Հմայիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հմայիլ
Տեսակժողովրդական բանահյուսություն, կրոն, մանրանկարչություն և գրություն
Մասն էԿախարդություն և թալիսման
Հիմք

ձեռագիր մանրանկարներով

տպագիր փորագրանկարներով

Հմայիլ, աղոթքների, աղերսների, մաղթանքների հնամենի նշանագիր, ունի պահպանիչ-բուժիչ նշանակություն. այն կրողին պահպանում է փորձանքներից։ Բառը ծագել է պահլավերեն humav (միջին պարսկերեն՝ humav թարգմանաբար՝ օրհնեալ) բառից։ Որպես կանոն պահել են կտորեղենից կարված կամ կաշվե պատյաններում, երբեմն նաև փայտյա կամ մետաղյա տուփերում, որոնք կոչվել են կշտապանակներ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հմայիլները ծագել են դեռևս հեթանոսական ժամանակներից։ Հնում եղել են մագաղաթների, զարդերի, հմայական խորհրդանիշներով փորագրված կիսաթանկարժեք քարերի ու փայտե դաղդղանների տեսքով[2][Ն 1]:

Հեթանոսական հավատալիքների համաձայն հմայիլները պատրաստվել են հատուկ ծեսով՝ լռության մեջ, կամ մոգական աղոթքներով, որպեսզի վարպետն իր խոսքով չխափաներ թալիսմանի կախարդական ուժը։ Դրանք պահպանել են չարիքից և հաջողություն ու բարօրություն են պարգևել[4]։

Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո հմայական թալիսմանները պահպանել են իրենց նշանակությունը և փոխարինվել են քրիստոնեական հմայագիր աղոթքներով։ Միջնադարյան հմայիլները ոլորան արված մագաղաթներ են, որոնց վրա գրվել են բուժիչ պահպանիչ աղոթքներ և զարդարվել մանրանկարչական նախշերով ու քրիստոնեական սրբերի պատկերներով։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժապավենաձև հմայիլները լինում են թե՛ ձեռագիր, թե՛ տպագիր։ Հմայիլները, որպես կանոն, զարդարված են մանրանկարներով, իսկ տպագրերի դեպքում՝ փորագրանկարներով։ Գալարաձև փաթաթվող հմայիլները՝ կազմված են իրար սոսնձված, առանձին դեպքերում՝ կարված, թղթերից կամ մագաղաթից. դրանց երկարությունը տատանվում է մի քանի մետրից մինչև շուրջ 3 տասնյակ մետրի։

Ձեռագիր, ինչպես նաև տպագիր հմայիլներում, ձևավորված ավանդույթի համաձայն, հիմնականում աղոթքների վերջում լրացվել է պատվիրատուի անունը, կամ վերջինիս բացակայության դեպքում ազատ տեղ է թողնվել՝ հետագայում լրացնելու համար, ինչն ավելի բնորոշ է տպագրերին։ Հայ հնատիպ գրքի պատմության մեջ ևս, ինչպես ձեռագիր մատյանների պարագայում, իրենց ձևով և բովանդակությամբ առանձնանացել են հմայիլները, որոնց հիմքում ընկած են գրչագիր օրինակները։ Նախնական ձևի՝ գալարի կամ փաթեթի, ազդեցությունն ակնհայտ է նաև տպագիր օրինակներում. հայ տպագրության պատմության վաղ շրջանում հայերը չեն ունեցել և ոչ մի գրքաձև հմայիլ։

Ձեռագիր և հնատիպ հմայիլներն առհասարակ բոլոր առումներով փոխկապակցված են. եթե հնատիպ հմայիլների համար հիմք են ծառայել ձեռագիր օրինակները, ապա 17-րդ դարի երկրորդ կեսից ի վեր տարածում գտած տպագիր հմայիլներն օրինակ են դարձել մի շարք ձեռագիր հմայիլների համար։ Այս փոխազդեցությունը բնորոշ է ձեռագիր մատյանների և տպագիր գրքերի բոլոր տեսակներին, քանի որ տպագրությունը թեև ապահովել է «քանակ» (տպաքանակ), սակայն հայկական տպարանների կարճատև գործունեությունը, այն էլ հիմնականում հայրենիքի սահմաններից հեռու, գրքերի պահանջարկը, ցանկությունը՝ ունենալ սեփական օրինակը, ստիպել են տպագիր օրինակներից արտագրել, ստեղծելով ձեռագիր օրինակներ, որոնց մեջ երբեմն նշվել է տպագրից արտագրված լինելու փաստը[5]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հմայիլ, Կոստանդնուպօլիս, 1690թ, փաթոյթի մաս

Հայերեն հնատիպ հմայիլներում տեղ են գտել հիմնականում միևնույն աղոթքները, որոնք ունեն գրեթե միևնույն դասավորվածությունը. որպես կանոն՝ հմայիլներն սկսվում են Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ»-ի մի հատվածով և ունեն Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աշխատությունից հատվածներ՝ մասնավորապես Բան ԺԲ-ից և Բան ԽԱ-ից։ Մի քանի հմայիլներում չորս Ավետարաններից քաղված հատվածներըՙ Քրիստոսի բժշկության տեսարանները, սկզբի մասում են, իսկ մյուսներում աստվածաշնչյան հատվածները վերջերում են։ Աղոթքների ընդհանուր թիվը մեկ հմայիլում հասնում է մոտ երեք տասնյակի[5]։

Հմայիլների նկարազարդումները ևս հիմնականում պայմանավորված են բովանդակությամբ, քանի որ ձեռագիր նախօրինակների նմանողությամբ նախորդում են տեքստերին, որոնք կապված են տպագրանկարում առկա կերպարի կամ հորինվածքի հետ (օրինակՙ Ներսես Շնորհալին պատկերվում է իր գրչին պատկանած ստեղծագործություններից առաջ, Սուրբ Սարգիսը կամ Սուրբ Գևորգըՙ իրենց ուղղված աղոթքներից առաջ, Եզեկիել մարգարենՙ վերջինիս մարգարեությունից կատարված մեջբերումից առաջ և այլն)։ Սրբերի պատկերների համար հաճախ օգտագործված է միևնույն տպագրատախտակը, և սրբերը տարբերվում են միայն կա՛մ ըստ բացատրագրերի, կա՛մ նկարից հետո սկսվող աղոթքի վերնագրից։ Հնատիպ հմայիլները զարդարված են նաև սուրբգրային թեմաներով ստեղծված պատկերներով՝ «Սուրբ Երրորդութիւն», «Աւետում», «Ծնունդ», «Մոգերի երկրպագութիւն», «Ընծայումն տաճարին», «Մկրտութիւն», «Խաչելութիւն», «Թաղումն», «ԺԲ. առաքեալք» և այլն։ Մեկ հմայիլում զուտ թեմատիկ նկարների քանակը կարող է գերազանցել երեք տասնյակը։

Հմայիլների մեծ մասը զարդարել են առաջին հայ փորագրանկարիչ Գրիգոր Մարզվանեցու ստեղծագործությունները։ Սա պայմանավորված է նրանով, որ վերջինս նախապես համագործակցել է Աստվածատուր Կոստանդնուպոլսեցու հետ, ում տպարանից լույս են տեսել ավելի քան մեկ տասնյակ հմայիլներ։

Գրիգոր Մարզվանեցու ձևավորումների հիմքում ընկած է հայ տպագրության պատմության մեջ իր ուրույն տեղն ունեցող Սուրբ Էջմիածնի և Սուրբ Սարգսի անունը կրող կամ Ոսկանյան տպարանը, որը ոչ միայն նոր որակ և շունչ է հաղորդել հայկական տպագրությանը, այլև առաջինն է եղել, որ անընդմեջ գործել է քառորդ դարՙ 1660-1686 թվականներին։ Գրիգոր Մարզվանեցին նախ յուրացրել է Ոսկանյան տպարանի հարդարանքի ավանդույթները՝ ընդօրինակելով գրեթե ամեն մի տարր՝ պատկերի կառուցվածքը, գործող անձանց քանակը, նրանց տեղաբաշխվածությունը տեսարանի տարածական հորինվածքում, կերպարների շարժումները և մարմինների դիրքերը, ճարտարապետական շինությունները և բնանկարային մանրամասները։ Մարզվանեցին իր ստորագրություններն անգամ հաճախ դրել է պատկերի այն նույն տեղում, ուր Քրիստոֆել Վան Զիխեմինն[Ն 2] է դրել։

Պահպանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հմայիլների ամենամեծ հանգրվանը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան հին ձեռագրերի ինստիտուտն է, որտեղ պահվում են 521 ձեռագիր միավոր, որոնք ներկայացնում են առանձին ձեռագրական հավաքածու և կրում են համապատասխանաբար 1-521 թվահամարները։ Այս հավաքածուում է գտնվում թվական ունեցող հնագույն Հմայիլը՝ ստեղծված 1428 թվականին Մուֆարղինում (Դիարբեքիրի նահանգ, հնում՝ Տիգրանակերտ ք. Մեծ Հայքի Աղձնիք աշխարհում) Սիմէոն դպրի կողմից (Հմր 116)։ Երկրորդ խոշոր հավաքածուն Էջմիածնի Մայր Տաճարինն է՝ ավելի քան հինգ տասնյակ ձեռագիր։

Մեծությամբ երրորդ հավաքածուն Սուրբ Ղազար կղզում է, ուր Մխիթարյանների միաբանությունում (Վենետիկ, Իտալիա) պահվում է 44 ձեռագիր։ Տասներեքական միավոր կա Հայաստանի պատմության թանգարանում՝ Ազգագրության բաժնի Հմր 1 ֆոնդում և Լոնդոնի Բրիտանական գրադարանում։ Վեցերորդ հավաքածուն Վիեննայում է՝ կրկին Մխիթարյանների միաբանությունում, որը բաղկացած է 11 միավորից, որոնք գտնվում են չորս համարների ներքո[6]։

Մատենադարանում առկա 13-րդ և 14-րդ դարերի ձեռագրերը, ունեն հմայիլներ։ Դրանցից մեկը թիվ 5473 ձեռագիրն է, որը պարունակում է նաև հմայագիր ու գրված է 14-րդ դարում։ Իսկ 1290 թվականին Սկևռայի վանքում գրված Ավետարանը վերջում ունի նաև հմայական հատված՝ «Աղօթք երաշտի» (ձեռագիր 2630)։ Հետաքրքիր է, որ բավական թվով հմայիլներ զետեղված են Գրիգոր Տաթևացու «Քարոզգրքի» հետ (օր. ձեռ. 2145): Իսկ 1373, 1480 թվականներին գրված թիվ 2001 ձեռագիրը մի ժողովածու է, որի ճանաչողական արժեքը շատ մեծ է։ Նրանում կան ոչ միայն հմայիլներ, այլև ամենաբազմազան նյութեր, որոնք ներկայացնում են 14-15-րդ դարերի հայ հոգևորականության, ինչպես նաև գրել, կարդալ իմացող մարդկանց հետաքրքրությունների շրջանակը։ Ձեռագիրը գրված է Աղթամարի վանքում[7]։

Հայաստանի Ազգային գրադարանում պահվում է 13 միավոր, Հայաստանի պատմության թանգարանումՙ Ազգագրության բաժնում՝ 9 միավոր[8], Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքում՝ 7, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ 5: Հնատիպ հմայիլներ կան նաև Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանում, Վենետիկի Մխիթարյան միաբանությունում, մի շարք անհատների մոտ և այլուր, մեկ նմուշ էլ գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում, Ավեդի Ավեդրան կոչվող սրբավայրում[9]։

Ֆրանսիայի Մարսել քաղաքի մշակութային կենտրոնը Մատենադարանին նվիրաբերել է 19-րդ դարի «Հմայիլ» ձեռագիրը։ Նվիրատուն Վարուժան Արթինն է՝ Մարսելի «Արամ» միության նախագահը։ «Հմայիլ»-ը զարդարված է ձեռագրերին բնորոշ մի քանի յուրահատուկ մանրանկարներով՝ կատարված գծանկարայի ոճով։ Ցավոք, այն ամբողջական չէ, ինչի պատճառով էլ անհայտ են մնացել գրչի, տեղանվան և մի շարք այլ կարևոր տվյալներ։ Չնայած այս ամենին՝ «Հմայիլ»-ի արժեքը մեծ է։ 19-րդ դարի սկզբին ժապավենաձև հայերեն «հմայիլը» թվագրվել է Մատենադարանի հմայիլների հավաքածուի 518 համարի ներքո։ «Հմայիլ»-ն ունի 450 սմ երկարություն և 6, 7 սմ լայնություն, գրված է նոտագրով[10]։

Ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Ղազարյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Ղազարյանը շուրջ հինգ տարվա ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ 1659-1731 թվականների ընթացքում հինգ տպարաններից լույս է տեսել 19 հմայիլ (մեկական՝ Գուլբասարի և Էտկար Գնդևանեցու, չորսը՝ Գրիգոր Մարզվանեցու, տասներկուսը՝ Աստվածատուր Կոստանդնուպոլսեցու և մեկը՝ դեռևս անհայտ). այս 19-ից 6-ը հայտնի է դարձել Մատենադարանի հնատիպ հմայիլների ուսումնասիրության արդյունքում, իսկ մեկը՝ մոտ երեք տարի առաջ մի մասնավոր հավաքածուի[10][11]:

Ֆրեդերիկ Ֆեյդի[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիացի հայագետ Ֆրեդերիկ Ֆեյդին գրել է «Քրիստոնեական Հայաստանի հմայիլները» գիրքը[12]։ Առաջաբանում խոսել է հմայիլների ժանրի, հարցի պատմության և իր կատարած աշխատանքի մասին։ Գիրքն ունի հետևյալ բաժինները՝ «Հաղորդում», «Ձեռագրացուցակ», «Հմայիլների քննական վերնագրեր»։ Հմայիլների ձեռագրերի արտագրումն սկսել է 1933-1934 թվականների ձմռանը Սուրբ Ղազար կղզում։ Օգտվել է Վենետիկի Մխիթարյան միաբանության ձեռագրերից, որոնք 24-ն էին, պարունակել են հիշատակարաններ, դրանց թվահամարներն են՝ 1677, 1680, 1690, 1693, 1703, 1710, 1713, 1715, 1742, 1760, 1779, 1808: Ֆեյդին օգտվել է նաև Ֆրանսիայի ազգային թանգարանում պահվող 6 ձեռագրերից։ Նրանցից երեքը ունեցել են տարեթվեր՝ 1743, 1766, երրորդինը ջնջված է եղել։ Ֆեյդիին ևս երկու ձեռագիր տրամադրել է Ֆրեդերիկ Մակլերի կինը։ Մի ձեռագիր էլ նա ձեռք է բերել Կոստանդնուպոլսում եղած ժամանակ, որոնք 17-րդ, 18-րդ, 19-րդ դարերի են[13]։

Թվագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայագետի կարծիքով Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող ձեռագիր հմայիլների հնագույն օրինակները գալիս են 15-րդ դարից։ Նա անհնար է համարում գտնել որևէ թվական և ասել, թե հենց այդ ժամանակից հմայիլները մտան գործածության մեջ։ Սակայն կա վավերական փաստ, որ դրանք գալիս են 5-րդ դարի երկրորդ կեսից, և այդ փաստերը կապվում են ժամանակի հայոց կաթողիկոս Հովհան Մանդակունու (մոտ 400-499) հետ։ Նրա ճառերից հասկանալի է դառնում, որ հենց 5-րդ դարում հայերն օգտագործել են «գիր պահարան»։ Մանդակունին իր ԻԶ (26) ճառն ամբողջությամբ նվիրել է կախարդական նման երևույթներին։ Քրիստոնեական ըմբռնմամբ ամեն ինչ կախված է Աստծուց. այդ մասին շատ հստակ պատմում են չորս ավետարանիչները։

Նկարազարդում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեյդին խոսել է նաև հմայիլների նկարազարդումների մասին, որոնք արտասովոր են։ Որոշ բնագրերում կարելի է տեսնել ծառ, որը չունի ոչ ճյուղեր, ոչ տերևներ, ոչ արմատներ. նրա վրա նստած է արծիվ՝ առանց գլխի, ճանկերի ու թևերի։ Նա շատ հետաքրքիր է համարել այն փաստը, որ հմայիլների ձեռագրերից և ոչ մեկը չունի ինչ-ինչ դեղերի բաղադրատոմսեր, նրանցում միայն աղոթքներ են՝ հոգևոր բնույթի և որոշ կախարդանքներ։ Որոշ հմայիլներ ունեն Սողոմոնի կնիքը[Ն 3], կամ գրված են գնդականման տառերով։

Լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեյդին նկատել է, որ հմայիլների լեզուն բնականաբար դասական է։ Սակայն այդ լեզուն ունի թերություններ, որովհետև հմայիլների բնագրերը կազմվել են մեծ մասամբ ցածրաստիճան հոգևորականների կողմից։ Բնագրերում կան բազմաթիվ սխալներ, որոնք արդյունք են գրել-կարդալ գրեթե չիմացողների արտագրությամբ։ Կան նաև դեպքեր, երբ գրիչը չի իմացել ուղղագրական կանոնները, որն էլ հանգեցրել է կոպիտ սխալների[7]։

Սարգիս Հարութունյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանահյուսկան հմայիլների մասին մեծարժեք աշխատություն է գրել վաստակաշատ բանագետ Սարգիս Հարությունյանի։ Այն վերնագրված է «Հայ հմայական և ժողովրդական աղոթքներ»[14]։

Հայկական հմայական և ժողովրդական աղոթքներ, հմայիլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր:«Հայ հմայական և ժողովրդական աղոթքներ».jpg
«Հայ հմայական և ժողովրդական աղոթքներ» գիրք
Բուժաղոթքներ ԼՈՒՍԱԲԱՑԻ ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՆՈՐԱԾԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ

Ելա ի լյառն Ալալիա,
Մտա ի դասն Ամասիա.
Ամասիա ծով մը կար,
5 Ծովուն մեջը ծառ մը կար,
Ծառանը վրա բուն մը կար,
Բնին մեջը օծ մը կար.
Օսկուն թասը կթեցի,
Արծըթե թասը մակրթեցի,
10 Պաճիկ մը պանիր զարկի,
Աշք ընողին կերուցի։
Չար աշքը ճաթի,
Չար սիրտը պառռի,
Փուշը, տատաշը մտնե չար աշքը,
15 Թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ[14]։

Սեբաստիա

Լուսացավ, լուսացավ,
Լուսն է բարին,
Ծիտն է ծառին,
Հավն է թառին։;
5 Բեդովլաթի քունն է տարի.
Դովլաթաու՛ր, վիկաց բանի։
Իրգնքի դռնիրը բաց էր,
Օսկե աթուռը դրած էր,
Քրիստոս վրեն նստած էր,
10 Լուսավուրիչը կանգնած էր,
Օսկե ղալամը բռնած էր.
Մինծ ու պստիկ գրում էին,
Միղավուրները լալում էին,
Արթարնիրը խաղում էին[14]։

Թիֆլիս

Նոր Նախիջևան, Չաչթըր
Գյումրի

Վարդենիս, Չախըռլու

Կես գիշերին դուս էլա,
Մեկ ձիավոր սուրբ տեսա,
Իր անունն սուրբ Սարգիս,
Օրդուն անունը՝ սուրբ Մարտիրոս։
5 Սուրբ Մարտիրոս լուս կուտա,
կերթա ամպերի վերա,
Ամպն ալ կերթա ամպի վերա,
Սուրբը հեծած ձիու վերա։
– Գնացեք ասեք՛ գեիներուն
10 Ագատ կանե իր արևուն։
Ով որ իրեք օր ծոմս բռնե,
Ով որ հինգ օր պասս բռնե,
Զնա կ՛առնում ծիիս վերա,
Ջնջիմ, կառնիմ չարը բարով,
15 Կը հասցնիմ նարան ամեն տարով[14]։

Ղրիմ

Երկիր, աշխարին խաղաղութեն,
Թագավորաց հաշտութեն,
Քրիստոնեից ազատութեն,
Օախորդութան մարդկանց աջողութեն,
5 Կապելոց արձակութեն,
Ամենան փափգաց փութեն,
Մենձերուն արքայութեն,
Ջահիլներուն արևշատութեն[14]։

Գյումրի

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տարբեր շրջաններում հմայիլները տարբեր անուններ են ունեցել՝ «համայիլ», «հերյալ», «դաղդղան»։ Առաջին երկու անվանումները տրվում էին ընդհանրապես տարբեր նյութերից պատրաստված հմայական պահպանակներին, իսկ դաղդղան անվանումը՝ միայն փայտե հմայիլներին։ Դաղդղան անունը ծագել է դաղդաղ ծառատեսակի անվանումից[3]։
  2. Հոլանդացի հայտնի վարպետ։
  3. Սողոմոնի կնիքը ամենատարածված երկրաչափական ձևերից մեկն է։ Այն ունի 5 անկյուն, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է բնության մի տարերք՝ ջուր, կրակ, հող, օդ և եթեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մուտք գործել Ֆեյսբուք»։ Facebook (հայերեն)։ Վերցված է 2020-12-18 
  2. «Փայտի գեղարվեստական փորագրություն»։ Folk Art Center (հայերեն)։ Վերցված է 2020-12-17 
  3. «ՀՄԱՅԻԼՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ»։ grakantert.am։ Վերցված է 2020-12-17 
  4. «The Museum of Printing / Գրատպության թանգարան»։ www.facebook.com։ Վերցված է 2020-12-18 
  5. 5,0 5,1 Daily A. Z. G.։ «ՀՄԱՅԻԼ»։ AZG Daily։ Վերցված է 2020-12-17 
  6. «Բանբեր Մատենադարանի» 
  7. 7,0 7,1 Դոլուխանյան Աելիտա (2012)։ Հայ միջնադարյան գրականության հիմնական ուղղություններն ու ժանրերը։։ Երևան: Զանգակ։ էջեր 102–116։ ISBN 978-9939-68-042-2 
  8. «Հմայիլ-աղոթք»։ Հայկական գանձարան (հայերեն)։ Վերցված է 2020-12-20 
  9. «ԱՎԵԴԻ ԱՎԵԴՐԱՆ AVEDI AVEDRAN»։ ՀԱՅԱԳԻՏԱՐԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ (ru-RU)։ 2019-10-03։ Վերցված է 2020-12-17 
  10. 10,0 10,1 «19-րդ դարի հայերեն «Հմայիլը» Մարսելից տեղափոխվեց Մատենադարան»։ armenpress.am։ Վերցված է 2020-12-17 
  11. ««Մատենադարանի բարեկամներ» հիմնադրամ»։ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ (հայերեն)։ 2020-08-18։ Վերցված է 2020-12-18 
  12. «Քրիստոնեական Հայաստանի հմայիլները» 
  13. «Էջմիածին հանդես» 
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 «Սարգիս Հարությունյան «Հայկական հմայական և ժողովրդական աղոթքներ»»