Հաղարծնի վանք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հաղարծին
Հաղարծնի վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Թեղուտ և Հաղարծին[1] |
Հասցե | գյուղից 8 կմ հս-ամ, հրվանդանի վրա[1] |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Տավուշի թեմ |
Հոգևոր կարգավիճակ | գործող |
Հիմնական ամսաթվերը | 10-րդ դար |
Ներկա վիճակ | կանգուն |
Կազմված է | Գավիթ, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Հացատուն, Սբ. Կաթողիկե եկեղեցի, Խաչքար, Հաղարծնի Սեղանատուն, Տապանաքար, Խաչքար, Գավիթ, Գերեզմանոց, Եկեղեցի Սբ. Աստվածածին, Եկեղեցի Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Եկեղեցի Սբ. Ստեփանոս, Խաչքար, Խաչքար և Խաչքար |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 10-րդ դար |
Կառուցման ավարտ | 13-րդ դար |
Հիմնադրված | 10-րդ դար |
Haghartsin Monastery Վիքիպահեստում |
Հաղարծնի վանք[2], 10-րդ դարի հայկական վանական համալիր, Հայաստանի Տավուշի մարզում, Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա։
Ծագումաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ավանդույթի վանքի բացման և օծման արարողության ժամանակ մի արծիվ էր ճախրում գլխավոր եկեղեցու գմբեթի վրա, և դրանով իսկ այն հայտնի դարձավ որպես խաղացող (կամ ճախրող) արծվի վանք («հաղ» նշանակում է խաղ, իսկ «արծին» նշանակում է արծիվ)։ Այտեղից էլ առաջացել է Հաղարծին բառը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանական համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում։ Վանքի մասին տեղեկություններ է մեզ հասել Կիրակոս Գանձակեցու կողմից։ Վանքը ծաղկում է ապրել 12-րդ դարի վերջին - 13-րդ դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է (Կոստանդին Դ, Ստեփանոս Օրբելյան) 13-րդ դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում։ Հայոց Բագրատունիների թագավորության թագավոր Սմբատ Ա-ը թաղվել է Հաղարծին վանական համալիրում։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաղարծինի համալիրի կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը՝ ավերված), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր։ Վանքի տարածքում, հուշարձանների գլխավոր խմբից արևելք, ժայռալանջին աղոթարաններ են, գեղաքանդակ խաչքարեր։ Հաղարծինում գտնված բրոնզաձույլ կաթսան (350 կգ, այժմ ՀՊՊԹ-ում է) գեղարվեստական մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է․ շուրթի պսակի փորագրությունը նշում է պատրաստման տարեթիվը՝ 1232, չորս կանթերն առյուծների արձանիկներ են, ոտքերը նույնպես զարդարված են գեղարվեստորեն[3]։
Սուրբ Գրիգոր եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենավաղը Սուրբ Գրիգոր եկեղեցին է (մոտ X դար), որն արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև (չորս անկյունների ավանդատներից արևելյաններն առանձնացված չեն աղոթասրահից) հատակագծով գմբեթավոր կառույց է։ Գմբեթային փոխանցումն իրականացված է սաղր տրոմպներով։ Դեկորատիվ միակ տարրը խիստ հողմահարված անկյունային որմնախոյակներն են՝ պարզ բեկվածքներով և ականթի տերևների արխաիկ նկարվածքի շարքով։ Եկեղեցուն արևմուտքից կից է քառասյուն կենտրոնակազմ հորինվածքով գավիթը (XII դարի վերջ), որի անկյունային միահարթ առաստաղներին բարձրաքանդակներ են (մարդկանց պատկերներ, վարդյակներ, թռչուն, հրեշտակ ևն, նաև արձանագրություններ)։ Գավթի հարավային պատի մոտ պահպանվել են գերեզմանադամբարանների մնացորդներ։ Սուրբ Գրիգոր եկեղեցուն հյուսիսից կից է թաղածածկ մատուռ (XIII դար), իսկ դեպի արևելք շատ մոտ կանգնած է նրբագեղ մանրամասներով, կապտավուն բազալտից կառուցված Սուրբ Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին (1244)։
Սուրբ Աստվածածին եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալիրի գլխավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին գմբեթավոր դահլիճ տիպի է։ Ըստ հարավային մուտքի ճակատակալ քարի արձանագրության՝ կառուցվել է 1281-ին, սակայն հարավային և հյուսիսային պատերի ստորին մասի վերաշարվածքը, արևելյան ճակատի բարձրաքանդակում պատկերված եկեղեցու մանրակերտի տարբերվելը ներկայիս կառույցից և, ենթադրել են տալիս, որ 1281-ին կառույցը որոշ փոփոխություններով վերականգնվել է՝ հիմնարկված լինելով հավանաբար X-XI դդ․։ Ճակատները (բացառությամբ արևմտյանի) ունեն հայկական խորշեր։ Բարձր, բոլորակ թմբուկը պարուրված է դեկորատիվ խորաններով։ Մուտքերը, լուսամուտներն ու որմերը չափավոր զարդարված են պարզ բեկվածքավոր քիվագոտիներով, խաչերով ևն։ Արևմտյան ճակատի դիմաց ավերված շինության (հավանաբար նախորդ կառույցի գավիթը) մնացորդներ են։
Սեղանատուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեղանատունը դրսից և ներսից
|
Հուշարձանախմբի արևմտյան մասում սեղանատունն է (ըստ հարավարևմտյան մուտքի շրջակալի արձանագրության՝ կառուցվել է 1248 թվականին, ճարտարապետի անունը՝ Մինաս, ներսում, արևմտյան երդիկի հյուսիսարևելյան անկյունում է), Հայաստանում նմանօրինակ երկու կառույցներից մեկը (մյուսը Հաղպատում է)։ Այն ուղղանկյուն դահլիճ է (21, 6 x 9, 5 մ)՝ մեկ զույգ սյունով բաժանված երկու հավասար երդիկավոր մասերի, որոնցից յուրաքանչյուրը ծածկված է երկու զույգ փոխհատվող կամարների համակարգով։ Ներսում միակ հարդարանքը շթաքարեզարդ երդիկներն են, արտաքուստ՝ հարավարևմտյան մուտքի շրջակալը (հարավային ճակատի երկու լուսամուտը հետագայում են բացվել)։ Հաղարծինի սեղանատունն իր կառուցվածքային հնարքով և գեղարվեստով հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է։ Դեպի արևելք այլ շինությունների (հավանաբար խոհանոց, հացատուն ևն) մնացորդներ են։
Ներկայիս վիճակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այժմ Հաղարծին վանքը վերանորոգում է Համահայկական հիմնադրամը Սուլթան բեն Մոհամմադ ալ Քասիմի շեյխի օգնությամբ։ Հաղարծինը և Գոշավանքը Դիլիջանի ազգային պարկի հսկողության տակ են։
Պատկերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հաղարծինի տեղադրությունը
-
Հաղարծինը 1999-ին
-
Խաչքար Հաղարծին վանական համալիրում
-
Հաղարծին վանքի գմբեթը
-
Վանքի մարմարյա սալահատակն ու փայլեցված եկեղեցիները վերակառուցումից հետո
-
Վանքի մարմարյա սալահատակն վերակառուցումից հետո
-
Հաղարծին վանքի գմբեթը
-
Սեղանատան մուտքի ցուցանակը
-
Սեղանատունը ներսից, 2019
-
Սուրբ Ստեփանոս եկեղեցի
-
Ցուցանակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ «Հայկական Հանրագիտարան». www.encyclopedia.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ Արարատ Աղասյան; Հրավարդ Հակոբյան; Մուրադ Հասրաթյան; Վիգեն Ղազարյան (2009 թ). Հայ արվեստի պատմություն. Երևան: «Զանգակ-97» հրատարակչություն. էջեր 100–102. ISBN 978-99941-1-442-9.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հաղարծնի վանքային համալիր Արխիվացված 2022-06-28 Wayback Machine
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հաղարծնի վանք կատեգորիայում։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 76)։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |