Ասպետ, մահ և սատանա (գերմ.՝ Ritter, Tod und Teufel), Ալբրեխտ Դյուրերի երեք նշանավոր փորագրանկարներից մեկը, որ «Մելանխոլիա» և «Սուրբ Հիերոնիմը խցում» փորագրությունների հետ մտնում է այսպես կոչված «վարպետաց փորագրությունների» մեջ։ Ստեղծվել է 1513 թվականին[12]։
Փորագրության մեջ պատկերված է նեղ կիրճում գտնվող քրիստոնյա ասպետ, ով սպառազինված է զենք ու զրահով։ Նրան ուղեկցում են խոզի դնչով սատանան և ձի հեծած մահը։ Վերջինս ձեռքերում ունի ավազի ժամացույց, ինչն ասպետին հիշեցնում է կյանքի անցողիկության և նրա գործադրած ջանքերի ապարդյուն լինելու մասին[13]։ Սատանան ասպետի շնչին նստած հետևում է նրան` պատրաստ լինելով օգտվելու նրա յուրաքանչյուր սխալից։ Սակայն հեծյալը առաջ է ընթանում նեղ կիրճով` հեգնաբար անտեսելով իր ուղեկիցներին։ Ասպետը գիտակցում է վտանգը, բայց պահում է սառնասրտությունը. դա հաճախ դիտարկվել է որպես արժանապատվության ու առնականության խորհրդանիշ։
Մահը, սատանան և բնապատկերը ներկայացված են Հյուսիսային վերածննդի մռայլ գույներով։ Երկու կերպարներն էլ սպառնում են ասպետին, ով ուղիղ և փոխաբերական առումներով զինված է և պաշտպանված իր հավատի զրահներով։ Ինչպես կարծում է պատմաբանների մեծամասնությունը, սա կապված է հոլանդացի հումանիստ, աստվածաբան Էրազմ Ռոտերդամցու «Քրիստոնյա մարտիկի զենքը» («Enchiridion militis Christiani») աշխատության հետ[14]։ Փորագրությունը կարող է վերաբերել նաև 22:4 սաղմոսին.
Եթե ես անցնեմ նույնիկ մահվան հովտով, չեմ վախենա չարից, քանի որ Դու ինձ հետ ես, Քո գավազանը հանգստացնում է ինձ[15]։
Սանկտ Պետերբուրգում` Ալեքսանդրյան այգում, տեղադրվել է բրոնզե կոմպոզիցիա, որ ներկայացնում է Դյուրերի փորագրության կերպարներին` ներառյալ ասպետի կողքից վազող շունը։
↑Along with St. Jerome in his Study and Melencolia I, both 1514
↑"Albrecht Dürer: The Master Prints". Herbert F. Johnson Museum of Art, Cornell University. Retrieved 20 December 2015
↑"Knight, Death, and the Devil, 1513–14". MoMA. Retrieved June 12, 2010
↑"Albrecht Dürer, Knight, Death and the Devil, a copperplate engraving". British Museum. Archived from the original on 2014-11-08. Retrieved June 12, 2010.
Brion, Marcel. Dürer. London: Thames and Hudson, 1960.
Getlein, Dorothy & Getlein, Dorothy V. The Bite of the Print: Satire and Irony in Woodcuts, Engravings, Etchings, Lithographs and Serigraphs. New York: C. N. Potter, 1963
Nürnberg, Verlag Hans Carl. Dürer in Dublin: Engravings and woodcuts of Albrecht Dürer. Chester Beatty Library, 1983
Panofsky, Erwin. The life and art of Albrecht Durer. Princeton University Press, 1945
Stites, Raymond. The Arts and Man. New York; London: Whittlesey House, McGraw-hill Book Company, Inc., 1940
Anzelewsky, Fedja.Albrecht Dürer. Werk und Wirkung (Erlangen 1988)