Անի
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անի (այլ կիրառումներ)
| Քաղաք | |||||
|---|---|---|---|---|---|
| Անի | |||||
| Անի | |||||
| |||||
Անիի պարիսպներ | |||||
| 40°30′27″N 43°34′22″E / 40.50750°N 43.57278°E | |||||
| Երկիր | |||||
| Համայնք | Կարսի մարզ (Թուրքիա) | ||||
| Առաջին հիշատակում | 5-րդ դար | ||||
| Այլ անվանումներ | Անիոն | ||||
| Մակերես | 250,7 հեկտար, 432,45 հեկտար | ||||
| Կլիմայի տեսակ | բարեխառն ցամաքային | ||||
| Պաշտոնական լեզու | Հայերեն | ||||
| Բնակչություն | 100-200 հազար մարդ (11-րդ դար) | ||||
| Ազգային կազմ | հայեր | ||||
| Կրոնական կազմ | Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի | ||||
| Ժամային գոտի | UTC+4 | ||||
|
| |||||
|
| |||||
|
| |
| Archaeological Site of Ani* | |
|---|---|
| ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
| Երկիր | Թուրքիա |
| Տիպ | Մշակութային |
| Չափանիշներ | ii, iii, iv |
| Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
| Աշխարհամաս** | |
| Ընդգրկման պատմություն | |
| Ընդգրկում | 2016 (40-րդ նստաշրջան) |
| Համար | 1518 |
| * Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
| Համաշխարհային | |
| ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 1518 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Անի, միջնադարյան հայկական ավերված բերդաքաղաք, որը ներկայումս գտնվում է հայ-թուրքական շփման գծի անմիջապես կողքին՝ Թուրքիայի Հանրապետության Կարսի մարզում, Հայաստանի Շիրակի մարզի Նորշեն և Անիավան գյուղերի դիմաց։ Կառուցվել է Ախուրյան գետի աջ ափին՝ եռանկյունաձև սարահարթի վրա։ Այժմ բնակեցված չէ։ Նրանից ոչ հեռու գտնվում է Օջաքլը գյուղը, որի անունով երբեմն թուրքերը կոչում են Անին[1]։
Անիի մասին առաջին հիշատակումները վերաբերում են VI դարին, երբ այն Կամսարական իշխանական տոհմի ամրոցներից էր։ Քաղաքը հիշատակվում է Եղիշեի և Ղազար Փարպեցու աշխատություններում[2] IX դարի սկզբին Հայոց իշխան Աշոտ Բագրատունի Մսակերը Կամսարականներից ձեռք բերեց Արշարունիք և Շիրակ գավառները՝ Անի ամրոցի հետ միասին[3]։
961-1045 թվականներին Անին Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաքն էր։ Բարենպաստ աշխարհագրական դիրքի և միջազգային առևտրական ուղիների վրա գտնվելու շնորհիվ այն վերածվեց տարածաշրջանի խոշոր քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնի։ Քաղաքը հայտնի էր որպես «հազար ու մի եկեղեցիների քաղաք»։ Այն ուներ հզոր պաշտպանական համակարգ՝ Աշոտաշեն և Սմբատաշեն պարիսպներով, բազմաթիվ պալատներ, եկեղեցիներ և հասարակական շինություններ։ Ըստ հայկական աղբյուրների՝ XI դարում Անիի բնակչությունը հասնում էր 100-200 հազարի[2]։ Հայկական աղբյուրների համաձայն՝ Անին ունեցել է 100-200 հազար բնակիչ։ Այդ ժամանակ աշխարհում կային մի քանի խոշոր քաղաքներ՝ Բաղդադը (Միջագետք), Դամասկոսը (Սիրիա), Կոստանդնուպոլիսը (Բյուզանդական կայսրություն), Կորդովան (Արաբական Իսպանիա)։
Անին գտնվում էր պարբերաբար տեղի ունեցող երկրաշարժերի գոտում։ Դրանցից առավել աղետաբեր էին՝ 1045, 1131 և 1319 թվականների երկրաշարժերը[2]։ Քաղաքը լքվել է 1319 թվականի երկրաշարժից հետո։ Հայերը գաղթավայրեր են հիմնել հայրենիքի սահմաններից դուրս՝ Ղրիմում, Բալկանյան թերակղզում, Հյուսիսային Կովկասում և այլուր։ Ղրիմից մի մասը տեղափոխվել է Կ. Պոլիս, Գալիցիա ու Լեհաստան, մի այլ խումբ՝ ավելի ուշ Դոն գետի ափին հիմնել է Նոր Նախիջևան քաղաքը[2]։ Ավանդությունը Անի քաղաքի վերջնական ամայացումը կապում է 1319 թվականի երկրաշարժի հետ, սակայն Երևանի արձանագրություններից մեկում անեցի Շաբայդինը 1364 թվականին անիծում է Անին քանդողներին։ 14-15-րդ դարերում կտրված դրամները նույնպես ապացուցում են, որ կյանքը քաղաքում շարունակվել է։ 16-րդ դարում Անին արդեն փոքրիկ գյուղ էր։ Ըստ երևույթին, քաղաքին մեծ հարված էին հասցրել Լենկթեմուրի արշավանքները։ 18-րդ դարում Անին ավերակների կույտ էր և պատկանում էր թուրք բեկերին։ 1878 թվականին այն անցավ Ռուսաստանին։
2016 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության կոմիտեի 40-րդ նիստում Միջնադարյան Հայաստանի Անի մայրաքաղաքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։[4] Անիի անունն է կրում աստերոիդների հիմնական գոտու 791-րդ աստղակերպը.
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ Հայքի թագավորության արևմուտքում գտնվում էր Բարձր Հայք նահանգ-աշխարհը։ Այն իր անունը վաստակել էր ոչ թե բարձր աշխարհագրական դիրքի, այլ հայկական հեթանոսական դիցարանի բոլոր աստվածների տաճարների սրբավայր լինելու պատճառով։ Նրա ամրոցներից առավել հայտնի էր «Անի-Կամախ» բերդաքաղաքը, որը գտնվում էր Դարանաղի գավառում։ Այստեղ կառուցվել է գլխավոր աստծու՝ Արամազդի տաճարը։ Անի քաղաքի անվանումը գալիս է այս ամրոցից։ Անիի անվանումը կապվում է նաև հայկական դիցարանի գլխավոր՝ մայրության ու պտղաբերության աստվածուհի Անահիտի հետ։
Անի էր կոչվում նաև հայկական հեթանոսական տոմարի ամիսների յուրաքանչյուր 12-րդ օրը, որը նույնպես կապված էր Անի-Կամախ բերդաքաղաքի հետ։
| ...զքաղաքն Անի, որ կոչի Խնամք... - Վարդան Բարձրբերդցի, Պատմութիւն տիեզերական[5] |
Ուսումնասիրողները չեն պարզել, թե ինչու է Անին կոչվել Խնամք, և ինչ է նշանակում այս բառը, որ հաստատապես խնամել բառը չէ, ինչպես հավաստում է հայագետ Հայնրիխ Հյուբշմանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնագույն ժամանակներից Անիի տեղում եղել է բնակավայր, մերձակայքում կա դամբարանադաշտ, որը թվագրվում է ուրարտական ժամանակաշրջանին (մ. թ. ա. VIII-VII դարեր)։ Թորոս Թորամանյանի կարծիքով, դեռևս IV-V դարերում գոյություն է ունեցել ամրոց։[6]
Անին որպես Կամսարականների կալվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Անիի վաղ պատմությունը սերտորեն կապված է Կամսարական նախարարական տոհմի հետ։ IV–VII դարերում քաղաքը և նրա շրջակա տարածքները գտնվում էին Կամսարականների տիրապետության ներքո և հանդիսանում էին նրանց գլխավոր կալվածքներից մեկը։[2] Տոհմը, որը կարևոր դեր էր զբաղեցնում Մեծ Հայքի քաղաքական կյանքում, Անին օգտագործում էր որպես վարչական և ռազմական հենակետ։
Կամսարականների իշխանության տարիներին Անին դեռևս չէր հանդիսանում Հայաստանի մայրաքաղաքը, սակայն իր աշխարհագրական նպաստավոր դիրքի շնորհիվ աստիճանաբար ձևավորվում էր որպես տարածաշրջանային նշանակության բնակավայր։ Քաղաքը գտնվում էր բնական պաշտպանված տեղանքում՝ Ախուրյան գետի կիրճի եզրին, ինչը նպաստում էր նրա պաշտպանունակությանը և տնտեսական զարգացմանը։ Այստեղ կառուցվեցին ամրաշինական կառույցներ, բնակելի շենքեր և կրոնական շինություններ, որոնք հիմք հանդիսացան քաղաքի հետագա զարգացման համար։[2]
VII դարի երկրորդ կեսին, արաբական արշավանքների և Հայաստանի քաղաքական իրավիճակի փոփոխությունների հետևանքով, Կամսարականների իշխանությունը թուլացավ։ Նրանց տիրույթների զգալի մասը, այդ թվում՝ Անին, հետագայում անցավ Բագրատունիների տիրապետությանը։ Հենց Բագրատունիների օրոք քաղաքը վերածվեց խոշոր քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնի, իսկ 961 թվականին դարձավ Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաքը։[2]
Անին որպես մայրաքաղաք
[խմբագրել | խմբագրել կոդը]IX դարի վերջին Արմինիա կուսակալությունում հայ իշխանների քաղաքական դիրքերը ամրապնդվեցին։ Բագրատունիների, Արծրունիների ու Սյունիների երկարատև պայքարն ավարտվեց արաբների պարտությամբ[3]։ Դվինի ամիրան իր դիրքերը վերջնականապես զիջեց հայոց իշխանին, որի պաշտոնը ավելի քանի մեկ դար ժառանգվում էր Բագրատունիների կողմից[2]։ 850-855 թվականների ապստամբության ղեկավար Աշոտ Մեծ Բագրատունին դարձավ Հայաստանի չթագադրված թագավորը, ում գերագահությանն էին ենթարկվում ոչ միայն Սյունիներն ու Արծրունիները, այլև վրաց Բագրատունիները։
885 թվականին հիմնադրված Բագրատունիների թագավորությունը երկար ժամանակ չունեցավ մշտական մայրաքաղաք։ Դվինը, որը գտնվում էր Արարատյան դաշտում, շարունակում էր մնալ արաբական ամիրայության կենտրոն[2]։ Բագարան և Շիրակավան քաղաքները հարմար չէին համահայկական պետության կենտրոն լինելու տեսանկյունից, քանի որ լավ ռազմավարական դիրք չունեին։ Աբաս Շահնշահի թագավորանիստ Կարս քաղաքը նույնպես հարմար չէր մայրաքաղաք լինելու համար[2]։
Շիրակում Անի ամրոցի շուրջ գոյացող նոր քաղաքը Բագրատունիները 961 թվականին հռչակեցին մայրաքաղաք։ Անին աշխարհագրական և ռազմավարական հարմար դիրք ուներ և գտնվում էր բանուկ առևտրական ճանապարհների խաչմերուկում։ 963 թվականին հայոց շահնշահ Աշոտ Գ Ողորմածը (953-977) Կարսում ստեղծում է նոր թագավորություն, որի ղեկավար է նշանակում եղբորը։ 964 թվականին նա ամրոցից հյուսիս՝ հրվանդանի նեղ մասում, կառուցեց «Աշոտաշեն» պարիսպները[2]։

Քաղաքի արագ աճը Սմբատ Բ Տիեզերակալին (977-990) ստիպեց 989 թվականին կառուցել երկրորդ՝«Սմբատաշեն» պարիսպը։ Այն անցնում էր Ծաղկոցաձոր և Իգնաձոր գետերի եզրերով և միացել Գայլաձորին, ապա, շարունակվելով Ախուրյանի կիրճի եզերքով, շրջափակել է «Նոր քաղաքը»[3]։
Անիում պալատներ ու ապարանքներ կառուցեցին իշխանական տներից շատերը, հատկապես՝ պաշտոնատեր բարձրաստիճան անձինք։ Կառուցվեցին վաճառատներ, գործատներ, շուկաներ, իջևանատներ, խանութների և արհեստանոցների շարքեր։ Անին մեծ զարգացում ապրեց Գագիկ Ա-ի թագավորության (990-1020) տարիներին։ Այս շրջանում քաղաքացիական և հասարակական մեծ թվով շենքերի հետ մեկտեղ կառուցվեցին Անիի Մայր տաճարը, Գագկաշեն զվարթնոցատիպ[7], Աբուղամրենց եկեղեցիները[8] և այլն։

992 թվականին Անի է տեղափոխվում հայոց կաթողիկոսարանը։ Դեռ 961 թվականին Աշոտ Գ Ողորմածը քաղաքական և հոգևոր մեկ կենտրոն ունենալու մտադրությամբ Աղթամարից Անի է հրավիրել Անանիա Ա Մոկացի կաթողիկոսին, ով եկել է Շիրակ, բայց հաստատվել Անիի մերձակա Արգինայում[2] ։ Խաչիկ Ա Արշարունուց հետո՝ Սմբատ Բ Տիեզերակալ թագավորի ժամանակ, կրկին դրվել է կաթողիկոսական աթոռը Անի փոխադրելու հարցը, և սկսվել քաղաքի մեծ Կաթողիկեի՝ Մայր տաճարի շինարարությունը (մինչ այդ Աշոտ Գ Ողորմածը կաթողիկոսարանի համար կառուցել էր եկեղեցի, որն աղբյուրներում հիշատակվում է որպես «զփոքր Կաթողիկէն Անւոյ»)։
Գագիկ Ա-ի մահից հետո Բագրատունյաց պետությունը թուլացավ ներքին երկպառակությունների պատճառով։ Պայքարը գահի համար սրվեց նրա որդիների՝ Հովհաննես-Սմբատ թագավորի և նրա եղբայր Աշոտ Քաջի միջև։ Թագավորը, երկյուղելով Տայքի 1022-23 թվականների ապստամբությունը ճնշած բյուգանդական բանակի ներխուժումից, Անին իր մերձակայքով կտակեց Բյուզանդիային[9]։ Հովհաննես-Ամբատի և Աշոտ Դ-ի մահից հետո Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսը և Վեստ Սարգիս իշխանը իրենց համախոհներով աշխատեցին ի կատար ածել Անիի հանձնման կտակը, սակայն հանդիպեցին ազնվականների մի մասի և քաղաքի բնակչության դիմադրությանը։ Պետականությունը պահպանելու նպատակով, սպարապետ Վահրամ Պահլավունու առաջարկությամբ, 1042 թվականի վերջին թագավոր օծեցին Աշոտ Դ-ի որդի տասնութամյա Գագիկ Բ-ին։
1043-1044 թվականներին բյուգանդական զորքերը մի քանի անգամ պաշարեցին Անին՝ պահանջելով հանձնել քաղաքը։ Անին մնաց անառիկ։ Գագիկ Բ-ն կանչվեց Կոստանդնուպոլիս և գահազրկվեց՝ փոխարենը ստանալով Կապադովկիայի Պիզու քաղաքը (Կալոնպաղատ դղյակ-ամրոցով) և այլ աննշան տիրույթներ։ 1045 թվականին Բագրատունիների թագավորությունը կործանվեց[9]։
Իշխանանիստ կենտրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անիի թագավորության անկումից հետո Շիրակը մայրաքաղաքի հետ կառավարվում էր բյուզանդական կառավարիչների կողմից, ովքեր հայտնի էին որպես «կատեպան»։ Ամրացվեցին Անիի պարիսպները, անցկացվեց ջրմուղ։ 1064 թվականին, երբ սելջուկները երրորդ անգամ արշավեցին Հայաստան, Անին գրավվեց[9]։ 1072 թվականին Անին սելջուկ սուլթան Ալփ-Արսլանից գնեց Դվինի ամիրա Աբուլսուարը և նվիրեց իր որդի Մանուչեին։ Հիմք դրվեց Անիի Շադդադյան ամիրայությանը, որն ընդմիջումներով տեվեց մինչև 1199 թվականը։

Շադդադյանների օրոք Անին նկատելիորեն կորցրեց արհեստների ու առևտրի կենտրոնի նշանակությունը։ 12-րդ դարում Անին մի քանի անգամ ձեռքից ձեռք անցավ։ Վրաց թագավոր Դավիթ IV Շինարար Բագրատունին (1089-1125) 1124 թվականին արշավում է Անի[9]։ Նրա հաջորդ Գեորգի III արքան ևս երկու անգամ՝ 1161 և 1174 թվականին, հայկական ջոկատների հետ արշավում է Շիրակ ու գրավում քաղաքը։ Ամեն անգամ շրջակա սելջուկ ամիրաները, որոնք Սելջուկյան սուլթանության տրոհումից հետո, ըստ երևույթին, ինքնուրույն էին դարձել, միավորում էին իրենց զորքերը ու հետ նվաճում Անին[9]։
1199 թվականին Թամար թագուհու (1184-1213) հրամանով վրացական զորքերը հայկական ջոկատների ուղեկցությամբ ու ուղղափառ քրիստոնյա եղբայրներ Զաքարե ու Իվանե Զաքարյանների գլխավորությամբ վերջնականապես ազատագրում են Անին։ Զաքարեն վրաց զորքերի հրամանատարն էր (ամիրսպասալար), Իվանեն՝ թագաժառանգի խնամակալը (աթաբեկ)։
Անին դարձավ Զաքարյան իշխանապետության կենտրոնը, կառուցվեցին եկեղեցական և աշխարհիկ շենքեր, նորոգվեցին բերդապարիսպները, կամուրջները։ Պատմիչները այդ շրջանի Անին հիշատակում են «մեծ», «տիեզերական», «քաղաքամայր» և այլ անուններով։ 11-րդ դարում Անիի վերնախավի («գահապետք», «գահերեցք», «սեպուհք») կողքին առևտրա-վաշխառուական գործարքների շնորհիվ առաջացավ մեծամեծերի մի նոր շերտ, որին Արիստակես Լաստիվերցին անվանում է «Գլխավորք քաղաքին»[10]։
Քաղաքի վերնախավերը բնակվում էին միջնաբերդում և հարմարավետ թաղամասերում, ստորին խավերը՝ խուլ թաղերում, ծայրամասերում, անշուք հյուղերի, այրերի («քարտների») մեջ։

Անիում էին կենտրոնացած զորքի մատակարարման, հարկերի ու տուրքերի գանձման, հանքերի շահագործման, շինարարական, դրամա-վաշխառուական գործարքները, իջևանատների, կրպակների, ջրաղացների, արդյունագործական ձեռնարկությունների շահագործումը։ Քաղաքը կառավարում էր ավագների խորհուրդը (ավագանին), որը իրականացնում էր նաև օրենսդրական իշխանությունը։ Անին ուներ քաղաքապետ, որ կոչվում էր ամիրայից ամիրա կամ ամիրապետ։ Քաղաքի «մեծատունները» գրավում էին վարչական, տնտեսական և զինվորական պաշտոններ, զբաղվում առևտրով ու վաշխառությամբ։
Անին արհեստագործության, արտադրանքի վերամշակման խոշոր կենտրոն էր։ Զարգացած էին մետաղագործությունը, շինարարական արհեստները, կավագործությունը, անկվածագործությունը, գրչության արվեստը։ Քաղաքում կային մեծ թվով ջրաղացներ, ձիթհաններ։ Զաքարյանների ծաղկուն շրջանն ընդհատվեց մոնղոլների արշավանքով։ 1236 թվականին մոնղոլները պաշարեցին և տիրացան քաղաքին։ Անեցիների 1249 և 1260 թվականների ապստամբություններն ավարտվեցին անհաջողությամբ։ Մինչև 14-րդ դարի կեսերը Անին որպես քաղաք դեռ պահպանում էր իր գոյությունը։
Մոնղոլների, հետագայում թուրքական ցեղերի քաղաքականությունը, բնակչության իրավազրկությունը, ծանր հարկերը անեցիներին Հայաստանի այլ քաղաքների բնակիչների պես ստիպեցին տարբեր ժամանակներում մեծ խմբերով գաղթել օտար երկրներ՝ Վրաստան, Հարավային Ռուսաստան (Հաշտարխան, Ղրիմ), Գարդմանի որոշ գյուղեր (Բարսում և այլն)[11]։
Քաղաք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարիսպներ
[խմբագրել | խմբագրել կոդը]963-964 թվականներին Կամսարականների ամրոցի շուրջ մեծացող քաղաքը Աշոտ Գ Ողորմածը (953-977) կառուցապատում է «Աշոտաշեն» պարիսպներով։ Դրա աշտարակներում եղել են փոքրիկ եկեղեցիներ։ Թորոս Թորամանյանը երկու կողմնային աշտարակներում հայտնաբերել է մատուռներ։ Այդ պարիսպը շրջափակում էր «Շահաստանը»։ Անիի արագորեն ընդարձակվող թաղամասերը պարսպապատելու նպատակով՝ Սմբատ Տիեզերակալի (977-990) կառուցած «Սմբատաշեն» պարիսպները (2500 մ) Գայլաձոր-Իգաձոր հատվածում կրկնակի էին, 8-10 մ բարձրությամբ, արտաքին կողմից պաշտպանված խորը, ավելի քան 500 մ երկարությամբ ջրով լի խրամով։ Ջրի ավելցուկն օգտագործվում էր ջրաղացների, ձիթահանքերի քարերը պտտեցնելու և բանջարանոցները ջրելու համար։

11-13-րդ դարերում «Սմբատաշեն» պարիսպները անընդհատ նորոգվել են Շադդադյանների, Զաքարյանների և առանձին անհատների կողմից։ Պահպանված արձանագրություններից հայտնի է, որ աշտարակներ են կանգնեցրել Մամախաթունը (92-րդ աշտարակ), Շանուշեն (46-րդ աշտարակ) և ուրիշներ։ Բոլոր աշտարակները, բացի Ծաղկոցաձորի և Գայլաձորի աշտարակներից, կլոր են։ Դրանց մի մասը ներքուստ երկու-երեք հարկանի է եղել, դրանցում տեղավորվել է պահակազորը։
Աշտարակներն ունեցել են հրակնատներ և ատամնավոր վերջավորություններ։ Անիի 40 դռներից յուրաքանչյուրն ուներ իր անունը։ Ելումուտը կարգավորելու և փողոցները մաքուր պահելու նպատակով ծանր բեռներով սայլերն ու կառքերը քաղաք էին մտնում առանձին դռներով։ Արտաքին պարիսպների երեք մեծ մուտքերը՝ Կարուց, Դվնո, Ավագ, որոնց դռները երկաթագամ արտաքին երես են ունեցել, համարվել են անխորտակելի։ Եղել են նաև դռնակներ։
Սրբատաշ պատերի միապաղաղությունը վերացնելու համար դեղնավունից բացի օգտագործել են կարմիր և սև քար։ Մուտքերից մեկի վերին մասն ունի շախմատաձև շարվածք։ Պարիսպները արտաքուստ զարդարված են (խաչեր, արծիվ, վիշապ, ցլի գլուխ պատկերող զարդաքանդակներ, արձանագրություններ և այլն)։ Գլխավոր մուտքի վրայի վազող հովազի բարձրաքանդակը, հավանաբար, 13-րդ դարի Անիի զինանշանն է։
Անիի պարիսպները, չնայած մեծ չափերին, ճնշող տպավորություն չեն գործել, եղել են տեղի ռելիեֆին համահունչ, կազմել քաղաքի համայնապատկերի անքակտելի մասը, դարձել քաղաքի զարդը, անեցիները աշխատում էին ամեն ինչ ներկայացնել գեղեցիկ և հմայիչ տեսքով։ Անին ուներ արվարձաններ, մատույցները պաշտպանող ամրություններ, պահակատեղիներ (Մաղասաբերդ, Տիգնիս), կային մենաստաններ, ուր կուսակրոն հոգևորականները զբաղվում էին ուսուցմամբ, ձեռագրեր ընդօրինակելով (Հոռոմոս, Բագնայր, Երերույք, Տեկոր)։

Կային 30 մ ավելի թռիչքով քարե կամուրջներ։ Միջնադարում նման կամուրջները բացառիկ էին։ Դրանցից մեկն ունեցել է երկու կողմում աշտարակավոր երկաթագամ դռներ և տախտակյա բացվող մասեր։ Նրա կամարակիր երկու կենտրոնական հենարանների հեռավորությունը 31,5 մ է։ Անիի հատակագծային նախնական կորիզը կազմել են ամրացված միջնաբերդը և սրա ստորոտում փռված Շահաստանը։
Միջնաբերդի բարձրադիր մասում տեղադրված է եղել արքունի ընդարձակ պալատը, որը կրում էր շուրջ չորսդարյա շինարարական գործունեության հետքերը։ Պատմիչների նկարագրած ոսկեզօծ որմնանկարներով ձևավորված 3500-4000 քառակուսի մետրանոց պալատի դահլիճներից մեզ են հասել չնչին մնացորդներ, երկար միջանցքը (50 մ), որի արևմտյան ծայրին, Ծաղկոցաձորի կողմից բացվել է գլխավոր մուտքը, պալատը բաժանելով երկու թևի՝ հյուսիսային և հարավային։ Հարավային թևում էր Կամսարականների բազիլիկ եկեղեցին, որը դարձել էր պալատական համալիրի բաղկացուցիչ մասը։ Հյուսիսային թևի որոշ հատվածներ երկհարկանի էին. երկրորդ հարկում տեղադրված էին հանդիսասրահները։ Հյուսիսարևելյան սրահում եղել են գիպսե հարդարանքի մասեր՝ որսի տեսարանով։
Պալատական դահլիճներից միայն հյուսիսարևմտյանն է շարված մաքուր տաշած տուֆով, առանց հարդարանքի։ Մնացած դահլիճներում սենյակների պատերը եղել են ճեղքված քարից՝ ծածկված սվաղով, որմնանկարներով, թանկարժեք դիպակներով։ Հյուսիսային թևում է եղել բաղնիքն իր բաժանմունքներով (7 սենյակ), սառը և տաք ջրերի ավազաններով, ջրամատակարարման, ջրահեռացման և տաքացման համակարգով։ Պալատի դահլիճները և սենյակները դասավորված էին այնպես, որ հաճելի տեսարան է բացվել դեպի Գագկաշեն եկեղեցին, Ծաղկոցաձորը, հեռավոր Ալաջայի (Արջոառիճ) լեռները (հյուսիսարևմտյան դահլիճ), Մայր տաճարը, Ախուրյանի կիրճը, Արագածը (արևմտյան դահլիճ), դեպի միջնաբերդի ստորոտը փռված քաղաքը (հյուսիսարևմտյան դահլիճ)։
Հասարակական շինություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անիի աշխարհիկ ճարտարապետության վրա ակտիվ ներգործել են մի շարք հանգամանքներ՝ սոցիալ-տնտեսական միջավայրը և նրա հետ կապված աշխարհիկ մտածելակերպը, բնակչության բազմազգ կազմը և այլն։ Անիի ճարտարապետության ծաղկումը 12-13-րդ դարերում կապված է եղել քաղաքային կյանքի զարգացման հետ։ Անիի աճն աչքի է ընկել մի շարք բնորոշ գծերով, աշխարհիկ ճարտարապետության մշտական ազդեցությունը եկեղեցականի վրա, ճարտարապետական-գեղարվեստական հնարների ընդհանրությունը (օրինակ՝ հարուստ շքամուտքի մոտիվը) և այլն։ Քաղաքային դասի ուժեղացման հետ մեկտեղ մեծատունների կողմից հոյակապ շենքեր են կառուցվել Անիում։ Այս կարգի շինություններից է Անիի Պարոնի պալատը։ 1905 թվականին Գագկաշենից հյուսիս պեղված մի այլ պալատի շքամուտքի՝ Թորոս Թորամանյանի վերակագմությունը ցույց է տալիս, որ այն լրիվ նմանվել է Պարոնի պալատի շքամուտքին։ Աստղաձև քարերից մեկի վրա կարդացվել է«Սարգիս» անունը (այստեղից՝ «Սարգսի պալատ»)։
Անիի իջևանատների (խանապար) մասին պահպանվել են վկայություններ վիմագրական արձանագրություններում։ Պեղված շենքերից մեկը երկարավուն, սրբատաշ քարերով սալահատակված բաց սրահ է։ Պատերի երկայնքով տեղավորված են թաղածածկ սենյակները։ Անիի իջևանները նույնպես ունեցել են հիանալի մշակված շքամուտքեր։ Բնակարանային ճարտարապետության մեջ ցայտուն կերպով դրսևորվել է բնակչության շերտավորումը։ Պեղումները բացել են բազմաթիվ բնակելի շենքեր՝ ճոխ հարդարանքով առանձնատներ և հասարակ տներ։ Բնակելի տները գերազանցապես բաղկացած էին 3-5 հիմնական և օժանդակ սենյակներից։ Բնակարանների բաղկացուցիչ մասերն էին՝ թոնիրները, բուխարիները, պատուհանները, ամբարները և այլն։ Կառուցվել են գերազանցապես ճեղքված քարերով և սալահատակվել (հիմնականում տեղադրվել են գլխավոր փողոցի վրա, պեղվել են 1912 թվականին)։ Բնակելի յուրահատուկ թաղամաս է կազմել ժայռափոր Անին։ Ներքին պարիսպն ուներ հայտնի դարպասներ՝ Գաղտ և ուրիշ[12]։

Վերելք է ապրել նկարչությունը, որ գերազանցապես արտահայտվել է որմնանկարչության և մանրանկարչության մեջ։ Տաճարների պատերի ներսի երեսները ծածկվել են որմնանկարներով, որոնց մեջ Աստվածաշնչի տեսարանները, սրբոց պատկերները և քրիստոնեություն ընդունելու առասպելները կարևոր տեղ են բռնել։ Այս շրջանի շենքերից ամենակարևորը մեծահարուստ Տիգրան Հոնենցի կառուցած՝ Անիի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է՝ իր ժամատնով, որը նկարներով ու քանդակներով շատ զարդարված լինելու պատճառով հետագայում կոչվել է «Նախշլի»[13]։ Հոնենցը եկեղեցու գոյությունն ապահովելու համար բազմաթիվ նվերներ է տվել նրան, որոնք մանրամասն թվարկված են շինության արձանագրության մեջ։ Նա իր կառուցած վանքին է տվել գյուղեր, կալվածքներ, այգիներ, ջրաղացներ, հյուրատներ, խանութներ, բաղնիք։ Հոնենցի եկեղեցուն չի զիջում նույն ճոխությամբ կառուցված Անիի Բախտաղեկի եկեղեցին։ Անիում կան տոհմական մի քանի այլ եկեղեցիներ ևս։

Անին բացի սովորական դպրոցներից, ուներ իր համալսարանը (Անիի վարդապետարան), որտեղ դասախոսում էին ժամանակի խոշոր գիտնականներն ու մանկավարժները։ Երկար տարիներ Անիի բարձրագույն դպրոցը ղեկավարել են բազմաթիվ աշխատությունների հեղինակ և հույն փիլիսոփաների թարգմանիչ ու մեկնաբան Պահլավունի Գրիգոր Մագիստրոսը, ինչպես նաև Հաղպատից հրավիրված Հովհաննես Սարկավագը (Իմաստասեր)։ Այդ դպրոցի սաներից էին ժամանակագիր Սամվել Անեցին և ուրիշներ։[2]
Դպրոցում, բացի կրոնական առարկաներից և լեզուներից, դասավանդել են նաև երաժշտություն, նկարչություն, համարողական արվեստ, ճարտարապետություն և այլն։ Անիում գրվել են բազմաթիվ ձեռագիր գրքեր։ Բագրատունյաց արքունիքը և կաթողիկոսարանը ունեցել են իրենց թանգարանները, ուր մեծ տեղ են գրավել ձեռագրերը։ Անիի հարյուրավոր վիմական արձանագրությունները գրագետ և զեղեցին հայերենով են գրված և, բացի իրենց բովանդակությունն արտահայտելուց, շենքերի պատերին ծառայել են իբրև զարդարանք։ Նիկողայոս Մառի քսանամյա պեղումները երևան բերեցին Անիի նյութական մշակույթի, մասնավորապես՝ արհեստագործական բազմաթիվ նյութեր, որոնք մեծ դեր խաղացին միջնադարյան Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքի ուսումնասիրության գործում, վեր հանեցին հայ արհեստավորի փորձն ու հմտությունը։
Անին հայտնի էր նաև իր մանրանկարչության դպրոցով։
Եկեղեցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայկական ճարտարապետության պատմության մեջ Անին հայտնի է որպես պաշտամունքային կառույցների նշանավոր կենտրոն։ 8-րդ դարից Հայաստանում ճարտարապետական հորինվածքների զարգացումը կանգ էր առել արաբների տիրապետության հետևանքով։ Մայրաքաղաք դառնալուց հետո Անիի շինարվեստի զարգացումն ընթացավ մինչարաբական շրջանի (վաղ միջնադարի) հայկական ճարտարապետության ամբողջ ժառանգության, անցյալի հուշարձանների հատակագծային և ծավալային հորինվածքների վերստեղծման ու վերամշակման ուղիով, փաստորեն սկսվելով այն տեղից, որտեղ արհեստականորեն ընդհատվել էր դրանց աստիճանական զարգացումը։[3]
Անիի բոլոր կառույցներն էլ վերարտադրում են 7-րդ դարի հանրահայտ կոմպոզիցիաները. Անիի Մայր տաճարը, գմբեթավոր բազիլիկից խաչակենտրոնագմբեթի անցնելու տարբերակ է, Առաքելոց եկեղեցին՝ քառաբսիդ կենտրոնագմբեթ, Գրիգոր Լուսավորչի տաճարը (Գագկաշեն)՝ զվարթնոցատիպ, Աբուղամրենց եկեղեցին, Փրկչի եկեղեցին[14], Հովվի եկեղեցին՝ բազմաբսիդ և այլն։ Սակայն դրանք կրկնողություն չեն, այլ դրսևորվում են իբրև տիպի տարբերակված կամ կատարելագործված օրինակ։

Տրոմպայինին վերջնականապես փոխարինած առագաստային անցումները հնարավորություն են ստեղծել կառուցել արտաքուստ կամարաշարերով և սյունափնջերով հարդարված, բազմանիստ կամ լրիվ բոլորշի թմբուկներ, որոնք շատ հաճախ ավարտվել են ամպհովհարաձև վեղարով։ Լուսամուտները ներառվել են քանդակազարդ կամ բարդ տրամատավորված շրջանակների մեջ, իսկ պսակները հաճախ նստել են կիսասյուների վրա։ Եկեղեցիներից շատերն ունեցել են մեկից ավելի շքամուտք։ Դռների բացվածքների երկու կողմերից ուժեղ շեշտված որմնասյուների վրա բարձրացել են կամարակիր սյունափնջեր, իսկ վերնասյամերը ծածկված են եղել արձանագրություններով։ Մուտքերը եղել են ներքուստ հաճախ կամարակապ, իսկ արտաքուստ ունեցել են լայն երեսակալներ, որոնք ավարտվել են անտիկ ճարտարապետության մոտիվներով (ականթներ, ուլունքներ և այլն) քանդակազարդված արխիտրավներով։ Զարդաքանդակների հորինվածքներին ավելի բնորոշ է եղել երկրաչափական կազմությունը։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արհեստներ և առևտուր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Անիի, որպես միջնադարյան քաղաքի, արտադրության ինքնատիպ կողմերը երևան բերեցին նրա տեղը և դերը միջազգային առևտրի համակարգում[15]։ Գտնված նյութերը ցույց տվեցին, որ Անիում արդեն արհեստային արտադրանքը նեղ, անհատական շրջանակներից դուրս է եկել և ստացել շուկայական, մասսայական արտադրանքի բնույթ։ Անին միջնադարյան Հայաստանի արհեստագործության խոշոր կենտրոն էր։ Այդ են վկայում մատենագրական և վիմական արձանագրությունները։ 1222 թվականին, Անիից ոչ հեռու գտնվող Մաղասաբերդում տնեցիների կողմից արաբերենից հայերեն թարգմանված երազահանում (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան) հիշատակված է մոտ քառասուն արհեստ, այդ թվում՝ դարբնություն, զինագործություն, դերձակություն, ջուլհակություն, բրուտագործություն, ջահբարություն, պղնձագործություն և այլն։ Անիում կային հատուկ փողոցներ, շարքեր, թաղեր, որտեղ ըստ համքարությունների կենտրոնացված են եղել որոշակի արհեստանոց-կուղպակներ՝ բազզնոց «(ջուլհակների փողոց), սառաճփողոց (թամբագործների փողոց), կոշկակարոց, նալբնդնոց, գտակկարոց և այլն։ Պահպանվել են նաև արհեստավորների անուններ (Կոնդեր դարբին, 1213, Սարգիս լարարար, 13-րդ դար)։ Անիի արհեստներում կարևոր տեղ է գրավել մետաղագործությունը։ Գտնվել են մեծ քանակությամբ աշխատանքային գործիքներ, կողպեքներ, դանակներ, զենքեր, զարդեր։ Անիում պատրաստված մոմակալները, աշտանակները և ջահերը հայտնի են եղել ողջ երկրում։[2] Խեցեգործները կավից պատրաստել են տարբեր կիրառության անոթներ, որոնք սպառվել են ներքին և արտաքին շուկաներում։ Գտնված իրերի մեջ մեծ թիվ են կազմում շինարարական խեցեղենը (փողրակ, աղյուս և այլն), դրոշմազարդ կարասները, սնդկամանները, ջնարակապատ անոթները։ Անիի հախճապակե թասերը իրենց զարդարման եղանակով (ցանցկեն, մասկարոններ և այլն) և պատրաստման հմտությամբ չէին զիջում մերձավորարևելյան կենտրոնների արտադրանքին։ Անին միջնադարյան Հայաստանի ապակեգործական խոշոր կենտրոն էր։[2] Ապակե սրվակների, անոթների ե ապարանջանների արտադրությունը, հատկապես 12-13-րդ դարերում, ընդունեց մասսայական բնույթ։ Ապակու ներկայումս պահվող հավաքածուի մեջ մտնում են տարբեր եղանակով պատրաստված անոթներ, հասարակից մինչև բարձրարժեք գեղարվեստական նկարուն նմուշներ։ Նյութական մշակույթի տվյալներով և աղբյուրների վկայությամբ Անիում մեծ զարգացում են ապրել գործվածքների, գորգերի ու կաշվեղենի արտադրության հետ կապված արհեստները՝ մանածագործությունը, անկվածագործությունը, կտավագործությունը, մետաքսագործությունը, ներկարարությունը և այլն։

Անկվածազործության զարգացման բարձր աստիճանն է ցույց տալիս 1908 թվականին Ծաղկոցաձորի քարայրային մեծ դամբարանում գտնված աղջկա զգեստը՝ մետաքսե և բեհեզե յոթ տեսակի գործվածքներով և ոսկեթել վարդյակներով։ Մետաքսե նուրբ շղարշե փոքրիկ կտորի վրա պատկերված են կենդանիներ։ Մետաքսե գործվածքների մնացորդներ են գտնվել Անիի տարբեր վայրերում։ Բարձր մակարդակի են եղել փայտի գեղարվեստական փորագրությունը և քարի մշակումն ու շինարարական արհեստները (որմնադրություն, քարակոփություն), քանդակագործությունն ու նկարչությունը։

Անի մայրաքաղաքի մոտ, Հոռոմոսի վանք տանող ճանապարհին գտնվում էր Աղվեսի ձոր։ Այստեղ մինչև նոր ժամանակները պահպանված է եղել մի խաչքար[16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Dubin, Marc; Gawthrop, John; Richardson, Terry. The Rough Guide to Turkey. — 5th.. — New York: Rough Guides, 2003. — P. 831. — ISBN 9781843530718.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 Հակոբյան, Թադևոս (1988). Անի մայրաքաղաք. Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարկչություն.
- 1 2 3 4 Կարապետյան, Սամվել (2011). Անի ՌԾ. Երևան,.
{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Centre, UNESCO World Heritage. «Archaeological Site of Ani». UNESCO World Heritage Centre (անգլերեն). Վերցված է 2026-06-20-ին.
- ↑ Պատմութիւն տիեզերական, Մ., 1861, էջ 117-18
- ↑ Թորամանյան, Թորոս (1968). Նամակներ. Երևան, Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակչություն.
- ↑ King Gagik's church of Saint Gregory
- ↑ The Church of Saint Gregory of the Abughamir family
- 1 2 3 4 5 Ժամկոչյան, Հայկազ (1975). Հայ ժողովրդի պատմություն. Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն. էջ 460.
- ↑ Вардапет Аристакэс. повествование Вардапета Аристакэса Ластиверци, о бедствиях, принесенных нам инородными племенами
- ↑ RAA գիտական ուսումնասիրություններ Արխիվացված 2017-06-25 Wayback Machine, Գիրք Զ։ Հյուսիսային Արցախ, Սամվել Կարապետյան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2004թ. ISBN 5-8080-0566-3 (հայ.) Արխիվացված 2019-04-01 Wayback Machine, (անգլ.) Արխիվացված 2021-01-12 Wayback Machine
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 776 — 992 էջ։
- ↑ The church of Saint Gregory of Tigran Honents
- ↑ The church of the Redeemer
- ↑ Թադևոս Հակոբյան, Պատմական Հայաստանի քաղաքները. Անի, 41-49 էջեր
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 197 — 992 էջ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Անի էջը Վիքիպահեստում |
* Ani Armenian Cathedral Ani Armenian Cathedral
- Անիի ճարտարապետությունը վիրտուալ ներկայացմամբ www.virtualani.org/-ում։
- Անիի պատմությունը www.armenian-history.com-ում։
- Թադևոս Հակոբյան «Պատմական Հայաստանի քաղաքները»։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անի» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 407)։ |
| ||||||
| ||||||||||
| Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |



