Դաղդղան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դաղդղան
տեսակհմայիլ, թալիսման և փայտափորագրում
ժանրփայտափորագրում
նյութփայտ


Դաղդղան, դղդղան կամ խաչակ, հայկական փայտե հմայիլ, թալիսման, որին, ըստ հայկական ժողովրդական հավատալիքների, վերագրվում էր չարխափան ուժ։ Դաղդղանը կիրառում էին մարդկանց, անասուններին ու տունը չար աչքից ու դժբախտություններից պաշտպանելու համար։ Փայտե հմայիլների պատրաստման և կիրառման ավանդույթներն ընդգրկված են Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում[1]։

Անվանման ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաղդղան անվանումը կապվում է բռնչի ծառի «տարտաղան», «տարտաղուն», բարբառային «դաղդաղ» կամ հենց «դաղդղան» անվանման հետ[2]։ Այս ծառին հնում վերագրում էին չարահալած զորություն և նրա փայտից ու արմատից հմայիլներ պատրաստում[3]։

Որոշ բարբառներում դաղդղան են անվանում եղինջը։ Հմայիլի անվանումը կարող է առաջացած լինել այս բառի՝ «ծակող, դաղող, չարը վանող» իմաստից[4]։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաղդղանները, ըստ ժողովրդական հավատալիքների, ունեին չարահալած հատկություն, վանում էին չար ուժերն ու դժբախտությունները, ուստի շատ լայն կիրառություն ունեին կենցաղում։ Դաղդղան կիրառում էին մարդկանց, երեխաներին, խոշոր եղջերավոր անասուններին, տունը, գոմը և զանազան առարկաներ պաշտպանելու համար։

Պատրաստում էին տարբեր չափի դաղդղաններ։ Տունը չար աչքից պաշտպանելու համար մեծ դաղդղաններ էին կիրառում, որոնք կախում էին հիմնականում մուտքի դռան մոտ կամ տան ներսում՝ կենտրոնական սյան վրա կամ որևէ այլ աչքի ընկնող տեղում, ամրացնում էին գոմի սյունից կամ շեմքի վերևում[3]։

Դաղդղանի տեսակներ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանում, Երևան

Լայնորեն տարածված էր կաթնատու և լծկան կենդանիների վզից կամ եղջյուրներից մատնաչափ երկարությամբ դաղդղան կախելը՝ իբրև զարդ և չար աչքից զերծ պահելու միջոց։ Դաղդղաններ կիրառվել են նաև կահ-կարասու համար. հավատում էին, որ կարասի, կճուճի կամ տիկի վրա կախված դաղդղանը դրանցում պահվող սնունդը պաշտպանում էր կրծողներից ու միջատներից[4]։ Առատ կարագ ստանալու համար այն կապում էին խնոցու պարանին[1]։ Անասունների և ամանեղենի համար կիրառում էին միջին չափի դաղդղաններ։

Հատուկ փոքրիկ դաղդղաններ էին կախում երեխաների օրորոցից կամ դաստակից, ամրացնում գլխաշորին կամ բարձին, կարում մանուկների հագուստի թիկունքին։ Նորածինների համար նախատեսված դաղդղանները գլանաձև, խորանարդաձև կամ քառակուսի տափակ ուլունք էին հիշեցնում, հաճախ ունենում էին փոքրիկ տակառի ձև[4]։ Որոշ շրջաններում կանայք ուլունքաշարերի հետ պարանոցին նաև դաղդղան էին կրում։

Փայտե հմայիլների կիրառությունը այժմ էլ տարածված է հատկապես ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Արագածոտնի, Տավուշի մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքում[1]։ Պահպանիչ փայտե հմայիլները մինչև օրս օգտագործվում են և լայն տարածում ունեն հատկապես երիտասարդության շրջանում։ Ներկայումս դրանց պատրաստման և կիրառման շրջանակները կապվում են փայտագործ վարպետների և ժողովրդական հավատալիքների ավանդույթը կենսունակ պահող ու պահպանող տարբեր սոցիալական խմբերի գործունեության հետ[1]։ Դրանց կիրառությունը չար ուժերից պաշտպանելու հավատալիքից բացի ունի նաև գեղագիտական նշանակություն. ներկայումս հմայիլները գործածվում են որպես զարդ կամ բնակարանի ձևավորման պարագա։ Ժամանակակից վարպետները կրկնօրինակում են հմայիլների հին, ավանդական ձևերը, ինչպես նաև պատրաստում են նոր ոճավորումներով փայտե հմայիլներ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաղդղան, հեղինակ՝ Սահակ Սահակյան, Ժողովրդական արվեստի թանգարան

Ըստ ձևի նույնպես՝ դաղդղանները բազմազան էին։ Ամենալայն տարածումն ունեին լուսնաձև և կիսալուսնաձև դաղդղանները, որոնք Հայաստանում կիրառվում էին դեռևս հնագույն ժամանակներից։ Սա կապվում է ժողովրդական հավատալիքներում լուսնին դեռևս հնուց վերագրվող գերբնական հատկությունների հետ (պտղաբերություն, հարստություն պարգևելու զորություն, հիվանդությունների բուժում և այլն)։ Տարածված էին նաև եռանկյունաձև, ուղղանկյունաձև և սեղանաձև դաղդղանները։

Հայկական լեռնաշխարհում վաղնջական ժամանակներից տարածված են եղել գորտաձև հմայիլներն ու զարդերը։ Գորտը կապվում էր ջրի տարերքի հետ և հայ ժողովրդական հավատալիքներում հանդես էր գալիս որպես արգասավորության խորհրդանիշ, կանանց պտղաբերության հովանավոր, երեխաների պաշտպան, ուստի պատահական չէ, որ դաղդղաններ պատրաստել են նաև գորտի տեսքով, որոնք կախել են երեխաների օրորոցներից, իսկ կանայք կրել են գորտի տեսքով զարդեր։

Հայկական փայտե հմայիլների վրա պատկերվում էին հիմնականում երկրաչափական, բուսական և տիեզերական նախշեր[1]։ Դաղդղանների նախշերը ևս խորհրդանշական իմաստ ունեին և հիմնականում մարմնավորում էին հավերժության, երկնային լուսատուների՝ արևի ու լուսնի, ջրի գաղափարները։ Ամենատարածված նախշերից են 6-8 շառավղային թերթիկներից բաղկացած վարդյակները, հավերժության նշանը, կեռխաչը, երբեմն նաև խաչը[4]։ 19-20-րդ դարերում դաղդղանների վրա փորագրվում էին զիգզագաձև, շեղանկյունաձև, եռանկյունաձև, քառանկյունաձև նախշեր։ Նույնատիպ նախշերով էին զարդարվում նաև նույն ժամանակաշրջանի կիրառական արվեստի նմուշները՝ փայտե գաթանախշիչներ, սկուտեղներ, գուլպայի կաղապարներ, գդալնոցներ, աղամաններ, գրակալներ և այլ առարկաներ[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փայտե հմայիլների մասին վկայություններ կան 19-րդ դարի ազգագրական աղբյուրներում (Բ. Շանդրե, «Անցում Հայաստանից Ռուսաստան», Փարիզ, 1893 թ., ֆրանսերեն)[1]։

Փայտե փորագրված հմայիլների, այդ թվում՝ դաղդղանների կիրառումը կապվում է ծառերի պաշտամունքի հետ։ Հնագույն ժամանակներում հավատում էին, որ ծառերի մեջ ոգիներ են ապրում, և հաճախ դրանց վերագրում էին չար ուժերից պաշտպանելու, հիվանդություններ բուժելու, պտղաբերություն պարգևելու և այլ կարողություններ։ Վաղ շրջանում դաղդղանները պատրաստում էին սրբազան համարվող ծառերի փայտից, ապա նաև այնպիսի ծառատեսակներից, որոնք աչքի էին ընկում դիմացկունությամբ, երկարակեցությամբ և փայտի ամրությամբ՝ ընկուզենի, կաղնի, հաճարենի, պտղատու ծառեր[3]։ Հազվադեպ պատրաստում էին նաև մետաղից, քարից և այլ նյութերից[4]։

Դաղդղանի պատրաստման նրբությունները շատ վարպետներ գաղտնի էին պահում[5]։ Հմայիլները պատրաստելուց առաջ նախապատրաստվում էին հոգով և մարմնով։ Դաղդղան պատրաստում էին հիմնականում պահքի օրերին, լռության մեջ՝ մտքում բարի խոսքեր և օրհնանքներ ասելով, քանի որ համարվում էր, որ վարպետը դաղդղանը պատրաստելիս նրան դրական էներգիա էր փոխանցում, և բացասական մտքերն ու հույզերը կարող էին հմայիլի միջոցով փոխանցվել այն կրողին[4][6]։

Այսօր դաղդղան պատրաստող վարպետները քիչ են։ Դաղդղանների ամենամեծ հավաքածուն ներկայումս պահվում է Փայտարվեստի թանգարանում։ Թանգարանի հմայիլների հավաքածուն ներառում է կիսալուսնաձև, եռանկյունաձև, շրջանաձև, սեղանաձև, գլանաձև, հատած կոնաձև, պրիզմայաձև, տակառաձև, ձվակերպ, գորտանման և այլ ձև ունեցող հին ու նոր շրջանի դաղդղաններ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Հայաստանի Հանրապետության կառավարություն 2010 թվականի մարտի 11-ի N310-Ա որոշում «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային արժեքների ցանկերի կազմման չափորոշիչները և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը հաստատելու մասին», Հավելված N2».
  2. Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ, Հայոց լեզվի բարբառային բառարան («Նաիրի» հրատարակչություն), Երևան, «ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիա», 2001-2002
  3. 3,0 3,1 3,2 3,3 Ռուզաննա Բադալյան, «Հմայիլները հայկական մշակույթում». grakantert.am. Վերցված է 03.08.2021-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Դաղդղան` չարը խափանող փայտարվեստը». mediamax.am. Վերցված է 03.08.2021-ին.
  5. «Յուրահատուկ և անհետացող արհեստները Հայաստանում». armgeo.am. Վերցված է 03.08.2021-ին.
  6. «Հայակական հմայիլներ». armgeo.am. Վերցված է 03.08.2021-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]