Կարաս (անոթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կարաս (այլ կիրառումներ)
Urartian Wine Pottery01a.jpg

Կարաս, կավե անոթ։ Գործածվում է հացահատիկ, գինի, կաթնամթերքներ (թան, պանիր և այլն), մեղր, գարեջուր և այլն մթերավորելու համար։ Հայտնի է դեռևս էնեոլիթյան-բրոնզեդարյան ժամանակաշրջանից (մեր թվարկությունից առաջ III հազարամյակ)։ Հին Եգիպտոսում, Բաբելոնում, Հայկական լեռնաշխարհում և այլուր կարասն օգտագործվել է նաև որպես դագաղ։ Սկզբնական կարասները եղել են ցածր, լայն փորով ու բերանով, նեղ, կորավուն հատակով, մեծ մասամբ՝ սև փայլով, երկրաչափական նախշերով ու կենդանակերպ պատկերներով (Շենգավիթ

Ուրարտական և հետագա շրջաններում առաջ են եկել նաև երկարավուն, հարթ հատակով կարասներ։ Ուրարտական կարասները զարդարված են պարուրաձև, եռանկյունաձև, ճկված, փայլեցված, դրոշմված նախշերով, հաճախ՝ սեպագրերով, կնքադրոշմներով ու կենդանիների կավե քանդակներով։ Միայն Կարմիր բլուրից հայտնաբերվել է գինու 8 պահեստ՝ հողե հատակում թաղված 800-1000 լ տարողությամբ մոտ 400 կարասով։

Դվինից, Անիից, Գառնիից և այլ միջնադարյան հնավայրերից գտնվել են կարմրափայլ, գոտեզարդ, դրոշմազարդ, մարդկանց, թռչունների, կենդանիների, խաչի պատերներով, բուսական (կենաց ծառ և այլն ) ու գինու կարասներ (Կարմիր բլուր) Կարասներ (Դվին) երկրաչափական նախշերով, հայերեն արձանագրություններով կանթավոր և անկանթ բազմաթիվ կարասներ և կարասների մնացորդներ։ Ենթադրվում է, որ ցածրիկ, լայնաբերան, հարթ հատակով գոտեզարդ, բուսական ու կենդանակերպ նախշերով կարասները, օգտագործվելով հարսանիքների և ճաշկերույթների ժամանակ՝ խորհրդանշել են պտղաբերություն, իսկ նեղ բերանով երկարավուն կարասները, որոնք մթերքով լցված կիսով չափ թաղվել են հողում, հատկանշել են օջախի շենությունը։ Մինչև 1950-ական թվականները կարասը ուներ տնտեսական կարևոր նշանակություն։ Այժմ օգտագործվում է հիմնականում գյուղերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 309 CC-BY-SA-icon-80x15.png