Եղիշե Թադևոսյան
Եղիշե Թադևոսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1870 |
Ծննդավայր | Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 22, 1936 (65 տարեկան) |
Մահվան վայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | բնանկար |
Աշակերտներ | Երվանդ Քոչար, Սեդրակ Առաքելյան, Ռուբեն Շահվերդյան և Արտավազդ Թումանյան |
Պարգևներ | |
Եղիշե Թադևոսյան Վիքիդարանում | |
![]() |
Եղիշե Մարտիրոսի Թադևոսյան (սեպտեմբերի 24, 1870, Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունվարի 22, 1936, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ գեղանկարիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1935)։ Վրաստանի գեղարվեստական ակադեմիայի հիմնադիրներից (1923) և առաջին պրոֆեսորներից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
1879–1894 թվականներին սովորել է Թիֆլիսի Տեր-Հակոբյան պանսիոնում, Մոսկվայի Լազարյան ճեմարանում, Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում։ 1894–1895 թվականներին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա վերադարձել է Մոսկվա։ 1896 թվականին Թադևոսյանը մասնակցել է «Պերեդվիժնիկների» 24-րդ ցուցահանդեսին, 1898 թվականին Մոսկվայի արվեստագետների ընկերության մրցույթում նրա «Կեսօրյա ճաշ» (1896 թվական) և «Քարոզ ուղղադավաններին» (1896) կտավներն արժանացել են մրցանակների։ 1898 թվականին իր ուսուցչի՝ ռուս նկարիչ Վասիլի Պոլենովի հետ մեկնել է Պաղեստին, գրեթե ամեն տարի ճամփորդել Մերձավոր Արևելքի ու Եվրոպայի երկրներում (մինչև 1914 թվականը), Ռուսաստանում և Հայաստանում, ստեղծել մի շարք գործեր։
Գործունեությունը Թիֆլիսում և Երևանում[խմբագրել | խմբագրել կոդը]
1901 թվականից Թադևոսյանը բնակվել է Թիֆլիսում, մասնակցել տեղի և ռուսաստանյան ցուցահանդեսներին։ 1916 թվականին Թիֆլիսում աջակցել է Հայ արվեստագետների միության ստեղծմանը, ընտրվել է նախագահ, 1921 թվականին Երևանում կազմակերպել է միության ցուցահանդեսը, մասնակցել է Թիֆլիսի «Հայարտտուն» մշակութային կենտրոնի աշխատանքներին։ Վրաստանի Գեղարվեստի ակադեմիայի հիմնադիրներից և առաջին պրոֆեսորներից էր։
Աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչն աշխատել է կերպարվեստի գրեթե բոլոր բնագավառներում. ստեղծել է գրաֆիկական, կիրառական արվեստի, բեմանկարչական գործեր, խճանկարներ, մանրաքանդակներ։ Թադևոսյանի առաջին իսկ գործերն արտահայտում են նկարչի խոր գունազգացողությունը, ամուր գծանկարը, կատարման բարձր մակարդակը։ Նրա որոշ գործերում («Դեպի պանդխտություն», 1895, «Երկրպագություն խաչին», 1901, և այլն) զգացվում է Վարդգես Սուրենյանցի արվեստի ազդեցությունը։
Թադևոսյանի բնանկարները երբեմն ներառում են մեծ կամ փոքր սյուժեներ՝ «Կոմիտասը Էջմիածնի լճի մոտ» (1893 թ.), «Մեր փողոցը Վաղարշապատում» (1921) և այլն։ Մեծ վարպետությամբ է պատկերել «Ալեքսանդր Շիրվանզադե» (1929), «Հովհաննես Թումանյան» (1933), «Կոմիտաս» (1935) և այլ դիմանկարներ։ Նրա արվեստում կարևոր տեղ ունեն հայ գյուղը, կենցաղը, գեղջկական կերպարները՝ «Հովիվն ու ոչխարները» (1895), «Խնձոր ունեմ խածած է» (1930) և այլն։ Թադևոսյանը մի շարք գործերում անդրադարձել է հայերի կոտորածների ու պանդխտության թեմաներին («Դեպի պանդխտություն», 1895, «Կեսօրյա ճաշ», 1896 և այլն), հայ ժողովրդի անցյալին և ավանդույթներին. ստեղծել է նկարաշար՝ «Հոգեհաց. Արտաշեսի մահը» (1910), «Տորք Անգեղ» (1910), «Արշակ և Փառանձեմ» (1921), «XI դարի աղջիկը» (1921), նաև հին հայկական հուշարձանները պատկերող բազմաթիվ բնանկարներ։
Մարդասիրական ու բարոյախոսական գաղափարներով են տոգորված նրա «Սիսարայի մահը» (1893), «Տիրամայր» (1917) կրոնական սյուժեներով գործերը։ Նկարչի «Հանճարը և ամբոխը» (1909), «Քրիստոսը և փարիսեցիները» (1919) հանրահայտ պատկերները արտահայտում են բողոք քաղքենի հասարակության դեմ։
Թադևոսյանի գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[1], Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի պետական և այլ թանգարաններում։
Հետահայաց ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Եղիշե Թադևոսյան. Ռետրոսպեկտիվ. Հայաստանի ազգային պատկերասրահի և Վահագն Գրիգորյանի հավաքածուներից» ցուցահանդեսը՝ նվիրված նկարչի ծննդյան 145-ամյակին[2]։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թադևոսյանի անունով Երևանում կոչվել է փողոց, Էջմիածնում՝ Գեղարվեստի դպրոց[3], 2015 թվականին Երևանի Շենգավիթ վարչական համայնքում բացվել է գեղանկարչի կիսանդրին[4]։
Քաղվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Նկարչի բարձրագույն արժեքը նրա կոլորիտն է։ - Եղիշե Թադևոսյան
|
![]() |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերադարան[խմբագրել | խմբագրել կոդը]
«Հանճարն ու ամբոխը», 1909
«Կոմիտաս», 1936
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ»։ www.gallery.am։ Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9
- ↑ «Եղիշե Թադևոսյան. Ռետրոսպեկտիվ. ՀԱՊ-ի և Վահագն Գրիգորյանի հավաքածուներ»
- ↑ Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցում ամփոփվեց ուսումնական տարին
- ↑ Երևանում բացվել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Եղիշե Թադևոսյանի կիսանդրին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 116)։ ![]() |