Jump to content

Փորագրություն մետաղի վրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փորագրություն մետաղի վրա (ֆր.՝ gravure՝ graver բառից — հատել), գրաֆիկական արվեստի տեսակ[1]։ Մետաղի վրա փորագրությունը լինում է էլեկտրամեխանիկական, ձեռքի, լազերային։ Հայտնի են նաև փորագրանկարներ քարի, սրի, նետերի սայրերի վրա։ Մետաղի վրա փորագրությունն առաջին անգամ ներկայացվել է 1792 թվականին, ամերիկացի Ջեյքոբ Փերքինսի (1766–1849) կողմից, թղթադրամների տպագրության համար[2]։

Մետաղի վրա փորագրությունը գրավյուրի ամենատարածված տեսակներից է։ Տեխնիկան աշխատատար է։ Մետաղը (հիմնականում՝ ցինկ, պղինձ կամ պողպատ) ծածկում են թթվադիմացկուն լաքի շերտով (գումմիարաբիկ), ապա նկարը փակցնում մետաղին և փորում ասեղով։ Այնուհետև ուրվագծվում է պատկերը այնպես, որ փորագրաասեղը, լաքը քերծելով, հասնի մետաղին[3]։ Հետո տախտակը այրում են թթվով, որը ներգործում է միայն քերծված տեղերի վրա։ Տարբեր խորությունների ստացման համար տախտակի այն հատվածները, որոնք դրոշմվածքում պետք է ավելի թույլ լինեն, նորից են լաքապատում։ Մի անգամ ևս թթվով քայքայելով տախտակը` այն գծերը, որոնք լաքով պատված չեն, բնականաբար ավելի ցայտուն են դառնում։ Դա կարելի է կրկնել մի քանի անգամ, մինչև որ տախտակի վրա ստացվի ցանկալի արդյունք։ Քայքայելուց հետո տաք ջրով մաքրում են լաքը և նկարը պատրաստում տպագրման։ Տպագրության ժամանակ ներկը մետաղից անցնում է թղթին։ Այս կերպ օֆորտը համարվում է խորը տպագրության ձևերից մեկը։ Հաճախ օգտագործվում են տարբեր միջոցներ, որոնք նկարին հաղորդում են տոնային լուծումներ (կանիֆոլ` եղևնու յուղ)։ Ամենատարածված մետաղը ցինկն է, որի կիրառությունը հարմարավետ է նրանով, որ հեշտ է քայքայվում ազոտական թթվով, տալիս է տոնային բազմազանությամբ նկարչական տպագրություններ[4]։ Նպատակահարմար է օգտագործել 1.5-3 մմ հաստությամբ թղթեր։

Մետաղի վրա փորագրության տարատեսակներն են.

Այս տեխնիկան առաջացել է 15-րդ դարի կեսերին և միանգամից բավականին մեծ տարածում գտել։ Այն կիրառվում է մեր օրերում ևս։ Նկարը մետաղի վրա փորագրվում է չոր ասեղով՝ որտեղից էլ գալիս է տեխնիկայի անվանումը կամ ալմաստի բյուրեղով։ Ասեղը հեշտությամբ է փորում այն հատվածները, որոնք դանակն ամբողջությամբ չի փորում։ Չոր ասեղի գծերը խորը և ծավալային չեն։ Ի տարբերություն օֆորտի` այստեղ դրանք շատ ազատ չեն, սակայն հատիչին գերազանցում են։ Գծերի վերջավորությունները հիմնականում սուր են, քանի որ տարված են ասեղով։ Չոր ասեղի տեխնիկան առավելապես օգտագործել են Դյուրերն ու Ռեմբրանդտը։ Հայ կերպարվեստում չոր ասեղի տեխնիկան օգտագործել են Էդգար Շահինը[5] («Ադա», «Աճպարար», «Անգործը») և Տիգրան Փոլատը («Փարիզի Էդգար Քինեի շուկան», «Պոլ Վեռլեն», «Շարպոնի դաշտը»)[6][7]։

Կետախածագծում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է 15-րդ դարի վերջից։ Ինչպես մատիտի տեխնիկան, սա ևս կիսով չափ հանդիսանում է հատիչային գրավյուրի, կիսով չափ օֆորտի տարատեսակ։ Աշխատանքի առաջին էտապն իրականանում է օֆորտի գրունտի, իսկ քայքայումից հետո` անմիջապես տախտակի վրա։ Նկարը կառուցվում է տարբեր խորություններով։ Նկարը կազմված է հստակ գծերից, որոնք երբեմն եռանկյունաձև են, երբեմն` անկյունային։ Գունավոր տպագրություններն արվում են մեկ տախտակից։

Մմեցցո-տինտո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջացել է 17-րդ դարում։ Առանձնահատկությունը «թավշյա», լույսի անցումներով լի, բայց քիչ քանակությամբ տպագրություններ տալն է։ Լուսային և տոնային անցումները կտրուկ չեն, մի տոնը ձուլված է մյուսին, տարորոշվում է աստիճանաբար։ Գունավոր նկարը տպագրվում է մեկ մետաղյա տախտակից։ Յուրաքանչյուր տպագրությունից հետո մետաղը ներկվում է նորից։ Այս տեխնիկան առաջին անգամ փորձել է Գերմանիայում ստեղծագործող հոլանդացի նկարիչ Լյուդվիգ Վոն Զիգենը՝ 1642 թվական։

Հայ նկարիչներից իր փորագրություններում մեցցո-տինտոն շատ է օգտագործել Հակոբ Կոջոյանը («Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի պարտիտուրայի ֆորզացը»)։

Հատիչ կամ գրավյուր հատիչով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա մետաղի վրա փորագրության ամենահին տեխնիկաներից է, որի ժամանակ նկարը դնում են մետաղի վրա (ավելի հաճախ` պղնձի) և փորագրում սուր, կտրող գործիքով` հատիչով։ Ապա մետաղը մանրակրկիտ մաքրում են առաջացած փոշուց, ներկում լաքով այնպես, որ լաքը լցվի խորը փորված հատվածների մեջ։ Նկարի հարթ մասերից ներկը մաքրում են և տպագրում։ Այս կերպ տեխնիկան դասվում է խորը տպագրության դասին։ Տեխնիկայի հիմքում ընկած են արհեստները, մասնավորապես մետաղյա իրերի վրա զարդանախշեր փորագրելը։ Հիմնականում սա հուշանվերների, զարդերի և զենքերի պատրաստման ոլորտում է կիրառվում։ Այս տեխնիկան օգտագործել են Մ. Շոնգաուերը և Ա. Դյուրերը՝ («Քրիստոսի չարչարանքը» սյուիտը, «Ադամի և Եվայի արտաքսումը դրախտից», «Մելանխոլիա») Գերմանիայում, Ա. Մանտենյան և Մ. Ռայմոնդին՝ Իտալիայում, Լ. Լեյդենսկին՝ Նիդերլանդներում, Վորտման Ալբերտը՝ Ռուսաստանում (Եկատերինա I-ի դիմանկարը), Հովհաննես Քաթանյանը` Հայաստանում («Ուգոլինոյի մահը») և այլ նկարիչներ։

Այս տեխնիկայում փորագրողի աշխատանքային պրոցեսը, որի ընթացքում տախտակի առանցքի շուրջն է պտտվում հատիչը, համընկնում է նույն նկարչի կամ տպագրողի աշխատանքի հետ։ Այսինքն, նկարիչը, փորագրողն ու տպագրողը հատիչի տեխնիկայի դեպքում միևնույն մարդն են և նրանք բոլորն էլ աշխատում են հատիչով ստեղծված նույն նկարի վրա։ Հիմնականում նկարելու համար ընտրվում են այնպիսի առարկաներ կամ պատկերներ, որոնք նկարելիս առավելագույնս հնարավոր է ցույց տալ հատիչի հնարավորությունները։ Հատիչով արված նկարի կետերն ունենում են եռանկյունու տեսք, քանի որ ստացվում են գործիքի ծայրով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Jánská P, 2010, s. 20
  2. Giuseppe Longhi, «La calcografia propriamente detta: ossia L'arte d'incidere in rame coll'acqua-forte, col bulino e colla punta ; ragionamenti letti nelle adunanze dell'I. R. Istituto di scienze, lettere ed arti del regno Lombardo-Veneto ... Volume 1. Concernente la teorica dell'arte». Stamperia Reale. 1830 թ․ հունվարի 1. Վերցված է 016-08-16-ին.
  3. Krejča A, 1981, s. 74
  4. Gascoigne, 55 h
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  6. Տիգրան Փոլատի ստեղծագործությունները Հայաստանի ազգային պատկերասրահում
  7. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]