Ժողովրդական արվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
Թանգարան. Ժողովրդական ստեղծագործության պետական թանգարան, 2015 (1).JPG
Տեսակթանգարան
ԵրկիրՀայաստան
ՏեղագրությունԵրևան և Կենտրոն վարչական շրջան
ՀասցեԱբովյան փող. 64[1]
Հիմնադրված է1978
ՀիմնադիրՀովհաննես Շարամբեյան
ՏնօրենԼուսինե Թորոյան

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան, հիմնադրվել է 1978 թվականին։ Ներկայացնում է ինքնուս վարպետների ձեռքով ստեղծված աշխատանքներ հետևյալ ոլորտներում՝ գորգագործություն և կարպետագործություն, ասեղնագործություն և ժանեկագործություն, մետաղի, փայտի և քարի գեղարվեստական մշակում, խեցեգործություն, գեղանկարչություն։ Թանգարանի հիմնադիրը և առաջին տնօրենն էր Հովհաննես Շարամբեյանը։

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի հավաքածուում առանձնակի տեղ են գրավում սփյուռքահայերի նվիրատվությունները։ Թանգարանի հավաքածուի բացառիկ ցուցանմուշները ցուցադրվել են Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում, Պորտուգալիայում, Հունաստանում, Ավստրիայում, Չինաստանում, Իրանում, Սիրիայում և այլուր։

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանն ունի մասնաճյուղ Դիլիջան քաղաքում։

2020 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ[2] Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանին է միացել Փայտարվեստի թանգարանը, որն այժմ գործում է որպես փայտարվեստի ցուցասրահ Երևան քաղաքի Պարոնյան փողոցում։

Թանգարանի շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդական արվեստների թանգարանի շենքը կառուցվել է 1941 թվականին ճարտարապետ Վարազդատ Արևշատյանի նախագծով։ Թանգարանի ինտերիերի որոշ հատվածներ ձևավորվել են Գրիգոր Խանջյանի էսքիզներով[3]։

Թանգարանի հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդական արվեստների թանգարանը հիմնադրվել է 1978 թվականին ազգագրագետ, բանահավաք Հաբեթնակ Բաբայանի ջանքերով դեռևս 1937 թվականին հիմնադրված Ժողովրդական ստեղծագործության տան ցուցանմուշների հենքի վրա։ Թանգարանի հիմնադրումը տեղի է ունեցել ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և էթնիկ մշակույթի նվիրյալ Հովհաննես Շարամբեյանի ջանքերով՝ ՀՀ մշակույթի նախարարության կողմից[4]։

Թանգարանի հավաքածուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորգագործություն և կարպետագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց ժողովրդական արվեստի համակարգում կարևոր տեղ է գրավում գորգը, որը Հայկական լեռնաշխարհում հայտնի է Ք.ա. 4-3-րդ հազարամյակներից։ Դրա վկայությունը Հայաստանի մի շարք պեղավայրերից հայտնաբերված գորգագործական մշակույթին վերաբերող բազմաբնույթ իրերն են` աշխատանքային գործիքներ ու հարմարանքներ, գործվածքի պատառիկներ, հումքի մնացորդներ և այլն։ Գորգագործական մշակույթը հայոց մեջ հատկապես ծաղկում ապրեց վաղ ու զարգացած միջնադարում` հատկապես արաբական տիրապետության ու Բագրատունիների թագավորության օրոք։ Այդ ժամանակաշրջանում հայկական գորգերը լայն ճանաչում ու հեղինակություն էին ձեռք բերել միջազգային շուկայում։ Այդ տարիների գորգերի տեխնիկական և գեղարվեստական բարձր մակարդակի մասին վկայություններ են թողել 8-12-րդ դարերի հայ և օտար մատենագիրները։ Ուշ միջնադարի գորգերի մասին պատկերացում են տալիս մինչ մեր օրերը պահպանված մի քանի տասնյակ գորգեր, որոնց թվում են 1202 թվականին գործված «Եռախորան» և 1680 թվականին գործված «Գուհար» գորգերը, որոնք ունեն հայատառ արձանագրություն, ինչպես նաև 15-18-րդ դարերով թվագրվող հայկական վիշապագորգերը։ Աշխարհի տարբեր ժողովուրդներ գործվածքի այս տեսակին տեղային անվանումներից բացի տալիս են նաև ընդհանրական «կարպետ» («կապերտ») անունը, որը հուշում է գորգագործական արվեստի հայկական ծագումը։ Հայերը գործվածքի այս տիպին անվանում են նաև «գորգ», «խալի», «բազմակն»։ Հատկանշական է, որ հայերը «կարպետ» անվանում են ոչ խավավոր տիպին։

Հայոց գորգագործական արվեստն ունի լայն աշխարհագրություն։ Այն դասակարգվում է ըստ պատմազգագրական մարզերի` Վասպուրական, Սյունիք, Արցախ, Գուգարք, Բարձր Հայք և այլն, որոնց գեղազարդման արվեստն աչքի է ընկնում բնորոշ առանձնահատկություններով։ Ընդհանուր առմամբ, հայոց գորգերին բնորոշ են բուսանախշ ու կենդանակերպ հորինվածքներն ու զարդերը, որոնք մեծամասամբ ներկայացվում են ոճավորված տեսքով` որպես խորհրդանշան ու ազգային մտածողության արտահայտման և ինֆորմացիայի հողորդման միջոց։ Հայկական գորգերին բնորոշ են նաև հայատառ արձանագրությունները, որոնցում նշված են գործելու տարեթիվը, առիթը, գործողի անունը և այլն։ Գորգերն ու կարպետներն ունեին տարբեր կիրառություններ. կախում էին պատերից, ծածկում փայտե հատակը, նստատեղերը, անկողինները, սնդուկները։ Կարող էին ծառայել որպես վարագույր, միջնորմ, թիկնաբարձի երես և այլն։ Գորգը համարվել է հարստության, շքեղության չափանիշ, այն հարսի օժիտի անբաժանելի մասն էր կազմում կարպետների, խուրջինների, անկողնապարկերի հետ։

Ասեղնագործություն և ժանեկագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ էթնիկ մշակույթի համակարգում յուրահատուկ տեղ է գրավում ասեղնագործությունը։ Այն սիրված զբաղմունք էր Հայաստանի բոլոր գավառաքաղաքներում և գյուղերում։ Գյուղերում այն կանանց առօրյա զբաղմունքներից մեկն էր, իսկ քաղաքներում հասել էր արհեստի աստիճանի, որով զբաղվում էին ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ։ Եկեղեցական ասեղնագործությունը տարբերվում էր ժողովրդական ասեղնագործությունից։ Մետաքսաթել, ոսկեթել եկեղեցական բանվածքները պատկերում էին աստվածաշնչյան սյուժեներ։ Ժողովրդական ասեղնագործությունը, կրելով առօրյա կյանքի ու կենցաղի բնորոշ գծերը, արտահայտում է երկրի տարբեր պատմամշակութային շրջանների առանձնահատկությունները։ 19-րդ դարի երկրորդ կեսին ձևավորվել էին հայկական ասեղնագործության մի քանի դպրոցներ` Վան-Վասպուրականի, Բարձր Հայքի (Շիրակ-Ջավախքի), Փոքր Հայքի, Կիլիկիայի, Այրարատի և Սյունիք-Արցախի։ Այս դպրոցներից յուրաքանչյուրն ուներ ասեղնագործության իր առանձնահատկությունները, որոնք դրսևորվում էին կիրառվող թելերի որակի, զարդանախշերի և կատարման եղանակի մեջ։ Հայկական ասեղնագործությունը բնութագրվում է ավանդական կարատեսակների բազմազանությամբ, որոնցից մի քանիսը ստացել են ծագման, ինչպես նաև տարածման շրջանների կամ քաղաքների անունները՝ Վանի, Մարաշի, Այնթապի և այլն։ Դրանցից շատերը հանդիպում են նաև Հայաստանի այլ շրջաններում, ինչպես նաև գաղթօջախներում։ Բացառություն է կազմում Մարաշի գաղտնակարը, որի կատարման բարդ ընթացքը թույլ չի տվել լայն տարածում ստանալ։ Հայկական ասեղնագործությունն առանձնանում է ինչպես կարատեսակների, այնպես և կարատեսակի համար որպես հիմք օգտագործվող նյութերի բազմազանությամբ` կաշի, կտավ, դիպակ, մետաքս և այլն։

Հայկական ասեղնագործ արվեստն իր ոճով, պատկերագրության ներքին բովանդակությամբ նմանություններ ունի ճարտարապետական կառույցների, խաչքարերի, գերեզմանաքարերի զարդաքանդակների, ինչպես նաև որմնանկարչության և մանրանկարչության զարդանկարային կառուցվածքի և գունային լուծման հետ։ Ասեղնագործ զարդարանքների որոշ տեսակներ մոտենում են ոսկերչության, արծաթագործության արվեստին, հատկապես եթե բանված են զուգաթելի (ֆիլիգրան) տեխնիկայով։ Հայկական ասեղնագործ արվեստի մեջ հանդիպում են երկրաչափական, բուսական, կենդանական, ճարտարապետական, ինչպես նաև երկնային մարմինների զարդանկարներ, պատկերագրություններ[5]։

Ինքնատիպ են ասեղնագործ տարազաձևերը։ Ուշագրավ են Վասպուրականի ու Սասունի, Շատախի, Թիմարի, Հայոց ձորի, Մուշի կանանց ու տղամարդկանց տարազի ասեղնահյուս մասերը։ Առանձնապես շքեղ է Բարձր Հայքի (Շիրակ-Ջավախքի) կանանց տարազը։

Ժանեկագործությունը հայկական կիրառական արվեստի հնագույն և ավանդական ճյուղերից է։ Հայ կանայք և աղջիկները ժանյակ հյուսել են տարբեր գործիքներով՝ կարի սովորական ասեղով, կեռ ասեղով, գուլպայի շյուղերով, փոքր ու մեծ մակույկով, գոբենակով։ Ժանյակները գործվում էին բամբակե, մետաքսե, տարբեր գույների (սպիտակի գերակշռությամբ) և տարբեր ոլորքի` հաստության թելերով։ Ժանյակները հյուսվում էին ինչպես երկար, ժապավենաձև, այնպես էլ՝ տարբեր չափերի ու ձևերի։ Տիրապետելով ժանյակ հյուսելու գրեթե բոլոր եղանակներին, հայ կանայք առավելությունը տվել են ասեղնագործ ժանյակին։ Հայկական ասեղնագործ ժանյակն ինքնատիպ է և տարբերվում է այլ ժողովուրդների նույնանման ստեղծագործություններից։ Այն առանձնանում է կատարման եղանակով, զարդանախշերով, հորինվածքով, որը և անփոփոխ պահպանվել է մինչև մեր օրերը։ Հայկական ասեղնագործ ժանյակի մեջ պահպանվել են բազմաթիվ ավանդական զարդանախշեր՝ արևի նշանը, ութ շեղանկյունաձև պսակաթերթիկներով ծաղիկը կամ աստղածաղիկը, կլոր վարդյակները, եռանկյունիները, ատամներ, սյուներ, կամրջակներ հիշեցնող նախշերի շարքերը։ Վերջիններս որոշակի ռիթմով դասավորվում են համակենտրոն շրջանաձև, էլիպսաձև, քառակուսի, եռանկյունի շերտերի վրա։ Ժանյակ հյուսելու եղանակով գործվել են սփռոցներ, վարագույրներ, ծածկոցներ, տարբեր բոխչաների (տուտկապերի), թաշկինակների, գլխաշորերի երիզներ, ինչպես նաև օձիքներ, զանազան կենցաղային իրեր` սանրամաններ, կոճակի, թաշկինակի գրպանիկներ և այլն։ Ուշադրության արժանի է Բարձր Հայքի կանանց տարազի գլխի հարդարանքի մաս կազմող ճակատազարդը՝ «վարդը», որը հյուսվում էր ասեղով, մետաքսե բազմագույն թելերով, մանրիկ ծաղիկների ու տերևների համակցված նախշերով։ Հետաքրքրություն են ներկայացնում կիլիկիահայ կանանց տարազի շուշան նախշերով, սպիտակ, մետաքսաթել ժանյակ-լանջակալները։ Ժանեկագործությունը տարածված էր Հայաստանի գրեթե բոլոր պատմա-ազգագրական շրջաններում։ 20-րդ դարում ժանեկագործության խոշոր կենտրոններ են համարվել Վան-Վասպուրականը, Բարձր Հայքը (Կարինը, Կարսը, Ալեքսանդրապոլը, Ախալցխան, Ախալքալաքը), Կիլիկիան (Այնթապը, Մարաշը, Ուրֆան), Փոքր Հայքը (Սեբաստիան, Կեսարիան, Արաբկիրը և այլն), Կ.Պոլիսը, Թիֆլիսը։ Հայկական ժանեկագործությունն իր զարդանախշերով և հորինվածքային լուծումներով աղերսներ ունի դեկորատիվ-կիրառական արվեստի այլ ճյուղերի հետ։ Ակնհայտ է ժանյակի ու խաչքարի նմանությունը։ Հորինվածքներում համաչափության պահպանումը, զարդանախշերի հարստությունն ու բազմազանությունը, ոճային միասնականությունը յուրահատուկ գեղեցկություն են հաղորդում հայկական ժանյակին։

Մետաղի գեղարվեստական մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետաղի գեղարվեստական մշակումը հայկական ժողովրդական արվեստի հնագույն և ավանդական ճյուղերից է։ Դեռ վաղ ժամանակներից դարբնության հիմքի վրա առաջացել են պղնձագործությունը, արծաթագործությունը, ոսկերչությունը։ Մետաղի գեղարվեստական մշակումը լայն տարածում է ստացել միջնադարում՝ կապված կրոնական-եկեղեցական մասունքների և ձեռագիր մատյանների հետ։ Այն առավել մեծ ծավալ է ստանում 17-19-րդ դարերում։ Հայաստանի խոշոր քաղաքներ Վանը, Բիթլիսը, Ախալցխան, Ալեքսանդրապոլը դառնում են մետաղի մշակման նշանավոր կենտրոններ։ Այս կենտրոններում ստեղծվում և այստեղից էլ տարբեր երկրներ էին արտահանվում ինչպես եկեղեցական իրեր (սկիհներ, գավաթներ, բուրվառներ, մոմակալներ) այնպես էլ տարբեր մետաղներից պատրաստված կիրառական նշանակության առարկաներ (կաթսաներ, սափորներ, սկուտեղներ) և կանանց զարդեր։ Ժողովրդական վարպետները կիրառում էին մետաղի մշակման ավանդական եղանակներ՝ կռում, ձուլում, դրվագում, փորագրում, զուգաթել։ Իրերն ագուցվում էին կիսաթանկարժեք քարերով։ Տարբեր բնակավայրերում ստեղծված նմուշներն առանձնանում էին իրենց ինքնատիպությամբ։ Մետաղի գեղարվեստական մշակումը լայն տարածում ստացավ խորհրդային տարիներին։ Հայկական կիրառական արվեստի այս ոլորտի լավագույն ավանդույթները ժառանգեցին 20-րդ դարի հայ վարպետները՝ Վահան և Գաբրիել Հացագործյանները, Հրաչիկ Ստեփանյանը, Արծրուն Բերբերյանը, Ժիրայր Չուլոյանը, Գուրգեն Թորոսյանը, ինչպես նաև երիտասարդ սերնդի ներկայացուցիչները։ Պահպանելով ավագ սերնդի վարպետների ավանդույթները՝ նրանք արարեցին նոր հորինվածքներ, նոր զարդամոտիվներ։ Մեր օրերի վարպետների ստեղծագործություններում ակնհայտ է կապը ավանդականի և ժամանակակցի միջև։

Փայտի գեղարվեստական մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի տարածքում փայտի գեղարվեստական փորագրության մշակույթը եղել է դեռևս Վանի թագավորության ժամանակ, որի օրինակները գտնվել են Կարմիր բլուրում[6]։ Հայաստանի հեթանոսական տաճարներում գոյություն են ունեցել փայտե քանդակներ, որի մասին վկայում է Ագաթանգեղոսը։ Միջին դարերից հայկական փայտի գեղարվեստական փորագրության բացառիկ օրինակներ են պահպանվել. դրանք հիմնականում եկեղեցիների դռներ են, սյուների խոյակներ, որոնք, կապված լինելով ճարտարապետական կոթողի հետ, պատսպարվել են նրա տակ։ Լավ են պահպանվել նաև մի քանի գրակալներ։ Կենցաղային իրերը պահպանվել են ավելի ուշ շրջանից՝ 18-րդ դարից։ Որոշ իրեր ժառանգաբար անցել են սերնդեսերունդ` քանդակազարդ գդալներ, գործիքամաններ, հավանգներ ու գուլպայի կաղապարներ, իսկ որոշ իրեր կապված են հավատալիքների հետ, օրինակ՝ դաղդղանները[7]։

Դաղդղանն ունի չարխափան նշանակություն։ Այն լայն կիրառություն է ունեցել ժողովրդի կյանքում։ Տան համար մեծ դաղդղաններ են կիրառել, որոնք հիմնականում կախում էին մուտքի մոտ կամ ներսում՝ կենտրոնական սյան վրա, երևացող մի տեղում։ Պատրաստում էին նաև մարդկանց, կենդանիների համար. օրինակ՝ նորածինների օրորոցներից ու դաստակից էին կախում, ամրացնում փոքրիկի գլխաշորին կամ բարձին։ Շատ տարածված էր խոշոր եղջերավոր անասունների վզից կամ պոզից դաղդղան կախելը։ Այն կիրառվել է նաև կահ-կարասու համար։ Դաղդղան պատրաստելու համար սովորաբար սրբազան համարվող ծառերի փայտանյութ էին օգտագործում՝ ընկուզենու, կաղնու, բայց նաև հաճարենու, պտղատու տարբեր ծառերի։ Ըստ ձևերի` դաղդղանները բազմաթիվ տեսակների են. լուսնաձև, խոյակերպ, եռանկյունաձև։ Երկարավունները, որ կախվում են ուլունքաշարով, օգտագործել են այն դեպքում, երբ երեխա չեն ունեցել։ Նորածինների համար նախատեսվածները փոքրիկ են, հիմնականում գլանաձև, խորանարդաձև կամ քառակուսի տափակ։ Փորագրված նախշերը հիմնականում արևի, հավերժության, ջրի խորհրդանշաններ են։ Ամենաշատը հանդիպում են վարդյակներ՝ վեցից մինչև ութ թևանի, կեռխաչ, հավերժության նախշ, տերևներ ու եռանկյուններ, երբեմն նաև խաչեր[8]։

Գեղարվեստական փայտափորագրման մի ճյուղն էլ դաջերի պատրաստումն է։ Դաջը (դրոշմ, տիպ, կաղապար) պատրաստվում էր փայտի ամուր տեսակներից՝ սամշիտ, ընկուզենի, ծիրանենի, տանձենի և այլն։ Դաջի փորագրությունից է կախված դաջազարդության որակը. որքան մաքուր են փորագրված նախշերը, ամեն մի գիծը, կետը, այնքան լավ են գործվածքի վրա ստացվում նկարները։ Եկեղեցիներում գործածվում էին փայտյա փորագրված դրոշմներ նշխարի համար. դրոշմի վրա փորագրվել է որևէ պատկեր՝ կապված Քրիստոսի հետ[9]։

Ժողովրդական արվեստների թանգարանում ներկայացված են 19-20-րդ դարերի հայ վարպետների ստեղծագործություններից՝ դաղդղաններ, դաջեր, գաթանախշիչներ, թռչնակերպ աղամաններ, գդալներ և գդալնոցներ, հավանգներ, սկահակներ, գրակալներ և այլն։

Թանգարանի հավաքածուում ուշագրավ են ճանաչված ժողովրդական վարպետ Սահակ Սահակյանի աշխատանքները։ Նա մասնակցել է հանրապետական, միութենական, համաշխարհային բազմաթիվ ցուցահանդեսների, արժանացել ոսկե, արծաթե, բրոնզե մեդալների ու պատվոգրերի։ Բացի փայտից, վարպետն աշխատել է բազմապիսի այլ նյութերով՝ կավ, շամոտ, մետաղ, յուղաներկ, տեմպերա, գործվածք, կաշի[10]։

Քարի գեղարվեստական մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարի տարբեր տեսակներով հարուստ Հայաստանում ստեղծագործող վարպետները անգերազանցելի հմտությամբ են մշակում բազալտը, գրանիտն ու մարմարը։ Մշակված քարը երբեմն ասեղնագործ է թվում։

Ժողովրդական արվեստների թանգարանում պահվում են քարարվեստի յուրատիպ նմուշներ։ Ներկայացված վարպետների շարքում առանձին տեղ է գրավում քանդակագործ, ժողովրդական վարպետ Արտաշես Պետրոսյանը։ Նրա աշխատանքները՝ մանրակերտ հորինվածքներ, մոնումենտալ կառուցվածքներ, արժևորվում են պատմական թեմատիկայով։ Հավաքածուում առանձնանում են Դավիթ Արբաշյանի սկահակը՝ պատրաստված մարմարից, մանրահյուսված արծաթով, Հարություն Պողոսյանի «Հայաստան» կոչվող սկահակը՝ պատրաստված գլաքարից, բնական մարմարի բազմապիսի գույներով՝ Հրաչիկ Ստեփանյանի, Խորեն Սահակյանի, Պողոս Ալաչյանի «Նատյուրմորտ» խորագիրը կրող սկուտեղը։

Խեցեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ միջնադարյան գեղարվեստական մշակույթում պահպանված նյութական հուշարձանների շարքում մեծաքանակ են խեցեգործության իրերն իրենց բազմապիսի նպատակային բնույթով և ձևերով։ Խեցեղենի հավաքածուներում առկա են մեծ թվով կենդանապատկեր կավանոթներ, թռչնակերպ խորաններ, լուսանցազարդեր։ Առանձին խումբ է կազմում մարդկանց պատկերներով խեցեղենը։

Ժողովրդական արվեստների թանգարանում ներկայացված խեցեգործ վարպետների շարքում են Հրանտ Բաղդագուլյանը, Սամսոն Ճաշարյանը, Սահակ Սահակյանը, Բագրատ Խոջոյանը, Հենրիկ Սոլախյանը, Հենրիկ Պետրոսյանը։

Խեցեղեն հավաքածուն ընդգրկում է կանացիակերպ աղամաններ, խնոցի, կարասներ, մոմակալներ, սափորներ, քրեղաններ, խաչեր և կենցաղային այլ առարկաներ։

Գեղանկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդական արվեստների թանգարանի ֆոնդերում պահվում է ինքնուս նկարիչների՝ 20-րդ դարի կեսերին ստեղծած հարուստ հավաքածու։

2021 թվականին թանգարանն առաջին անգամ՝ հատուկ Կանանց տոնի կապակցությամբ, «Երբ արարում է կինը» խորագրի ներքո առցանց ձևաչափով հանրությանը ներկայացրեց ինքնուս կին նկարիչների աշխատանքները[11]։

Պատկերաստահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդական վարպետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը, իրականացնելով ՀՀ ԿԳՄՍՆ կողմից տրված առաքելությունը, ամեն տարի «Ժողովրդական վարպետ»-ի վկայականներ է հանձնում հայտ ներկայացրած, դեկորատիվ-կիրառական արվեստի տարբեր ոլորտներում ստեղծագործող այն ինքնուս վարպետներին, որոնք ընտրվում են Գեղարվեստական խորհրդի նիստի արդյունքում։

Թանգարանը 2021 թվականին Շողակաթ հեռուստաընկերության հետ համատեղ սկսել է հեռուստատեսային նոր նախագիծ՝ շարք, որը պատմում է վարպետների մասին։ Առաջին թողարկումը նվիրված էր Արծրուն Բերբերյանին[12]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Monuments database — 2017.
  2. «ՀՀ կառավարության 2020 թվականի փետրվարի 13-ի N168-Ն որոշում» 
  3. Գրիգոր Խանջյան․ Պատկերից անդին, երկլեզու կատալոգ։ Եր․: Գաֆէսճեան թանգարան հիմնադրամ։ 2016։ էջեր 60–63։ ISBN 978-9939-9121-9-6 
  4. Ավետիսյան Էսմա (2011)։ Հայկական ժողովրդական արվեստի և Հովհաննես Շարամբեյանի անվան թանգարանի պատմությունից։ Երևան: Զանգակ-97։ էջեր 43–47։ ISBN 978-99941-1-936-3 
  5. Դավթյան Սերիկ (1972)։ Հայկական ասեղնագործություն։ Երևան: «Հայկական ՍՍՀ ԳԱ»։ էջեր 7–10 
  6. Пиотровский Б. Б. (1950)։ Кармир-Блур. Т. I։ Ер.։ էջ 35 
  7. Ղազարյան Մանյա (1989)։ Փայտի գեղարվեստական փորագրությունը Հայաստանում։ Երևան: «Խորհրդային գրող»։ էջ 7 
  8. «Դաղդղան` չարը խափանող փայտարվեստը»։ www.mediamax.am։ Ապրիլ 29, 2017 
  9. Դավթյան Սերիկ (1981)։ Դրվագներ հայկական միջնադարյան կիրառական արվեստի պատմության։ Երևան: «Հայկական ՍՍՀ ԳԱ»։ էջեր 156–157 
  10. Այվազյան Մարիամ (1987)։ Սահակ Սահակյան։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 3 
  11. ««Երբ արարում է կինը». Ժողովրդական արվեստների թանգարանում ներկայացվում է նաիվ (ինքնուս) նկարիչների հավաքածուն»։ www.erit.am։ 19 Մարտ 2021 
  12. «Արծրուն Բերբերյան Վանեցի»։ www.shoghakat.am 


Garni.jpg Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/77