Jump to content

Գագիկ Ա Բագրատունի արքայի արձան (կրկնօրինակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գագիկ Ա Բագրատունի արքայի արձան (կրկնօրինակ)
'
նյութգիպս
բարձրություն2,29
լայնություն1,16
խորություն68
ստեղծվել էվերարտադրել է՝ 1993

Գագիկ Ա Բագրատունի արքայի արձան (կրկնօրինակ) (անգլ.՝ Statue of King Gagik I Bagratid (copy)), Բագրատունյաց Գագիկ Ա թագավորի արձանի կրկնօրինակ, որը 1993 թվականին վերարտադրել է քանդակագործ Հրաչ Գալստյանը՝ Անիի քարադարանում Արամ Վրույրի կատարած լուսանկարի և Թորոս Թորամանյանի վկայության հիման վրա[1]։ Գտնվում է Հայաստանի պատմության թանգարանի մուտքի նախասրահում[2]։

Գագիկ Ա Բագրատունի արքայի բնօրինակ արձան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Ա Բագրատունի արքայի արձանի բնօրինակը հայտնաբերվել է Անիի Գագկաշեն Սուրբ Գրիգոր եկեղեցու 1905-1906 թվականներին պեղումների ժամանակ՝ Ռուսական կայսերական ակադեմիայի հնագիտական հանձնաժողովի որոշմամբ ստեղծված Անիի հնագիտական արշավախմբի կողմից, որը գործել է 1892-1917 թվականներին՝ Նիկողայոս Մառի ղեկավարությամբ, ճարտարապետ Թորոս Թորամանյանի, Հովսեփ Օրբելու մասնակցությամբ։

1904 թվականին Մանուչեի մզկիթում հիմնադրվել է թանգարան, որտեղ պահվել են պեղումների ժամանակ հայտնաբերված նմուշները։ 1918 թվականին, թուրքական ներխուժումների պատճառով, պահպանվել են հնագիտական նմուշների փոքր մասը։ Գագիկ Ա արքայի արձանի ճակատագիրը մնացել է անհայտ, միայն ձախ թևի մի հատվածը պահվում է Էրզրումի հնագիտական թանգարանում[1]։

Գագիկ Ա արքայի արձանը՝ եկեղեցու եռաստիճան մանրակերտը ձեռքին, տեղադրված է եղել տաճարի հյուսիսային ճակատին՝ դեմքով դեպի քաղաքի գլխավոր մուտքը։

Արձանի բարձրությունը կհասնի գրեթե 2,26 մետրի, գլուխը դրած է Բաղդադի խալիֆայական պատվանշան՝ արքայական սպիտակ չալման, երկար սև մազերը կհասնին գրեթե մինչև ուսերը՝ խուրձ-խուրձ իջած և դեպի վեր ոլորված՝ հին սասանյան ձևով, դեմքը լայն, աչքերը խոշոր, թավ հոնքերով, սև բեխերը ոլորած դեպի վեր, մասամբ խառնված են սևամազ մորուքի հետ, որն որ կծածկե կուրծքին կեսեն ավելին։ Կռնակը հագած է արքայական կարմիր գույնով վերարկու մը, որուն լայն օձիքը ծալված է ուսերուն վրա, վերարկուին ետևի քղանցքը ճեղքված մինչև մեջքին մոտ, համաչափորեն եռանկյունաձև դարձած է դուրս՝ պարեգոտին ստորին քղանցքը երևան հանելով։ Կուրծքեն վար ալ միայն մեկ տեղ կոճկված ունի, մյուս տեղերը թողված են ազատ, որպեսզի երևա վիզեն կախված խաչը և նմանապես կարմիր գույնով մինչև ոտքերը հասնող պարեգոտը։
- Թորոս Թորամանյան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Անհետացած արձանի առեղծվածը
  2. www.virtualani.org. «Armenian Architecture - VirtualANI - King Gagik's Statue». www.virtualani.org. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
GLAM
GLAM