Ասլան Շահնազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ասլան Շահնազարյան
Ծնվել էհունվարի 15, 1877(1877-01-15)
Քյուրաթաղ
Մահացել էմայիսի 17, 1955(1955-05-17) (78 տարեկանում)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան
Հաստատություն(ներ)Հայաստանի Պատմության Թանգարան, Երևանի պետական համալսարան և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Ալմա մատերՇուշիի թեմական հոգևոր դպրոց և Գևորգյան հոգևոր ճեմարան
Տիրապետում է լեզուներինհայերեն


Ասլան Միքայելի Շահնազարյան (1877, հունվարի 15 - 1955, մայիսի 17), պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասլան Շահնազարյանը ծնվել է 1877 թվականի հունվարի 15-ին Արցախի Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է Շուշիի թեմական հոգևոր դպրոցում, որն ավարտել է 1893 թվականին։ Շուշիի հայոց հոգևոր դպրոցն ունեցել է կրթական բարձր մակարդակ, որի մասին վկայում են ազգային արխիվում պահվող Ասլան Շահնազարյանի ֆոնդի համապատասխան փաստաթղթերը։ Շուշիի հայոց հոգևոր դպրոցն ավարտելուց հետո նրա մոտ ցանկություն է առաջանում խորանալու գյուղատնտեսության մեջ՝ ծանրագույն վիճակում գտնվող հայ հողագործին օգտակար լինելու ազնիվ ձգտումով։ Դժբախտաբար, գյուղացու ընտանիքից դուրս եկած երիտասարդին չի հաջողվում նյութական միջոցներ գտնել՝ ծրագրած նպատակին հասնելու համար։ Մեծ ջանքեր գործադրելով 1894 թվականին նրան հաջողվում է դառնալ Գևորգյան ճեմարանի առաջին լսարանի ուսանող։ 1896 թվականին նա լուրջ հիվանդանում է և մի խնդրագրով դիմում ճեմարանի տեսուչին՝ ամառային արձակուրդին բուժվելու նպատակով հանգիստն անցկացնելու Իգդիրում իր վաղեմի բարեկամի ընտանիքում, որտեղ հնարավորություն է ունենում լիակատար ապաքինվելու։ Այնտեղ նա տանտիրոջ երկու որդիների հետ ամբողջ ամառը պարապում է՝ նրանց նախապատրաստում թեմական դպրոց ընդունվելու։ 1897 թվականին նա ավարտում է ճեմարանը և ստանում ճեմարանավարտի վկայական։ 1897 թվականին Շահնազարյանը մանկավարժական աշխատանքի է անցնում Շուշիի թեմական հոգևոր դպրոցում, ապա՝ Սուրբ Էջմիածինի Գևորգյան ճեմարանում։ 1904 թվականին նա թողնում է մանկավարժական աշխատանքը և մեկնում Պետերբուրգ, որտեղ հաջողությամբ հանձնում է ընդունելության քննություններ և դառնում Պետերբուրգի համալսարանի Արևելյան լեզուների ֆակուլտետի սան։ Համալսարանն ավարտելուց հետո մեկնում է արտասահման և Բեռլինում արձանագրվում տեղի համալսարանի ուսանող։ Նյութական սուղ միջոցների պատճառով նա միայն մեկ տարի է կարողանում հետևել Բեռլինի համալսարանի դասընթացներին։ 1914 թվականի փետրվարին վերադառնում է հայրենիք և մինչև 1918 թվականը մանկավարժական աշխատանք կատարում Ներսիսյան դպրոցում, ապա նշանակվում Թիֆլիսի Ղուկասյան օրիորդաց դպրոցի տնօրեն։

1920 թվականին տեղափոխվում է Հայաստան: Ճակատագրի բերումով որոշ ժամանակ հաստատվում է Զանգեզուրում (Լեռնահայաստան)։ Սա այն ժամանակաշրջանն էր, երբ խորհրդային զորքերը ցանկանում էին արյան մեջ խեղդել Զանգեզուրի հպարտ հայ ժողովրդի ինքնապաշտպանությունը՝ հսկայական ուժերին կենտրոնացնելով այդ շրջանում։ Չդիմանալով ռազմական ճնշմանը՝ ինքնապաշտպանության ղեկավարությունն անցնում է Պարսկաստան, նրանց հետ և Շահնազարյանը։ Այս մասին 1938 թվականին նա ցուցմունք է տվել պետական անվտանգության կոմիտեի քննիչին։ Պարսկաստանում Շահնազարյանը ներկայանում է որպես քաղաքական հետապնդումից ապաստան փնտրող անձ։ Թեհրանում մեկ տարի մնալուց հետո հրավիրվում է հայկական դպրոցում աշխատելու՝ որպես տնօրեն և պաշտոնավարում է մինչև 1925 թվականը։ 1925-1926 թվականներին Շահնազարյանը աշխատում է Թեհրանի խորհրդային ռուսական դպրոցում։ Մեկ տարի հետո նա թողնում է այդ պաշտոնը և տեղափոխվում Սպահան, որտեղ մինչև 1930 թվականը աշխատում է որպես հայկական դպրոցի տնօրեն։

Մանկավարժական աշխատանքին զուգահեռ՝ մամուլում և առանձին հանդեսներում հայ ժողովրդի պատմության հանգուցային հարցերի շուրջ գիտական ուսումնասիրություններով Շահնազարյանը հանդես է գալիս 1910-ական թվականներից։ Շահնազարյանը 13 տարի հայրենիքից հեռու մնալուց հետո 1933 թվականին վերադառնում է Խորհրդային Հայաստան և անմիջապես աշխատանքի անցնում Երևանի Պատմության պետական թանգարանում, դասավանդում Երևանի պետական համալսարանում,Պոլիտեխնիկ ինստիտուտում, 1948 թվականից՝ Էջմիածնի վերաբացված ճեմարանում։ Այստեղ նա դասավանդում է մեկ տարի։

1933-1955 թվականներին գլխավորելով Պատմության պետական թանգարանի հնագիտության, ապա՝ դրամագիտության բաժինները, Շահնազարյանը գիտական հիմքի վրա է դնում դրամագիտական ֆոնդի աշխատանքների կազմակերպումը։

Շահնազարյանը մահացել է 1955 թվականի մայիսի 17-ին Երևանում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ասլան Միքայելի Շահնազարյան», տե՛ս «Էջմիածին», 1955, հունիս։
  • «Զաքարյան (Երկարաբազուկ) տոհմի ծագումը», տե՛ս «Շողակաթ»ժողովածու, Էջմիածին, 1913 :