Դիլիջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Դիլիջան (այլ կիրառումներ)
Քաղաք
Դիլիջան
Զինանշան
Coat of Arms of Dilijan.png

Dilijan mix new.jpg
Կոորդինատներ: 40°44′27″ հս․ լ. 44°51′47″ ավ. ե. / 40.74083° հս․. լ. 44.86306° ավ. ե. / 40.74083; 44.86306
Երկիր Հայաստան Հայաստան
Հանրապետություն Հայաստան
Մարզ Տավուշ
Քաղաքապետ Արմեն Սանթրոսյան
Առաջին հիշատակում 1670
Մակերես 13 կմ²
ԲԾՄ 1350 մ
Կլիմայի տեսակ մեղմ, լեռնա-անտառային չափավոր զով ամառ, արևաշատ տաք ձմեռ, ամբողջ տարվա ընթացքում չոր և տաք եղանակ
Պաշտոնական լեզու հայերեն
Բնակչություն 23.700[1] մարդ (2015)
Խտություն 1400 մարդ/կմ²
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն դիլիջանցի
Ժամային գոտի UTC+4
Հեռախոսային կոդ +374 (268)
Փոստային ինդեքս 3901-3906
Փոստային ինդեքսներ 3901-3906
Ավտոմոբիլային կոդ 57
Պաշտոնական կայք dilijan.am (հայ.)
##Դիլիջան (Հայաստան)
Red pog.png

Դիլիջան, քաղաք Հայաստանի Տավուշի մարզում, մարզկենտրոնից 36 կմ հարավ-արևմուտք, Աղստև գետի ափին։ Հեռավորությունը Երևանից՝ 99 կմ։ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ Դիլիջանի մշտական բնակչությունը կազմում է 23.8 հազար մարդ[2]։

Պատմաաշխարհագրական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես առողջարան, քաղաքին 1958 թվականին տրվել է հանրապետական ենթակայության քաղաքի կարգավիճակ։ 1996 թվականից, որպես վարչական միավոր մտնում է Տավուշի մարզի մեջ։

Դիլիջանի տարածքում կան 2 տասնյակ հանքային աղբյուրներ, որոնք ունեն երկաթ-հիդրոկարբոնատա-քլորիդ-նատրիումակալցիումական բաղադրություն։ Աղբյուրներից երկուսը շշալցվում են։ Քաղաքի բնապատկերին առանձին հմայք է հաղորդում Աղստև գետն իր վտակներով։ Հայաստանում առաջին առողջարանը հիմնադրվել է Դիլիջանում 1921 թ.։

Ներկայումս քաղաքում գործում են շուրջ 3 տասնյակ առողջարաններ և հանգստյան տներ, 5 դպրոցներ, 3 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ և բուհերի 2 մասնաճյուղեր։ Քաղաքն ունի 3 թանգարան, գրադարանային համակարգ, գեղարվեստի և երաժշտական դպրոցներ։

Քաղաքը զբոսաշրջային և բարեկամական կապեր ունի Լյուքսեմբուրգի Պետանջ, Իտալիայի Ուդինե, Անգլիայի Ուինքոմբ, Ֆրանսիայի միջերկրածովյան հայտնի զբոսաշրջային կենտրոններ Մարսել, էքս-Պրովանս և Սեն Մաքսիմ քաղաքների հետ։

Իրականացվում է քաղաքը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու կառավարության ծրագիրը։

2016 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Դիլիջանն ընդգրկել է Ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցում (GNLC)[3]:

Ավանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասում են, թե հայրը իր Դիլի անունով որդու հետ գործով քաղաք է գնում։ Ճանապարհին՝ անտառների միջով անցնելիս, որդին կորչում է։ Հայրն սկսում է աջ ու ձախ որոնել նրան, բայց անօգուտ։ «Դիլի ջա՛ն, Դիլի ջա՛ն» կանչելով նա ման է գալիս անտառներում։ Վերջապես, մի տեղ, բացատում նա գտնում է որդու դիակը՝ գայլերից հոշոտված։ «Դիլի ջա՛ն, Դիլի ջա՛ն» սկսում է սուգ անել հայրը` ընկնելով որդու դիակի վրա։ Եվ այդ օրվանից տեղի անունը մնում է Դիլիջան[4][5][6][7]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիլիջանի ազգաբնակչության փոփոխությունը.[8],[1]

Տարի 1976 1989 1991 2001 2004 2015
Բնակիչ 24056 30433 30400 16202 16100 23700

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիլիջանում առավել զարգացած են առողջարաններին սպասարկող արդյունաբերության ճյուղերը։ Իբրև առողջարանային քաղաք Դիլիջանի համար կենսական նշանակություն ունի նաև գյուղատնտեսությունը, հատկապես անասնաբուծությունը և բանջարաբուծությունը։

1932 թ.-ին շահագործման է հանձնվել ՀԷԿ-ը։

1949 թ-ից գործում է քաղաքի արդյունաբերական խոշոր ձեռնարկություններից մեկը՝ «Դիլիջան» հանքային ջրերի գործարանը։[8]

Առողջարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիլիջանը լեռնակլիմայական առողջարան է։ Քաղաքում գործում են տասնյակ հանգստյան տներ և առողջարաններ։ Այստեղ են գտնվում կոմպոզիտորների ստեղծագործական և հանգստյան տունը, «Դիլիջան» մանկական հակատուբերկուլյոզային հանգստյան տունը։

1958 թ.-ին քաղաքի մոտակայքում տարածվող անտառահատվածում ստեղծվել է հանրապետության արգելանոցներից մեկը՝ Դիլիջանի արգելանոցը։[8]

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրառական արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

հայկական գրություններով դիլիջանական գորգ

Կիրառական արվեստի հայտնի նմուշներից է Հաղարծնի տարածքում հայտնաբերված 1232 թ. պատրաստված պղնձե կաթսան, որը մետաղի գեղարվեստական մշակման եզակի օրինակ է և պահվում է Հայաստանի պատմության թանգարանում։ Այն ցուցադրվել է նաև Լոնդոնում։ Ինչպես ողջ Հայաստանում այնպես էլ Դիլիջանում կան բարձրարվեստ խաչքարեր, հատկապես մեծ վարպետությամբ է պատրաստված վարպետ Պողոսի խաչքարը (1291 թ.), որը դրված է Գոշավանքում։

Նոր ժամանակներում բնակավայրում զարգացած են եղել գորգագործությունը, ասեղնագործությունը, փայտի գեղարվեստական մշակումը, ձեռարվեստը և այլ ժողովրդական արհեստներ։ Հայտնի է Դիլիջանյան կարպետ տեսակը։ Ինչպես այդ, այնպես էլ գորգագործության և կարպետագործության շատ հետաքրքիր նմուշներ են պահպանվում Դիլիջանի թանգարանների հավաքածուներում։ Փայտագործ վարպետ Գառնիկ Ալիխանյանի ստեղծագործությունները լայն ճանաչում են ունեցել հանրապետության սահմաններից դուրս։ Առանձնապես մեծ արվեստով է պատրաստված տարբեր ծառատեսակների փայտի փոքրիկ կտորներից ստեղծված գորգը։ Այդ եզակի ստեղծագործությունը ցուցադրվում է Հայաստանի ժողարվեստի թանգարանի Դիլիջանի մասնաճյուղում։ Փայտագործ վարպետ Ռևիկ Հովսեփյանի պատրաստած նախշազարդ օրորոցները, ջահերը, փայտե կենցաղային իրերը մեծ արժեք են ներկայացնում։ Երիտասարդ վարպետ Գրիշա Հովսեփյանի ստեղծագործություններում ուրույն տեղ են գրավում հայկական ավանադական փայտե աղամանները և խաչքարերը։

Դիլիջանի արհեստական լիճը

Զարգացած է նաև ձեռարվեստը, որի գործում մեծ ներդրում են ունեցել արվեստագիտության թեկնածու Սերիկ Դավթյանը հետագայում ժողովրդական վարպետ Նուշիկ Մալխասյանը։ Ձեռարվեստի ճանաչված վարպետներից են Ֆլորա Պապյանը, Մարինե Պողոսյանը, Սոֆյա և Նազիկ Պարանյանները, Հրեղեն Գասպարյանը, Թամարա Դավթյանը, Մարիցա Հայրապետյանը և ուրիշներ։ Գորգագործության մեջ լուրջ ավանդ ունեն Զիրավարդ և Թագուհի Ղուլյանները։ Կիրառական արվեստի հետաքրքիր նմուշներ են պահպանվում Հայաստանի ժողարվեստի թանգարանի Դիլիջանի մասնաճյուղում և «Դիլիջան» պատմամշակութային արգելոց-թանգարանում[9]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական Շարամբեյան փողոցը

Դիլիջանի տարածքում և նրա շրջակայքում կան 32 ճարտարապետական հուշարձաններ։ Այդ հուշարձաններից առավել նշանավորներն են Հաղարծինը, Գոշավանքը, Ջուխտակ Վանքը, և Մաթոսավանքը, որոնք հանդիսանում են միջնադարյան հայ ճարտարապետության արժեքավոր կոթողներ։

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին երբ ավելի է մեծանում Դիլիջանի առողջարանային համբավը, այստեղ կառուցվող տները իրենց մեջ պարունակում են Անդրկովկասի հայ մեծահարուստների ամառանոցների, Դիլիջանի տնաշինական ավանդությունների և 19-րդ դարի 30-ական թվականներից այստեղ ներգաղթած ռուս աղանդավորականների՝ մոլականների տների հարդարման էլեմենտներ։ Տարածվում է այսպես կոչված ժողովրդական տների կառուցման «Դիլիջանյան ոճը»։

Քաղաքի վարչական կենտրոնը ձևավորվել է 1960-1980 թթ. 1961 թ. հաստատված քաղաքի գլխավոր հատակագծին համապատասխան։ Այստեղ են գտնվում մշակույթի պալատը(հեղինակներ Ռ. Գևորգյան, Խ. Վաթինյան, Ս. Ավետիսյան) ՀԿԿ քաղկոմի շենքը (ներկայումս քաղաքապետարան, հեղինակներ Խ. Վաթինյան Ս. Ավետիսյան), քաղխորհրդի նախկին շենքը (հեղինակներ Ս.Գյուլզատյան, Կ. Մատինյան), կապի հանգույցի շենքը (հեղինակ Գ. Աչյան), կինոթատրոնը (հեղինակներ Ա. Մակարյան, Լ. Ինջիկյան), քաղաքային գրադարանը (հեղինակ Գ. Առաքելյան), կենտրոնական հանրախանութը (հեղինակներ Ջ. Սարգսյան, Լ. Գասպարյան), Հյուրանոցը (հեղինակ Գ. Աչյան)։ Քաղաքի կենտրոնական հրապարակը վերակառուցվել է 2005 թ։

1983 թ.-ին շահագործման է հանձնվել Դիլիջան պատմաճարտարապետական հուշարձան համալիրը, (հեղինակներ Հ. Թելումյան, Թ. Գրիգորյան) Կոմպոզիտորների ստեղծագործական տունը շահագործման է հանձնվել 1963 թ., բաղկացած է վարչական երկհարկանի շենքից և 12 առանձնատներից (ճարտարապետ՝ Է. Ալթունյան )։ 1984 թ._ին շահագործման է հանձնվել Բեթհովենի անվան համերգասրահը։

Կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տունը շահագործման է հանձնվել 1984 թ. ճարտարապետ Հ. Պողոսյան, բաղկացած է վարչական շենքից և մենատներից։[10]

Քաղաքի կենտրոնական մասում պահպանվում են XX դարի սկզբին կառուցված ու ազգագրական արժեք ներկայացնող տներ, որոնք կազմում են մի փոքրիկ հին թաղամաս։ Դիլիջանից արևմուտք են գտնվում “Ջուխտակ” վանքը և “Մաթոսավանքը”։[8]

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը ապրել է հարուստ գրական կյանքով։ Դիլիջանում է ծնվել և իր մանկությունը անցկացրել հայտնի գրող Վախթանգ Անանյանը։ Քաղաքի սիրված բանաստեղծներից էր Գևորգ Զարենցը (Ղազարյանը), որը ունի նաև մանկական հիանալի ստեղծագործություններ։ Մի քանի հրատարակված բանաստեղծությունների հեղինակ է Մկրտիչ Գրիգորյանը։ Քաղաքի ճանաչված բանաստեղծներից է Միքայել Սերունցը (Անանյանը)։ Հանրապետական գրական մամուլում բազմաթիվ անգամ տպագրվել են բանաստեղծ Արծրուն Հովսեփյանի ստեղծագործությունները։

1958 թ.-ից հրատարակվում է «Դիլիջան» թերթը (ընդհատվել է 1963-1964 թթ), վերահրատարակվել է 1965 թ. մայիսի 5-ին։ Այժմ այն երկշաբաթաթերթ է, ուր զետեղվում են քաղաքային կյանքի տարբեր ոլորտներին վերաբերվող հոդվածներ։ 2006 թ. մայիսից հրատարակվում է «Երիտասարդական գործունեության ակումբ» հասարակական կազմակերպության «Երիտասարդ Դիլիջան» ամսաթերթը։ 1993 թ. օգոստոսին հիմնադրվել է տեղական RT-V հեռուստաընկերությունը, որն ամենօրյա հաղորդումներով լուսաբանում է քաղաքային կյանքը։[10]

2016 թվականի դեկտեմբերից հրապարակվում է «Կորիզ» թերթը, որի խմբագիրներն են Դիլիջանի պատանիները: «Կորիզը» Դիլիջանի միակ գունավոր թերթն է: Թերթի համարները կարող եք գտնել այստեղ Http://dcc.am/:

Գեղանկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղանկարչության զարգացման գործում մեծ ներդրում ունի ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Հովհաննես Շարամբեյանը։ Նրա նախաձեռնությամբ ստեղծվել է կերպարվեստի դպրոց, որի սաներից շատերը շարունակելով կրթությունը դարձել են շնորհալի նկարիչներ։ Դիլիջանցի նկարիչների ստեղծագործությունների մեջ նշանակալի տեղ են գրավում «Հին Դիլիջան» թեմայով գործերը և այժմ Դիլիջանի թանգարանային հավաքածուներում կան հիշյալ թեմային վերաբերվող նկարիչներ Հովհաննես Շարամբեյանի, Ղազարոս Ղազարյանի, Վարազդատ Ամյանի, Համլետ Ասատրյանի, Սերժիկ Դավթյանի, Գևորգ և Համլետ Մակվեցյանների, Էդիկ Հարությունյանի, Սամվել Ֆրանգուլյանի և այլոց շուրջ 100 ստեղծագործություններ։[10]

Կրթական հաստատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիլիջանում գործում են 4 միջնակարգ և 1 ավագ դպրոց[11]։ 2013-ից գործում են նաև Այբ դպրոցի[12] և Թումոյի մասնաճյուղերը[13], 2014 թվականի սեպտեմբերից՝ Դիլիջանի միջազգային դպրոցը։

Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիլիջանի համայնապատկեր
Դիլիջանի համայնապատկեր


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,»։ Վերցված է 2015 Օգոստոսի 9 
  2. http://www.armstat.am/file/article/bnakch_01.01.2015.pdf ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԱՔԱՆԱԿԸ 2015 թվականի ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ
  3. «Դիլիջանն ընդգրկվել է UNESCO-ի ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցում»։ panarmenian.net։ Վերցված է 11 Հոկտեմբեր 2016 
  4. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. 
  5. Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի. 
  6. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ. 
  7. Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва. 
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 68»։ Վերցված է 2014 Մայիսի 13 
  9. Դիլիջանի մշակույթ
  10. 10,0 10,1 10,2 www.dilijan.am Դիլիջանի մշակույթ
  11. Տավուշի մարզպետարանի կայք Դիլիջան համայնքի մասին
  12. Դիլիջանի կենտրոնական դպրոց
  13. Թումոյի չորս կենտրոնները