Մեղր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեղրը մեղրամոմերի մեջ
Մեղրը սեղանին

Մեղրը քաղցր, մածուցիկ, բարձր կալորիականությամբ սննդամթերք է, որը պատրաստում են մեղուները՝ մեղրատու բույսերի ծաղիկների նեկտարից։ Մեղրը լինում է դեղնավուն (սպիտակ ակացիայի, լորենու, կորնգանի ծաղիկների) և մուգ դեղնավուն (հնդկացորենի, հավամրգիի ծաղիկների)։ Մեղրի բույրն ու համը պայմանավորված են բույսերի նեկտարով։ Նեկտարատու բույսերի սակավության դեպքում մեղուները մշակում են ցողամեղր (մանանայի մեղր), որը հավաքում են որոշ ծառերի՝ կաղնու, կեչու, բարդու, լորենու տերևներից։ Այս դեպքում մեղրն ունի պակաս դուրեկան համ և ցածր սննդային արժեք։

Մեղրի հիմնական բաղադրիչը յուրացվող ածխաջրերն են՝ խաղողաշաքարն ու պտղաշաքարը, որոնց պարունակությունը հասնում է 70%-ի, ինչի շնորհիվ մեղրը հեշտ է մարսվում։ Մեղրի կարևոր բաղադրամասերից են օրգանական թթուները (կաթնաթթու, խնձորաթթու, կիտրոնաթթու, թրթնջկաթթու), ֆերմենտները, վիտամինները, կարոտինը (A-նախավիտամին)։ Մեղրն ունի նաև բուժիչ հատկություն և լայնորեն կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ՝ մրսածության, ստամոքսաղիքային, սիրտանոթային և այլ հիվանդությունների ժամանակ։ Մեղրը լավ պահպանվող մթերք է, հազվադեպ է փչանում։ Շաքարի բարձր պարունակության շնորհիվ մեղրում մանրէները չեն բազմանում, բայց կարող են առաջանալ որոշ սնկեր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդիկ մեղրն օգտագործել են վաղ անցյալից։ Հույն մեծ մաթեմատիկոս Պյութագորասն իր երկարակեցությունը բացատրում էր նրանով, որ ինքը պարբերաբար օգտագործել է մեղր, իսկ փիլիսոփա Դեմոկրիտը պնդում էր, որ առողջությունը պահպանելու և ներքին օրգանների հիվանդություններից խուսափելու համար պետք է մեղր գործածել։ Հնագույն տրակտատներից մեկում նշվում է. «Մեղրն առողջացնում է բոլոր ներքին օրգանները, ուժ է հաղորդում, իջեցնում է ջերմությունը, նրա երկարատև օգտագործումն ամրապնդում է կամքը, մարմնին թեթևություն է հաղորդում, պահպանում է երիտասարդությունը, երկարացնում կյանքը»։

Հին հույն բժիշկ Հիպոկրատն իր «Վերքերի մասին» աշխատության մեջ ներկայացրած շատ դեղատոմսերում ընդգրկել է նաև մեղրը։

Զանազան նյութերի հետ խառնած մեղրն օգտագործել են նաև միջնադարի հայ բժիշկները՝ տարբեր հիվանդություններ բուժելու նպատակով։

Մ.թ.ա. 3000 թ գրավոր հուշարձանները վկայում են այն մասին, որ Եգիպտոսում լավ զարգացած է եղել մեղվաբուծությունը։ Որոշ եգիպտացիներ բարձր էին գնահատում մեղրը և մեղուներին, դրա մասին վկայում է այն, որ սկսած առաջին դինաստիայից մինչև հռոմեական դարաշրջանները էմբլեմների, ինչպես նաև դամբարանների վրա մեղու է նկարված եղել։

Ասորեստանում (2950-2050 թթ մ.թ.ա.) մեղվաբուծությունը ծաղկում է ապրել, այդ ժամանակներում հայտնի է եղել նաև մոմը։ Լայն տարածում է գտել մեղվաբուծությունը Հնդկաստանում 4000 տարի առաջ։ Մեղվաբուծության փորձը փոխանցվել է սերնդից սերունդ և դարձել ավանդույթ։ Մեղվաբուծությունը լավ զարգացած է եղել Հին Հունաստանում։ Արիստոտելը (մ.թ.ա 750 թ) հիմք դրեց գիտական մեղվաբուծության։ Նա գիտեր մեղուների կյանքը և մեղուների աշխատանքի բաժանումը ընտանիքում։ Հին Հունաստանում կազմվում են առաջի գիտելիքները մեղուների կյանքի և սելեկցիայի մասին։ Հիպոկրատը(460-377 թթ մ.թ.ա) գրում է մեղուների կյանքի, մեղոաբուծական մթերքների սննդային և բուժիչ հատկությունների մասին։

Հռոմեական կայսրությունում, հռոմեացի գիտնակն Վարաոնը ( 116-27 թթ մ.թ.ա) իր գյուղատնտեսության մասին աշխատաությունում մեծ ուշադրություն է դարձրել կայսրությունում մեղվաբուծության զարգացմանը։ Հայտնի հույն գիտնական և բժիշկ Դիոսկարիտը (մ.թ.ա 1 դար) նշում է իր կողմից մեղրի օգտագործումը ստամոքսային հիվանդությունների բուժման համար։ Արաբական բժշկության մեջ հայտնի ներկայացուցիչ Ավիցենան խորհուրդ էր տալիս մեղրը օգտագործել որպես դեղ սննդի մեջ։ Մեղվաբուծությունը առավել զարգացման է հասնում քրիստոնեության տարածման ժամանակաշրջանում։ Այդ ժամանակներում սկսվեց մեղրամոմի օգտագործումը կրոնական արարողությունների համար։ 10-րդ դարում, երբ կազմավորվեց է Կիևյան Ռուսիան, սկսեց զարգանալ պարզունակ մեղվաբուծությունը, որին նպաստում էին հսկայական արոտավայրերը և անտառները։ Մեղրը օգտագործում էին սննդի մեջ և խմիչքների պատրաստման համար, իսկ մեղրամոմը լուսավորման և կրոնական կարիքների համար։ Ռուսներին հայտնի էր նաև մեղրի սննդային և բուժիչ հատկությունները։ Մեղրը օգտագործում էին մի շարք հիվանդությունների և գլխավորապես արտաքին վերքերի բուժման համար։ Ժամանակակից մեղվաբուծության մեջ մեծ ներդրում է արել ռուս մեղվաբույծ Պ.Ի . Պրոկոպովիչը (1775-1850 թթ), որը 1814 թ ստեղծեց քանդվող շրջանակներով փեթակ։ Ամերիկացի մեղվաբույծ Լարենցո Լորեն Լանգստրոտը 1851 թ ստեղծեց առաջին փեթակը շարժական շրջանակներով։ Ներկայումս մեղվաբուծությունը աշխարհում հասել է գերազանց արդյունքների շնորհիվ գիտության արագ զարգացման։ Ապացուցված է, որ մեղվաբուծությունը մեզ տնտեսական նշանակություն ունի այգեգործության զարգացման գործում։ Փոշոտման շնորհիվ, որը իրականանում է մեղուների օգնությամբ, ապահովվում է տասնյակ անգամ ավելի շատ և որակյալ բերքի ստացում։

Ստացման հումք և հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեղրի ստացման համար հիմնական հումքը ծաղիկների նեկտարն է։

Նեկտարը քաղցր, բուրումնավետ հեղուկ է։ Նեկտարը պարունակում է 50-75% ջուր, 20-24% միաշաքար (մոնոսախարիդ), 13-24% շաքարեղեգ, հանքային նյութեր, սպիտակուցներ, եթերային յուղեր, վիտամիններ։ Մեղուները այցելում են այնպիսի ծաղկաբույսերի, որոնց նեկտարը առանձնանում է շաքարի բարձր պարունակությամբ։

Ծաղկափոշին դա բույսերի արական սեռական օրգանն է, որը ունի շատ արժեքավոր սննդային և բուժիչ հատկություններ։ Ծաղկափոշին պարունակում է օրգանական նյութերի գրեթե բոլոր հավաքածուն, որը անհրաժեշտ է բույսերին և մարդուն։ Ծաղկափոշում կա մեծ քանակությամբ B, P և այլ տեսակի վիտամիններ, աճի հորմոններ, հակամանրէնային նյութեր, կարոտին։

Մեղրի տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեղրը լինում է բնական և արհեստական։

Բնական մեղր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարող է պատրաստված լինել միայն մեկ բույսի նեկտարի վերամշակումից և այդ դեպքում այն կոչվում է մոնոֆլորային և պոլիֆլորային, այսինքն՝ պատրաստված բազմաթիվ բույսերի նեկտարից։

  • Լորենու մեղր - առանձնանում է ուժեղ արտահայտված անուշահոտությամբ։ Թափանցիկ է, բաց դեղին գույնով և բարձր որակով։
  • Հնդկացորենի մեղր - ունի թափանցիկ մուգ գույն, յուրահատուկ համ և բույր։
  • Թորթոջի մեղր - անգույն և թափանցիկ մեղր է։
  • Սպիտակ ակացիայի մեղր - լրիվ թափանցիկ է, նուրբ բույրով և համով։
  • Արևածաղկի մեղր - վառ դեղին գույնի է, հաճելի համով, արագ բյուրեղացվող հատկությամբ։
  • Բամբակի մեղր - ունի բաց գույն, շուտ բյուրեղացվող տեսակի մեղր։
  • Հավամրգի մեղր - առանձնանում է իր կարմրավուն երանգով։ Արագ է սառչում։ Մեղվի համար որպես ձմեռայի կեր լիարժեք չէ։
  • Հարբեցնող կամ թունավոր մեղր - Պատրաստվում է Կովկասյան լեռներում տարածված մրտավարդի, նաղավարդի և մի քանի այլ բույսերի նեկտարից։ Ունի հարբեցնող հատկություն, որը երբեմն ուղեկցվում է սրտխառնոցով, գլխապտույով, մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ։ Մեղրի թունավոր հատկությունները վերանում են 1 տարի պահելուց հետո։

Արհեստական մեղր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրաստում են արդյունաբերական եղանակով, սախարոզի և սննդի թթուների խառը լուծույթը տաքացնելով։ Արհեստական մեղրը պարունակում է 20% ջուր, մինչև 30% սախարոզ, 50%գլյուկոզ և ֆրուկտոզ։ Դրանում բացակայում են ֆերմենտները, վիտամինները, հակամանրեները, հանքային նյութերը։

Ֆիզիկական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանձրություն. Թարմ մեղրը թափանցիկ, քաղցր, մածուցիկ, բարձր կալորիականությամբ սննդամթերք է։

Մեղուները մեղրը ստանում են հենց իրենց օրգանիզմում։ Վերցնելով ծաղկից նեկտարը, այն մեղվի օրգանիզմում խառնվում է հատուկ արտադրվող հյութի հետ։

Մաքուր մեղրը մնում է հեղուկ վիճակում այնքան մինչև այն կնքված է t=20-30C։ Հեղուկ վիճակում մեղրը մնում է, երբ նրանում պարունակում է 20% ջուր։ Ավելի թանձր մեղրը պարունակում է 14-15% ջուր, դա կախված է նաև շաքարի կոնցենտրացիայից և տեսակից։ Մեղրը, որը պարունակում է ավելի շատ ֆրուկտոզա, ավելի թանձր է, քան բարձր քանակությամբ գլյուկոզա և այլ շաքարներ պարունակող մեղրը։

Ցողամեղրն ավելի թանձր է, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ բուսաշաքար և բուսական սոսին։ Մեղրի թանձրության վրա ազդում է նաև օդը և նրանում գտնվող գազերը։

Մեղրի որակի կարևոր ցուցանիշներ.

  • տեսակարար կշիռը m=1,420-1,440(1 լիտր)
  • սառեցման ջերմաստիճանը t=36 °C (ծավալը փոքրանում է 10%)
  • տաքացնելու դեպքում (t=25 °C) ծավալը ավելանում է 5%
  • Շաքարակալած մեղրը սենյակային ջերմաստիճանում (25 °C) կամ ջրային բաղնիքում (50 °C) աստիճանաբար հեղուկ է դառնում։

Մեղրի կիրառության պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնադարյան հուշարձանները վկայում են , որ մեղրը բուժական նպատակով կիրառվել է հեռավոր ժամանակներում և գրեթե բոլոր ժողովուրդների մոտ։

Հին Եգիպտոսում մեղրը պատվավոր տեղ է զբաղեցնում ամենաարժեքավոր սննդամթերքների և բուժական միջոցների մեջ։ Եգիպտական բժշկության ամենահին փաստաթուղթն է Գեորգ Էբերսի վերծանած պապիրուսը, որը կրում է « Մարդկային մարմնի բոլոր մասերի համար դեղերի պատրաստման համար գիրք» անունը։ Ձեռագրում բազմաթիվ դեղատոմսեր են գրված, որոնց կազմի մեջ մեղր է մտնում ։ Էբերսի պապիրուսում նշված է , որ մեղրը օգնում է վերքերի , ստամոքսաաղիքային , աչքի և այլ հիվանդությունների ժամանակ և կարող է գործածվել քսուքների , թրջոցների , եփուկների, հաբերի միջոցով։ Մի այլ հին եգիպտական պապիրուսում , վերծանել է Էդվին Սմիթը, բերում է հետաքրքիր բազմաթիվ տեղեկություններ վերքերի բուժման վերաբերյալ։ Դատելով պահպանված հուշարձաններից ՝ Հին Եգիպտոսում որպես կարևորագույն դեղորայք լայնորեն կիրառվում էին պտուղները, մեղրը, քացախը , կաթը։

Խոր հնադարից եկած «Կյանքի գիրք» և Մանուի օրենքների մեջ ասված է, որ մարդու կյանքը կարելի է երկարացնել դիետաների օգնությամբ, որի կազմության մեջ մեղր ու կաթ է մտնում ։ Սրբազան «անմահության ըմպելիքի» ամենազորեղ , օրգանիզմը կազդուրող հունական ամբրոսիան հիշեցնող միջոցի բաղադրության մեջ նույնպես մեղր է մտնում ։Պյութագորասն ու պյութագորասականները սնվում էին բացառապես բուսական սննդով և մեղրով։

Պյութագորասն իր բժշկության վերաբերյալ երկերում պնդում է , որ մեղրը օժտված է բարձր բուժական հատկություններով։

Մեծ փիլիսոփա Արիստոտելը, որին հնադարյան մեղվաբուծության արեգակ էին անվանում» , գտնում էր , որ մեղրն օժտված է ինչ-որ առանձնահատկություններով, որոնք բացառիկ նպաստավոր ազդեցություն են ունենում մարդկային օրգանիզմի վրա։

Հին Հունաստանում բուժամիջոցներ էին ծառայում գլխավորապես մեղրի և թզի օգտագործումը։ Հիպոկրատը հաջողությամբ կիրառում էր մեղրը բազմաթիվ հիվանդությունների ժամանակ , և ինքն էլ օգտագործում էր որպես ուտելիք։

Շուրջ 2500 տարի առաջ մեծ բժիշկ Հիպոկրատը երազում էր , որ դեղանյութերը սննդարար հատկություններով օժտված լինեին, իսկ սննդամթերքներն էլ ազդեին դեղորայքի պես։ Հենց մեղրի մեջ էլ նպաստավոր կերպով զուգորդվում են այդ հատկությունները։

Նշանավոր բժիշկ , փիլիսոփա էնցիկլոպեդիստ Կլավդիուս Գալը գտնում է , որ մեղրը հանդիսանում է բազմակողմանի բժշկական հատկություններ ունեցող դեղամիջոց։ Նա մեղրը հանձնարարում էր թունավորումների և բերանի լորձաթաղանթի հիվանդությունների բուժման համար։

Հռոմեացի գրող և գիտնական «Բնական պատմություն» բազմահատոր աշխատության հեղինակ Պիլինիուսը նշում է , որ մեղրը կարևոր բուժական հատկություններով է օժտված վերքերը բուժելիս։

Հին վրացական բժշկության հուշարձաններում բազմաթիվ հետաքրքիր տողեր են նվիրված մեղրի բարձր բուժական հատկություններին։ Տարեգրություններում նշվում է , որ վրաց զինվորները միշտ իրենց հետ կաշվե տոպրակներ էին տանում , որոնց մեջ մեղրազանգված էին տանում։ Ջրի առակայության դեպքում մեղրը ոչ միայն հագեցնում էր քաղցը , այլև նրանց ուժ տալիս ճակատամարտելու համար։

Ռուսաստանում բժշկությունը զարգանում էր ինքնուրույնաբար։ Ժողովրդական բժշկական հայեցակետերը փոխանցվում են սերնդեսերունդ։ Ռուսական հին ձեռագիր բժշկարանները ժողովրդական բժշկության իսկական հանրագիտարաններ են ։ Ռուսական այդ ձեռագիր բժշկարաններում շատ տողեր են նվիրված մեղրի բուժական բարձր հատկություններին, բերված են տասնյակ դեղատոմսեր , որոնց կազմության մեջ մեղր է մտնում ։ Բժիշկները մեղրը բնորոշում են մի դեղ, որ բարերար ազդեցություն է ունենում ամեն տարիքի մարդկանց վրա։ Հարյուրամյակների ընթացքում ժողովուրդը բնության մեջ դեղամիջոցներ է գտնում , բայց դրանցից շատերը ժամանակի քննությանը չդիմացան և մոռացության մատնվեցին։ Մեղրը, իբրև հիանալի բուժական միջոց , դարեր ի վեր մեծ և արժանի փառք է վայելում մի շարք հիվանդությունների ժամանակ։

Մեղրը բացառիկ , լոկ իրեն հատուկ առավելություններ ունի մեր օրերում հայտնի բոլոր միջոցների կատմամբ։ Նա հաճելի համ ունի , կարող է ձեռք բերվել առանց բժշկի դեղատոմսի (բայց հասկանալի է , որ բժշկի խորհրդով ), այն կարելի է ընդունել տնային պայմաններում ։ Այն միաժամանակ արժեքավոր դեղ է և հիանալի սննդամթերք։

Միջնադարում դասական եղանակները չմոռացվեցին, Ալեքսանդր Տրալեացին հետևում էր հիպոկրատյան Contraria contrarius սկզբունքին։ Նա մեղրը կիրառում էր իբրև լուծողական , նաև շնչական օրգանների, երիկամների հիվանդությունների դեպքում ։[1]

Մեղրի քիմիական բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեղրն ունի հարուստ քիմիական բաղադրություն։ Պարունակում է ջուր, գլյուկոզա, ֆրուկտոզ, սախարոզ, սպիտակուցներ, թթուներ և այլն։

Քիմիական բաղադրություն Նկարագրություն
Ջուր Սովորական մեղրի մեջ ջրի քանակը տատանվում է 16-22% -ի սահմաններում, միջինը մոտ 20%։ Դանշանակում է, որ մնացած 80% -ը կազմում են չոր նյութերը
Գլյուկոզ Գլյուկոզը կոչվում է նաև խաղողաշաքար։ Այն մոնոսախարիդ է, որի քանակը մեղրում կազմում է 35%
Ֆրուկտոզ Անվանում են նաև պտղաշաքար։ Մեղրի մեջ դրա քանակը կազմում է բոլոր շաքարների կեսը և օրգանիզմում դյուրին յուրացվում է, առանց նախնական վերամշակման ենթարկվելու։ Ի տարբերություն բարդ չտրորված շաքարների, ֆրուկտոզը հանդիսանում է դրանց, մինչև պարզ տրոհված տեսակը և կոչվում է ինվերտ շաքար։
Սախարոզ Կոչվում է նաև եղեգնաշաքար։ Նոր քամած մեղրը պարունակում է մինչև 6% սախարոզ
Սպիտակուց մեղրում սպիտակուցները շատ չեն՝ 0,04-0,3%: Լինում են նեկտարից ստացված՝ բուսական և մեղվի մարսողական հյութում պարունակվող՝ կենդանական ծագման։
Թթուներ մեղրում շատ բազմազան են։ Կազմում են մինչև 0,43%, որոնց մեծ մասը խնձորաթթուն է։ Կան նաև կաթնաթթու, գինեթթու, ֆոսֆորական թթու։ Մեղրն ունի թթու ռեակցիա, պատկանում է թթու մթերքներին՝ 3,78 ակտիվ թթվությամբ։ [1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայրապետ Կնյազյան «Հետաքրքիր , իմաստալի», 1976

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շերբին Պ.Ս-Մեղվաբուծություն - 1956
  • Յու․ Մարմարյան - «Անասնաբուծական մթերքների և հումքի ապրանքագիտություն», Երևան 2002, «Ասողիկ» հրատարակչություն
Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «մեղր» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։