Հայաստանի պատմության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի պատմության թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան և Կենտրոն վարչական շրջան
ՀասցեՀայաստան, Երևան 375010, Հանրապետության Հրապարակ 4010
Հիմնադրվել է1919
Այցելուներ106 900 մարդ[1]
ՏնօրենԴավիթ Պողոսյան
Հավաքածուի չափս400 000 ցուցանմուշ[2]
Կայքhistorymuseum.am(հայ.), historymuseum.am/ru/(ռուս.) և historymuseum.am/en/(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Հայաստանի պատմության թանգարան, պատմամշակութային, գիտահետազոտական խոշոր կենտրոն է։ Հիմնադրվել է 1919 թվականին, Երևանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի պատմության թանգարանը հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտի օրենքով (N 439, 09.09.1919)։ Կոչվել է Ազգագրական-մարդաբանական թանգարան-գրադարան։ Առաջին տնօրենը եղել է Երվանդ Լալայանը։ Այցելուների համար բացվել է 1921 թվականի օգոստոսի 20-ին[3]։

Ժամանակի ընթացքում կրել է անվանափոխություններ.

  • Հայաստանի պետական կենտրոնական թանգարան (1922)
  • Կուլտուր-պատմական թանգարան (1931)
  • Պատմական թանգարան (1935)
  • Հայաստանի պատմության պետական թանգարան (1962)
  • Հայաստանի պատմության թանգարան (2003)

Թանգարանը կազմավորվել է Կովկասի Հայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի Հայկական հնությունների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա (15.289 առարկա)։

1935 թվականին ՀԿԿ Կենտկոմի հրամանով մայր թանգարանի հավաքածուների հիման վրա ստեղծվել են ինքնուրույն թանգարաններ.

  1. Գեղարվեստական բաժնի հիման վրա (ղեկավար Ռուբեն Դրամբյան) կազմակերպվեց ՀԽՍՀ Կերպարվեստի թանգարանը (այժմյան՝ Ազգային Պատկերասրահը), - հանձնվեց 1660 առարկա
  2. Գրական բաժնի հիման վրա ձևավորվեց ՀԽՍՀ Գրական թանգարանը (այժմյան՝ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը), - հանձնվեց 301 առարկա և 1298 ձեռագիր։

Թանգարանում պահպանվում է շուրջ 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու հետևյալ բաժիններով. հնագիտություն (հիմնական հավաքածուի 35%,) ազգագրություն (8%), դրամագիտություն (45%), վավերագրեր (12%)։ Թանգարանի հավաքածուները համալրվում են հիմնականում Հայաստանի տարածքի հնավայրերից հայտնաբերված գտածոներով, գնումներով, նվիրատվություններով։ Թանգարանը ներկայացնում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից՝ մեկ միլիոն տարի առաջ, մինչև մեր օրերը։ Ցուցադրում է Հայկական լեռնաշխարհում Հին Արևելքի երկրների (Եգիպտոս, Միտանի, Խեթական թագավորություն, Ասորեստան, Իրան, Սելևկյան պետություն, Հռոմ, Բյուզանդիա) մշակութային փոխառնչությունների հազվագյուտ հետքերը։

Թանգարանում են գտնվում

  • Մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակների բրոնզե նմուշների մեծաքանակ և բացառիկ հավաքածուի, որ մտնում է համաշխարհային գլուխգործոցների գանձարանը
  • Հին Արևելքի հայկական հզոր պետության՝ Ուրարտուի պատմամշակութային շքեղ ժառանգության. բացառիկ սեպագիր արձանագրություններ, բրոնզե արձանիկներ, որմնանկարներ, գունազարդ խեցեղեն, քանդակազարդ սպառազեն, ոսկյա, արծաթյա, ոսկրե եզակի նմուշներ՝ պեղված Կարմիր Բլուրից, Արին Բերդից, Արգիշտիխինիլիից
  • Ուրարտուի Արգիշտի I արքայի՝ Երևան քաղաքի հիմնադրման մասին թողած սեպագիր արձանագրություն՝ մ.թ.ա. 782 թվական
  • փոխադրամիջոցների պատմության հնագույն վկայությունների. Լճաշենից պեղված փայտյա կառքեր և նրանց բրոնզե մանրակերտեր՝ մ.թ.ա. 15-14-րդ դդ.
  • հայկական դրամների հարուստ հավաքածուի՝ բաղկացած Ծոփքի, Արտաշեսյան, Կյուրիկյան և Կիլիկիայի հայկական թագավորությունների, ինչպես նաև տարբեր ժամանակաշրջաններում Հայաստանում գործող դրամահատարանների (Դվին, Անի, Երևան և այլն) օտար թողարկումներից
    Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրությունը Էրեբունու հիմքի վրա. 782-ից առաջ մ.թ.ա
    Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրությունը Էրեբունու հիմքի վրա. 782-ից առաջ մ.թ.ա
  • ցուցադրում է Հայաստանում հելլենիստական մշակույթի ինքնատիպ փոխակերպման բարձրարժեք նմուշներ՝ քանդակ, ճարտարապետական մանրամասեր, ոսկերչական իրեր, խեցեղեն՝ պեղված Գառնի, Արտաշատ, Օշական հնավայրերից
  • ներկայացնում է Հայաստանի քրիստոնեական մշակույթը 4-15-րդ դդ.՝ ճարտարապետական, քանդակագործական, խեցեգործական եզակի գտածոներ՝ պեղված Դվին, Անի քաղաքներից, Ամբերդ ամրոցից
  • իրականացնում է կոնսերվացման և վերականգման աշխատանքներ
  • հրատարակել է՝ 1948 թվականից ի վեր, հայկական ճարտարապետությանը, հնագիտությանը, ազգագրությանը, հայոց պատմությանը նվիրված աշխատություններ, մատենաշարեր, հնագիտական պեղումների զեկույցներ

Թանգարանի ստորաբաժանումներ և ֆոնդերի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հնագիտության բաժին

Հնագիտական ֆոնդը ներառում է հնագիտական յոթ հավաքածու, որոնք ներկայացնում են Հայկական Լեռնաշխարհի պատմա-մշակութային զարգացման ամբողջական ընթացքը՝ հին քարի դարից մինչև ուշ միջնադար ընկած ժամանակաշրջաններով՝ մ.թ.ա. 1 միլիոնից մինչև մ.թ. 15-րդ դ.

  1. Պալեոլիթյան հավաքածուներ (մ.թ.ա. 100.000 – 12.000 թվականներ)
  2. Նեոլիթ - Էնեոլիթյան հավաքածուներ (մ.թ.ա. 8 – 4-րդ հազարամյակի կեսեր)
  3. Բրոնզեդարյան և վաղ երկաթի դարաշրջանի հավաքածուներ (մ.թ.ա. 4 հազ. 2-րդ կեսից – 15 – 12-րդ դդ.)
  4. Ուրարտուի (Վանի թագավորություն) հնագիտական հավաքածուներ (մ.թ.ա. 9-րդ դ. - 6-րդ դ. սկիզբ)
  5. Հավաքածուներ մ.թ.ա. 6 –4-րդ դդ.
  6. Հելլենիստական հավաքածուներ (մ.թ.ա. 4-րդ դ. – մ.թ.ա. 3-րդ դ.)
  7. Միջնադարյան հավաքածուներ (6 – 15-րդ դդ.)
  • Դրամագիտության բաժին

Դրամագիտական ֆոնդի մեծ մասը կազմում են մետաղադրամները՝ ոսկի, արծաթ, պղինձ։ Դրամագիտական ֆոնդում պահվում են նաև մեդալներ, ժետոններ, շքանշաններ, կրծքանշաններ։ Կան նաև թղթադրամների և նամականիշների ժողովածուներ։

  1. Մետաղադրամների ֆոնդի զգալի մասը կազմում են գանձերը՝ հայտնաբերված պատահականորեն կամ հնագիտական պեղումների ընթացքում։ Ի մասնավորի՝ Դվինի պեղումներից հայտնաբերված հարյուրավոր դրամները կազմեցին ֆոնդի միջնադարյան ժողովածուների կարևորագույն մասը, սրանց հետագայում ավելացան Գառնիի, ավելի ուշ՝ Արտաշատի պեղումներից հայտնաբերված հելլենիստական, հռոմեական և միջնադարյան ժամանակաշրջանների դրամները։ Ինչպես նաև սասանյան և արաբական արծաթե դրամների, բյուզանդական ոսկե դրամների, սելջուկյան, մոնղոլական, ուշ-պարսկական, ռուսական, թուրքական, արևմտաեվրոպական դրամների գանձերը։
  2. Թղթադրամների ժողովածուն ընդգրկում է 18-20-րդ դդ. բազմաթիվ երկրների թողարկումներ, որոնց մեջ հատկապես արժեքավոր են հայկական և նախկին Ռուսական կայսրության տարածքում 1918-1922 թվականներին գործող տարբեր տերությունների և կառավարությունների վճարման միջոցները։
  3. Նամականիշների ժողովածուն ընդգրկում է Հայաստանի Առաջին Հանրապետության 1918-1920 թվականների թողարկումները, Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության՝ 1921-1923 թվականների թողարկումները՝ ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նորագույն թողարկումները՝ 1992 թվականից ի վեր։ Ժողովածուի մեջ են 19-20-րդ դդ. տասնյակ երկրների թողարկած բազմաթիվ նմուշներ։
  4. Մեդալների Ժողովածուն ընդգրկում է 17-րդ դ. մինչև մեր օրերը թողարկված հայկական, եվրոպական և այլ երկրների մեդալներ, շքանշաններ և կրծքանշաններ, հայոց պատմության հիշարժան դեպքերին և անձանց նվիրված մեդալները։ Ժողովածուի մեջ ուրույն տեղ են զբաղեցնում 16-20-րդ դդ. ֆրանսիական 900 արծաթե մեդալները, որոնք Փարիզի դրամահատարանում բնօրինակ կնիքներով հատված պատճեններ են։
  • Ազգագրության բաժին

Ազգագրական ֆոնդը ներառում է 16-20-րդ դդ. պատկանող դեկորատիվ-կիրառական արվեստի, կենցաղի, արտադրության միջոցների նմուշներ Հայաստանի պատմաազգագրական բոլոր շրջաններից։ Ֆոնդում պահվում են՝

  1. ասեղնագործության և ժանյակագործության նմուշներ, ոսկեթելով և արծաթաթելով արված ձեռագործ ծածկոցներ, եկեղեցական գոգնոցներ տարազային համալիրներ, եկեղեցական հանդերձ, հայ ոսկերչության և կիրառական արվեստի նմուշներ
  2. հայկական պղնձագործության փորագրազարդ, դրվագված նմուշներ
  3. փայտափորագիր արվեստի նմուշներ, հախճապակյա առարկաներ և աշխատանքային գործիքներ
  4. գորգահյուս և կարպետահյուս առարկաներ և կիրառական նշանակության այլ առարկաներ. այդ թվում՝ 17-19-րդ դդ. վիշապագորգեր, երկրաչափական, բուսական, խառը զարդանախշերով գորգեր
  5. կայծքարե հրացաններ և ատրճանակներ, դաշույններ, սրեր, ինչպես նաև նշանավոր անձանց պատկանող զենքեր։
  6. ազգագրական լուսանկարներ, սկզբնաղբյուրներ և քարտեզներ, ինչպես նաև ազգագրագետ գիտնականների անձնական արխիվներ։
  • Նորագույն պատմության բաժին

Նոր և նորագույն շրջանի պատմության բաժինը թանգարանում գործել է 1949 թվականից։ 1991 թվականին Հայաստանի Հեղափոխության թանգարանի լուծարումից հետո վերջինիս հավաքածուն տրվել է Հայաստանի պատմության թանգարանի Նոր և նորագույն պատմության բաժնին։ Բաժնի ուսումնասիրության շրջանակը ընդգրկում է 17-րդ դ. մինչև արդի ժամանակահատվածում հայկական գաղթօջախների, ինչպես նաև բուն Հայաստանի հասարակական, քաղաքական, ազգային ազատագրական շարժումների և մշակույթի պատմությունը։ Նորագույն պատմության ֆոնդը ընդգրկում է 17- 20-րդ դարերին վերաբերող փաստաթղթեր, լուսանկարներ, վիմագիր արձանագրություններ, դրոշներ, կնիքներ, հասարակական, քաղաքական ռազմական գործիչների անձնական արխիվները /լուսանկարներ, փաստաթղթեր, անձնական իրեր/։

  • Վերականգնման բաժին

Բաժինը հիմնադրվել է 1945 թվականին։ Նրա կառուցվածքում գործել են չորս աշխատանոց՝

  1. խեցեգործական առարկաների վերականգնում և մակետների պատրաստում
  2. մետաղների մաքրում և վերականգնում
  3. բանվածքների և ասեղնագործությունների վերականգնում
  4. ատաղձագործական առարկաների վերականգնում և կազմարարություն

Ցուցադրություններ և ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարդուրի Բ-ի վահանը
Գագիկ Ա Բագրատունի արքայի արձան (կրկնօրինակ)

Հայաստանի պատմության թանգարանում առաջին ցուցադրությունը կազմակերպվել է 1925 թվականին, ապա հաջորդել են բազմաթիվ մշտական ու ժամանակավոր ցուցահանդեսներ։

Մշտական ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստան. Պալեոլիթից բրոնզե դար»
  • «Բացառիկ գտածո. 5500-ամյա կաշվե ոտնաման»
  • «Ուրարտու. Վանի թագավորություն»
  • «Անի. Հայաստան 9 - 14-րդ դդ.»
  • «Դվին. Հայաստանը 9 - 13-րդ դդ.»
  • «Հայաստանը Քարտեզներում»
  • «Նորամուտ. Թևավոր խաչ»
  • «Հայկական գորգարվեստ»
  • «Հայկական ազգային տարազ 18 - 19-րդ դդ.»
  • «Հայաստանը մ.թ.ա. I - մ.թ.ա. III դդ.»
  • «Հայոց Ցեղասպանություն»
  • «Մայիսյան հերոսամարտ և Հայաստանի Առաջին Հանրապետություն» և այլն։

Ժամանակավոր ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Նոր Ջուղա. Հայոց տպագրության օրրան»
  • «Վանի ասեղնագործությունը. 17 - 20-րդ դդ.»
  • «Գիրը ժամանակների վկա»
  • «Գրի հավերժությունը»
  • «Գիրը՝ հիշողության գանձարան»
  • «Շիրակը մշակութային օրրան»
  • «Թաղման ծեսի խորհուրդը»
  • «Ներքին Նավեր»
  • «Նորահայտ գտածոներ Լոռու մարզից (մ.թ.ա. III հազ. - մ.թ.ա. I դար)»
  • «Նորամուտ 170 առարկա»
  • «Քարերը ժողովելու ժամանակը»
  • «Կամրջող սերունդներ» և այլն։

Թանգարանը մասնակցել է միջազգային ցուցահանդեսներին՝ Բուդապեշտ 1968 թվական, Փարիզ 1970 թվական, Լենինգրադ 1974 թվական, 1985 թվական, Սպոկան 1975 թվական, Լոս-Անջելես 1977 թվական, Տարտու 1979 թվական, Կիև 1980 թվական, Ցուկուբա 1984 թվական, Վենետիկ 1987 թվական, Նյու Յորք 2008 -2009 թվականներ, Թեսալոնիկե 2009 թվական, Պրինստոն 2010 թվական, Վենետիկ 2011 թվական։

Թանգարանը ունեցել է ցուցահանդեսներ՝ Բոխում (1995), Նանտ (1996), Փարիզ (1996), Լիոն (1997), Կահիրե (1997), Բոնն, Հալլե-Վիտտենբերգ (1998), Աթենք (1998), Վատիկան (1999), Փարիզ (2001), Լոնդոն (2001), Լեյդեն (2002), Բուդապեշտ (2002), Վանդեա (2006), Սենտ Ռաֆայել (2007), Ռուան (2007 ), Փարիզ (2007), Լիոն (2007), Առլ (2007), Մարսել (2007), Կլունի (2007), Նյու Յորք (2008), Սանկտ-Պետերբուրգ (2009), Լյուբլյանա (2010), Հռոմ (2011), Նյու Յորք (2014 -2015), Հռոմ (2015)։

2022 թվականի սեպտեմբերին "Արարատի հմայքի ներքո. Հին Հայաստանի գանձերը" ցուցահանդեսը Նիդերլանդներում ճանաչվել է տարվա լավագույն ցուցահանդեսը[4]։

Նշանավոր անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի պատմության թանգարանի ստեղծման ակունքներում կանգնած են եղել հայ հնագիտության և ազգագրության, մշակույթի նշանավոր ներկայացուցիչներ, որոնք ղեկավարել են ինչպես թանգարանը, այնպես էլ նրա առանձին բաժինները՝

  • Երվանդ Լալայան (1864-1931), ազգագրագետ, հնագետ, բանահավաք, Հայաստանի պատմության թանգարանի հիմնադիր տնօրենը (1919-1927)։ Հիմնադրել է «Ազգագրական հանդես»-ը (1896), Թիֆլիսի Հայոց Ազգագրական ընկերությունը (1906) և Ազգագրական-հնագիտական թանգարանը (1908)։
  • Կարո Ղաֆադարյան (1907-1976), հնագետ, պատմաբան, վիմագրագետ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր։ 1932 թվականից զբաղվել է Հայաստանի պատմական հուշարձանների ուսումնասիրությամբ։ Հանդիսացել է Մերձավոր Արևելքի նշանավոր կենտրոններից մեկի՝ միջնադարյան Դվին քաղաքի պեղումների և նյութական մշակույթի ուսումնասիրության ղեկավարը, 1940-1964 թվականներին` Հայաստանի պատմության թանգարանի տնօրենը։ Կարո Ղաֆադարյանի անմիջական ղեկավարությամբ թանգարանը դարձավ հանրապետության առաջատար գիտա-հետազոտական և կրթա-մշակութային կենտրոն։ Նոր մեկնակետով մշակվեց և իրականացվեց հայ ժողովրդի պատմության գիտական ցուցադրությունը` ակունքներից մինչև արդի ժամանակները։
  • Մորուս Հասրաթյան (1902-1979), պատմաբան, բանասեր, Հայաստանի ԳԱ թղթակից անդամ։ 1964-1975 թվականներին Հայաստանի պատմության թանգարանի տնօրենն էր։ Մ. Հասրաթյանի ղեկավարությամբ թանգարանը միջազգային ճանաչում ստացավ։ Հայկական մշակույթը ցուցահանդեսներով ներկայացվեց Փարիզում, Կրակովում, Բուդապեշտում, Տալլինում։ Կապեր հաստատվեցին Սփյուռքի հայկական կենտրոնների հետ։
  • Թորոս Թորամանյան (1864-1934), ճարտարապետ, հայ ճարտարապետության գիտական ուսումնասիրության հիմնադիր։ 1930-1932 թվականներին ղեկավարել է թանգարանի ճարտարապետության բաժինը։ 1904 թվականից մասնակցել է Անիի պեղումներին։ Ուսումնասիրել և չափագրել է Անիի աշխարհիկ և եկեղեցական ճարտարապետության հուշարձանները, պաշտպանական համակարգի կառույցները, ստեղծել վերակազմության նախագծեր, որոնցով Անին վերակենդանացվեց գիտության համար։ Շուրջ 30 տարի շրջելով Հայաստանում՝ չափագրել, լուսանկարել ու նկարագրել է հարյուրավոր հուշարձաններ, որոնցից մի մասը այսօր պահպանվել է միայն նրա նյութերով։
  • Եվգենի Բայբուրդյան (1898-1941), հնագետ, 1939 թվականին բռնադատվել է և հետմահու արդարացվել։ 1926 թվականից աշխատել է Հայաստանի պատմության թանգարանում, 1928-1933 թվականներին և 1938 թվականին եղել է հնագիտության բաժնի վարիչ։
  • Հարություն Մնացականյան (1907- 1977), հնագետ, պատմական գիտությունների թեկնածու։ 1949-1969 թվականներին եղել է հնագիտության բաժնի վարիչ։
  • Տելեմաք Խաչատրյան (1932-1989), հնագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Թանգարանում աշխատել է 1956 թվականից։ 1970-1971 թվականներին եղել է հնագիտության բաժնի վարիչ, 1983-1987 թվականներին՝ թանգարանի տնօրեն։
  • Ասլան Շահնազարյան - պատմաբան, դրամագետ։ 1946-1959 թվականներին ղեկավարել է թանգարանի դրամագիտական կաբինետը։ Գիտական հիմքի վրա դնելով դրամագիտական ֆոնդի աշխատանքները՝ մշակել և համակարգել է առաջին ժողովածուները։
  • Խաչիկ Մուշեղյան (1919-1992), դրամագետ, պատմական գիտությունների դոկտոր։ Թանգարանում աշխատել է 1952 թվականից։ 1959-1989 թվականներին եղել է դրամագիտության բաժնի վարիչ։
  • Հենրի Սարգսյան (1933), դրամագետ, պատմաբան։ Թանգարանում աշխատել է 1960 թվականից։ 1989-2000 թվականներին եղել է դրամագիտության բաժնի վարիչը։ Զբաղվել է Հայաստանի անտիկ, միջնադարյան և նոր շրջանի դրամների, թղթադրամների հետազոտությամբ, անդրադարձել թանգարանագիտության հարցերին։ Հատկապես կարևոր ներդրում են նրա ուսումնասիրությունները հայկական մեդալային արվեստի բնագավառում։
  • Ստեփան Լիսիցյան (1865-1947), պատմաբան, աշխարհագրագետ, բանասեր, մանկավարժ, ազգագրագետ։ Ազգագրության բաժինը ղեկավարել է 1928-1947 թվականներին։
  • Վալենտինա Աբրահամյան (1908–1986), հնագետ, ազգագրագետ, պատմական գիտությունների դոկտոր։ 1959-1979 թվականներին ղեկավարել է թանգարանի հնագիտության, այնուհետև՝ ազգագրության բաժինը։
  • Թանգարանի գիտական խորհուրդը 1997 թվականից ղեկավարում է Անելկա Գրիգորյանը։
  • Գրիգոր Գրիգորյան թանգարանը ղեկավարել է 2014-2020 թվականներին։
  • Դավիթ Պողոսյան՝ 2020 թվականից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Զբոսաշրջությունը հաղթահարում է կորոնավիրուսային շոկը
  2. Հայաստանի պատմության թանգարան, The History Museum of Armenia
  3. «Պատմություն». historymuseum.am. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  4. ««Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» ցուցահանդեսը՝ Նիդեռլանդների տարվա լավագույն ցուցադրություն». news.am.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 148