«Մելանխոլիա» (գերմ.՝ Melencolia I), գերմանացի նկարիչ Ալբրեխտ Դյուրերի փորագրությունը։ Ավարտել է 1514 թվականին։ Սա Դյուրերի ամենախորհրդավոր աշխատանքներից է, աչքի է ընկնում մտքերի բարդությամբ և խորությամբ, խորհրդանիշների առատությամբ։
Փորագրության բնօրինակի չափերն են 23,9 × 18,8 սմ։
Սա Դյուրերի երեք գրաֆիկական էջերից մեկն է, որոնք արվեստի պատմության մեջ հայտնի են «Վարպետաց փորագրություններ» անվամբ։ Դրանց մեջ մտնում են հետևյալ ստեղծագործությունները` «Ասպետ, մահ և սատանա», «Սուրբ Հիերոնիմը խցում» և «Մելանխոլիա I»:
Առջևի պլանում թևավոր Գենին է, ով նստած ակնապիշ հայացքով նայում է։ Ծաղկեպասկով զարդարված գլուխը հենել է ձախ ձեռքին։ Ծնկներին դրված է գիրք, իսկ աջ ձեռքում կարկին է։ Գոտու վրա ամրացված են բանալիներ և երկու քսակ։
Աղորիքի վրա նստած է Պուտտոն։ Տղան թևեր ունի, ներկայացված է բարոկկո և Վերածննդի ոճով։ Խորհրդանշում է երկրային կամ հրեշտակային ոգու նախակարապետին։ Ստիլոսով գրում է մոմե տախտակի վրա։
Կենտրոնական կերպարի շուրջը քաոսային ձևով լցված են մուրճ, ունելիք, մեխեր, սղոց, ռանդա, քանոն և այլ գործիքներ։
Երկնքում երևում է ծիածան, իսկ հորիզոնի ներքևի մասում` պայծառ արևը, որը լուսավորում է նավահանգստային քաղաքը։ Մի թևավոր էակ պահում է փորագրության անունը կրող առարկա։
Գունդ և բազմանիստ, կողմնային կողերը հանդիսանում են երկու ճիշտ եռանկյուն և վեց անհամաչափ հնգանկյուն։
Դյուրերն ստեղծել է եվրոպական արվեստում առաջին մոգական քառակուսին 4х4 չափով։ Ցանկացած տողի, սյան, անկյունագծի, ինչպես նաև յուրաքանչյուր քառորդի և կենտրոնական քառակուսու թվերի գումարը հավասար է 34-ի։ Ներքևի շարքի մեջտեղի երկու թվերը ցույց են տալիս փորագրության ստեղծման տարեթիվը (1514)։ Ներքևի շարքի ծայրամասային երկու թվերը համապատասխանում են նկարչի անվան և ազգանվան սկզբնատառերին։
Փորագրությունը պարունակում է մեծ թվով սիմվոլներ, որոնց մի մասը կապված է Սատուրն մոլորակի հետ (մելանխոլիկների հովանավոր մոլորակը)։ Դյուրերի ժամանակաշրջանում առանձնացնում էին մելանխոլիկների երեք տեսակ. առաջին խմբին պատկանում էին հարուստ երևակայություն ունեցողները` նկարիչները, պոետները, արհեստավորները։ Երկրորդ խմբում ընդգրկված էին այն մարդիկ, ում բանականությունը գերիշխում էր զգացմունքներին` գիտնականները, պետական գործիչները։ Երրորդ խմբին պատկանողներն ունեին հարուստ ինտուիցիա` աստվածաբանները և փիլիսոփաները։ Քանի որ Դյուրերը նկարիչ էր, իրեն դասում էր մելանխոլիկների առաջին խմբին, որի մասին վկայում է նաև փորագրության վրայի գրությունը` «MELENCOLIA I»[20]:
Արվեստագետ Ցեցիլյա Նեսսելշտրաուսն այսպես է մեկնաբանել այս փորագրությունը.
...Մեր առջև ծովափ է, ջրի անսահմանություն և կիսախավար երկինք` հատված ծիածանով և գիսաստղի շողերով։ Առաջին պլանում` այս ու այն կողմ դրված գործիքների միջավայրում, գլուխը ձեռքին հենած և մտամոլոր նստած է թևավոր կինը։ Ձեռքին կարկին կա, իսկ գոտուն ամրացված են բանալիներ և քսակ։ Քիչ հեռու` գետնի վրա, դրված է փայտե գնդակ, ավելի հեռվում երևում է քարե մեծ բազմանկյուն։ Կնոջ հետևում մռայլ դեմքով տղան տախտակի վրա մեծ դժվարությամբ ինչ-որ բան է գրում։ Կողքին կծկվել է շունը։ Աջ կողմում երևում է քարե շինություն, որը, ըստ երևույթին, անավարտ է, քանի որ նրան է հենած փայտե աստիճան։ Շինության պատերից կախված է ավազի ժամացույց, կշեռք, զանգ և մոգական քառակուսի։ Երկնքում` գիսաստղի շողերի մեջ, թևերը տարածել է հսկայական չղջիկը։ Նրա թևերին նկատելի է «MELENCOLIA I» գրառումը (…): Անմիջապես զգալով, որ թևավոր կնոջը պատել են կասկածը և դժգոհությունը, դիտողը, սակայն, տարբեր ակնարկների պատճառով հայտնվում է փակուղում։ Ինչու է Մելանխոլիան պատկերված թևերով, ինչ է նշանակում նրա անգործությունը, ով է հետևում պատկերված տղան, որն է մոգական քառակուսու նշանակությունը, ինչու են գործիքները թափթփված, որն է «I» թվի իմաստը։
Արվեստագետ Պաոլա Վոլկովան փորագրության մեջ տեսնում է Դյուրերի ինքնանկարը և այն բաժանում երեք մասի։ Առաջինը արհեստի հետ կապված մակարդակն է, որին պատկանում են տարբեր գործիքները։ Երկրորդը ինտելեկտուալ ճանաչումն է, երրորդը` անճանաչելին և աստվածայինը։ Այս մակարդակները նկարչի ներաշխարհի արտացոլումն են։ Նկարում հրեշտակը հենց Դյուրերն է։ Նրա ձեռքի կարկինը վկայում է, որ չնայած հրեշտակի անսահմանափակ ազատությանը` ամեն ինչ պետք է լինի սահմանափակ[21]։
Էրնեստո Ֆրեսեսն իր "Համաշխարհային արվեստի գլուխգործոցների թաքնված ուղերձները" գրքում նշում է, որ "Մեխանխոլիա II" այդպես էլ չեղավ, և փաստեր չկան, որ Դյուրերը ներդրել է այդպիսի իմաստ։ Նա ենթադրում է, որ "I"-ը թիվ չէ, այլ լատինական այբուբենի I տառն է, ընդ որում, ոչ թե միայն տառ է, այլ բառ` երկրորդ դեմքի եզակի թվի տեսքով, որը նշանակում է «հեռացիր»։ Այդ կերպ խոսքը ոչ միայն մեխանխոլիայի այլակերպ պատկերի մասին է, այլև կախարդական աղերսի` կոչված ջնջելու այն նկարչի հոգուց։
Դեն Բրաունի«Կորուսյալ խորհրդանշան» գրքում պրոֆեսոր Ռոբերտ Լենգդոնը մասսոնական բուրգի առեղծվածը փորձում է բացատրել «Մելանխոլիա»-յի հետին պլանում պատկերված մոգական քառակուսու միջոցով։
Ֆրանսիացի գրող Անրի Լյովենբրյուկի «Դարերի կտակը» գրքի գլխավոր հերոսները փորձում են վերծանել «Մելանխոլիա» փորագրության թաքնված ուղերձը։