Ռուբեն Դրամբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբեն Դրամբյան
Ծնվել էհունիսի 17 (29), 1891[1][2]
Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էմարտի 10, 1991(1991-03-10)[2] (99 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանԿոմիտասի անվան զբոսայգու պանթեոն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունարվեստագետ
Հաստատություն(ներ)Ռուսական թանգարան[1], Հայաստանի ազգային պատկերասրահ[1], Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ[1] և ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ[1]
Գործունեության ոլորտարվեստագիտություն[3] և պատկերասրահ[3]
Ալմա մատերԹիֆլիսի գիմնազիա (1909), Սանկտ Պետերբուրգի համալսարան (1914) և Մոսկվայի պետական համալսարան (1916)[1]
Տիրապետում է լեզուներինհայերեն[3] և ռուսերեն[3]
Պարգևներ
Երեխա(ներ)Իրինա Դրամբյան

Ռուբեն Գրիգորի Դրամբյան (հունիսի 17 (29), 1891[1][2], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - մարտի 10, 1991(1991-03-10)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), արվեստաբան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1945)։

Արվեստաբան, արվեստագիտության դոկտոր Իրինա Դրամբյանի հայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուի բազմաթիվ արժեքավոր գործեր ձեռք են բերվել Դրամբյանի ջանքերով։

Ռուբեն Դրամբյանը մահացել է 1991 թվականի մարտի 10-ին Երևանում։ Ամփոփված է Կոմիտասի անվան պանթեոնում։

Աշխատությունները նվիրված են Եղիշե Թադևոսյանի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի, Հակոբ Գյուրջյանի, Հակոբ Հովնաթանյանի արվեստին։

2013 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահի բակում հանդիսավոր բացվել է Ռուբեն Դրամբյանի հուշատախտակը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Դրամբյանին նվիրված հուշատախտակ Երևանում

Նրա առաջին հրապուրանքը թատրոնն էր։ Թիֆլիսում ու Ալեքսանդրապոլում հաճախ էր ներկա գտնվում հայկական ներկայացումներին։ Տեսել է հայ այնպիսի ականավոր դերասանների, ինչպիսիք են Սիրանույշը, Աբելյանը, Ադամյանը, Զարիֆյանը։ Վերջինիս հետ, չնայած տարիքային մեծ տարբերությանը, բարեկամացել է և նույնիսկ ներկայացումներում ինչ-որ երկրորդական դերեր է խաղացել։

Շուտով սկսել է հետաքրքրվել նաև կերպարվեստով և, նախևառաջ, հայ նկարիչներ Ա. Բաշինջաղյանի և Եղիշե Թադևոսյանի ստեղծագործություններով։ Գիմնազիայի բարձր դասարաններում նա տարվել է «Ալեքսանդր Բենուայի նամակների» ընթերցանությամբ։

Ռուբեն Դրամբյանի հետաքրքրությունների շրջանակը բավականին լայն էր և չէր սահմանափակվում միայն արվեստով։ Մեծ հետաքրքրությամբ նա կարդում էր հայտնի փաստաբանների ելույթները, ինչն էլ որոշեց մասնագիտության ընտրությունը. գիմնազիան ավարտելով արծաթե մեդալով՝ նա ընդունվում է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Կյանքը Պետերբուրգում, մայրաքաղաքի գեղարվեստական մթնոլորտը ավելի են սաստկացնում հրապուրանքը արվեստի նկատմամբ։ Նա այցելում է ցուցահանդեսներ, թատրոններ, համերգների, տեսնում է Շալյապինին և Կոմիսարաժևսկայային։ Նույն տարիներին էլ ծնվում է գրքեր, ապա նաև՝ նկարներ ձեռք բերելու կիրքը. նա գումարներ չէր խնայում թանկարժեք գրքերի համար, այսպես օրինակ, շքեղ հրատարակված Ա. Բենուայի ալբոմի համար, ում նամակները կարդացել էր դեռևս գիմնազիայի գրադարանոււմ։

1910 թվականին ի հայտ է գալիս եղբոր՝ Կոնստանդինի հիվանդությունը։ Ռուբենն ընդհատում է համալսարանական պարապմունքները և եղբոր հետ ուղևորվում Շվեյցարիա, որտեղ վերջինս մահանում է թոքախտից, իր ձեռքերի վրա։ Ռուբենի առողջության համար նույնպես վախենում էին, քանի որ պետերբուրգյան կլիման համարվում էր վնասակար, հարազատները պնդում էին, որ նա տեղափոխվի Մոսկվա։ Ավելի ուշ, նկատի առնելով թոքերի թուլությունը, տարվա մեջ մի քանի ամիս նա անց էր կացնում Ֆրանսիայի հարավում և Շվեյցարիայում։ Չնայած Պետերբուրգի հանդեպ տածած սիրուն՝ նա, այնուամենայնիվ, տեղափոխվում է Մոսկվա, ընդ որում՝ հիմնավորապես։

1916 թվականի գարնանն ավարտական քննություն է հանձնում Մոսկվայի համալսարանում։ Առաջին Համաշխարհայինի թունդ ժամանակն էր։

1916 թվականից զինվորական ծառայությունն անցկացրել եմ նավատորմում։ Պետրոգրադում հաճախել եմ գարդեմարիների դասընթացներին, որն ավարտել եմ 1917 թվականի վերջին։ Արքունական բանակի կոչումների լուծարման պատճառով չդարձա միչման և զորացրվեցի 18 թվականին։ 19 թվականին դարձյալ զորակոչվել եմ նավատորմում ծառայելու, որտեղ մնացել եմ մինչև 22 թվականը` աշխատելով տարբեր հրամանատարական պաշտոններում։

Դրամբյանին ռազմածովային համազգեստով պատկերեց Նաթան Ալթմանը։ Ի դեպ, հենց այդ ժամանակահատվածում է Ալթմանը նկարել Լենինի հանրահայտ դիմանկարը. Ա. Օստրոումովա-Լեբեդևան նույնպես նկարել է Դրամբյանի դիմանկարը։ Այդ դիմանկարը Օստրոումովա-Լևբեդևան չավարտեց, և շրջափակման ժամանակ դրանով փակեցին պատուհանը։ Դիմանկարը փրկվեց և այժմ պահպանվում է Ռուսական թանգարանում։

Վաճառելով մոսկովյան բնակարանը՝ Դրամբյանը վերադառնում է Պետրոգրադ և 1923 թվականին աշխատանքի է անցնում Ռուսական թանգարանում, որտեղ ղեկավարում է պահոցային հավաքածուների բաժինը։

1924 թվականի աշնանը Մարտիրոս Սարյանի և Ալեքսանդր Թամանյանի համառ պահանջով նա տեղափոխվում է Երևան։

1924 թվականի ամռանը Ալեքսանդր Թամանյանը, գտնվելով Լենինգրադում, այցելում է Ռուսական թանգարան, և հրաժեշտ տալու ժամանակ սկսում է հրավիրել ինձ աշխատել Հայաստանում։ Ես ինքս էլ էի արդեն մտածում այդ մասին, Հայաստան տեղափոխվել համոզում էին նաև ընկերներս ու բարեկամներս, համառորեն խորհուրդ էր տալիս Մարտիրոս Սարյանը։ Նրանք վարակեցին ինձ իրենց խանդավառությամբ, և 1924 թվականին տեղափոխվեցի Երևան։ 1924 թվականի վերջին նշանակվեցի գեղարվեստական բաժնի վարիչ, իսկ հետո Հայաստանի կերպարվեստի թանգարանի տնօրեն։

Ռուբեն Դրամբյանը Հայաստանի պատկերասրահը փաստացիորեն ստեղծում է զրոյից։ Արվեստագետ Հենրիկ Իգիթյանը գրում է.

Երբեմն մեծարելով այս կամ այն մարդուն` մենք ստվերում ենք թողնում նրան, ով իսկապես արժանի է ուշադրության։ Գործնականում, նախքան Ռուբեն Դրամբյանի տեղափոխվելը, թանգարան` որպես այդպիսին, չկար։ Այո, քսան աշխատանքներից բաղկացած առաջին ցուցադրությունը տեղի էր ունեցել 1921 թվականի օգոստոսին, երիտասարդ հանրապետության կառավարության կողմից որոշում էր ընդունվել Երևանում չորս բաժիններից բաղկացած (պատմա-հնագիտական, պատմական-հեղափոխական, ազգագրական և գեղարվեստական) Հայաստանի պետական թանգարան հիմնադրելու մասին, սակայն գաղափարը նյութականացվում է մշակույթի կրող, խորգ գիտակ, բարձր ճաշակի, հավաքողի անսխալ զգացողության և արվեստի հանդեպ մեծ սիրո տեր մարդու կողմից…

Լինելով արվեստագետ ու կոլեկցիոներ Աստծուց՝ նա ձեռնամուխ է լինում թանգարանի հավաքածուի ստեղծմանը։ Առաջնակարգ նշանակություն է տրվում հայկական արվեստի հավաքածուի համալրմանը։ Հայ վարպետների աշխատանքները ձեռք են բերվում ոչ միայն Հայաստանում, այլև Թիֆլիսում։ Հայկական գեղանկարչության դասական Հակոբ Հովնաթանյանը փաստորեն Ռուբեն Դրամբյանի մեծ հայտնագործությունն է։ Գրավիչ ու բարդ էր այդ նկարչի աշխատանքների որոնման գործընթացն ու նրա ստեղծագործության ուսումնասիրությունը, որն ապրել է 19-րդ դարի առաջին կեսին և մեծ հաջողություն է վայելել Թիֆլիսի հարուստ հայերի մոտ։ Վարպետի հայտնի 70 աշխատանքներից 34-ը պահպանվում են Պատկերասրահում։

Ընկերների և ծանոթների մեծ շրջանակը նույնպես նպաստում է թանգարանային որոնումներին։ Մ. Սարյանը նամակում գրում է.

Այստեղ հայ հարուստ Գյուլբենկյանը լավ վարպետների հրաշալի հավաքածու ունի, ես դեռ չեմ հասել դրան, բայց ուզում եմ ինչ-որ ճանապարհով հասնել, գուցե հաջողվի մեր թանգարանի համար ինչ-որ բան կորզել։ Այդ դեպքում մեր թանգարանը ԽՍՀՄ-ում կդառնա լավագույնը Մոսկվայից ու Լենինգրադից հետո (24.1.1927, Փարիզ)։ Կարող եմ Ձեզ ուրախացնել մեր թանգարանի համար Վարդգես Սուրենյանցի ոչ մեծ յուղաներկ կտավի պատահական ձեռքբերմամբ (9.11.1941, Մոսկվա

1936 թվականին կազմակերպում է ականավոր գծանկարիչ Էդգար Շահինի ցուցահանդեսը, որն ապրում էր Փարիզում և թանգարանին է նվիրում 170 օֆորտ։

Ազգային պատկերասրահի մարգարիտներից մեկը Վ. Ա. Սերովի Մ.Ն. Ակիմովայի դիմանկարն է։ Ռ. Դրամբյանը հիշում է.

Ինքը Սերովը, ըստ Ի.Է. Գրաբարի վկայության, այդ դիմանկարը համարել է իր 15 լավագույն ստեղծագործություններից մեկը։ Մ. Ն. Ակիմովան սերում էր մոսկովյան հայ ընտանիքից, նրա խորթ հայրը Մոսկվայի Լազարյան ինստիտուտի տնօրենն էր։ Ինձ հետ զրույցում Ի. Է. Գրաբարը հիշում էր, որ այդ կտավը նկարելու ժամանակաընթացքում (այսինքն` 1908 թվականին) Սերովի հետ միասին մի քանի անգամ այցելել են Ակիմովային, հրաշալի երեկոներ են անցկացրել նրա մոտ։ 20-ականների վերջին մենք դիմեցինք Մարիա Նիկոլաևնային` առաջարկելով դիմանկարը վաճառել Հայաստանի թանգարանին։ Ծանր ժամանակներ էին, այդ ժամանակ Ակիմովան ապրում էր մոր հետ, միջոցների կարիք ուներ և կարող էր համաձայնել թանգարանի առաջարկին։ Սակայն վաճառել դիմանկարը` հրաժարվում է. նա այն նվիրում է թանգարանին։ Դա մեծարժեք նվերներից մեկն է, որ ստացել է Հայաստանի պատկերասրահը։

Էրմիտաժի 175-ամյա հոբելյանի առիթով նրա տնօրեն Հովսեփ Օրբելին ցանկանում էր Հայաստանից նվեր ստանալ միանգամայն բացառիկ իրեր՝ Մշո Առաքելոց վանքի փայտե փորագրաքանդակ դուռը և Հաղարծինում գտնված բրոնզաձույլ կաթսան։ Այդ իրերը կուսակցական իշխանություններին փոխանցելու փաստաթուղթը հաստատելու համար անհրաժեշտ էր Պատմական թանգարանի և Պատկերասրահի տնօրենների ստորագրությունները։ Ռուբեն Դրամբյանը հրաժարվում է ստորագրել, նրան հակադարձում են. «Դուք գիտե՞ք, որ Գրիգորի Արտեմևիչը (Հարությունովը` Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարը) արդեն խոստացել է այդ իրերը Իոսիֆ Աբգարովիչին»: Սակայն Դրամբյանը համարձակություն է ունենում պատասխանել. «Իմ ձեռքը չի բարձրանում ստորագրել դա»:

Հոբելյանի հանդիսության ժամանակ Օրբելին մոտենում է Ռ. Դրամբյանին և զվարթ կանխավայելմամբ հարցնում. «Դե ինչ, Ռուբեն Գրիգորևիչ, դուռը և կաթսան մե՞րն են»: «Ոչ, Իոսիֆ Աբգարովիչ, մերն են»,- պատասխանում է Դրամբյանը։ «Ափսոս»,- հոգոց է հանում Օրբելին և թափ տալիս ձեռքը։

Դրամբյանի գրչին են պատկանում ամսագրային և թերթային բազմաթիվ հոդվածներ արվեստի պատմության, ինչպես նաև մի շարք մենագրություններ հայ նկարիչների մասին։ 1954 թվականից Դրամբյանը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի կերպարվեստի և կիրառական արվեստի բաժինները ու միաժամանակ շարունակում է իր մանկավարժական գործունեությունը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Акоп Овнатанян, Ереван, 2006.
  • Государственная картинная галерея Армении, М., 1982.
  • История искусства народов СССР, т. 5, М., 1979.
  • Акоп Гюрджян =Հակոբ Գյուրջյան։ [Монография], 1973 ։ т.л. (Р.Г. Дрампян); конц. (Дрампян Рубен Григорьевич)
  • Հակոբ Հովնաթանյան (22 վերատպություններ), 1969, տիտղթ. (Առաջաբ.՝ Ռ. Դրամբյան)
  • Հայկական մանրանկարչություն =Армянская миниатюра=Miniatures Armeniennes, 1967, տիտղթ. (Խմբ. և առաջաբանը՝ Ռ. Գ. Դրամբյան)
  • Акоп Карапетович Коджоян, М., 1960.
  • Martiros Sarian, 1960 ։ t.p. (by R.G. Drampian)
  • Изучение армянской средневековой живописи (ее история и современное состояние).- ՀԽՍՀ ԳԱ «Տեղեկագիր հասարակական գիտությունների», 1946-6)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Դրամբյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 453