Ծիածան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծիածան (այլ կիրառումներ)
Ծիածան, անձրևից հետո երկնքում հայտնվող բազմերանգ կամարի տեսքով մթնոլորտի տեսողական երևույթ է։
Բոլոր ծիածաններն ունեն ամբողջական շրջանագծի ձև, սակայն նայողը տեսնում է այդ շրջանագծի միայն հորիզոնից վերև գտնվող կեսը։ Ամբողջությամբ ծիածանը կարելի է տեսնել երկնքից։
Ծիածան չի երևում այն ժամանակ, երբ Արեգակը գտնվում է հորիզոնից 42°-ից ավելի բարձրության վրա։
Աստվածաշնչում նշվում է, որ ծիածանը հայտնվել է համաշխարհային ջրհեղեղից հետո, որպես մարդկությանը ներելու նշան։
Հայերենում այս երևույթն ունեցել է նաև ծիրանի գոտի, տիրկան կամ տիրական գոտի (Տիր աստծու անունով), աստվածակամար (ըստ Անանիա Շիրակացու), Աստվածածնի գոտի անունները։
Առաջացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորաբար, ծիածանն առաջանում է այն ժամանակ, երբ անձրևից հետո օդում դեռևս մնացած և ճախրող ջրի մանր կաթիլները լուսավորում է բացված արևը։ Ծիածանը երևում է այնքան ժամանակ, քանի դեռ Արևի ջերմությունից օդը բավարար չափով չի տաքացել և անձրևի փոշին չի գոլորշացել։ Դա տևում է մի քանիսից մինչև մի քանի տասնյակ րոպե։
Ծիածանին նման երևույթ կարելի է դիտել նաև ջրվեժներից և շատրվաններից գոյացած շաղերում։
Ծիածանի կենտրոնը գտնվում է Արևի սկավառակով և դիտորդի աչքով անցնող ուղղի վրա։ Ծիածանը երևում է այն ժամանակ, երբ մարդը մեջքով կանգնած է դեպի արևի կողմը։
Ինքնաթիռից ծիածանը կարելի է տեսնել ամբողջությամբ, կենտրոնում այդ նույն ինքնաթիռի ստվերով։
Ծիածանի առաջացումը բացատրվում է անձրևի գնդաձև կաթիլներում Արեգակի ճառագայթների բեկման, անդրադարձման երևույթներով, որոնք ուղեկցվում են ալիքի տարբեր երկարության ճառագայթների դիֆրակցիայով և ինտերֆերենցիայով։ Որքան կաթիլները խոշոր են, այնքան մաքուր և հագեցած են ծիածանի գույները։
Ծիածանի լուսանկարներից կարելի է եզրակացնել, որ առաջնային ծիածանի ներսում երկինքն ավելի վառ է, քան նրա դրսի կողմինը։ Դա նրանից է, որ անձրևի կաթիլները գնդաձև են և նրանցից յուրաքանչյուրը լույսը ցրում է և ամբողջությամբ գունավորվում է երկնքում գտնվող սկավառակը, սակայն այդ սկավառակի միայն եզրային մասն է ստանում այն տեսքը, որին մենք ասում ենք ծիածան։
Գույները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդունված է համարել, որ ծիածանն ունի յոթ գույն`
Կարմիր | Նարնջագույն | Դեղին | Կանաչ | Երկնագույն | Կապույտ | Մանուշակագույն |
Իրականում այդ գույներն առանձնացված չեն, և մի գույնից մյուսին անցման տեղում լինում են բազմաթիվ միջանկյալ երանգներ։
Առաջնային ծիածանի կարմիր գույնը շրջանի դրսի կողմից է, իսկ մանուշակագույնը՝ ներսի։ Երբեմն առաջինի շուրջը որոշ հեռավորության վրա կարելի է տեսնել երկրորդային ծիածան, որի գույներն ավելի աղոտ են և դասավորված են հակառակ կարգով, մանուշակագույնը դրսի կողմից է, կարմիրը՝ ներսի։
Բառակազմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին հունարեն ἶρις՝ (իրիս) ծիածան բառից է առաջացել իրիդիում քիմիական տարրի անունը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ծիածան Երևանի երկնքում
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Robert Greenler, Rainbows, Halos, and Glories, (1980) ISBN 0-521-38865-1
- David K. Lynch & William Livingston, «Color and Light in Nature», 2nd edition (2001) ISBN 0-521-77504-3
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 124)։ |
Ընթերցե՛ք «ծիածան» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծիածան» հոդվածին։ |
|