Աղորիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Millstones.jpg

Աղորիք, հացահատիկ, և այլ հատիկներ աղալու հարմարանք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է հին ժամանակներից (վաղ նեոլիթ) և անցել է կատարելագործման մի շարք փուլեր։ Նախնական ձևը կազմված է եղել անողորկ երկու աղացաքարից՝

  • վերինը՝ ավելի փոքր, ուռուցիկ մակերեսով, շրջանաձև (աշխատեցրել են մեկ ձեռքով) կամ ձվաձև, մակույկաձև (աշխատեցրել են երկու ձեռքով), *ներքևինը ունեցել է ավելի մեծ, լայն ու երկարավուն, գոգավոր մակերես։

Ցորենը լցրել են ներքևի քարի վրա և վերինը հետ ու առաջ շարժելով մանրացրել։ Հետագայում ստեղծվել է երկանքը՝ բաղկացած զույգ տափակ, բոլորակ, տաշած քարերից։

Վերին աղացաքարը պտտեցվում էր ձեռքով։ Ավելի ուշ աղացաքարը պտտեցնելու համար սկսեցին օգտագործել ջրի ուժը, հայտնագործվեց ջրաղացը։ Մ. թ. ա. 6-րդ հազարամյակում աղորիք օգտագործել են Առաջավոր Ասիայում։ Մոտ 10-րդ դարում երևան եկավ հողմաղացը, իսկ 18-րդ դարի՝ շոգաղացը։

Ներկայումս աղորիքի տարբեր ձևերին փոխարինել են կատարելագործված ալրաղացային սարքեր ու մեքենաներ։

Միջնադարյան Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարյան Հայաստանում, համաձայն վիմական և մատենագրական տվյալների, հնուց ի վեր գործել են ջրաղացներ։ 10-13-րդ դարերում վիմական արձանագրություններում բազմաթիվ հիշատակություններ կան վանքերին, եկեղեցիներին մեկ կամ երկու ակ ջրաղացների նվիրաբերության մասին։

Զաքարյան Իվանե աթաբեկը և իր կինը՝ Խոշաքը, 1231 թվականին Վերին Շիրակի ջրաղացներից ստացվող հարկը շնորհում են Շիրակավանին։ Դոփյան տոհմի իշխան Հասանի կինը՝ Մամքանը, 1310-ական թվականներին Գեղարքունիքի Բրդի այրք գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցուն է ընծայել մեկ ջրաղաց և կալվածներ։

Արագածոտն գավառի տեր Վաչուտյան Վաչեի եղբայր Սմբատ իշխանը (13-րդ դարի սկիզբ) մահանալով, իր կնոջը՝ Զմրուխտին է թողել միակ ջրաղացը, որը Զմրուխտն ընծայել է Հոռոմոսի վանքին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «աղորիք» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png