Հովհաննես Շարամբեյան
Հովհաննես Շարամբեյան | |
---|---|
Հովհաննես Շարամբեյանի լուսանկարը | |
Ի ծնե | Հովհաննես (Վանիկ) Շարամբեյան |
Ծնվել է | օգոստոսի 18, 1926 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մայիսի 11, 1986 (59 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ | |
Կայք | sharambeyan.am |
Hovhannes Sharambeyan Վիքիպահեստում |
Հովհաննես (Վանիկ) Միհրանի Շարամբեյան (օգոստոսի 18, 1926, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 11, 1986, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ[1]։ Հովհաննես Շարամբեյանը մեծ աշխատանք է կատարել ժողովրդական արվեստի պահպանման և դրա զարգացման ուղղությամբ։ Հովհաննես Շարամբեյանն ավելի քան երեսուն տարի աշխատել է Դիլիջանի հին փողոցի վերականգնման վրա՝ մասնակցելով նախագծմանը, լուծելով կազմակերպչական հարցեր, ստեղծելով շենքերի մանրամասների էսքիզներ։ Շարամբեյանն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանի, Երևանի փայտարվեստի թանգարանի և մի շարք այլ մշակութային կենտրոնների ստեղծման գործում։ Իր գործունեության համար նա պարգևատրվել է ԽՍՀՄ և արտասահմանյան երկրների պատվոգրերով և մեդալներով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարիչ Հովհաննես Շարամբեյանը ծնվել է 1926 թվականի օգոստոսի 17–ին, Երևանում՝ Վանից գաղթած հոր և երևանցի մոր ընտանիքում։ Ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը (1945 թ.), այնուհետև սովորել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում (1945-1951 թթ.)։ 1947 թվականին Դիլիջանում հիմնադրել է նկարչական ստուդիա (1970 թվականից՝ նկարչական դպրոց), 1958 թվականին՝ Դիլիջանի երկրագիտական թանգարանին կից կիրառական արվեստի թանգարանը (1979 թվականից՝ Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանի մասնաճյուղ)։ 1978–1986 թվականներին եղել է Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանի տնօրենը[2]։ Հովհաննես Շարամբեյանի անվամբ են կոչվում Երևանի Ժողովրդական ստեղծագործության կենտրոնը, Դիլիջանի գեղարվեստի դպրոցը և իր վերակառուցած Դիլիջանյան հին փողոցը[1]։
-
Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան հին փողոց
-
Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան փողոցի հին տան հայկական գորգերով պատշգամբ
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուն նկարչությունից բացի՝ Հովհաննես Շարամբեյանն ակտիվորեն զբաղվել է մշակութային և հասարակական լայն գործունեությամբ։ Դեռևս ուսանողական տարիներին բուժման նպատակով տեղափոխվում է Դիլիջան, որտեղ 1943 թվականին սկսում է աշխատել Դիլիջանի Հասմիկ Հակոբյանի անվան ժողովրդական թատրոնում՝ որպես գլխավոր նկարիչ։ 1947 թվականին կազմակերպում է Դիլիջանի Ղ. Աղայանի անվան գրադարանին կից գեղարվեստական ստուդիան։ 1953 թվականին Շարամբեյանն առաջին անգամ մասնակցում է հանրապետական ցուցահանդեսի, իսկ 1956 թվականին ընդունվում ԽՍՀՄ նկարիչների միության շարքերը։ Շուտով ընտրվում է ՀԽՍՀ գեղարվեստի ֆոնդի դեկորատիվ կիրառական արվեստի գեղարվեստի խորհրդի նախագահ։
Հովհաննես Շարամբեյանը 1958 թվականին ակտիվորեն մասնակցում է Դիլիջանի երկրագիտական թանգարանին կից գեղարվեստի բաժնի հիմնադրմանը, ինչի արդյունքում թանգարանն այսօր համալրված է հայտնի հայ և արտասահմանյան նկարիչների լավագույն ստեղծագործություններով։ 1960 թվականին Շարամբեյանը նշանակվում է Դիլիջան քաղաքի գլխավոր նկարիչ։ 1967 թվականիկ ընտրվում է Հայաստանի նկարիչների վարչության անդամ, իսկ ՀԽՍՀ Գերագույն Սովետի նախագահության հրամանագրով նրան շնորհվում է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կոչում։ 1973 թվականին ընտրվում է Հայաստանի ժողովրդական արվեստի տան կիրառական արվեստի սեկցիայի նախագահ։
1978 թվականին Հովհաննես Շարամբեյանը նշանակվում է Հայաստանի ժողովրդական ստեղծագործության արվեստի պետական թանգարանի տնօրեն։ 1979 թվականին նրա ղեկավարությամբ հիմնադրվում է Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանը, որի համար հիմք է հանդիսանում իր և Ս. Դավթյանի հավաքածուն, իսկ թանգարանի տարածքի մի մասի համար Շարամբեյանը հատկացնում է բնակարանը։ 1984 թվականին Հովհաննես Շարամբեյանին ԽՍՀՄ Գերագույն Սովետի նախագահության հրամանագրով շնորհվում է Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։
Հովհաննես Շարամբեյանը մեծ աշխատանք է կատարել ժողովրդական արվեստի պահպանման և դրանց զարգացման ուղղությամբ։ Դիլիջանում նա երկար տարիներ եղել է կուլտուրայի և արվեստի ժողովրդական համալսարանի ռեկտոր, հիմնադրել է Հայաստանի պետական ժողովրդական արվեստի թանգարանի Դիլիջանի մասնաճյուղը։
Հովհաննես Շարամբեյանն ավելի քան երեսուն տարի աշխատել է Դիլիջանի հին փողոցի վերականգնման վրա՝ մասնակցելով նախագծմանը, լուծելով կազմակերպչական հարցեր, ստեղծելով շենքերի մանրամասների էսքիզներ։ Նշանակվել է Դիլիջանի պատմամշակութային արգելոց-թանգարանի գլխավոր խորհրդատու։ Շարամբեյանն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել Երևանի փայտարվեստի թանգարանի ստեղծման գործում։ Իր գործունեության համար նա պարգևատրվել է ԽՍՀՄ և արտասահմանյան երկրների պատվոգրերով և մեդալներով[3]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Շարամբեյանը բազմաթիվ կտավների հեղինակ է։ Հայտնի ստեղծագործություններն են՝ «Կոմիտաս», «Մեխակներ», «Երիտասարդ վիրաբույժներ», «Հակոբ բիձայի դիմանկարը», «Դիլիջան», «Մ. Գորկին», «Նվիրում խաչքարին», «Մ. Աբրահամյանի դիմանկարը», «Հին բակ Դիլիջանում», «Հովիվ Պողոսյանի դիմանկարը», «Մեխակներ», «Հիշողություն հին Երևանից», «Կոնդ», «Գյուղական բակ Լճաշենում», «Բուխարեստը իմ պատուհանից», «Մանուշակներ», «Խոր Վիրապ», «Վանի կարպետ», «Մորս հիշատակին», «Դիլիջանյան ծաղիկներ», «Սարերը մայրամուտին», «Աշունը սարերում», «Մակարավանք», «Աշնանային տերևներ», «Հեթանոսական տաճարի ավերակները», «Էջմիածնի հին տները», «Ձնհալ», «Գարուն» և այլն։
Հովհաննես Շարամբեյանը եղել է «Անուշ» ֆիլմի (1983) գլխավոր նկարիչը։
Շարամբեյանի ստեղծագործությունները պահպանվում են Տրետյակովյան պետական պատկերասրահում, Արևելյան ժողովուրդների արվեստի պետական թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Դիլիջանի պատմամշակութային արգելոց-թանգարանի ֆոնդերում, Դիլիջանի երկրագիտական թանգարանում, Վանաձորի պատկերասրահի մասնաճյուղում և բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բուլղարիայում, Փարիզում (Մինաս Ավետիսյան. Քնարիկ Վարդանյան, Հովհաննես Շարամբեյան), Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի սրահում (Գրիգոր Խանջյանի հետ՝ նվիրված Կոմիտասի 100 ամյակին), Հոլանդիայում, ԳՖՀ-ում, Երևանում, Դիլիջանում, Իջևանում, Էջմիածնում և Հայաստանի մի շարք այլ քաղաքներում։
Հիշողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Շարամբեյան Հովհաննես․ Ժողովրդական արվեստի թանգարան. Հայագիտական Հետազոտությունների Ինստիտուտ». Հայագիտական Հետազոտությունների Ինստիտուտ. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Ժողովրդական արվեստի թանգարան. Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II». Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Հովհաննես (Վանիկ) Շարամբեյան». Հովհաննես (Վանիկ) Շարամբեյան. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հովհաննես Շարամբեյան», կատալոգ։ Երևան, 1990 թ.,
- Դանիել Դզնունի, «Հայ կերպարվեստի համառոտ բառարան»։ Երևան, 1977 թ., 378 էջ.,
- «Ով ով է. հայեր», կենսագրական հանրագիտարան, հտ. 2-րդ։ Երևան, 2007 թ.։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հովհաննես Շարամբեյան կատեգորիայում։ |
- Հովհաննես Շարամբեյանը zarkfoundation.com կայքում
- Հովհաննես Շարամբեյանի աշխատանքները Հայաստանի Ազգային պատկերասրահի կայքում
- Հովհաննես Շարամբեյանի մասին պատմող ֆիլմ։ Ֆիլմի հեղինակն է Լիլիթ Դավթյանը, իսկ ռեժիսորը՝ Կարեն Ադամյանը։ «Շողակաթ» ՀԸ, 2008 թ․։
- «Հովհաննես Շարամբեյանի կենսագրություն». sharambeyan.am. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 29-ին.
- Օգոստոսի 18 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Մայիսի 11 մահեր
- 1986 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- ՀԽՍՀ վաստակավոր նկարիչներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Հայ նկարիչներ
- Օգոստոսի 17 ծնունդներ