Կարո Ղաֆադարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարո Ղաֆադարյան
Ծնվել էապրիլի 20, 1907
Ախալցխա
Մահացել էհոկտեմբերի 21, 1976
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԱզգությունՀայ
ՄասնագիտությունՎիմագրագետ, հնագետ-պատմաբան
Հաստատություն(ներ)Հայաստանի Պատմության Թանգարան և Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1953)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Երեխա(ներ)Կորյուն Ղաֆադարյան

Կարո Ղաֆադարյան (ապրիլի 20, 1907(1907-04-20), Ախալցխա - դեկտեմբերի 21, 1976(1976-12-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բազմավաստակ վիմագրագետ, հնագետ-պատմաբան, բանասեր։ Պատմական գիտությունների դոկտոր (1953): ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961):

Կորյուն Ղաֆադարյանի հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1927 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ 1931 թվականին ավարտել է համալսարանի հիմքի վրա ստեղծված Մանկավարժական ինստիտուտի պատմատնտեսագիտական ֆակուլտետի պատմական բաժինը։ Մեկ տարի աշխատել է Էջմիածնի Ձեռագրատուն-Մատենադարանում, ապա մինչև 1940 թվականը Կուլտուրայի պատմության՝ հետագայում Գրականության և պատմության ինստիտուտում որպես գիտական աշխատակից, ուսումնասիրել հայերեն ձեռագրերը, հրատարակության պատրաստել «Հայկական գրի սկզբնական տեսակները», «Ալքիմիան պատմական Հայաստանում» ուսումնասիրությունները, որոնց համար 40-ը չբոլորած ապագա պրոֆեսորն արժանացել է Մելքոնյան մրցանակի։

1940 թվականին Կարո Ղաֆադարյանը նշանակվել է Հայաստանի պատմության պետական թանգարանի տնօրեն։ Նա շուրջ 25 տարի եղել է այդ թանգարանի տնօրենը։ 1959 թվականին մինչև իր կյանքի ավարտը նա ղեկավարել է ՀՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Միջին դարերի հնագիտության բաժինը։ Ղաֆադարյանը վախճանվել է 1976 թվականի հոկտեմբերի 21-ին, 69 տարեկան հասակում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարո Ղաֆադարյանն աշխատել է հնագիտական արշավախմբերում։ 1931 թվականին մասնակցել է հին Վաղարշապատի պեղումներին։ 1935 թվականին ինքնուրույն պեղումներ է կատարել Կիրովականում (ներկայիս՝ Վանաձոր)։ 1936 թվականին մասնակցել է Հովսեփ Օրբելու ղեկավարած Ամբերդի արշավախմբին, հետախուզական պեղումներ կատարել Կարմիր բլուրում։ 1930-ական թվականներին Կ. Ղաֆադարյանը հնագիտական, վիմագրական հետազոտություններ է կատարել նաև Հայաստանի տարբեր շրջաններում, ղեկավարել է Հնությունների պահպանության կոմիտեի մի շարք արշավախմբեր։ 1937–1939 թվականներին մասնակցել է քաղաքամայր Դվինի պեղումները իրականացնող արշավախմբի աշխատանքներին, որը ղեկավարել է պրոֆեսոր Սմբատ Տեր-Ավետիսյանը, իսկ 1946 թվականից արդեն Կարո Ղաֆադարյանը։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդարձակ է Կարո Ղաֆադարյանի գիտական հետաքրքրությունների շառավիղը. հայոց պատմություն, հնագիտություն, ճարտարապետության պատմություն, վիմագրություն, թանգարանագիտություն։

«Հայկական գրի սկզբնական տեսակները»[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականին լույս է տեսել նրա «Հայկական գրի սկզբնական տեսակները» հնագրագիտական-բանասիրական ուսումնասիրությունը։ Հայկական գրի տեսակների հնությանը դառնալով՝ հեղինակը գտել է, որ արձանագրությունները և ձեռագիր մատյանները, բոլոր ավետարանները, հնագույն ժամանակներից մինչև XIIIդ., գրվել են բացառապես բոլորգիծ երկաթագրով, և որ XIII դարից ձեռագիր գրչության մեջ համատարած է դառնում բոլորգիրը։ Գրերի առանձին տեսակներն են բոլորգիծ երկաթագիրը, ուղղագիծ երկաթագիրը, բոլորգիրը, նոտրգիրը և շղագիրը։

«Ալքիմիան պատմական Հայաստանում»[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականին հրատարակվել է Կարո Ղաֆադարյանի «Ալքիմիան պատմական Հայաստանում» աշխատությունը։ Դառնալով Մատենադարանի ալքիմիական ձեռագրերին՝ հեղինակն արձանագրել է, որ այդ բնագրերը միայն կեղծ ոսկի և արծաթ ստանալու եղանակները, ձևերը դասդասելու փորձեր չեն, որ հայ ալքիմիկոսները սոսկ ընդօրինակողներ չեն եղել, այլ իրենք հեղինակել են մի շարք գյուտեր։ Կարո Ղաֆադարյանի համար ուղեցույց, օժանդակ աղբյուր են ծառայել Ամիրդովլաթ Ամասիացու «Անգիտաց անպետը» և բժշկական ձեռագիր մատյանները։ Աշխատությունը կարևոր է նաև նրանով, որ երկրորդ մասում հեղինակը զետեղել է ձեռագրերից քաղած ալքիմիական բնագրերը։ Գիրքը եզրափակվում է ալքիմիական նյութերի անունների, գաղտնանունների, արտասովոր դարձվածքների բառարանով։

«Դվին քաղաքը և նրա պեղումները»[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականին լույս է տեսել Կարո Ղաֆադարյանի «Դվին քաղաքը և նրա պեղումները» խորագրով աշխատության առաջին հատորը՝ նվիրված Դվինի հնագիտական արշավախմբի 1937–1950 թվականների աշխատանքների արդյունքներին։ Այս աշխատության մեջ հանգամանորեն քննության են առնվել հնագիտական առաջնակարգ մասունքներ, որոնք բացահայտում են քաղաքի ներքին կյանքի, կենցաղի, ավանդական ու ընդհանրական պահանջ ունեցող արհեստների արտադրանքի նմուշներ, արտաքին աշխարհի հետ ունեցած տնտեսական կապերի, տուր և առի գործարքների կծիկը բացող բացառիկ հետաքրքիր նյութեր։ Ներկայացված են քաղաքի ճարտարապետական կենսագրության շղթայի գլխավոր օղակները, պեղումներով բացված Դվինի Կաթողիկե եկեղեցին, կաթողիկոսական պալատը, միջնաբերդի շինությունները, այլ կառույցներ։ Նույն խորագրով աշխատության երկրորդ հատորում (1982 թ.) ներկայացված են Դվինի հնագիտական արշավախմբի 1951–1972 թվականների աշխատանքների արդյունքները, նորահայտ ճարտարապետական հուշարձանները, քաղաքի կենտրոնական թաղամասում, միջնաբերդում հայտնաբերված վիթխարի թիվ կազմող հնագիտական նյութերը։ Դվինի ապակեգործությանը, կնքադրոշմներին, Դվին քաղաքի հիմնադրման ժամանակի խնդրին է նվիրված այս հատորի հավելվածը

«Ավանի երկլեզվյան ծածկագիր արձանագրությունը»[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականին լույս է տեսնում «Ավանի երկլեզվյան ծածկագիր արձանագրությունը»։ Տուֆե երեք սրբատաշ քարերի վրա փորագրված երկլեզվյան այդ ծածկագիր արձանագրությունը, ինչպես եզրակացրել է հեղինակը, գրվել է ցույց տալու համար, որ Եզր կաթողիկոսն աստծու ճշմարիտ ծառան է, որ նա իր կրոնական ըմբռնումներով ընթանում է ճշմարիտ շավղով։ Մասամբ հունարեն, մասամբ էլ հայերեն ծածկագրով դրոշմված արձանագրության քննության հիման վրա գիտնականը հանգել է այն հետևությանը, որ հայերեն ծածկագիրը ստեղծվել է ոչ թե XI–XII դդ., այլ VII դարից էլ առաջ։ Պարզվում է, որ Ավանի տաճարը, գյուղաքաղաքի բնակչությունը՝ Հովհան հակաթոռ կաթողիկոսից մինչև XIII դ. վերջը եղել է քաղկեդոնական, որ այն կազմել են Ավանի տաճարի քաղկեդոնիկ միաբանները առանց Եզրի անմիջական մասնակցության։

Կարո Ղաֆադարյաը հեղինակ է ավելի քան 70 հոդվածների, որոնցից աչքի են ընկնում «Կարմիր բլուրի նորագյուտ սեպագիր արձանագրությունը» (1937), «Երևանի Կաթողիկե տաճարի վիմագիր արձանագրությունները» (1938), «Պատմահնագիտական դիտողություններ Նոր-Բերդի Կյուրիկյան իշխանության մասին» (1940), «Դամբարանների պեղումներ Կիրովականում» (1941), «Զվարթնոցի վերականգնման մի անհաջող փորձ» (1958), «Զվարթնոց» (դիտողություններ) (1959), «Տեկորի տաճարի V դարի հայերեն արձանագրությունը և մեսրոպյան այբուբենի առաջին տառաձևերը» (1962), «Հայաստանի Պետական պատմական թանգարանը» (1962), «Հայաստանի միջնադարյան թանգարանները» (Անդաստան, հանդես-13, Փարիզ, 1962), «Հաղբատի ճարտարապետական մի քանի կառուցվածքները» (1963), «Նյութեր Ախալցխայի հայ համայնքի պատմության վերաբերյալ» (1967), «Պատմահնագիտական դիտողություններ Ավանի տաճարի վերաբերյալ» (1968), «Հնագիտական աշխատանքը Հայաստանում սովետական շրջանում» (1970), «Հայ ճարտարապետության պատմության պարբերացման հարցի շուրջը» (1971) և այլն։

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականին «Դվին քաղաքը և նրա պեղումները» գրքի (առաջին հատոր) համար Կարո Ղաֆադարյանին շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

1961 թվականին պրոֆեսոր Կարո Ղաֆադարյանին շնորհվել է գիտության վաստակավոր գործչի կոչում։

Կարո Ղաֆանդարյանը պարգևատրվել է նաև «Պատվո նշան», «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշաններով և մեդալներով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական գրի սկզբնական տեսակները, Ե․, 1939:
  • Ալքիմիան պատմական Հայաստանում, Ե․, 1940:
  • Հովհաննավանքը և նրա արձանագրությունները, Ե․, 1948:
  • Դվին քաղաքը և նրա պեղումները, 1, Ե․, 1952:
  • Սանահնի վանքը և նրա արձանագրությունները, Ե․, 1957:
  • Հաղբատ․ ճարտարապետական կաոուցվածքները և վիմական արձանագրությունները, Ե․, 1963:
  • Երևան․ Միջնադարյան հուշարձանները և վիմական արձանագրությունները, Ե․, 1975:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արամ Քալանթարյան, Գրիգոր Կարախանյան «Կ. Գ. Ղաֆադարյանը և Հայաստանի միջնադարյան մշակույթի ուսումնասիրությունը» (Ծննդյան 100-ամյակի առթիվ), պատմաբանասիրական հանդես № 1, 2007, էջ 272-279