

##Բղենո-Նորավանք (Հայաստան)
Set01-church1.svg
Հիմնական տեղեկություններ
Տեղագրություն Հայաստան Հայաստան Սյունիքի մարզ, Բարձրավան գյուղ
Կոորդինատներ 39°23′17″ հս․. լ. 46°21′36″ ավ. ե. / 39.388155° հս․. լ. 46.360081° ավ. ե. / 39.388155; 46.360081Կոորդինատներ: 39°23′17″ հս․. լ. 46°21′36″ ավ. ե. / 39.388155° հս․. լ. 46.360081° ավ. ե. / 39.388155; 46.360081
Թեմ Սյունիքի
Տարածք Հայաստան
Մարզ Սյունիքի մարզ
Հոգևոր կարգավիճակ չգործող
Ներկա վիճակ Կանգուն
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճ Հայկական
Կառուցման սկիզբ X դար
Կառուցման ավարտ 1062 թ.


Բղենո Նորավանքը Սյունիքի միջնադարյան վանական համալիրներից է։ Գտնվում է Բարձրավան գյուղի մոտ[1]` անտառապատ կիրճերով շրջապատված եռանկյունաձև դարավանդին։ Այս վայրում, ըստ Ստ. Օրբելյանի, X-XI դդ հիմնական կառուցումները երկու անգամ են կատարվել. առաջինը՝ ոմն Ստեփանոս քահանան 936 թվականին սպիտակավուն կրաքարից կառուցել է շենքերի մի խումբ՝ բաղկացած եկեղեցուց, սրահից, գավթից և ուրկանոցից (ըստ երևույթին պահպանված հուշարձանից հյուսիս ընկած, դեռևս չպեղված ավերակներն են)։ Երկրորդ խումբը, ըստ պատմագրի, կառուցվել է առաջինից «յետ սակաւուց» և, ըստ արձանագրության, ավարտվել 1062 թ։

Բղենո Նորավանքի դիմաց հիմնվել է բորոտանոց, որտեղ հավաքել են բազմաթիվ հիվանդների։ Ստեփանոս եպիսկոպոսը 970 թվականին վախճանվել է և թաղվել եկեղեցու մոտ։ Բղենո Նորավանքում է 989 թվականին արտագրվել և նկարազարդվել այսպես կոչված «Էջմիածնի ավետարանը»։ Սպիտակ կրաքարով կառուցված եկեղեցին XI դարում արդեն խարխլված էր, և 1062 թվականին Սյունյաց Գրիգոր Ա Աշոտյան թագավորի հրամանով Գևորգ ու Հովհաննես քահանաները սրբատաշ կապտավուն բազալտով հիմնովին վերակառուցել են այն, որից հետո եկեղեցին հայկական ճարտարապետության մեջ եզակի է դարձել իր հորինվածքով և հարդարանքով։ Բղենո Նորավանքը մեզ է հասել բազմիցս ձևափոխված և կիսավեր։ Կապտավուն բազալտից եկեղեցին՝ 3.04մx5.1մx5.5մ ներքին առանցքային չափերով, մեծ լուսամուտ և չորս խորշ ունեցող աբսիդով, հյուսիսային և հարավային պատերին կամարակապ զույգ մեծ բացվածքներով, պայտաձև թաղով ծածկված դահլիճ է, որին հյուսիսից, արևմուտքից, հարավից հետագայոււմ կցվել են «սրահակներ» ու երկու ուղղանկյուն սենյակներ և բոլորը ամփոփվել ընդհանուր երկլանջ կղմինդրյա տանիքի տակ։ Արևմտյան ճակատի կոմպոզիցիոն կենտրոնը քանդակազարդ շքամուտքն է։ Յուրօրինակ են գավթի որմնասյուների բուսական զարդաքանդակներով խոյակները, հնգախորշ խորանը, երկայնական պատերի զույգ, կամարակապ քանդակազարդ բացվածքները։ Հայկական արվեստում բացառիկ են եկեղեցու պատերը ձևավորող, կաթնագույն քարի սալերի վրա արված պատկերաքանդակները, որոնք բովանդակում են Քրիստոսի կյանքի հետ կապված առանձին թեմաներ։ Պահպանված ութ քարե տախտակներից երկուսն են իրենց տեղում՝ «Ավետումն» ու «Համբարձումը», մնացածը վայր են ընկած։ Ախթամարից հետո Բղենո Նորավանքը այդքան հարուստ ավարտուն սյուժետային պատկերաքանդակներով Հայաստանում եզակի հուշարձաններից է։ Այս կառույցը հայ ճարտարապետության մեջ արտակարգ տեղ է գրավում ոչ միայն հատակագծային հորինվածքի յուրօրինակությամբ, այլև իր բարձրարվեստ քանդակներով, որոնք, սերտորեն կապված լինելով որմնանկարչության և մանրանկարչության Տաթևի դպրոցի արվեստին, հայկական քանդակագործության պատմության փայլուն նմուշներից են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀԽՀ խմբ․ կոլեգիա՝ Կ․ Ս․ Խուդավերդյան (գլխ․ խմբ և ուրիշ), Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 1 (ՀԽՀ գլխավոր խմբագրություն), Երևան, «ՀԽՍՀ», 1990, էջ 537 — 768 էջ. — 150000 հատ, ISBN 5-89700-003-4։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մնացականյան Ս․, Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Երևան, 1960․
  • Դիվան հայ վիմագրության, կազմ․ Ս․ Բարխուդարյան, գիրք 2, Երևան, 1960։