Արվեստի ազգային պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արվեստի ազգային պատկերասրահ
անգլ.՝ National Gallery of Art
NatGal.jpg
Տեսակ պատկերասրահ
Երկիր ԱՄՆ
Տեղագրություն Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան
Վայր Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան
Ղեկավարության նստավայր Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հիմնադրված է 24 մարտ, 1937
Հիմնադիր Էնդրյու Ուիլյամ Մելոն
Այցելուներ 4.200.000 (2012)
Տնօրեն Էրլ Ա. Պաուել
Կոորդինատներ: 38°53′29.292″ հս․ լ. 77°1′12.036″ ամ. ե. / 38.89147000° հս․. լ. 77.02001000° ավ. ե. / 38.89147000; 77.02001000
Կայք nga.gov
Արվեստի ազգային պատկերասրահը գտնվում է ԱՄՆում
Արվեստի ազգային պատկերասրահ
National Gallery of Art Վիքիպահեստում

Արվեստի ազգային պատկերասրահ (անգլ.՝ National Gallery of Art), գեղարվեստի թանգարան Վաշինգտոնում (ԱՄՆ)։ Թանգարանում պահվում է արվեստի գործերի՝ աշխարհի լավագույն հավաքածուներից մեկը։ Թանգարանում ներկայացված են եվրոպական և ամերիկյան վարպետների լավագույն աշխատանքներ՝ նկարներ, քանդակներ, գրաֆիկական աշխատանքներ, լուսանկարներ, դեկորատիվ-կիրառական արվեստի գործեր։ Պատկերասրահը աշխարհի՝ ամենաշատ այցելություններ ունեցող տասը թանգարաններից մեկն է[1]:

Հավաքածուն ընդգրկում է 1.200 կտավ։ Այն իտալական վերածննդի, հոլանդական և իսպանական բարոկկոյի լավագույն հավաքածուներից է ողջ աշխարհում։ Ամերիկյան կառավարությունը պատկերասրահին է փոխանցել 20.000 նկար և լուսանկար, որոնք պատկերում են ամերիկյան արհեստներն ու ժողովրդական արվեստը[2]:

Պատկերասրահը հիմնադրվել է 1937 թվականին ԱՄՆ Կոնգրեսի կողմից մի քանի հավաքորդների մասնավոր հավաքածուների հիման վրա։ Այսպես՝ Էնդրյու Ուիլյամ Մելոնը ոչ միայն նվիրեց իր հարուստ հավաքածուն, այլև 10 միլիոն դոլար հատկացրեց շենքի կառուցմանը։ Պատկերասրահի շենքի կառուցումն ավարտվել է 1941 թվականին։ Շենքը կառուցված է նեոդասականության ոճով ճարտարապետ Ջոն Ռասել Պոուպի նախագծով[3][4]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան շենքը շինարարության ավարտից հետո

1920-ական թվականներին ֆինանսիստ և հավաքորդ Էնդրյու Մելոնը սկսեց հավաքել վաղ շրջանի վարպետների նկարներ և քանդակներ՝ երկրում գեղարվեստական ազգային պատկերասրահ ստեղծելու նպատակով։ Հավաքածուի հիմքը կազմում էին խորհրդային իշխանությունների կողմից Էրմիտաժից վաճառված գործերը։ Մելոնի մահից հետո՝ 1937 թվականի մարտի 24-ին, Կոնգրեսի երկու պալատների որոշմամբ հավաքածուի և գումարային միջոցների հիման վրա ստեղծվում է պատկերասրահը[5]:

Ճարտարապետ Ջոն Պոուպի նախագծած շենքի շինարարությունն ավարտվում է 1941 թվականին։ Բացումը կատարվում է 1941 թվականի մարտի 17-ին նախագահ Ֆ. Ռուզվելտի կողմից։ Այդ պահին այն աշխարհում ամենամեծ շինությունն էր՝ պատրաստված մարմարից: Թանգարանը գտնվում է 6-րդ փողոցի նախկին երկաթուղային կայարանի տեղում, որը հայտնի է նրանով, որ 1881 թվականին այնտեղ մահացու վիրավորվել է ԱՄՆ 20-րդ նախագահ Ջեյմս Գարֆիլդը:

Պատկերասրահի արևելյան շենք

Ինչպես և ենթադրում էր Մելոնը, ազգային պատկերասրահի հիմնումը առիթ հանդիսացավ, որ շատերը արժեքավոր շատ գործեր փոխանցեն նրան։ Այդպիսի նվիրատվություններ արեցին Պոլ Միլոնը, Սեմուել Քրեսը, Ջոզեֆ Ուայդեները, Լեսինգ Ռոզենվալդը, Էդգար Ուիլյամը և այլք։

1970-ական թվականներին Էնդրյու Մելոնի զավակների՝ Պոլ Մելոնի և Էյլսա Մելոն-Բրյուսի նվիրատվությամբ կառուցվում է պատկերասրահի արևելյան մասնաշենքը, որի կառուցումն ավարտվում է 1978 թվականին (ճարտարապետ՝ Յո Մին Պեյ) և բացվում նույն թվականի հունիսի 1-ին նախագահ Ջիմի Կարտերի կողմից։ Նոր շենքում իրենց տեղն են գտնում ժամանակակից նկարների, քանդակների հավաքածուներ, հիմնվում են նաև ուսումնական և հետազոտական կենտրոններ։

1999 թվականի մայիսի 23-ին համալիրը ամբողջացվում է քանդակների այգիով (անգլ.՝ Sculpture Garden)։ Այն ժամանակակից քանդակների բաց ցուցահանդես է։

Շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքի լուսանկարը արբանյակից

Արվեստի ազգային պատկերասրահն ունի երկու շենք՝ արևելյան (անգլ.՝ East Building) և արևմտյան (անգլ.՝ West Building), որոնք միացված են ստորգետնյա ընդարձակ անցումով։ Արևմտյան շենքը կառուցված է նորդասականության ոճով՝ բացօթյա սյունազարդ տաղավարով և գմբեթով, որ հիշեցնում է Պանթեոնը: Արևելյան շենքը, արևմտյանի խիստ դասական ոճի հետ համեմատած, ունի երկրաչափական ձև. վերևից այն իրար միացված պրիզմաների տեսք ունի։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան շենքի ինտերիեր

Արևմտյան շենքում պահվում են միջնադարից մինչև 19-րդ դարի եվրոպական հեղինակների նկարների հարուստ հավաքածուներ, ինչպես նաև 20-րդ դարի ամերիկյան գեղանկարիչների աշխատանքներ։ Հավաքածուներում ներառված են Յան Վերմեերի, Ռեմբրանդտի, Կլոդ Մոնեի, Վան Գոգի, Լեոնարդո դա Վինչիի աշխատանքները։

Արևելյան շենքում հավաքված են ժամանակակից արվեստի գործեր (սկսած 19-րդ դարի վերջից), այդ թվում՝ Պաբլո Պիկասսոյի, Անրի Մատիսի, Ջեքսոն Պոլլոքի, Էնդի Ուորհոլի, Ռոյ Ֆոքս Լիխտենշտեյնի, Ալեքսանդր Կոլդերի աշխատանքները։ Այս շենքում են գտնվում նաև պատկերասրահի գրասենյակները, հետազոտական կենտրոնները։

Արևմտյան շենքից դեպի արևմուտք՝ 7-րդ փողոցում է գտնվում քանդակների այգին։ 25.000մ² տարածքում գործում է հսկայական շատրվանը (ձմռանը այն վերածվում է սահադաշտի), որը շրջապատված է քարե նստարաններով, քանդակներով։

2014 թվականին պատկերասրահի հավաքածուն հարստացավ սնանկացած Կորկորանա պատկերասրահի 17.000 աշխատանքներով, այդ թվում՝ Դելակրուայի, Դեգայի, Մոնեի, Պիկասսոյի, ամերիկյան ակնառու նկարիչների աշխատանքներով։

Ղեկավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ կառավարությունը ամենամյա հատկացումների միջոցով ֆինանսավորում է պատկերասրահը։ Արվեստի բոլոր գործերը, ինչպես նաև պատկերասրահի հատուկ ծրագրերը ֆինանսավորվում են նվիրատվություններով։ Պատկերասրահը պաշտոնապես չի հանդիսանում Սմիթսոնի ինստիտուտի մաս, բայց մտնում է ինստիտուտի կողմից հսկվող մշակութային 90 հաստատությունների մեջ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Walker J. National Gallery of art. — Washington, N. Y, 1979:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Visitor Figures 2013: Museum and exhibition attendance numbers compiled and analysed, The Art Newspaper, International Edition, Аперль 2014.
  2. National Gallery of Art — Infopease.com (անգլ.)
  3. Национальная галерея искусства // Популярная художественная энциклопедия. Под ред. Полевого В.М.; М.: Издательство «Советская энциклопедия», 1986.
  4. Национальная галерея искусства // Энциклопедический словарь. 2009.
  5. National Gallery of Art — About the NGA (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]